11.8.10

Հայ Եկեղեցւոյ այսօրուան միտումները

Յուլիս 1ին, «Ժամանակ» օրաթերթը (Երեւան-Լոս Անճելըս) հրատարակած է Սիրանոյշ Պապեանի հարցազրոյցը մշակութաբան Վարդան Ջալոյեանի հետ։ Վերջինս կ՚անդրադառնայ Հայ Եկեղեցւոյ ներկայ ընթացքին եւ որոշ մատնանշումներ կ՚ընէ տնտեսական աշխարհի հետ յարաբերութիւններու մասին։ 
Անդրադառնալով 1997ին Ամենայն Հայոց Գարեգին Ա.ի եւ Յովհաննէս Պօղոս Բ. Պապի միջեւ ստորագրուած փաստաթուղթին՝ Հայ եւ Կաթողիկէ եկեղեցիներու ընդհանրութիւններուն մասին, Ջալոյեան կ՚ըսէ, թէ «այժմ նմանատիպ երկխօսութիւն է գնում մինչքաղկեդոնական եւ ուղղափառ եկեղեցիների միջեւ: Այսօր դրական վերաբերմունք ունի այդ երկխօսութեան նկատմամբ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքը, բացասական` Էլադական եկեղեցու պատրիարքը, որոշ բարձրաստիճան ռուս հոգեւորականներ»:
Ըստ իրեն, նոր միտումներ յայտնուած են Հայց. Եկեղեցւոյ մէջ. «Այդ փոփոխութիւնները, ի հարկէ, չեն կրում դաւանաբանական կամ ծիսական բնոյթ, այլ կապուած են այն հանգամանքի հետ, որ խոշոր բիզնեսը սկսել է որոշակի ազդեցութիւն ունենալ եկեղեցու վրայ: Այս խնդիրը քննարկելիս նախ պէտք է փաստենք, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական բիզնեսը Ռուսաստանում: Օրինակ` պրոֆեսոր Գաջիեւը գրում է, որ հայերը համեմատած ռուսաստանեան մյուս դիասպորաների հետ` ամենաքիչ մշակութային եւ քաղաքական ակտիւութիւն են ցուցաբերում: Ուրիշ հետազօտողներ նշում են, որ դրա հիմնական պատճառն այն է, որ ռուսաստանեան հայ բիզնես վերնախաւը չի ցանկանում իր միջոցների գոնէ ինչ-որ մի մասը ծախսել Ռուսաստանի հայկական սփիւռքի համար, այլ գերադասում է ինտեգրուել ռուսական պետական եւ բիզնես վերնախաւին: Սակայն գոյութիւն ունեն կրօնական տարբերութիւններ, որը խոչընդոտում է նման մերձեցմանը»: Ան կ՚աւելցնէ, թէ «հայերը չեն աշխատում էթնիկական ցանցերի հետ, տարբերութիւնը դա է, որովհետեւ գերադասում են ինտեգրուել, ասիմիլացուել ռուսներին, շատերը պարզապէս ընդունում են ուղղափառութիւն»:
Ռուսականացումի միտում մը սկսած է, կը պնդէ Ջալոյեան, որ «հայ եւ ռուս ուղղափառ եկեղեցիներին մերձեցնում է, որովհետեւ ռուսական եկեղեցին էլ ազգայնական եկեղեցի է եւ տեսնում է, որ ազգային փոքրամասնութիւններից (բացի սլաւոնական ծագում ունեցողներից) միայն հայերն են պատրաստակամութիւն յայտնում ասիմիլացուել ռուսներին, եւ դա չի կարող դուր չգալ ռուսական ուղղափառ եկեղեցուն, որովհետեւ եթէ առաջին սերնդի մարդիկ դեռեւս մնում են առաքելական, ապա յաջորդ սերունդը դառնում է ուղղափառ»:
Ըստ լրագրողին, ամերիկահայութեան մէջ կատարուած հարցախոյզներ ցոյց կու տան, որ 98 առ հարիւրին համար Հայ Առաքելական Եկեղեցին գրաւիչ չէ, որովհետեւ իրենց յուզող խնդիրներուն պատասխան չի տար։ Ջալոյեան կ՚աւելցնէ. «Պէտք է լինեն հաստատութիւններ, օրինակ` եկեղեցին, որը սոցիալական խնդիրներ է լուծում, որը յետոյ նպաստում է էթնիկ բիզնես-ցանցի ձեւաւորմանը: Այսինքն` մարդիկ պէտք է փոխհամաձայնութեան գան, որպէսզի յառաջանայ վստահութիւն, յառաջանայ սոցիալական կապիտալ, որպէսզի իրենք կարողանան համագործակցել: Հայկական բողոքական եկեղեցիները կարողանում են ստեղծել էթնիկական ցանցեր, եւ եթէ դու դառնում ես բողոքական, ապա գոյութիւն ունի փոխօգնութիւն, բիզնեսի էթնիկական երաշխիք, հետեւաբար, ի հարկէ պետք է գերադասեն կաթոլիկ կամ բողոքական եկեղեցիները: Դիասպորան ուժեղ է, եթէ մեծ սոցիալական կապիտալ ունի, եւ այդ ստեղծող ինստիտուցիաներից մէկը հանդիսանում է եկեղեցին: Բայց չեմ կարծում, որ Առաքելական Եկեղեցին դա կարողանայ անել, որովհետեւ հայերի չնչին մասն է այցելում եկեղեցի, ի տարբերութիւն վրացիների: Հայերի համար սոցիալական կապիտալ ստեղծելու համար շատ ավելի արդիւնաւէտ կարող են լինել մշակութային հաստատութիւնները: Այստեղ է, որ, օրինակ, բիզնեսմէնը պետք է հասկանայ, որ ներդրում անելով այդտեղ` ինքը ստեղծում է որոշակի էթնիկական ցանց, որը ի հարկէ կը նպաստի, որ ծովը բարձրանայ եւ բոլորի նաւակներն էլ բարձրանան»:
Այս իմաստով, ան կը կարծէ, որ Հայաստանի մէջ «Հայ Առաքելական Եկեղեցին ունի կարեւոր ազդեցութիւն յատկապէս վերնախաւի վրայ, եւ դա ակնյայտ երեւում է, որովհետեւ նրանցից ոմանք եկեղեցիներ են կառուցում, մէկ-մէկ եկեղեցի են գնում, գոնէ ձեւականօրէն: Մտածուած ազդեցութիւն կարող էր լինել, եթե Եկեղեցին ունենար իր սոցիալական դոկտրինը, գոնէ ժամանակաւոր, բայց պարտադիր կատարման համար: Նա կարող էր նպաստել, որ մաֆիան վերանայ»: Ան կը բերէ Սիկիլիոյ մաֆիայի օրինակը, որուն մեծապէս նպաստած է յիսուսեան միաբանութիւնը՝ կղզիին մէջ քաղաքական դպրոցներ բանալով, ուր ոչ իսկ կրօնք կը դասաւանդէին (բացի Կաթողիկէ Եկեղեցւոյ ընկերային ուսմունքէն). «Նրանք համոզուած էին, որ նոր տիպի քաղաքական գործիչը կ՚ազատի Սիցիլիան մաֆիայից, եւ իրենք կարողացան փոխել տրամադրութիւնները. Պալերմոյի կարդինալը անիծեց մաֆիոզներին, մօտաւորապէս 1000 մաֆիոզ եկեղեցիների առաջ մէկ ամիս չոքած մեղքերի խոստովանութիւն էին խնդրում: Եվ սա եղել է երբեւէ ամենամեծ եւ ամենաբեկումնային ակցիան: Եկեղեցին կարող է փոխել իրադրութիւնը, եթէ չի փոխում, ուրեմն չի ցանկանում, ուրեմն ձեռնտու չէ»:
Ըստ իրեն, Գարեգին Ա.ի փորձը դէպի արեւմուտք երթալու պարտուեցաւ, որովհետեւ հանդիպեցաւ ուժեղ ընդդիմութեան. «Խնդիրը հակաարեւմտականութեան մէջ էր, որը հանդիսանում է Ռուսաստանի պաշտօնական գաղափարախօսութիւնը: Եկեղեցական մօտեցումները չպէտք է հակասեն Հայաստանի վերնախաւի տնտեսական շահերին, ռուսահայ խոշոր կապիտալի շահերին: Իսկ այն ձգտում է ինտեգրուել ռուսական բիզնես եւ քաղաքական էլիտայի հետ: Ժամանակին եկեղեցին նպաստել է հայ առեւտրական վերնախաւի ինտեգրմանը կայսերական կենտրոններին: Էջմիածինը նպաստել է Նոր Ջուղայի խոջայական կապիտալի ինտեգրմանը պարսկական արքունիքին, Կոստանդնուպոլսի պատրիարքը նոյնը արել է ամիրաների համար: Ինչո՞ւ այժմ դա չանել»:

No comments:

Post a Comment