29.3.11

Ճէյմզ Ճոյսի "Ulysses"ը՝ հայերէն

Վերջերս, իրլանտացի նշանաւոր արձակագիր Ճէյմզ Ճոյսի (1882-1941) վէպերուն՝ "Ulysses"ի եւ "Finnegans Wake"ի թարգմանական պատնէշը գէթ մասամբ յաղթահարուած է։ Հայրենի թարգմանիչ Սամուէլ Մկրտչեան հայերէնի թարգմանած է Ճոյսի առաջին գործը (ուր, ի դէպ, հայերէն հատուածներ կան), ինչ որ անկարելի գործ մը չէր, եթէ նկատի ունենանք, որ 1922ին լոյս տեսած 700 էջնոց "Ullysses"ը («Ոդիսեւս») ցարդ թարգմանուած է երկու տասնեակ լեզուներու։ «Լրագիր» օրաթերթին մէջ լոյս տեսած է հետեւեալ հարցազրոյցը թարգմանիչին հետ։
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Ձեր թարգմանութեամբ լոյս տեսաւ Ջէյմս Ջոյսի «Ուլիսես»ը, բայց չենք կարող սկսել «ընթերցողի սեղանին է…», կամ «արդէն գրախանութներում է..» լրագրողական առաջաբանով, քանի որ գրքի վաճառքն իրականացւում է միայն համացանցով:
ՍԱՄՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ.- Աւելին, այն լոյս է տեսնում «Տպագրութիւն ըստ պահանջարկի» եղանակով, որը գրահրատարակութեան տարածուած ձեւերից մէկն է: «Ուլիսես»ը կը տպագրուի այնքան, որքան կ՛ունենայ ընթերցող: Միւս կողմից, ինքս չեմ ուզում այս գիրքը տեսնել գրախանութներում, որոնք ասես փայլփլուն թղթի թափօնի պահեստներ են դարձել. Իւրաքանչիւր լաւ գիրք այնտեղ ուղղակի կորչում է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- 25000 դրամը թանկ գին չէ՞ գրքի համար:
ՍԱՄՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ.- Եթէ դա թանկ գին է, ուրեմն իմ կողմից յիմարութիւն էր այս գիրքը թարգմանելը, ծանօթագրելը, սրբագրելը, ձեւաւորելը: Ես յաղթահարել եմ բոլոր դժուարութիւնները. հիմա հերթը ընթերցողինն է: Ուզո՞ւմ է իսկական գրականութիւն՝ թող մի անգամ իրեն զսպի ամենակուլ սուպերմարկետների զամբիւղային գայթակղութիւնից: Հայաստանում չկայ մի մարդ, ով իսկապէս ցանկանայ եւ չկարողանայ այս գիրքը գնել: «Ուլիսես»ը հումանիտար օգնութիւն չէ: Արդէն երկու տարի ինձ հարցնում են՝ ե՞րբ կ՛ունենանք «Ուլիսես»ը: Պատասխանում եմ. երբ համացանցով այն պատուիրէք: Վերջին հաշուով, իւրաքանչիւր խմբաքանակի (ասենք, 50 օրինակի) վաճառքից է կախուած յաջորդ խմբաքանակի տպագրութիւնը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Պետական աջակցութիւն ստացե՞լ էք:
ՍԱՄՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ.- Այս երկրում աջակցութիւն ստանում են միայն փինաչիներն ու քիսաչիները: «Ուլիսես»ի թարգմանութիւնը նշանակում է լեզուի հարստացում. իրեն յարգող ո՞ր պետական խուժանը կը գնար նման քայլի: Ի դէպ, 20րդ դարասկզբի Իռլանդիան գաղութ էր, ինչպէս այսօրուայ Հայաստանը, որին նոյնպէս դարձրել են իր ձագերին խժռող մի մայր խոզ: Իռլանդիան բրիտանական լծից ազատագրուեց 1922ին, երբ լոյս տեսաւ «Ուլիսես»ը: Մենք նոյնպէս շուտով կ՛ազատուենք ռուսական ֆաշիզմից: Մեր լեզուն պահպանելու եւ զարգացնելու տեսանկիւնից՝ այս գիրքը հրատարակւում է ճիշդ ժամանակին: Ամենադժուարին հատուածները ես համեմատել եմ այլ թարգմանութիւնների հետ. ոչ մէկը չունի հայերէնի հնարաւորութիւնները:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Նոյնիսկ ռուսերէ՞նը:
ՍԱՄՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ.- Յատկապէ՛ս ռուսերէնը: Երկու տասնեակ լեզուներից բացի՝ միւսները սահմանափակուել են 18ից լաւագոյն դէպքում 2-3 գլուխ թարգմանելով: Թարգմանիչներն անում են այն, ինչ իրենց լեզուն թոյլ է տալիս: Այսինքն՝ որպէս տեքստային  հզօր շինութիւն՝ «Ուլիսես»ը լեզուական հնարաւորութիւնների չափորոշիչ է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Այնուամենայնիւ, ոչ բոլորն են ի վիճակի գնել այս գիրքը:
ՍԱՄՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ.- Իսկ ո՞վ ասաց, որ գիրքը բոլորի համար է, կա՛մ ո՞վ է պարտադրում: Վերջին հաշուով, այսօր էլ հանգիստ ապրում են առանց «Ուլիսես»ի՝ վայելելով հիմնականում ձրի պարտադրած ապրանք, որը գրականութեան ինչ-որ տարրեր է պարունակում: Բայց սա յաւերժական թեմա է. մէկը գնից է խօսում, միւսն՝ արժէքից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Կարելի է եզրակացնել, որ գիրքն ընտրեալների համա՞ր է:
ՍԱՄՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ.- Ոչ: Մենք բոլորս նախ եւ առաջ ընթերցող ենք: Իսկ որպէս թարգմանիչ, ես ամէն ինչ արել եմ, որ ընթերցողը նեղութիւն չքաշի. նկատի ունեմ լուսանցքային ծանօթագրութիւնները: Ոչ մի լեզուով «Ուլիսես»ն այսպէս չի հրատարակուել: Ընթերցողին մնում է միայն յարմար դիրք ընդունել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Ընդամէ՞նը:
ՍԱՄՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ.- Եւ ընթերցել. քիչ մնաց մոռանայի:
Գիրքը ձեռք բերելու համար դիմեցէք http://www.samvelmkrtchyan.am կայքէջին։

No comments:

Post a Comment