20.8.11

Մեր լեզուն մեր խօսքը չէ

ՍԵՐԳԷՅ ԴԱՆԻԷԼԵԱՆ
 
Երբեմն քայլում եմ Երեւանով եւ ակամայից ինձ տգէտ եմ զգում: Հայատառ խանութի, սրճարանի, ռեստորանի անուանում գրեթէ չես գտնի: Նայում ես անգամ տաքսիների վրայ գրուած սերվիսների անուանումները եւ քեզ թւում է` այլ մոլորակ ես ընկել:
Էն օրը մտայ ռեստորան, մենիւն բերեցին միայն ռուսերէնով: Երբ յայտնեցի դժգոհութիւնս, ինձ ասացին, թէ սա ռուսական ռեստորան է: Լաւ է` չինական ռեստորան չէր, թէ չէ չինարէն էլ պիտի սովորած լինէինք:
Մեր բոլոր դժբախտութիւնների պատճառը տգիտութիւնն է: Եթէ այդ բոլոր հիմնարկների, օֆիսների, խանութների, սրճարանների տէրերը իմանայի՜ն, թէ իրենց օտարամոլութեան պատճառը որն է: Ի հարկէ, այլ կերպ կը վարուէին: Չեմ կարծում, որ այս յօդուածը նրանք կը կարդան, բայց փորձենք վերլուծել:
  1. Օտար, աւելի մեծ ազգի լեզուով հանրութեանը ներկայանալու ցանկութիւնը փոքր, իրենից ոչինչ չներկայացնող, քաղաքակրթութիւնից դուրս գտնուող ժողովրդի ցանկութիւն Է; Ֆրանսիացու մտքով անգամ չի անցնի Փարիզում անգլերէն գրել, կամ հայերէն: Դեռ աւելին` Լուվրի համաշխարհային թանգարանում մի հատ անգլերէնով ցուցանակ չկայ: Այսինքն, եթէ մեր յարգարժան բիզնէսմէնը մայրենի լեզուով կոչի իր սրճարանը կամ խանութը, ապա իր կարծիքով գրաւիչ չի լինի, կը դիտուի որպէս գաւառական, տեղային նշանակություն ունեցող մի օբիեկտ: Այ, եթէ ռուսերէն կամ անգլերէն լինի, դա ուրիշ բան:
  2. Հայերէնով ցուցանակը գրաւիչ չի լինի արտասահմանցիների համար: Դէ, պատկերացնո՞ւմ էք` որեւէ սուպէրմարկէտ հայկական անուն ունենայ: Խեղճ արտասահմանցին ոնց պիտի իմանայ` որ էդտեղ երշիկ են ծախում, այ, եթէ լինի անգլերէն գրուած, սաղ կ՚՚ասեն. “wow, it’s amazing!” ու կը վազեն առեւտուր անելու: Մենք հօ գեղցի չենք, որ հայկական անուն դնենք: Հետաքրքիր է` լրիւ հակառակ պատկերն է արտասահմանում: Սփիւռքում մեր հայրենակիցների բոլոր (*) խանութները հայկական անուանումներ ունեն: Դա ասում եմ հենց էնպէս, առանց մեկնաբանութեան:
Կարելի է մտածել` մեր բիզնէս-աշխարհի բոլոր մարդկանց պորտերը Կրեմլում կամ Բիգ-Բէնի տակ են կտրել: Իսկ ամենասարսափելին այն է, երբ այդ անգլերէն անուանումները «ստիպուած» գրում են նաեւ հայերէն տառերով: Մինչեւ մի ցուցանակ ես կարդում, լեզուդ կուլ ես տալիս: Անգլերէն գրած է “Terranova”,  հայերէն` ՏԵՌՌԱՆՈՎԱ: Լաւ, գոնէ “Թերրանովա” գրէին, «ՏԵՌՌԱՆՈՎԱ»-ն որն է: Բանն այն է, որ վերացել է լեզուական ասոցիացիա հասկացութիւնը: Հիմա բացատրեմ: Ասենք, այն հայը, որն ապրում է Ռուսաստանում, երբեք իր տղայի անունը Сасун [Սասուն], Вагинак [Վաղինակ] կամ Панос [Փանոս] չի դնի: Որ երեխէքը բակում ձեռ չառնեն: Իսկ ոնց կարելի է քաղաքի կենտրոնում Թերրանովայի փոխարեն ՏԵՌՌԱՆՈՎԱ գրել: Կամ էն օրը մի սրճարան եմ մտել, գրած է “Good cake”: Այսինքն` լավ թխուածք կամ երեւի տորթ: Դէ արի ու հիմա էդ քէյքը կեր: Դէ հասկանում էք, չէ՞, եթէ գրուէր “Լավ թխուածք”, մարդ չէր ուտի: Քեյքի համը դուրս կը գար: Էլ չեմ ասում, թէ մենք ունենք լեզուի կոմիտէ, թէ չգիտես էլ ինչ:
Հետաքրքիր է` ինչով են զբաղւում այդ պարոնները: Հազիւ տասը տարին մէկ մի ապուշ բառ յօրինեն` «գրգռաճեղք» կամ «պտուտակահան»…Աւելի լաւ է դիմէք ձեր յարգելի պառլամենտին, որ իրենց իսկ ընդունած լեզուի օրէնքը չոտնահարուի: Վերջապես յոգնել ենք էս Սիլ, Գրանտ, Պլազա, Նամբեր ուան, Սքուեր ուան, Զոլոտոյ դիւկ, Սաս, Պռինտ, Գալաքսի եւ այլ այլանդակ անուններից: Եթէ չեմ նշում էն միւսներին, ապա չի նշանակում, որ յատկապէս էդ անուանումներն էի ուզում նշել: Ուղղակի դրանք յիշեցի:
Ես երբեք չեմ եղել ազգայնամոլ եւ «Մէկ ազգ` մէկ խոհանոց» արտայայտութիւնն ինձ հարազատ չէ, ուղղակի չեմ ուզում քայլել հարազատ քաղաքով եւ ինձ տուրիստ զգալ: Եթէ ուզենայի շրջագայել կը գնայի որեւէ աւելի քաղաքակիրթ երկիր` հանգիստս վայելելու: Իսկ էստեղ քայլելով հասկանում եմ, որ մեր բիզնէսի մարդկանց 90 տոկոսը ինքնագնահատականի եւ արժեւորման պրոբլէմ ունի: Հոգեբանի կարիք ունի:
Այ, եթէ հոգեբան լինէի, նրանց բոլորին կը հաւաքէի, ու հիպնոսի ազդեցութեան տակ կը բացատրէի. «Տղէք ջան, ոչինչ, որ դուք հայ էք, էդպէս էլ է պատահում: Դէ ի հարկէ, բախտներդ չի բերել, որ ռուսների նման բոյով, կապուտաչեայ եւ շիկահեր չէք: Անգլիացու պէս հարուստ եւ ազատ չէք: Այո, դուք կոլոտ էք եւ մազոտ, միշտ ցանկացել էք այլ ազգի կանանց, որովհետև միայն նրանց հետ կարող էք թուլանալ եւ անել այն, ինչ ձեր կանանց հետ չէք անում: Դուք երբեք Մարկ Ցուկերբերգի չափ փող չէք ունենայ, որովհետեւ ընդամէնը առևտրական էք, այլ ոչ թէ ծրագրաւորող: Ձեզ երբեք չի սիրի Մարիա Կալլասը, որովհետեւ դուք Օնասիսի նման գոնէ տարին մի անգամ օպերա չէք գնում: Բայց դէ ինչ արած. Աստուած ձեզ էդպէս է ստեղծել, սիրէք ինքներդ ձեզ, մի գուցէ այդ ժամանակ, էս անտէր մոլորակի վրայ ձեր տեղը գտնենք»:
Էհ… Չէ, ինձնից հոգեբան դուրս չի գա…
«Էլեկտրոնային ամսագիր» (www.ejournal.am)


(*) Աւելորդ է նշել, որ «Սփիւռքի մեր հայրենակիցների բոլոր խանութները» հայկական անունանում չունին (խմբ.) 

No comments:

Post a Comment