28.12.11

Չկայ դաշնակցականութիւն առանց Դաշնակցութեան

«ԴՐՕՇԱԿ»
Վերջին քսանամեակին, Գարեգին Նժդեհի 1930ական թուականներուն քարոզած «ցեղակրօնութեան» վերազարթնում մը արձանագրուած է Հայաստանի մէջ։ Քաղաքական տարբեր հոսանքներ որդեգրած են, առաւել կամ նուազ ուժգնութեամբ ու հետեւողականութեամբ, անոր դրոյթները։ Անոնց շարքին է Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւնը՝(կառավարող կուսակցութիւնը՝ 1998էն ի վեր), որուն քաղաքական ծրագիրը բացայայտօրէն կ՚անդրադառնայ այդ իրողութեան եւ որ գործնականօրէն կը զբաղի Նժդեհի ժառանգութեան բացայայտումով ու քարոզչութեամբ։ Բնականաբար, գաղափարախօսական նման զարգացումներ կը ստեղծեն լռելեայն կամ բացայայտ բանավէճեր Գ. Նժդեհի երբեմնի կուսակցութեան՝ Հ. Յ. Դաշնակցութեան հետ, որ անոր մահէն ետք զայն վերականգնած էր, առանց սակայն --գէթ ծրագրային կերպով-- փարելու անոր գաղափարներուն։ Այդպիսի բանավէճի մը պատասխան կողմը հանդիսացած է դաշնակցական կեդրոնական պաշտօնաթերթ «Դրօշակ»ի Յուլիս 2011ի խմբագրականը՝ վերի խորագրով, որ կրնայ յաւելուածաբար լուսաբանել Հայաստանի ներկայ գաղափարախօսական խախուտ ու խրթին մթնոլորտը, ինչպէս նաեւ վերջին շրջանին շատ յեղյեղուած ազգայնականութեան խնդրին շուրջ դաշնակցական կեցուածքը։ Յօդուածը կու տանք նոյնութեամբ, մեր կողմէ քանի մը լուսաբանական ծանօթագրութիւններու յաւելումով։ Մեկնաբանութիւնները կը թողունք ընթերցողին։






Հ.Յ.Դ. [Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն] 31-րդ Ընդհանուր ժողովից յետոյ (1) եւ Հայաստանի Հանրապետութեան համապետական երկու կարեւոր ընտրութիւնների նախընտրական ժամանակահատուածում (2), առիթ կայ, ահա, անդրադառնալու իշխանական համաձայնական դաշինքի (3) գլխաւոր ուժի` Հ.Հ.Կ.-ի [Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան] պատկերացումներին` Հ.Յ.Դ. դերի ու անելիքի մասին, եւ թափանցելու այդ պատկերացումների ու ակնկալիքների գաղափարախօսական խորքերը: Ի վերջոյ Հ. Յ. Դաշնակցութեան նկատմամբ Հ.Հ.Կ-ի գաղափարախօսական դիրքորոշումներից եւ Հ.Յ.Դ. դերի եւ անելիքների մասին հանրապետական ղեկավարների պատկերացումներից են կախուած սոյն կուսակցութեան քաղաքական մօտեցումները, նրանց` ինչպէս հակադաշնակցական, այնպէս էլ դաշնակցականամէտ կեցուածքների դրդապատճառները: Հ.Հ.Կ.-ի գաղափարախօսական դիրքորոշումների մի կարեւոր մասը, վերջին տարիներին, դրսեւորուել է Հ.Հ.Կ. փոխնախագահ Մ. Լալայեանի հեղինակած «Ազգային գաղափարախօսութեան խնդիրների շուրջ» աշխատութեան մէջ, որը հրատարակուել է 2003 թուականին, ապա վերահրատարակուել երկու անգամ` չնչին փոփոխութիւններով:
Հեղինակի կարծիքով` «Դաշնակցութիւնն ունի հմայք, առասպել եւ առաքելութիւն, բաներ, որոնք յատուկ են թերեւս միայն Հայ Եկեղեցուն, եւ որոնց բացակայութեան դէպքում այն դառնում է շարքային կազմակերպութիւն»: Այս հրաշալի բնորոշումը անթերի կը լինէր, եթէ հմայք, առասպել եւ առաքելութիւն հասկացութիւնների ընդհանուր քօղի տակ չթերարժեւորուէր Հ.Յ.Դ. գաղափարախօսութեան դերն ու նշանակութիւնը: «Որեւէ գաղափարական դաշնակցական կը հաստատի,- հաւատացնում են հանրապետականները,- որ Դաշնակցութեան ուժն ու հմայքը իր Ծրագրի, Կանոնագրի կամ կազմակերպական կառոյցի մէջ չէ, այլ` որոշակի աւանդոյթներից ձեւաւորուած բարոյականի, որը յայտնի է դաշնակցականութիւն անուամբ: Իսկ դաշնակցականութիւն ասել է` ա) նուիրումի եւ նահատակութեան ոգի, բ) յեղափոխականութիւն, գ) մարտական եւ կազմակերպական կարգապահութիւն, միաժամանա՛կ»: Դեռ թողնենք մէջբերուած մտքի հանելուկային հակասութիւնը, որով մի կողմից Հ.Յ.Դ. Կանոնագիրը չի համարւում Դաշնակցութեան ուժի ու հմայքի աղբիւր, իսկ միւս կողմից` դաշնակցականութիւնը բացատրւում է մարտական եւ կազմակերպական կարգապահութեամբ: Բա էլ որտեղից է բխում տուեալ կարգապահութիւնը, եթէ ոչ հէնց Հ.Յ.Դ. Կանոնագրից ու կազմակերպական կառոյցից:
Անցնենք: Մեր կարծիքով` Հ.Յ.Դ. ծրագրային հասկացութիւնները եւ կանոնագրային սկզբունքները, ահաւասիկ, հէնց այն արժէքներն են, որոնց այսօր չի ախորժում Հայաստանի քաղաքական ընտրանին: Այս իրողութիւնը, կարմիր թելի պէս, ակնյայտօրէն երեւում է Հ.Հ.Կ.-ի գաղափարախօսական դիրքորոշումներում, իսկ վերոյիշեալ գրքոյկում` կրկնւում մի քանի անգամ:
Հ.Հ.Կ.-ական մտաւորականը կարծում է, թէ Դաշնակցութիւնը կարիք ունի «ինքնանորոգման» մի գործընթացի: Ըստ նրա` անհրաժեշտ է «Հ.Յ.Դ. գաղափարաբանութեան ազգայնականացում, այսինքն` ազգային եւ ընկերվարական դրոյթների հաշուեկշռի փոփոխում` ի նպաստ առաջինի»: Հ.Յ.Դ.-ի ազգային եւ ընկերվարական արժէքները ժողովրդավարութեան եւ յեղափոխականութեան հետ համատեղ կազմում են աշխարհընկալման ամբողջական մի համակարգ: Համակարգ, որն ուղղուած է Հայաստանի եւ հայութեան լիակատար ազատագրմանը եւ լիարժէք զարգացմանը: Արժէքների այդ քառեակը համարկուած, համակարգուած է եւ ոչ թէ դասակարգուած: Եթէ Հ.Հ.Կ.-ին դուր է գալիս միայն ազգայինը, խնդրեմ, թող իրենց արժէքային համակարգից դուրս նետեն «ազատականութիւն», «պահպանողականութիւն» հասկացութիւնները, որոնք, ի դէպ, չափազանց ապաշնորհ կերպով են կուտակուել նրանց ծրագրային փաստաթղթերում (4):
Դաշնակցութեան միմիայն «ազգային» առաքելութեան համատեքստում, Հ.Հ.Կ.-ականները երազում են Դաշնակցութեան համար տեսնել սահմանափակ եւ կանխորոշուած դեր. «Դաշնակցութեան հիմնական առաքելութիւնը,- ըստ նրանց,- մնում է Սփիւռքի հայօրէն պահպանումը եւ նրա դարձը Արեւմտահայաստան: Այս առաքելութեան կայացումն անցնում է հայկական պետութեան ինքնիշխանացման, Ջաւախքի եւ Նախիջեւանի ազատագրման ճանապարհով»: Թէեւ այս բանաձեւումներում խօսք չկայ Արեւմտեան Հայաստանի ազատագրման մասին, այնուամենայնիւ, ենթադրում ենք, որ նշուած մտքերի հեղինակները լաւ են հասկանում, որ առանց Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան, էապէս, անիմաստ է դառնում Սփիւռքի «դարձը Արեւմտահայաստան»: Սակայն այստեղ կայ հայութեանը որպէս քաղաքական առանձին-առանձին ձգտումներ ունեցող եւ օրկանապէս տարանջատ մի խառնակոյտ տեսնելու վտանգաւոր ընկալումը, որն ամուր ընկած է ինչպէս Հ.Հ.Շ.-ական [Հայոց Համազգային Շարժում], այնպէս էլ Հ.Հ.Կ.-ական գաղափարախօսութեան հիմքում: Այս առումով` հայը հայից, Հայաստանը` Հայաստանից տարբերակելու, քաղաքական ճղճիմ հաշիւներով Դաշնակցութեան համար «հիմնական առաքելութիւն» յօրինելու փորձերը արդէն 20-ամեայ վաղեմութիւն ունեն:
Իսկ այս «հիմնական առաքելութիւն»ից զատ, ուրիշ ի՛նչ «ոչ հիմնական» դեր են նախատեսում Հ.Յ.Դ.-ի համար. «Հայկական պետութեան ներսում Դաշնակցութիւնը պէտք է գործի առաւելապէս իբրեւ բարոյական ուժ. նա պէտք չէ հրապուրուի գործադիր իշխանութեան լծակներով` ա) այսօրուայ անխուսափելի մրոտումից զերծ մնալու, որով` իր հմայքն ու առասպելը պահելու, բ) դրսի ճնշումներից պետութեանն, ըստ հնարաւորի, ապահովագրելու, գ) պետութեան հետ համագործակցութիւնը քօղարկելու համար»: Սա արդէն քաղաքական դերերի բնորոշման եւ բաշխման եւս մեծամտական փորձ է: Գործադիր իշխանութիւններից հեռու պահելով Հ.Յ.Դ.-ին, հանրապետականները նախ իբր «խաթր» են անում Դաշնակցութեանը չմրոտուելու պահով, ապա ապահովագրում են պետութեանը դրսի ճնշումներից: Ասել է` եթէ Հայաստանում հմայք ու առասպել ունեցող քաղաքական ուժը յայտնուի գործադիր իշխանութեան մէջ, ապա Հայաստանը ճնշումների կ՚ենթարկուի դրսից: Սա օրինաչափութի՞ւն է, թէ՞ իրադրային քաղաքականութեան այսօրեայ թելադրանք: Պարոնայք, իսկ սխալմամբ չէ՞ք մտածում նաեւ, թէ հմայք, առասպել եւ առաքելութիւն ունեցող 120-ամեայ կուսակցութիւնը չի գիտակցում միջազգային քաղաքականութեան իրադրութիւնները: Թէ՞ կարծում էք, որ Հ.Յ.Դ.-ն երբեւէ Հայաստանն ու հայութեանը կը վտանգի իր քաղաքական ձգտումների բերումով: Եթէ դուք լաւ գիտէք Հ.Յ.Դ. պատմութիւնը, ապա մնում է ենթադրել, որ այս օրինաչափութիւնը ընդամէնը ձեր մոգոնած խաղն է, որով ձգտել ու ձգտում էք Հ.Յ.Դ.-ին հեռու պահել գործադիր իշխանութիւնից, ինչը, պէտք է ենթադրել, Հ.Հ.Կ.-ի մենաշնորհն է այլեւս:
Եթէ առաջնորդուենք Հ.Հ.Կ.-ական նշուած օրինաչափութեամբ, էլ ինչո՞ւ են ցանկանում Հ.Յ.Դ.-ին տեսնել օրէնսդիր իշխանութեան մէջ, ինչո՞ւ են ասում, թէ Հ.Յ.Դ.-ն «պէտք է ունենայ տեղեր խորհրդարանում` ընտրուած համամասնական կարգով, որոնց միջոցով զգալ տայ իր ներկայութեան մասին Երկրում»: Եթէ յանկարծ Հ.Յ.Դ.-ի նախաձեռնութեամբ խորհրդարանում ընդունուի թոշակային, հարկային կամ ընտրական ոլորտներին առնչուող որեւէ բարեփոխում, բա յետոյ ի՞նչ էք անելու: Կամ` եթէ յանկարծ Հ.Յ.Դ.-ի նախաձեռնութեամբ խորհրդարանում անցնի Ուիլսընի իրաւարար վճռի հիման վրայ պահանջատիրական որեւէ նախագիծ, դրսի ուժերը չե՞ն ճնշի պետութեանը: Իսկ եթէ այսպէս է, յատկապէս ինչո՞ւ էք ցանկանում, որ «Ջաւախքի ու Նախիջեւանի ազատագրման հարցերում Հ.Յ.Դ.-ն լինի հիմնական մունետիկն ու գործադրողը»: Ջաւախքի ու Նախիջեւանի եւ դեռ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան գործով զբաղուող Հ.Յ.Դ.-ն, մօտ տասը տարի, մասնակցել է գործադիր իշխանութեանը (5) եւ հէնց հիմա էլ իր ներկայութիւնը զգացնել է տալիս Ազգային Ժողովում (՚6): Դրանից Հայաստանը արդեօք ճնշումների՞ է ենթարկուել: Եթէ մոռանում էք արտաքին ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրուող ճնշումների բնոյթն ու պատճառները, ապա յիշեցնենք ձեզ, պարոնայք, որ Հայաստանին ոչ միայն ճնշում են, այլեւ նրա անկախութիւնն են հարցականի տակ առնում այսօր ձեր վարած որոշ արտաքին, ներքին եւ ընկերային-տնտեսական սխալ քաղաքականութիւնների պատճառով:
Ուրիշ էլ ինչպիսի՞ն են Հ.Հ.Կ.-ականները երազում տեսնել Հ.Յ. Դաշնակցութեանը: Այսպէս` «կուսակցութեան պատմութեան էջերը թերթելով, մենք այս հարիւրամեակում կ՛ուզէինք տեսնել ո՛չ թէ Երիտասարդ Թուրքերից խաբուած կամ եւրոպական ընկերավարութիւն տենչող, այլ` իր ներսում ցեղակրօն, տարօնական շարժումներ ծնելու (նաեւ պահպանելու) ընդունակ Դաշնակցութիւն»: Որքա՜ն պատմա-գաղափարախօսական անճշդութիւններ կան ձեր պատկերացումներում… Նախ` Երիտասարդ Թուրքերից խաբուել-չխաբուելու, համագործակցել-չհամագործակցելու յանկերգը Հ.Հ.Կ.-ից լսելն այլեւս չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտում մի փոքր «թրեւ գալով» անգամ, դժուար չէ հասկանալ, որ պոլշեւիզմի տապալումով հանդերձ, տակաւին չի անհետացել պոլշեւիկութիւնը: Նոյն պատմաշինական առասպելներն ու թապուները գործում են նաեւ այսօր: Եթէ անցեալում հակադաշնակցական պայքարում տիրում էր պատմագիտական անծայրածիր խաւարը, ապա այսօր լոյսն ու մութը յաճախ են իրար հետ հանդէս գալիս` նողկանք ու ձանձրոյթ պատճառելով… Գոնէ պոլշեւիկները «Երիտասարդ Թուրքերից խաբուած» Դաշնակցութեանը չէին համարում հմայք, առասպել եւ չգիտես էլի ինչ առաքելութիւն ունեցող կուսակցութիւն եւ իրենց բարոյական իրաւունք չէին վերապահում Դաշնակցութեանը տեսնել այսպիսին եւ ոչ այնպիսին. «…Ո՛չ թէ Մովսէս Տէր-Գալուստեանների ու Ճորճ Մարտիկեանների, այլ` Նաթալիների ու Նժդեհների (7) Դաշնակցութիւն»:
Իսկ այդ շարժումները, որոնց մասին ճառում էք, հիմնականում ձեւաւորուել են օրուայ քաղաքական մթնոլորտում եւ ուղղուած են եղել Հ.Յ.Դ. վարած քաղաքականութեան դէմ: «Մարտկոցական» շարժումն, ըստ էութեան, խորհրդայնամէտ շարժում էր (8), իսկ «Տարօնական»ը` նացիամէտ (9): Այդ շարժումները, բոլորն էլ, մարել են իրենց ծնունդ տուող գործիչների քաղաքական ասպարէզի աւարտով: «Մարտկոցական»ը, վերանուանուելով «ամրոցական»(10), ի վերջոյ մարեց 1960-ականներին, իսկ «Տարօնական»ը անհետացաւ նացիականութեան փլուզումով: Այդ շարքին չի կարելի դասել Ցեղակրօն Ուխտերը, որոնք, ոչ թէ առանձին շարժման մաս են եղել, այլեւ եղել են ՀՅԴ երիտասարդական կառոյցի միաւորներ եւ վերանուանուելով «Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն»` գոյատեւում են առ այսօր(11): «Մարտկոցական» եւ «Տարօնական» շարժումներում ընդգրկուած բազմաթիւ դաշնակցականներ հետագային զղջացել եւ ձգտել են վերականգնել իրենց կուսակցական անդամակցութիւնը: Այս իմաստով արժէ այստեղ յիշատակել անուանի գրող, հրապարակախօս Վազգէն Շուշանեանի («Մարտկոցական»ից) եւ Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոս Սեդրակ Ջելալեանի («Տարօնական»ից) անունները: Դուք շատ լաւ գիտէք «Մարտկոցական» եւ «Տարօնական» շարժումների գլխին կանգնած գործիչների` Շ. Նաթալիի (12) եւ Գ. Նժդեհի միմեանց նկատմամբ խիստ անհանդուրժողական, իրարամերժ եւ գաղափարախօսական առումով թշնամական, ոխակալ վերաբերմունքը: Խնդրեմ ասացէք, ինչպէ՞ս էք պատկերացնում «Նաթալիների ու Նժդեհների Դաշնակցութիւն»ը:
Ձեր արշիններով մի՛ չափէք Հ.Յ.Դ.-ին: Դաշնակցութիւնը, ըստ էութեան, նման չէ ձեր կուսակցութեանը: Դաշնակցութիւնը չի եղել ու չի լինի ձեր նշած կամ չնշած ցանկալի կամ ոչ ցանկալի մարդկանցից եւ ոչ մէկի մասնաւոր սեփականութիւնը:
Մենք լաւ ենք ըմբռնում Հ.Հ.Կ.-ի պատկերացումների գաղափարախօսական խորքը: Նա չի ցանկանում տեսնել այն Դաշնակցութիւնը, որն ազգայինից բացի, ունի նաեւ քաղաքական եւ ընկերային հայեացքներ եւ այս երկրի համար տենչում է քաղաքական ազատութիւն եւ ընկերային արդարութիւն:
Չկայ դաշնակցականութիւն առանց Դաշնակցութեան, ճիշդ այնպէս, ինչպէս Հայաստանը չի կարող լինել առանց հայի:
Ժամն է արդէն, պարոնայք, որ Հայաստանում այլոց տեղն ու անելիքը սահմանելու փոխարէն, մի փոքր էլ խորհէք ձեր սեփական կուսակցութեան տեղի ու անելիքի մասին:

-------------------------------------------------------------------------
(1) Տեղի ունեցած է Յունիս 2011ին։
(2) 2012ի խորհրդարանական ընտրութիւնները եւ 2013ի նախագահական ընտրութիւնները։
(3) Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն, Բարգաւաճ Հայաստան Կուսակցութիւն եւ Օրինաց Երկիր Կուսակցութիւն։ Երեք կուսակցութիւնները 97 պատգամաւոր ունին Ազգային Ժողովի մէջ, առաւել՝ երեք կողմնակից պատգամաւորներ։ Հանրագումար՝ 100 պատգամաւոր (131ի վրայ)։
(4) Ըստ իր ծրագրին՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւնը ազգային-պահպանողական ուղղութեան կը հետեւի։
(5) Հ. Յ. Դաշնակցութիւնը 16 պատգամաւոր ունի Ազգ. Ժողովին մէջ։
(6) Դուրս եկած է 2008ի Ապրիլին՝ հայ-թրքական արձանագրութիւններու ստորագրութեան պատճառաբանութեամբ։
(7) Մովսէս Տէր Գալուստեան՝ Լիբանանի խորհրդարանի երկարամեայ դաշնակցական երեսփոխան, Ճորճ Մարտիկեան՝ ամերիկահայ գործարար, հայ ապաստանեալներուն (Displaced Persons) աջակցող երբեմնի ANCHA (American National Council for Homeless Armenians) կազմակերպութեան ղեկավար (կուսակցութեան անդամ եղած չէ), Շահան Նաթալի՝ Ցեղասպանութեան թուրք պատասխանատուները ահաբեկող ու Հ. Յ. Դաշնակցութեան նախաձեռնած «Նեմեսիս» գործողութեան ղեկավարներէն, Գարեգին Նժդեհ՝ 1919-1921ին Զանգեզուրը ազերի եւ բոլշեւիկ յարձակումներէն ազատող դաշնակցական ղեկավար։
(8) «Մարտկոցական» շարժումը (1932-1933՝ «Մարտկոց» պաշտօնաթերթի անունէն) իր ծագումով խորհրդայնամէտ չէր, այլ՝ Ֆրանսայի մէջ ծագած ներկուսակցական շարժում։  Ան Չեկայի կողմէ որոշ թափանցումի ենթարկուած է աւելի ուշ։ 
(9) «Տարօնական» շարժումը (1937-1944) իր ծագումով նացիամէտ չէր, այլ՝ Պուլկարիոյ մէջ ծագած ներկուսակցական շարժում։ 1942-1943ին Նժդեհը եւ խումբ մը տարօնականներ կապեր ունեցած են նացիական Գերմանիոյ մէջ, որոնց բնոյթն ու նպատակները տակաւին կը կարօտին լուրջ ուսումնասիրութեան։
(10) «Ամրոցական» անունը (որ չի թուիր գործածուած ըլլալ) կը բխի «Ամրոց» պաշտօնաթերթի անունէն (1933-1934), որ «Մարտկոց»ի շարունակութիւնն էր։  
(11) 1933-1934ին Գարեգին Նժդեհը «Ցեղակրօն Ուխտեր»ուն կազմակերպիչը եղած է ԱՄՆի մէջ։ 1934ի ամրան «Հ. Յ. Դ. Ցեղակրօններ» անունով մտած է կուսակցութեան հովանաւորութեան տակ։ Նժդեհի Պուլկարիա վերադարձէն ետք, շարժումը շարունակած է զարգանալ, գլխաւորաբար՝ Պալքաններու մէջ, աւելի ուշ որդեգրելով «տարօնականութիւն» անունը։ 1941ին, երբ Նժդեհ արդէն արտաքսուած էր կուսակցութենէն, ԱՄՆի ցեղակրօնները որդեգրած են Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն անունը։
(12) Շահան Նաթալի «Մարտկոցական» շարժման ղեկավարը չէր։

No comments:

Post a Comment