28.1.12

Սրիկայացած իմ հայրենիք

ԼՈՒՍԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Ես չեմ ասում, Կոստան Զարեանն է ասել: Ես  ուղղակի համաձայն եմ:
Յունուարի 28-ը հայկական բանակի օրն է: Ուշիմ հեռուստադիտողը չնչին ջանքերի դէպքում կարող է ինքն իրեն հարց տալ ու պատասխանել, թէ այդ օրը էկրանից մեր պանծալի բանակի յաղթանակների ու մեր հինաւուրց երկրի պաշտպանութեան մասին պաթոսի հրավառութիւն անող դէմքերից քանիսի որդին է ծառայել, ծառայում կամ ծառայելու մեր բանակում:

Շարքային հեռուստադիտողին դժուար կը լինի ստոյգ հետաքննութիւն անել եւ ունենալ այդ հարցի ճշգրիտ պատասխանը, բայց նա` շարքային հայը, համոզուած է` ոչ մէկի: Ու հազար անգամ ճիշդ է նրա կեանքի փորձից արած հետաքննութեան պատասխանը: Ի հարկէ` ոչ մէկի:
Այստեղից սկսւում է հայկական բանակի դիմանկարը: Հայկական բանակը շատ շարքային հայի բանակն է: «Շարքային»ը աշխարհում նորմալ ու դրական նրբերանգով բառ է: Հայաստանում շարքայինը հոմանիշն է «խեղճ»ի, որն աշխարհում նոյնպէս բացասական է, իսկ հայի համար յատուկ կարգով տհաճ ու նուաստացուցիչ:
Հայը ահաւոր բարդոյթ ունի խեղճ երեւալու: Ու նրա պայքարը իր ներսի խեղճութեան դէմ յաճախ ուժասպառ է անում, իսկ աւելի յաճախ մղում անօրինակ  ծառայակամութեան` իր կեանքում մի ոչ խեղճ մէկին ամրագրուած ունենալու համար, որ գոյութեան մի շարք կարեւոր հարցերի թւում մի օր լուծուի նաեւ հայկական բանակում սեփական զաւակի ծառայութեան հարցը:
Բայց հասկանալի է, որ միշտ չէ յաջողում ծառայակամութիւնը կամ ճակատագրի բարեհաճութիւնը, ու բազում շարքային հայեր «Հայլուր»ով ստիպուած ասում են, թէ երջանիկ են, որ իրենց զաւակը գնում է պաշտպանելու իր հայրենիքի սահմանները, որ իրենք այսուհետ հանգիստ են քնելու, քանի որ սահմանը պաշտպանուած է:
Այսպիսով հայկական բանակը շարքային հայի բանակն է: Հետեւաբար, խեղճ հայի բանակը: Հետեւաբար, խեղճ է նաեւ բանակը...
Հայը, որ ունի որեւէ լծակ երկրի ամենափոքր շառաւղով որեւէ օղակում`ձեռնարկում է զաւակին բանակից ազատելու գործը: Սա փաստ է:
Հայաստանում որեւէ պաշտօնեայի զաւակ չի ծառայում կամ ծառայել հայկական բանակում, իսկ մի քանի ցուցադրական ծառայութիւնները պարզապէս ծնողի վարկանիշին նուիրուած մոնոներկայացում են, որովհհետեւ այդ զաւակներին բանակում աւելի շուտ ծառայում են,  քան  իրենք են որեւէ բանով ծառայում սիրելի հայրենիքին: Սա եւս փաստ է:
Բանակը, որտեղ բացակայում են երկրի ուժեղների զաւակները` թոյլ է: Այն չի կարող կոչուել ուժեղ նոյնիսկ ամենակատարեալ զինուածութեան պարագայում, քանի որ հայկական բանակի ոգին ապահովում է «խեղճ» հայը, որին հայի` իրեն վստահուած ճակատագիրը չի պարգեւել բանակից որդուն ազատելու որեւէ լուրջ կամ գոնէ անլուրջ լծակ:
Բանակը ուժային կառոյց է, հետեւաբար ենթադրւում է, որ պէտք է լինի ուժեղ կառոյց: Մեր բանակը թոյլերի ու անպաշտպան մարդկանց կառոյց է: Մենք ունեցել ենք անհամեմատ վատ զինուած, բայց կռուողների հզօր բանակ, սակայն ակնյայտ է, որ այդ ժամանակը մնացել է անցեալում: Ղարաբաղի պատերազմ յաղթածների թիմն այսօր արդէն տարիքային առումով բանակային չէ, միւսները` թողել են զինուորական ծառայութիւնը, մի քանիսը վայելում են հրամանատարական տիտղոսները: Այն յաղթական բանակը, որի մասին անկասկած կը լսենք առաւօտուանից, այլեւս պատմութիւն է, իսկ ներկան չի ձեւաւորւում շատ, անչափ շատ պարզ պատճառով` որովհետեւ չի ձեւաւորւում հասարակութիւնը, ու դա մի քանի տարուայ լինելու բան չէ: Տհաս հասարակութիւնը անխուսաելիօրէն ունենալու է տհաս բանակ` որքան էլ նորագոյն լինի զէնքը:
Բանակը չի կարող լինել ուժեղ եթէ այն թշուառների համար է միայն: Այս բառը վիրաւորական երանգ ունի, ի հարկէ, բայց ես թշուառութիւնը գործածում եմ ոչ իբրեւ մարդու կարգավիճակ, այլ իբրեւ պետութեան պարտադրած կենսա- ու մտածելակերպ:
Գտէք այն մէկին, որ իրօք ուզում է ծառայել բանակում ու կանգնեցրէք նրա արձանը կենդանութեան օրօք Երեւանի կենտրոնական հրապարակում:
Մի շատ ընդհանուր կոնտեքստում՝ թւում է աննշան, բայց խօսուն փաստ այս առթիւ միշտ աչք է ծակում: Հայկական բանակի օրուան նուիրուած հանդիսութիւններին մասնակցող մեր հանրայայտ տղաները, որոնք աչքերի դրամատիկ արտայայտութեամբ ու թատերական հայեացքը հեռուն յառած արտասանելու են զինուորին նուիրուած մի շարք բարդ ստորադասական նախադասութիւններ, որոնք խմբով երգելու են անպայման «Մեր բանակը միշտ ամուր է» լաւատեսական ու ռիթմիկ քայլերգը, որի տակ եռանդուն ծափահարելու են երկրի տէրերն ու տիրուհիները` այդ տղաները ազատուած են բանակից լաւ յայտնի լծակների առկայութեան շնորհիւ: Անկեղծ ասած, ես ուրախ եմ նրանց համար եւ սա ասում եմ իրօք անկեղծ: Խնդիրն այն է, թէ ինչքան կարելի է ներերակային ներարկումով սուտը դարձնել այնքան սեփական, որ նոյնիսկ ինքդ մոռանաս, որ բեմից գովերգածդ բանակից ազատուելու համար պարտական ես այդ պահին դահլիճից քեզ ծափահարողներից որեւէ մէկին: Խնդիրն այն է, թէ ինչքան կարող է երկիրը պահուել խեղճերի հաշուին, այն էլ ոչ թէ նրանց գիտակցութեան շնորհիւ, այլ` խեղճութեան պատճառով: Խնդիրն այն է, թէ ինչքան կարող է սրիկայանալ երկիրը:
Մի քանի տարի առաջ, երբ նոր սկսեցին երգել «Մեր բանակը միշտ ամուր է» խրոխտ քայլերգը` դպրոցական տարիքի տղայիս բջջային հեռախօսի մէջ լսեցի դրա ձեւափոխած տարբերակը, որտեղ պաթետիկ խօսքը փոխուած էր շատ իրական գռեհիկ տարբերակի: Դպրոցականները լաւ ոգեւորուել էին այդ ճշմարիտ տեքստից, ու ինձ տխուր թուաց, որ դեռ հինգերորդ –վեցերորդ դասարանի տղաները հմտօրէն տիրապետում են բանակից ազատուելու բոլոր ձեւերի իմացութեանը: Իսկ բանակը սկսւում է հէնց այդ տարիքից, եւ բոլորովին ոչ զինկոմիսարիատի շեմից:
Ինչ պաթոս էլ գործածուի Յունուարի 28-ի լուսաբացից մինչեւ մայրամուտ, ինչ հրավառութիւն էլ լինի` մեր բանակը ուժեղ չի կարող լինել հէնց այն պատճառով, որ այնտեղ ծառայում են միայն նրանք, ովքեր չեն կարողացել խուսափել ծառայութիւնից:
Իսկ հանրային հեռուստատեսութեամբ հեւիհեւ գովազդուող «Գոյակ» մշակութային կենտրոնի նկարահանած ֆիլմը` մեր բանակի մասին, որի գեղարուեստական արժանիքը չէ այս պահին խնդիրը` կարող է համոզիչ լինել միայն մի դէպքում` եթէ պարզուի, որ ֆիլմի գեղարուեստական ղեկավար Արմէն Մազմանեանի որդին ծառայել է կամ ծառայելու է հայկական բանակում, կամ` ֆիլմի բազմատաղանդ հեղինակներից որեւէ մէկը: Հակառակ դէպքում ֆիլմը, որ Մազմանեանի ձեւակերպմամբ «պոզիտիւ հեքիաթ է»` յաւակնում է լինել գռեհիկ հեքիաթ մեր իրականութեան մասին:
Որպէս աւարտ` մի տհաճ, բայց շատ անկեղծ խոստովանութիւն. եթէ ամէն ինչ մնայ այնպէս, ինչպէս կայ` ես կ'անեմ ամէն ինչ, որ իմ որդին խուսափի հայկական բանակում ծառայելուց:
Կեցցէ այն բանակը, որ վաղն է գալու…

«Zham.am», Յունուար 20, 2012

No comments:

Post a Comment