21.2.12

Սիրիան քաոսի նախաշեմին

ՎԱՀԷ ԲՕՅԱՋԵԱՆ
 
Սիրիայում ընթացող զարգացումների համատեքստում սիրիահայ համայնքի եւ նրա առջեւ ծառացած մարտահրաւէրների հետազօտութեանն է նուիրուած վերջերս ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի եւ Սփիւռքի նախարարութեան համատեղ ջանքերով հրատարակուած «Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» ուսումնասիրութիւնը:
Գրքի հեղինակներն են Արեւելագիտութեան ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատողներ պ.գ.թ. դոցենտ Արաքս Փաշայեանը եւ պ.գ.թ. դոցենտ Լիլիթ Յարութիւնեանը, որոնց հետ զրուցել ենք:  
- Լիլիթ, արդեօ՞ք Սիրիայում ստեղծուած իրավիճակը համահունչ է, այսպէս կոչուած, «արաբական գարուն» երեւոյթի հետ: Թէ՞ այստեղ գործ ունենք միանգամայն այլ երեւոյթի հետ: Ինչի՞ց եւ ինչպէ՞ս սկսուեց ընթացիկ կոնֆլիկտն այդ երկրում:
Լ.Յ. - 2011 թ. Մարտից Սիրիայում առկայ անկայունութիւնն ու ճգնաժամային իրավիճակը, անկասկած, արաբական աշխարհում 2010 թ. վերջից սկսուած «արաբական գարնան» ալիքի ծաւալման հետեւանք է: Սիրիայում ընթացող հակամարտութիւնը սկսուեց նախորդ տարուայ Մարտից, երբ Դարաա քաղաքում, որը գտնւում է սիրիա-յորդանանեան սահմանի մօտ, երկրի անվտանգութեան ուժերը ոչ համարժէք ուժ կիրառեցին հակակառավարական ելոյթների մասնակիցների նկատմամբ, ինչն առաջացրեց սիրիական հասարակութեան տարբեր շրջանակների դժգոհութիւնը: Թէեւ Բաշար Ալ-Ասադն անձամբ ցաւակցեց անվտանգութեան ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումներում զոհուածների հարազատներին, սակայն այս երեւոյթը խթանեց սիրիական տարբեր քաղաքներում եւս հակակառավարական դժգոհութիւնների ծաւալմանը:
- Ի՞նչ վիճակում է գտնւում Սիրիայի հայ համայնքը, եւ որքանո՞վ է ներքաշուած հակամարտութեան մէջ: Կա՞ն, արդեօք, զոհեր հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում:
Լ.Յ. - Սիրիայում ամիսներ շարունակ ընթացող ճգնաժամը, որը որոշ փորձագէտներ նոյնիսկ անուանում են քաղաքացիական պատերազմ, չի կարող անմասն թողնել այդ երկրի լիիրաւ քաղաքացիներ հանդիսացող հայերին: Սիրիահայ համայնքը, որը կազմում է երկրի բնակչութեան մօտ կէս տոկոսը (պաշտօնական տուեալներով` 100.000, իսկ ոչ-պաշտօնական տուեալներով` 60-70.000), ուղղակիօրէն ներքաշուած չէ հակամարտութեան մէջ: Սակայն դրա բռնկման հէնց սկզբից հանդէս եկաւ իշխող վարչակարգի պաշտպանութեամբ, քանի որ հետբաշարական Սիրիայում հնարաւոր անորոշութիւնն ու անկայունութիւնն անհանգստութիւն են առաջացնում համայնքում:
Հայերի շրջանում զոհերի վերաբերեալ որեւէ տեղեկութիւն առայժմ չկայ (*): Համայնքում հնարաւոր զոհերի մասին չեն յայտնել նաեւ Դամասկոսում ՀՀ դեսպանութիւնն ու Հալէպում Հայաստանի հիւպատոսութիւնը: Վերջին օրերին մամուլում յայտնուեց միայն Հալէպում հայ երիտասարդի առեւանգման մասին լուրը, որը, հաւանաբար, աւելի շուտ երկրում քրէածին իրավիճակի սրման արդիւնք է: Ակնյայտ է, որ այս երեւոյթը Սիրիայում շարունակուող անկայունութեան եւ երկրում իրավիճակի նկատմամբ իշխանութիւնների վերահսկողութեան թուլացման հետեւանք է:
- Արաքս, ի՞նչ է կատարւում այսօր Սիրիայում, որքանո՞վ են իրավիճակին տիրապետում իշխանութիւնները: Ովքե՞ր են հակամարտութեան կողմերը, ազգայի՞ն, կրօնակա՞ն, թէ՞ քաղաքական հակասութիւններ են նրանց բաժանում:
Ա.Փ. - Սիրիան ներկայումս յայտնուել է քաղաքական եւ տնտեսական խորը ճգնաժամի մէջ: Հակամարտութեան մի կողմում սիրիական վարչակարգն է եւ նրան աջակցող հասարակական որոշ շրջանակներ, միւս կողմում` վարչակարգին ընդդիմադիր ուժերն են, որոնք, սակայն, միասնական չեն թէ՛ գաղափարախօսական, թէ՛ մարտավարական առումներով: Ընդդիմութեան մէջ առանձնանում են Սիրիայում գործող ուժերը, որոնք հիմնականում ազգային-լիբերալ ուղղուածութիւն ունեն, կողմ են բարեփոխումների իրականացմանը, որոշակի նախապայմաններով իշխանութիւնների հետ երկխօսութեանը եւ դէմ են ցանկացած արտաքին միջամտութեան: Սիրիայի սահմաններից դուրս` Ստամբուլում, թուրքական իշխանութիւնների հովանաւորութեամբ գործում է մէկ այլ ընդդիմութիւն` Սիրիայի «ազգային խորհուրդը», որն իր մէջ ներառում է էթնիկ եւ հասարակական-քաղաքական տարբեր շերտերի, այդ թւում` վտարանդիութեան մէջ գործող սիրիական «մուսուլման եղբայրների» ներկայացուցիչներին: Խորհուրդը որպէս Սիրիայում իրավիճակի կայունացման հիմնական նախապայման համարում է Բաշար Ալ-Ասադի անյապաղ հրաժարականը: Եւ վերջապէս ընդդիմութեան զինուած թեւը, որը գործում է անջատ, այսպէս կոչուած` «ազատ սիրիական բանակն» է, որ ռազմական եւ ֆինանսական լայնածաւալ աջակցութիւն է ստանում արտաքին աշխարհի, մասնաւորապէս` հակասիրիական ուժերի կողմից, համալրուած է նաեւ սիրիական բանակի դասալիքներով, պահանջում է Սիրիայում արտաքին ռազմական միջամտութիւն: Առանձին տեղեկութիւնների համաձայն` նաեւ նշուած կառոյցն է պատասխանատու վերջին շրջանում Սիրիայում իրականացուած բազմաթիւ ահաբեկչութիւնների, մարդկանց առեւանգումների եւ տարաբնոյթ ռազմական գործողութիւնների համար:
Սիրիան էթնիկ եւ դաւանական բարդ խճանկար ունեցող երկիր է: Իրականում, երկրի բնակչութեան 12 տոկոսը կազմող ալաւիական փոքրամասնութեան` երկրի կառավարման համակարգում վերջին տասնամեակներին ունեցած առանցքային դերակատարութիւնը դժգոհութիւն էր առաջացրել մեծամասնութիւն կազմող սունիների շրջանում: Այնպէս որ, ներկայ փուլի ճգնաժամն ունի թէ՛ կոնֆեսիոնալ, թէ՛ քաղաքական բնոյթ:      
- Ի՞նչ է, ի վերջոյ, հակամարտ ուժերի եւ նրանց հովանաւորների ուզածը, ի՞նչ խնդիր են դրել նրանք իրենց առաջ:
Ա.Փ. - Կասկածից դուրս է, որ Սիրիայի ներքաղաքական զարգացումներում մեծ է արտաքին գործօնի ազդեցութիւնը: Ներսիրիական զարգացումներին փորձում են միջամտել Արեւմուտքը,  միջազգային մի շարք կազմակերպութիւններ` ի դէմս ՄԱԿ-ի եւ Արաբական Պետութիւնների Լիգայի,  արեւմտամէտ դիրքորոշում ունեցող տարածաշրջանային տարբեր ուժային կենտրոննէր, ինչպէս օրինակ` Ծոցի արաբական միապետութիւնները  (մասնաւորապէս` Կատարն ու Սաուդեան Արաբիան), նաեւ` Թուրքիան: Բացի այդ, Սիրիայի դէմ իրականացւում է լայնածաւալ տեղեկատուական պատերազմ, որի հարցում առանցքային դեր ունի Կատարին պատկանող «Ալ-Ջազիրա» արբանեակային հեռուստատեսութիւնը: Եւ չնայած այն փաստին, որ վերջին շրջանում Սիրիայի իշխանութիւններն իրականացրել են բազմաթիւ բարեփոխումներ, տպաւորութիւնն այնպիսին է, որ Արեւմուտքն աւելի շատ հետաքրքրուած է ոչ այնքան Սիրիայում ժողովրդավարութեան հեռանկարով, որքան սիրիական վարչակարգի տապալմամբ, որի միջոցով հնարաւոր կը լինի փոխել այդ երկրի քաղաքական ուղենիշները:
- Ի՞նչ խնդիր են դրել իրենց առաջ իշխանութիւնները, եւ որքանո՞վ են յաջողել այս խնդիրների լուծման ճանապարհին հակամարտող կողմերից իւրաքանչիւրը:
Ա.Փ. - Սիրիական իշխանութիւնները, համագործակցելով դաշնակից ուժերի, այդ թւում` Իրանի, ինչպէս նաեւ Ռուսաստանի Դաշնութեան եւ Չինաստանի հետ (որոնք վերջին շրջանում ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդում հակասիրիական բանաձեւի ընդունման դէմ երկու անգամ օգտագործել են վետոյի իրենց իրաւունքը), առաջիկայում նոյնպէս կը շարունակեն կոշտ ուժ կիրառել ապստամբների դէմ` փորձելով իրավիճակը երկրում պահել հնարաւոր վերահսկողութեան ներքոյ: Արտաքին ռազմական միջամտութիւնից խուսափելը, սակայն, բաւարար չի լինի ճգնաժամը յաղթահարելու համար: Արեւմուտքը, ըստ ամենայնի, կշարունակի աջակցել սիրիական ապստամբներին` Սիրիան աստիճանաբար ներքաշելով քաղաքացիական պատերազմի մէջ:
- Լիլիթ, ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կ'ունենայ սիրիական վարչակարգի տապալումը:
Լ.Յ. - Սիրիայում Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հնարաւոր տապալումը կարող է վնասել Սիրիայի ինքնիշխանութեանը կամ նոյնիսկ յանգեցնել երկրի տրոհմանը: Դա կարող է թուլացնել Մերձաւոր Արեւելքի կամ արաբական աշխարհի անվտանգութեան համակարգը, որտեղ Սիրիան առանձնանում էր որպէս Իսրայէլին հակազդող ուժ եւ տարածաշրջանային անվտանգութեան երաշխաւոր: Նման սցենարի դէպքում Սիրիայում, հնարաւոր է, կը ստեղծուի անկայունութեան եւ քաոսի իրավիճակ, ինչպէս դա եղաւ Իրաքում` էլ աւելի մեծացնելով արտաքին միջամտութիւնն այդ երկրում: Բացի այդ, կործանարար հարուած կը հասցուի էթնիկ եւ դաւանական հանդուրժողականութեան մթնոլորտին:
- Արաքս, Սիրիայի տարածքի ո՞ր մասում են ընթանում ռազմական գործողութիւններ:
Ա.Փ. - Յատկանշական է, որ մինչեւ վերջերս ռազմական գործողութիւններն ընթանում էին Սիրիայի առանձին շրջաններում, հիմնականում` Հոմսում, Զաբադանիում, Սուէյդայում եւ այլն: Միշտ էլ համեմատաբար կայուն էին Հալէպն ու մայրաքաղաք Դամասկոսը: Սակայն վերջին շրջանում Դամասկոսը նոյնպէս ներքաշուեց անկայունութեան մէջ: Դամասկոսում տեղի են ունեցել ամենախոշոր ահաբեկչական գործողութիւնները: Յունուարի 21-ին ապստամբներին յաջողուեց մի քանի օր գրաւել Դամասկոսի հիւսիս-արեւելքում գտնուող եւ զգալի թուով բնակչութիւն ունեցող Դումաա արուարձանը:
- Արաքս, ի՞նչ էք կարծում, Բաշար Ալ-ասադի ռեժիմը կը կարողանա՞ պահել իշխանութիւնը:
Ա.Փ. - Կարճաժամկէտ առումով, կարծում եմ, Ասադը կը պահպանի իշխանութիւնը, բայց   երկրի վիճակը չի կայունանայ, եւ Սիրիան, հնարաւոր է, ներքաշուի լայնածաւալ քաղաքացիական պատերազմի մէջ:

«Հայկական Ժամանակ»

(*) Փետրուար 10-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթումին զոհերէն մէկը եղած է 28ամեայ զինուոր Վիգէն Հայրապետեանը (Խմբ.)։

No comments:

Post a Comment