13.3.12

Երեւանի կերպարանափոխումը՝ հարցեր, բողոքներ

  Մ.Մ.


Քաղաքները ժամանակի ընթացքում կերպարանափոխւում են: Կերպարանափոխուել է, եւ շարունակում է կերպարանափոխուել, նաեւ Երեւանը: Պատմական խոշոր իրադարձութիւնները իրենց հետքերն են թողնում քաղաքի բնական աւերման, դիտաւորեալ քանդման եւ կերտման ու վերակերտման վրայ: Նախասովետական Երեւանից շատ բան հնարաւոր չէ գտնել այսօրուայ Երեւանում, իսկ սովետական շրջանի Երեւանը, որն այն քաղաքն է, որ մենք ճանաչում ենք, արագօրէն կորցնում է իր ծանօթ տեսքը:
Քաղաքի պողոտաների հեռանկարները ձեւափոխւում են հսկայ գովազդների իշխող կշռի ներքոյ, զբօսայգիները դառնում են բացօթեայ կաֆէներ, իսկ հին տուֆակերտ շէնքերը, անհրաժեշտաբար պիտի իրենց տեղը նոր շէնքերին տան: Հիւսիսային պողոտայի օրինակով, երեւի պիտի կերտուեն հսկայ նոր բլոկներ: Իսկ ամէնուր ծլում են ժամանակակից բրենդներով մոդայիկ հագուստեղէն վաճառող խանութներ: Այսպիսի վերակառուցում ինչքանո՞վ է համապատասխանում Երեւանի քաղաքացու կարիքներին եւ ինչքանո՞վ է ծառայում նոր ձեւաւորուող տեղական եւ արտասահմանեան մեծ կապիտալի շահերին: Երեւանի վերակառուցումը ակամայ իր հետ բերում է լուրջ հարցեր, իսկ դրանք երբեմն յանգում են աղմկալի բողոքների, որոնք իրենց են յատկացնում լրատուամիջոցների առաջին խորագրերը:
Այսօրուայ Հիւսիսային պողոտայի վայրում գտնուող տների բնակիչները դէմ էին հին շէնքերի աւերմանը եւ պահանջում էին «վերանորոգում, քանդելու փոխարէն»: Քաղաքի ճարտարապետական մշակութային հարստութեան ոչնչացման դէմ են բողոքում երիտասարդ ակտիւիստներից կազմուած միութիւնները, իսկ այսօր բնապահպանական մտահոգութիւններից ելած՝ սոցիալական խմբերը դէմ են քաղաքի պուրակներում շինարարութիւն ծաւալելուն: Ճիշդ այս օրերին նրանք բողոքում են Մաշտոցի այգում շէնքեր կառուցելու դէմ, եւ յաջողել են, գոնէ ժամանակաւոր, ընդհատել շինարարական աշխատանքները: Հարց է նաեւ, թէ նոր քաղաքի շինարարութեան գործում ինչքանո՞վ են նկատի առնւում քաղաքի հաշմանդամների կարիքները, որը ժամանակակից քաղաքի յատկանիշներից է:
Խօսք է գնում հին շէնքերի ֆասադների վերակառուցման մասին: Երբ քանդում էին քաղաքի մի շարք շէնքեր, համարակալուել են դրանց քարերը, եւ այժմ խոստանում են, որ պիտի ամրանը, իրօք, սկսւի այդ շէնքերի վերակառուցումը:
Սակայն հարցեր ու խնդիրներ դեռ շատ կան: Մի օր խօսք է գնում «Մոսկուա» բացօթեայ կինօթատրոնի աւերման եւ դրա տեղը եկեղեցի կառուցելու մասին, մի օր բողոքի ակցիա է անցկացւում այնինչ պատմական կառոյցի պահպանման համար, իսկ ոչ բոլորին ընդունելի է նաեւ գեր-մոդեռն արուեստի կոթողների տեղադրումը, ասենք, Կասկադի շրջափակում, նոյնիսկ եթէ դա լինի Բոթերոյի հսկայ կատուն, կամ երաժիշտ Առնօ Բաբաջանեանի այլանդակ արձանը Կարապի լճի ափին: Երեւանի փոփոխութիւնները, եւ դրանց շուրջ առաջացող հարցերը, արտացոլում են երիտասարդ անկախ Հայաստանում ձեւաւորուած հակասական ճաշակները եւ երկրի հեռանկարի համար գոյութիւն ունեցող տարբեր կարծիքները, եւ ի հարկէ նաեւ հասարակ ժողովրդի եւ օլիգարխ մեծահարուստների շահերի հակասութիւնը:

«Յոյս», 7 Մարտ 2012

No comments:

Post a Comment