24.3.12

Արգենտինա Արգենտինա

ՄԱՐԻՆԷ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Ո՞վ ա յիշում` երբ որ Մարկէսի «Հարիւր տարուայ մենութիւնը» հայերէն թարգմանուեց, ինչ եղաւ յետոյ: Մոգական ռէալիզմի յաղթարշաւ սկսուեց հայոց գրական աշխարհում: Մոգական ռէալիզմը էն ա, երբ որ անիրականն ու անհաւատալին պատմւում  են որպէս իրականում տեղի ունեցած: Մի քանի օր առաջ խօսք գնաց մոգական ռէալիզմի մասին, ու Վահրամ Դանիէլեանը յղում արեց, եթէ ճիշդ եմ յիշում, Մարիօ Վարգաս Լիոսային, որն ասել էր` եթէ լատինաամերիկեան իրականութիւնը նկարագրես չոր ռէալիստական ոճով` կը ստացուի հէնց մոգական ռէալիզմ: Անկեղծ ասած, կար ժամանակ ինձ թւում էր, թէ դա կարելի ա ասել հայ իրականութեան մասին` որ եթէ մեր հետ պատահող դէպքերը պատմենք ոնց որ կան` եւրոպացին դա կ՚ընկալի որպէս ֆանտաստիկա: Բայց էս ամէն ինչի մասին իմ բլոգում գրելու ցանկութիւնը գիտէ՞ք ինչու մէջս առաջացաւ: Որովհետեւ մի տաս օր առաջ ինձ զանգեցին Արգենտինայի դեսպանութիւնից, ելեկտրոնային հասցէս ճշտեցին ու նամակ ուղարկեցին` Արգենտինայի արտգործնախարարի յօդուածը Մալվինեան կղզիների մասին (բրիտանացիները դրանց ասում են Ֆոլկլէնդեան կղզիներ): Կ'ասէք` ի՞նչ կապ ունի սա մոգական ռէալիզմի կամ ֆանտաստիկայի հետ, ինձ ճանաչում են որպէս բլոգէր, դրա համար էլ ուղարկել են, ամենայն հաւանականութեամբ միւս բլոգէրներին ու լրագրողներին էլ ուղարկած կը լինեն նոյն էս յօդուածը, Արգենտինայի համար Մալվինների հարցը շատ կարեւոր ու ցաւոտ հարց ա, դէ դեսպանատունն էլ փորձում ա հայ հասարակութեանը տեղեակ պահել արգենտինեան դիրքորոշման մասին: Ամբողջ խնդիրն էն ա, որ էս երկրի դեսպանատան հետ իմ շփումը նախապատմութիւն ունի` մոգական ռէալիզմի ոճով ճակատագրի կողմից գրուած: Ես ոչ Մարկէսն եմ, ոչ էլ Բորխէսը, բայց փորձեմ էտ պատմութիւնը կարճ պատմել:
Անցած տարի Արգենտինա պէտք ա գնայի` մասնակցելու Ռոսարիոյի բանաստեղծական փառատօնին: Բայց մենակ փառատօնը չէր իմ ծրագրում: Անթոլոգիայի շրջանակներում, որը իսպանագիր արգենտինահայ գրող Աննա Արզումանեանը կազմում էր ու հաւանաբար հրատարակի էս տարի, բանաստեղծութիւններս թարգմանուել էին իսպաներէնի, Աննան տեղեկացրել էր` Արգենտինայի հոգեվերլուծական հիմնադրամը դրանցով հետաքրքրուած ա, կարող ենք հիմնադրամի սրահում ընթերցում կազմակերպել: Դէ որ գնայի` նաեւ հայկական շրջանակների հետ կը հանդիպէի` բնականաբար: Մի խօսքով` կարգին ոգեւորուել էի, Ճամփորդութիւնս վրաս ահագին թանկ էր նստելու, բայց արժէր, որովհետեւ աշխարհի էտ կողմերում առաջին անգամ էի լինելու: Տոմսերը ամրագրեցի, մնաց մուտքի արտօնագիր` վիզա ստանալը: Ինձ թւում էր` հարց չկայ: Փառատօնի կազմակերպիչների ուղարկած հրաւէրը կայ, անձնագրումս տասնեակ վիզաներ կան խփուած` գնացել Ամերիկա ու Եւրոպա յետ եմ եկել, մեծ երեւակայութիւն ա պէտք կասկածելու համար, թէ ես կը գնամ Արգենտինա` յետ չդառնալու չարամիտ նպատակով: Արգենտինան Բորխէսի հայրենիքն ա ի հարկէ, բայց հաստատ Միացեալ Նահանգներից ու Ֆրանսիայից աւելի գայթակղիչ երկիր չի` մարդու ուղեղում մշտական բնակութեան չարամիտ մտադրութիւն ծնելու առումով: Բացի էտ` ամիսներ առաջ մամուլում կարդացել էի` Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ արտօնագրային ռեժիմը շուտով վերացուելու էր: Դէ եթէ շուտով վիզա ընդհանրապէս չեն ուզելու` մինչեւ էտ գոնէ պահանջուող փաստաթղթերը քչացրած կը լինեն: Ախ Մարինէ Մարինէ, ինչո՞ւ էիր մոռացել մոգական ռէալիզմի մասին:
Արգենտինայի դեսպանատունը ծաղիկների մէջ կորած առանձնատուն էր` Այգեստան փողոցի վրայ: Հիմա` Արգենտինա անունը լսելիս, ես էտ ծաղիկներն եմ յիշում, յետոյ դեսպանատան ներսի զարմանալի դատարկութիւնը` մէկ ոստիկան ու մէկ աշխատակցուհի: Յետոյ էն պահն եմ յիշում որ հարցնում էի` համացանցում կարդացի` մշակութային նպատակներով մեկնելու դէպքում վիզան կարծես 15 օրից աւել չի տրւում, լիմիտ կայ, կը հաստատէ՞ք դա, ներկայ պահով կայ՞ էտ լիմիտը, իմ համար շատ կարեւոր ա` 17 օրով գնալու դէպքում շատ աւելի էժան տոմս կարող եմ ամրագրել, մի 500 դոլարի տարբերութիւն ա անում, իսկ աղջիկը ինձ էր նայում` չես հասկանում ինչից վախեցած, եւ ասում էր` ներեցէք, բայց ես իրաւունք չունեմ ձեզ նման տեղեկութիւն տրամադրել: Այ քեզ բան, եթէ տեղեկութիւնը տեղադրուած ա համացանցում, ուրեմն գաղտնի չի, ինչո՞ւ չէք կարող ինձ տրամադրել, յամառում էի ես, իսկ դիմացինս յամառօրէն կրկնում էր, որ ինքը նման իրաւունք չունի, ու ես գնալով աւելի էի համոզւում, որ աղջիկը ինչ որ բանից վախենում ա, բայց ինչի՞ց: Հիմա, յետադարձ հայեացքով, մտածում եմ` գուցէ Բորխէսի ստուե՞րն էր կանգնած իմ թիկունքին, աղջիկը տեսնում էր, ես` չէ:
Արգենտինա, Արգենտինա, ես քեզ տենց էլ չտեսայ: Չէ, իմ վիզան չմերժեցին, ուղղակի էնքան ձգեցին ձգեցին, մինչեւ ինքնաթիռի տոմսի իմ ամրագրումը ուժը կորցրեց, ու տոմսերը վերջացան, աւելի ճիշտ` մնացին ամենաթանկ տոմսերը` էն աստիճանի թանկ, որ իմ Արգենտինա գնալը իմաստ կ'ունենար մենակ մի դէպքում` եթէ ինձ Նոբէլեան էին տալու: Իսկ գիտե՞ք ինչի էին ձգում, ինձ խնդրում էին փաստաթուղթ բերել առ այն, որ ես Չարլզ Դարվինը չեմ: Չէ, կատակ չեմ անում, ես էլ սկզբում կարծեցի կատակ ա, երբ որ վիզա ստանալու համար  ներկայացուելիք փաստաթղթերի ցանկը ներկայացրին, ամենավերջում կարմիր գրիչով աւելացուած էր` «նաեւ տեղեկանք այն մասին, որ Մարինէ Պետրոսեանը Չարլզ Դարվինը չի»: Ինձ թուաց` ինչ-որ մէկը ինձ ճանաչել ու կատակ ա արել իմ «Ես Սոնա Բաղդասարեանը չեմ» բանաստեղծութեան* թեմաներով, չգիտես ինչու Սոնա Բաղդասարեանը փոխարինելով Չարլզ Դարվինով, դրա համար էլ չանհանգստացայ, ընդհակառակը` ուրախացայ որ իմ գրածները կարդացել են: Քանի որ դեսպանատանը, ոնց որ վերեւում նշել եմ, ընդամէնը մի ոստիկան ու մի աշխատակցուհի էին տեսանելի, որոնցից աշխատակցուհին կատակ անելու ոչ մի հակում չէր ցուցաբերում, սկզբում կարծեցի ոստիկանն էր կատակ արել, այ քեզ ընթերցասէր ու համարձակ ոստիկան` մտքումս ասեցի, ու երբ որ դուրս էի գալիս` ժպտուն հայեացքով ոստիկանին նայեցի, բայց պատասխան ժպիտը շատ համարձակ չէր, ու ես մտքումս կանգ առայ երրորդ տարբերակի վրայ` որ շէնքում կայ ուրիշ մարդ, որին ես չեմ տեսնում, ու հէնց ինքն էլ կարմիր գրիչով աւելացրել ա սոյն զուարթ կատակը:
Պահանջուող փաստաթղթերը հաւաքեցի, ներկայացրի դեսպանատուն: Աշխատակցուհին վերցրեց, ասեց կը նայեն ու եթէ փաստաթղթերը լրիւ են, դեսպանի հետ հանդիպման օր կը նշանակեն: Բայց Արգենտինայում Հայաստանի դեսպանին ինձ տենց էլ հանդիպել չյաջողուեց, քանի որ մի քանի օր յետոյ ինձ զանգեցին դեսպանութիւնից ու ասեցին որ ամենակարեւոր փաստաթուղթը իմ ներկայացրածների մէջ չկար` փաստաթուղթը առ այն, որ ես Չարլզ Դարվինը չեմ: Ասեցին ու չսպասելով մինչեւ ես կը վերականգնեմ խօսելու ունակութիւնս` հեռախօսը անջատեցին։
Ես մի երեք օր ոնց որ կախարդուած լինէի: Յետոյ վերջապէս ինձ հաւաքեցի ու նամակ գրեցի Արգենտինա` ինձ Ռոսարիոյի փառատօնին հրաւիրողներին: Ամէն ինչ պատմեցի ու խնդրեցի ինձ օգնել: Ինձ թւում էր` կը զարմանան, բայց չզարմացան: Ուղղակի ասեցին, որ Չարլզ Դարվինին վերաբերող հարցերը պետական գաղտնիք են, ու նամակը չեն կարող ուղարկել ելեկտրոնային եղանակով, կ'ուղարկեն սովորական փոստով: Դուք երեւի յիշում էք` Արգենտինան որ մայրցամաքում ա գտնւում, Հայաստանից ինչքան ա հեռու: Նամակը դեռ ճանապարհին էր` գնացի ինքնաթիռի ամրագրածս տոմսի ճակատագիրը ճշտելու` պարզուեց  ժամկէտը լրացել ա, երկարացնել էլ չեմ կարող: Պէտք ա նոր ամրագրում անէի, բայց արդէն մնացել էին 5000 դոլարը գերազանցող տոմսեր: Ջղայնացայ, ջղայնացած նամակ գրեցի դեսպանատուն ու վիզայի հայցս չեղեալ յայտարարեցի:
Երբ որ նամակը վերջապէս Բուէնոս Այրէսից եկաւ հասաւ Երեւան, Աղբիւր Սերոբ փողոց` ջղայնութիւնս դեռ չէր անցել, նամակը նոյնիսկ չբացեցի, առանց բացելու դրեցի աչքից հեռու մի տեղ: Տենց առանց բացուելու էլ էտ նամակը երեւի մնար, եթէ մէկ ամիս առաջ, ոնց որ արդէն գրել եմ, զանգ ու նամակ չգար Արգենտինայի դեսպանութիւնից` Մալվինեան /Ֆոլկլէնդեան/ կղզիների թեմայով: Նամակը որ ստացայ, մտայ համացանց նիւթեր կարդացի Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի միջեւ պատերազմի առիթ դարձած էտ կղզիների մասին, ու դրանց մէջ ուշադրութիւնս գրաւեց Չարլզ Դարվինի յիշատակումը, պարզուեց` Դարվինը ժամանակին երկու անգամ այցելել ա Մալվինեան /Ֆոլկլէնդեան/ կղզիներ, ու հիմա իրա անունով քաղաք կայ դրանցից մէկում: Յիշողութեանս մէջ կայծակի պէս փայլատակեց վիզայի չարաբաստիկ պատմութիւնը, փնտռեցի ու ահագին դժուարութեամբ գտայ Բուէնոս Այրէսից եկած նամակը, բացեցի ու … Գրած էր` «վստահելի աղբիւրների պնդումով` Մարինէ Պետրոսեանը Չարլզ Դարվինն ա»: Գրողը տանի, էս ի՞նչ այ նշանակում: Մի տաս րոպէի չափ մտածեցի, յետոյ նորից մտայ Գուգլ ու փնտրել սկսեցի Չարլզ Դարուինին: Նոր բան չկար, ինչ որ կար` արդէն գիտէի: Մտածեցի մտածեցի, փնտռուող բառերի մէջ աւելացրի Մալվինեան/Ֆոլկլէնդեան կղզիները: Ու հէնց էտ ժամանակ էլ պարզուեց էս ամբողջ չարաբաստիկ պատմութեան պարզ գաղտնիքը: Գուգլով գտածս յղումներից մէկում պարզ ու յստակ անգլերէնով գրուած էր` Charles Darwin's third visit to Falkland Islands will precede World War III**:
Ասեմ ձեզ որ էսօրուայ վիճակով Արգենտինա գնալու համար վիզա չի պահանջւում` անցած տարուայ Սեպտեմբերին, իմ վիզայի արկածային պատմութիւնից ընդամէնը ամիսներ անց, անցագրային ռեժիմը Հայաստանի ու Արգենտինայի միջեւ վերացուեց: Բայց ես շատ բարդ երկընտրանքի առաջ եմ հիմա կանգնած` գնա՞մ Արգենտինա թե՞ չգնամ: Դեռ չեմ որոշել:

Ծանօթագրութիւններ

* ԵՍ ՍՈՆԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԸ ՉԵՄ
ես սոնա բաղդասարեանը չեմ
ծնուեցի` արդէն վաղուց ամառ էր
ոնց որ հիմա
մենակ թէ
դեռ ոչ ոք չգիտէր
որ միասին քայլելու քայլելու
ու հասնելու ենք էս տեղը
ուր որ նորից շոգ ա
ոնց որ առաջ
մենակ թէ
արդէն հաստատ չի ոչինչ
նոյնիսկ էն
որ ես սոնա բաղդասարեանը չեմ

** Չարլզ Դարվինի երրորդ այցելութիւնը Ֆոլկլենդեան կղզիներ կը նախորդի Երրորդ Համաշխարհային Պատերազմին

Թերթ.am (tert.am/blog)

No comments:

Post a Comment