30.10.12

«Արտաքին Գործերի նախարարութեան շէնքը վաճառուել է, երբ լաւ առաջարկ է ներկայացուել»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Պետական գոյքի կառավարման վարչութեան պետ Արման Սահակեանը Հոկտեմբեր 24ին հրաւիրած մամուլի ասուլիսում անդրադարձաւ վարչութեան 9 ամսուայ գործունէութեան արդիւնքներին, բայց ասուլիսի քննարկման հիմնական առարկան դարձաւ Արտաքին Գործերի նախարարութեան շէնքի վաճառքի կառավարութեան որոշումը:
Պատասխանելով հարցերինՙ Արման Սահակեանն ասաց, որ Արտաքին Գործերի նախարարութեան շէնքը վաճառուել է, երբ լաւ առաջարկ է ներկայացուել: Նախկինում նոյնպէս եղել են առաջարկներ, բայց դրանցում ցածր գին է առաջարկուել: Եթէ Երեւանի կենտրոնում, մասնաւորապէս ԱԳՆ շէնքի շրջակայքում անշարժ գոյքի շուկայական գները 1500-2000 դոլարի սահմաններում են 1 ք.մ.-ի համար, ապա ԱԳՆ շէնքի համար գնորդը վճարելու է 3600 դոլար 1 ք.մ.-ի դիմաց: Արման Սահակեանը յիշեցրեց, որ այդ շէնքը մինչեւ Արտաքին Գործերի նախարարութիւն դառնալն ունեցել է այլ գործառոյթներ եւս, եւ այստեղ տարբեր ծառայութիւններ են մատուցուել: «Այդ շէնքն, ի վերջոյ, ոչ ոք իր հետ չի տանելու ոչ մի տեղ, շարունակելու է մնալ իր տեղում», ասաց պետական գոյքի կառավարման վարչութեան պետը, աւելացնելով նաեւ, որ նրա արտաքին տեսքի պահպանման վերաբերեալ կէտն ամրագրուած է պայմանագրով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թէ այլ շէնքերի նկատմամբ լաւ առաջարկ լինելու դէպքում ե՞ւս դրանք կը վաճառուեն, Արման Սահակեանն ասաց, որ եթէ լինեն լաւ առաջարկներ, ապա դրանք քննարկման ենթակայ կը լինեն: Նա նշեց, որ կան նման խօսակցութիւններ տրանսպորտի եւ կապի նախարարութեան շէնքի վերաբերեալ, բայց յայտարարեց, որ առաջարկ այս պահին չկայ: Նոյնը նա ասաց նաեւ պետական կոնսերվատորիայի շէնքի մասին (՚՚*):
Սեփականաշնորհման ժամանակ ներդրումային պարտականութիւնների կատարման պայմանագրերն այսուհետեւ աւելի են խստացուելու եւ դրանք չկատարելու համար նախատեսուելու են լուրջ տուգանքներ: Պետական գոյքի կառավարման վարչութեան պետը տեղեկացրեց, որ ներկայումս 4 մասնաւորեցուած հիւրանոցներ կան, որտեղ հիմնանորոգման եւ գործարկման աշխատանքները չեն կատարուել` «Դուինը», «Սեւանը», «Շիրակը» եւ Սասունցի Դաւթի արձանի մօտի կիսակառոյցը:
Ըստ Արման Սահակեանիՙ պետական բաժնեմաս ունեցող ընկերութիւնները պէտք է ներկայացնեն բիզնէս ծրագիր, թէ ինչքան շահութաբաժին պէտք է վճարեն պետութեանը, իսկ այդ ընկերութիւններում պետութիւնը կը նշանակի իր ներկայացուցիչներին, որոնք կը դիտարկեն թէ ինչպէս է կառավարում ընկերութիւնը, եւ առաջարկներ կը ներկայացնեն ընկերութեան առողջացման վերաբերեալ:
Մամուլի շէնքում կը շարունակեն գործել լրատուամիջոցներըՙ վճարելով միայն սպասարկման վճար, իսկ միւսների համար կը գործեն վարձակալութեան գներ: Արման Սահակեանը տեղեկացրեց, որ վերանորոգուել է այդ շէնքի տանիքը, որոշ դէպքերումՙ միջանցքները, նախատեսւում է վերելակների եւ սանհանգոյցների նորոգում:
 
«Ազգ», Հոկտեմբեր 25, 2012
 
(*) Այս ընթացքով, մօտ ատենէն կարգը կրնայ հասնիլ Պատմութեան թանգարանին, Ազգային Պատկերասրահին, Մատենադարանին, քանի որ հարցը քառակուսի մեթրի գինին մասին է միայն... (Խմբ. «Հայկականք»ի)։

No comments:

Post a Comment