28.11.12

Դիմադրութիւն

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
 

Խոսրովի արգելոցի տնօրէնի թափուր մնացած պաշտօնին 3 հոգի է յաւակնում: Թէ ինչպէս է նրանցից մէկը` Գաբրիէլ Պօղոսեանը, յանձնում իր քննութիւնը` դրա մասին համացանցում կայ տեսագրութիւն, եւ բոլորը կարող են ծանօթանալ նրա մտաւոր մակարդակին եւ գրագիտութեանը: (Ի դէպ, վատ չէր լինի, որ նախագահի թեկնածուներն էլ նման հրապարակային քննութիւն յանձնէին` ամէն ինչ շատ աւելի պարզ կը դառնար):
Երէկ իրենց ասուլիսում բնապահպանները յայտարարեցին, որ պարոն Պօղոսեանը միջնակարգ կրթութիւն ունի եւ ժամանակին մեղադրուել է որսագողութեան մէջ: Բայց չեմ կարծում, որ մնացած թեկնածուները, եթէ նոյնիսկ բարձրագոյն կրթութեան դիպլոմ ունեն, այս մի յաւակնորդից որեւէ բանով տարբերւում են: Եւ մրցոյթն էլ ձեւականութիւն է. իրականում ամէն ինչ կանխորոշուած է, ինչպէս հիմա ընդունուած է ասել` «կոռուպցիոն ռիսկերով»: Իսկ եթէ խուսափենք այդ այլասացութիւնից եւ արտայայտուենք աւելի պարզ, ապա կարող ենք ասել, որ Խոսրովի արգելոցի տնօրէնը նշանակուելու է փողով, կաշառքով եւ իր յետագայ գործունէութեան ընթացքում փող է աշխատելու` այդ անտառում կազմակերպելով օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտօնեաների որսը, խնջոյքներն ու խրախճանքները: Այդպէս կը լինի ոչ միայն այս երեքի, այլեւ ցանկացած այլ դէպքում, եթէ տուեալ պաշտօնին նշանակուի «համակարգում փորձ ունեցող» որեւէ անձնաւորութիւն: Ես կը հաւատամ, որ գործընթացը տեղի է ունեցել առանց կաշառքի այն դէպքում, եթէ արգելոցի տնօրէն նշանակուի Մարիամ Սուխուդեանը կամ որեւէ մէկը նրա խմբից: Ի հարկէ, դա բացառուած է, բայց եթէ նոյնիսկ զուտ տեսականօրէն ընդունենք նման հնարաւորութիւնը, ապա պէտք է արձանագրենք. նման «սուխուդեանական» մարդու նշանակելն էլ է քիչ, որովհետեւ մէկ տարի աշխատելուց յետոյ նա, շատ հնարաւոր է, ոչնչով չտարբերուի Գաբրիէլ Պօղոսեանից եւ մնացած «համակարգում փորձ ունեցող»ներից, որովհետեւ փորձը, ինչպէս յայտնի է, ձեռք է բերւում ժամանակի հետ:

«Առաւօտ», Նոյեմբեր 24, 2012

No comments:

Post a Comment