5.11.12

Արդի պոէզիան. նրան յարող խնդիրների շուրջ


ԼՈՒՍԻՆԷ ՄԻՒԼԼԷՐ

Մեր օրերում ստեղծուող պոէզիան, որը սկիզբ է առել 90-ականների անկախացումից անմիջապէս յետոյ, շրջում է աւանդական պոէզիայի ազգային կաղապարուած պատկերացումները: Մեր ժամանակակից բանաստեղծների գրեթէ մեծամասնութիւնը այսօր մերժում է անցեալի գրական կոթողների բովանդակային, տաղաչափական կողմերը: Ներկայիս բանաստեղծութիւնը հակուածութիւն ունի ընդօրինակելու արտերկրեայ ազատ, անկաշկանդ պոէտական խոհանոցին բնորոշ առանձնայատկութիւններըՙ իրենց որդեգրած բանաստեղծական նորմերով ու չափորոշիչներով: Ուսումնասիրելով համաշխարահային գրական փորձըՙ կարող ենք հետեւութիւն անել, որ պոէզիանՙ որպէս աշխարհի հնագոյն ստեղծագործութեան ձեւ, տեղի է տալիս իր աւանդոյթները: Այն հանդէս է գալիս մերթ որպէս չափածոյ արձակ, մերթ էլ որպէս անռիթմ ու անչափ, ցաքուցրիւ բառերի կոյտ: Եթէ անտիկ գրական աշխարհից սկսած մինչեւ նոր ժամանակաշրջանը աւանդոյթի համաձայն բանաստեղծին «երգիչ» էին անուանում, ապա նոյն «երգիչ»-ը, մեղմ ասած, խորթ կը լինի մերօրեայ բանաստեղծներին կոչել: Արժէ այստեղ խորութեամբ ընկալել ներկայիս պոէզիայով մտահոգ երիտասարդ բանաստեղծուհի Նուշիկ Միքայէլեանի ահազանգը «Ազգ» օրաթերթի էջերում.
«Եթէ գրողը այն տեսակին է պատկանում, որ այս կամ այն շուկայական թելադրանքին յարմարուելով ձեւափոխւում է, ապա նա իր գրականութեան մէջ սկսում է էժանագին ներկայացման տարրէր ներմուծելՙ պոէզիան վերածելով «շոու»-ի, հնարաւոր բոլոր միջոցներով ընթերցողի հետաքրքրութիւնը գրաւելու համար: Ոմանց բանաստեղծութիւններում հանդիպում ես պոռնոգրաֆիկ «յանդուգն» պատկերների, մէկ ուրիշի մօտ հայհոյանքով համեմուած բառերի շարանի, շատերի մօտ էլ հայոց լեզուն ստորացնելը ու պոէզիան փողոցային էժանագին աղջկայ նմանեցնելը, որին ո՛վ ասես կարող է մօտենալ, դա էլ «տարբերուելու» մի ա՛յլ ձեւ է դառնում, որին հիմնականում հանդիպում ենք արուեստագէտ յորջորջուող այն խղճուկների մօտ, ովքեր մտքով ու ասելիքով տարբերուելու շնորհքի իսպառ բացակայութեան պայմաններում, փորձում են գոնէ շպարով` երեւոյթով տարբերուել... Իսկ դաշտը կարծես թէ աւելի քան նպաստաւոր է դրա համար» («Ազգ» օրաթերթ, Մշակոյթ-յաւելուած, 2011, 24 սեպտեմբեր):
Շատ ստեղծագործողներ այսօր գրականութեան մէջ կնոջ եւ սիրոյ բարոյական նոր չափորոշիչներ են սկսել որդեգրելՙ թուացեալ նորարարական ընկալումներով: Պոէզիան ու պոռնոգրաֆիան միաձուլելու անյաջող փորձերին ականատես ենք լինում գրեթէ բոլոր «նորարարներ»ի գործերում. դրանցից նշենք բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորեանի «տաղ անաւարտՙ ի վերայ կլիտորիսոյ» ստեղծագործութիւնը, որտեղ կանացի մարմնի գեղեցկութեան գովերգութիւնը իջնում է գեղեցկութեան բարձունքներիցՙ դառնալով պոռնոգրաֆիկ բանաստեղծութիւն: Բոլորովին հակուած չենք անյարիր համարել, որ մերօրեայ բանաստեղծը պիտի խօսի կանանց նուրբ զգացմունքների, վայելքների եւ կնոջ սեքսուալականութեան մասին եւ դառնայ կանանց հոգեվիճակների թարգմանը: Այստեղ հարկ ենք համարում յիշել անգլիական գրականութեան մեծ լսարան նուաճած բանաստեղծուհիներ Քրիստինա Ջէորջինա Ռոզեթթիի (Christina Georgina Rossetti) եւ Էլիզաբեթ Բարրեթթ Բրոունինգի (Elizabeth Barrett Browning) բաց ու անկաշկանդ քնարերգութիւնը, որը ընթերցողին մատուցում է վերը նշուած թեմաների շուրջ բարձրաճաշակ, արժէքաւոր, մնայուն պոէզիա (նշում ենք միայն կին գրողներին):
Այսօր մեր կողքինՙ հայ իրականութեան մէջ ստեղծւում է պոէզիա եւ կարելի է ասելՙ մեծ թափով: Սակայն կայ ինտելեկտուալ ընթերցողների մի զանգուած, որի բարձրաճաշակ քիմքին հաճելի չէ այդ նորը, այդ ընթերցողը կարծում է, որ արդի բանաստեղծութիւնը այլեւս կորցրել է իր գրաւչութիւնը, ընթեցողին դադարել է բաւարարել իր ներկայ որակներով: Ասուածը վկայում է բանաստեղծ, թարգմանիչ, սերբագէտ Բաբկէն Սիմոնեանը «Ազատութիւն» ռադիոկայանի «Գրողն ու իր իրականութիւնը» հաղորդաշարի հեղինակ Գայանէ Դանիէլեանի վարած օգոստոսեան հարցազրոյցի ընթացքում: Բանաստեղծը նշում է իր խօսքում. «...Իսկ այսօր մարդիկ գրում են. շատերը կանՙ գիտեմ, որ գրում են, եւ ո՛չ միայն Հայաստանումՙ շատ օտար գրողներ, եւրոպացի գրողներ գրում են ասենք պոէզիա, որը ես կարդում եմ: Կամ ե՛ս չեմ հասկանում պոէզիա, կամ էլ երեւի իրե՛նք պոէզիա չեն գրում... Դա բոլորովին ուրիշ բան է, որը արմատ չունեցող պոէզիա է, որը ակունք չունեցող պոէզիա է, որը մեռնող պոէզիա է...»: Իսկ թէ ի՞նչը այդ պոէզիայի չի ընդունւում հասարակութեան լայն շերտերի կողմից, կարող ենք միայն հետեւութիւններ անել մի քանի դիտարկումներից յետոյ: Ներկայացնենք մեր օրերում առաւել յայտնի գրողների գործերից.

Տարեգիրք
Նունիկ անվերադարձ Բլբուլեան-ը փոխել է շէնգենի մերժումով իր անձնագիրը:
Նունիկ անվերադարձ Բլբուլեան-ը միացել է Չտեսութիւն խմբին:
Նունիկ անվերադարձ Բլբուլեան-ին դուր է գալիս Տաւարի Ցաւ-ը
Նունիկ անվերադարձ Բլբուլեան-ը մեկնաբանել է Յովհաննէս Դրասխանակերտցիի վերջին գրառումները:
Նունիկ անվերադարձ Բլբուլեան-ը նշուել է սեքսուալ եւ քաղաքական նախապաշարումներով, մարդատեացութեան տարրեր պարունակող այս գրառման մէջ:

Կարեն Անտաշեան բանաստեղծի ստեղծագործութիւններից է սա: Ընթերցողին պարզ չէՙ արձա՞կ է սա, թե՞ պոէզիա: Ընդունենք, որ պոէզիա է, որը մեզ յուշում է յարակրկնութիւն (անաֆոր) բանաստեղծական հնարանքըՙ յայտնի դեռ ժողովրդական բանահիւսութիւնից: Այստեղ գրողը փորձում է բանաստեղծութիւնը նմանեցնել ֆէյսբուքեան անիմաստ ծանուցումներին: Բացայայտում է 21-րդ դարի ձեռքբերումներից մէկիՙ Ֆէյսբուքիՙ ժամանակի առումով կործանարար կողմերը: Այսինքնՙ առկայ է նիւթըՙ իր սարկաստիկ դրսեւորումներով, սակայն ձեւը ի սպառ բացակայում է: Տողերի ոչ բնականոն ձգուածութիւնը խաթարում է ռիթմական ընթացքը: Դրանցից իւրաքանչիւրն իր ձեւով յիշեցնում է նախադասութիւնների շարան, որոնք էլ իրենց հերթին ընթերցողին են հրամցնում տեղեկութիւնների շարք: Հարց է ծագում. ո՞րն է բանաստեղծի նորարարութիւնը: Եւ արդեօ՞ք այն կայ:
Դիտարկենք նոյն հեղինակի մէկ այլ բանաստեղծութիւն.

Վերջերգ
Աստղերից անզգուշօրէն վար կաթած խելառ ջուր.
վերադառնալուդ պարոյրըՙ յետթռիչք.
թռչել սովորելու վրայ լուռ մաշեցրած յաւերժի կէսն անցաւ այստեղ,
ուր սովորական ու միամիտ բաների կասկածելի զուգակցումից կեանք հունցեցիր
քեզնից գեղեցիկ ու ինքնագոհ...
հեռանալուց առաջ չմոռանաս
անջատել լոյսը
եւ իմ երգով ծածկել ինձ իմ հողին,
քանի որ ես մնում եմ:

Ընթերցողին անյայտ է, թէ ու՞մ է դիմում հեղինակը: «Խելառ ջրի՞ն», թէ՞ խորհրդաւոր կնոջը, որը հեռանում է «գեղեցիկ ու ինքնագոհ»: Անհաւանական պատկերներով լի տողերի ենթախորքում չկայ տրամաբանական լուծում ու բանաստեղծի կողմից խնամքով քօղարկած ենթիմաստ: Ի՞նչ է «աստղերից անզգուշօրէն կաթած խելառ ջուրը» : Չկայ տրամաբանական կապուածութիւն նաեւ բանաստեղծութեան սկզբի ու աւարտի միջեւ: Բանաստեղծական հնարանք թուացող թնջուկը մնում է չբացայայտուած:
Դիտարկենք վերը յիշատակած բանաստեղծուհուՙ Վիոլետ Գրիգորեանի «Ինքնակոչ» բանաստեղծութիւնը.

- Եգիպտացորենի հատիկներ,
ես ձեզ կը սովորեցնեմ ճանաչել ցաւը
եւ ատամներս մխրճելով ձեր պիրկ կողերի մէջ`
կ'ապսպրեմ չտնքալ:
- Ագռաւներ,
ես իւրաքանչիւրիդ մի բարդի կը տամ,
միայն թէ չկռռաք պոէտի գլխին` այլեւս երբեք:
- Համապատասխան հայեացքով ուղեկցուող
համապատասխան ժպիտներ կանացի,
եթէ չէք կարող քմծիծաղ դառնալ,
ապա կը փշրուէք բախուելով օդի ցինիկ կեղեւին,
եւ ձեր մանրօնը կը սնի
սենտիմենտալ արուների բորբոսնած երեւակայութիւնը:
- Ցօղ, վարդաերազների գլխաւոր դերակատար,
ես քեզ աւելի յարմար պաշտօն կ'առաջարկեմ,
իսկ վարդերը պոկոտելով բանաստեղծութիւնների միջից
պարտէզներին կը վերադարձնեմ:
- Քամի,
քեզ լիազօրում եմ մտրակել
տառապանքով լի սայլերին լծուած բանաստեղծներին:
- Հայելի,
ծածկիր քո աւելորդ ճշմարտասիրութիւնը,
ես անգիր գիտէի դէմքս քեզանից էլ առաջ:
- Ածելի,
արեամբ սրբագործիր քո ամենօրեայ ծիսամարտը
օսլայած գրասենեակայինների դէմքին:
- Լուցկու նիհարիկ հատիկներ, մխիթարուէք,
ձեր մէջ ուժն է պարփակուած հրաբուխների:
- Բառ,
շալակիր յագեցած պահը (եթէ կարող ես)
ու ճամբորդիր ճերմակ թղթերի համրութեան վրայով:
- Բանաստեղծութիւն,
աւարտուիր (եթէ կարող ես):

Հեղինակը կարծես հաւատարիմ է մնացել բանաստեղծական աւանդներին: Այն ունի որոշակի ռիթմ ու չափ: Բանաստեղծուհին դիմում է եգիպտացորենի հատիկներին, ագռաւներին, կանացի ժպիտներին, ցօղին, քամուն, հայելուն, ածելուն, լուցկուն, բառին եւ վերջապէս բանաստեղծութեանըՙ տարատեսակ խոստումներով ու հրամաններով: Սա է ստեղծագործութեան ողջ շաղախը: Չկայ ընդհանրական մի նիւթ, որի շուրջ ստեղծագործութիւնը ունենա «կպչունութիւն»: Այն թափթփուած է. բանաստեղծուհու մտքերը ճախրում են մի կոնցեպտից միւսըՙ առանց որեւէ ուղղուածութեան: Եւ հէնց ի՛նքըՙ բանաստեղծուհին, շտապում է աւարտին հասցնել ստեղծագործութիւնը, քանզի այլեւս չկայ որեւէ նոր բան, որի շուրջ կառուցի նիւթը: Ընթերցողին այդպէս էլ անյայտ է մնում, թէ ո՞րն է ստեղծագործութեան կիզակէտը: Այսինքնՙ կայ սեւակեան «ինչպէս»ը, բայց ոչՙ «ինչ»ը (իմաՙ ստեղծագործութեան ատաղձը):
Ինչպէս վերը նշեցինք, մեր կողքին շատերն են գրիչ վերցրելՙ ընթերցողի հետ կիսելու իրենց ներքին խմորումները: Յաջո՞ղ, թե՞ անյաջողՙ դատելու իրաւունքը պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ ընթերցողինն է: Մի գուցէ եւ առաջին հայեացքից գրաւիչ բանաստեղծութիւնը թւում է խորքային, սակայն գրականագիտական խոր քննութեան ենթարկելուց յետոյ մասնագէտ աչքը շատ յաճախ չի կարողանում յայտնաբերել գրողի կողմից խնամքով թաքցրած որեւէ էական միտք, գաղափարՙ ստեղծագործութեան ենթատեքստի ծալքերում: Զուտ բառեր են ու բառերի զուգակցումից ստացուած պատկերներ: Շատ դէպքերում թուարկածից անդին չկան առաջադրուած պրոբլեմներ ու լուծումներ: Այսինքն, այլ կերպ ասած, պոէտը չունի հետապնդած գաղափարներ եւ իր առջեւ որեւէ նպատակադրուածութիւն:
Ցաւալի է, բայց նշենք, որ տնավարի, ցաք ու ցրիւ բանաստեղծութիւնները ոչ միայն եկան ու գրաւեցին այսօրուայ չափածոյ գրական դաշտը, այլեւ իրենց հետ բերեցին ստեղծագործութեան մէկ այլ տեսակ, որը լի է ժարգոնային ու փողոցային բառամթերքով: Իսկ նրանց մուտքը գրական աշխարհ ապահովեց ներկայիս գրականագիտութեան ո՛չ քննադատական դիրքորոշումը, ինչու չէ նաեւ ինչ-ինչ չափով անտարբերութիւնը յատկապէս մերօրեայ մշակոյթի հանդէպ: Նոյնն է բանաստեղծուհի Նուշիկ Միքայէլեանի մտահոգութիւնը այս առիթովՙ վերը նշուած յօդուածում. «Գրող-ընթերցող-քննադատ կապը խզուած է: Չկա՛յ... Իսկ կապը վերականգնելու կամ ստեղծելու համար նախ պէտք է լինեն գրողը, ընթերցողն ու քննադատը»: Կամՙ «մինչդեռ մեզանում քննադատները շարունակում են պեղել հինը, կամ պարզապէս գլուխները ջայլամի նման թաքցնելՙ ընթերցողին թողնելով գրական խայտաբղէտ դաշտում կողմնորոշուելու «մենաշնորհը»: «Մի երկրում, որտեղ օրաթերթերն ու ամսագրերը տպագրում են ամէն ինչ, բացի պոէզիայից, որտեղ գրաքննադատները վախենում են առաջինը լինելու պատուին արժանանալ ու մատնանշել նրանՙ ով մի գուցէ մեր վաղուայ մեծութիւնն է լինելու կամ քննադատել միւսին, ով պոէզիայի անուան տակ գրում է ինչ խելքին փչի» :
Գրաքննադատի «հանդուրժողականութիւն»ըՙ արդի շատ գրողների կողմից բազմիցս բարձրաձայնած գրականութեան սուվերէն տարածք լինելու նրանց ընկալումներին, հանգրուան է ապահովում անարժէք գրականութեանը: Եկե՛ք անկեղծանանք. իսկ արդեօ՞ք այս «ինչ խելքին փչող» գրողները նուաճել են մեծ լսարան, արդեօ՞ք մեր օրերում ստեղծուող պոէզիան հնչում է ընթերցասէր հասարակութեան շուրթերին եւ վերջապէսՙ նրանց ստեղծած գրականութիւնը դառնո՞ւմ է ընթերցողի գեղարուեստական ճաշակը զարգացնող ազդակ: Դժուա՛ր թէ: Այո՛, գրող-ընթերցող-գրաքննադատ կապը խզուած է: Այն չվերականգնելու դէպքում կորցնելու ենք մեր մշակոյթին ծառայելու եւ այն հարստացնելու մեր բազմադարեան փորձը: Մեզ տրուած չէ սխալուելու իրաւունք, քանզի վաղ թէ ուշ ենթարկուելու ենք պատմութեան քննութեանն ու դատավճռինՙ մեր թողած մշակութային արժէքներով:

«Ազգ-Մշակոյթ», Հոկտեմբեր 20, 2012

No comments:

Post a Comment