28.11.12

Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ չլքել երկիրը

ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ
 
Վիճակագիր-տնտեսագէտ Անի Քալաշեանն «Առաւօտ»ի հետ զրոյցում խօսելով ուղեղների արտահոսքի մասին` փաստում է. «Այդ պատճառով միջինում ունենում ենք մտաւոր մակարդակի անկում, որը, սակայն, կոմպենսացւում է նրանով, որ Հայաստանը "ուղեղների շտեմարան" է: Եթէ, օրինակ, Չինաստանում 1 000 000 մարդու պարագայում կը հանդիպես մէկ գիտնականի, Հայաստանում` 1000-ից մէկն է գիտնական: Մեր բնակչութեան թուաքանակի պակասութիւնը շուրջ հազար անգամ կոմպենսացւում է մեր որակական յատկանիշներով»:
Ըստ վիճակագրի, ուղեղների արտահոսքը, բացի բացասականից, մի շարք դրական կողմեր էլ ունի` ինչպէս Հայաստանի միջազգային ինտեգրացիան, կապերն ու համագործակցութիւնը, երկրի միջազգային իմիջը եւ այլն: Նրա խօսքով, «ուղեղների արտահոսքի պարագայում Հայաստանը ներկայանում է որպէս խելացի կադրերի երկիր, իսկ գիտնականներն աճի հնարաւորութիւն են ունենում` դառնալով մրցունակ միջազգային շուկայում: Եթէ անգամ այդ մասնագէտների փոքր տոկոսն է վերադառնում, իր աւելի բարձր մակարդակով կոմպենսացնում է արտահոսքը: Ի դէպ, վերադարձածները Հայաստանի համար նոր բնագաւառների զարգացման հեռանկար են ապահովում: Մարքեթինգ, աուդիտ, մենեջմենթ…այս գաղափարներին մի 20 տարի առաջ Հայաստանում ծանօթ չէին»:
Անի Քալաշեանը յիշատակեց ԻՒՆԵՍԿՕ-ի մի զեկոյց, ըստ որի` Հայաստանի գիտնականները աշխարհի մասշտաբով առաջին հորիզոնականներում են, սակայն այդ ցուցանիշը վերաբերում է 55-ից բարձր տարիք ունեցողներին: «Մեծ խզուածք ունենք երիտասարդ եւ 50-ից բարձր տարիքի գիտնականների միջեւ: Ես առաջարկութիւն ունեմ, որ ստեղծուի մի կազմակերպութիւն, որի առաքելութիւնը լինի այդ խզուածքը վերացնելը, վերապատրաստումների միջոցով տարեց գիտնականներին ժամանակակից տեխնոլոգիաներին մօտեցնելը, իրենք չգիտեն` ինչպէս ծրագիր գրել, գրանտ շահել, մեղադրելի չէ` տարիքով մեծ են: Միւս կողմից էլ` նոյն կազմակերպութիւնը երիտասարդներին կ'օգնի, օրինակ` թէորետիկ, գիտական հարցերում, մանաւանդ միւսներում նրանք գերժամանակակից մեթոդների են տիրապետում: Դա եւս միջոց է միգրացիան կարգաւորելու եւ մարդկանց ձերբազատելու անպէտքութեան զգացողութիւնից»:
Անի Քալաշեանն առաջարկում է միգրացիան կարգաւորելու համար Չինաստանի օրինակով Եւրոպական համալսարան հիմնել Հայաստանում. «Չինացիները հետաքրքիր քաղաքականութիւն են վարում, որպէսզի ուսանողներն իրենց երկիրը չլքեն ուսման նպատակով: Նրանք աշխարհի լաւագոյն համալսարաններից վարձում են դասախօսների, որոնք դասաւանդում են Չինաստանի Եւրոպական համալսարանում: Հայաստանում նման որոշակի դերակատարութիւն ունի Ամերիկեան համալսարանը: Ունեմ ծանօթներ, որոնք ցանկացել են գնալ Հայաստանից` ուսման նպատակով, չի ստացուել, յետոյ ասել են` ոչինչ, կը սովորենք Ամերիկեան համալսարանում»:
Հետաքրքրուեցինք` ո՞ր երկրներ են մեկնում Հայաստանից եւ յատկապէս ի՞նչ մասնագիտութիւնների տէր մարդիկ: Պարզւում է` ամենաշատը մեկնում են Ռուսաստանի Դաշնութիւն, որտեղ շատ են թէ՛ աշխատանքային միգրանտները, թէ՛ ուսման նպատակով մեկնածները, յաջորդ միգրանտ ընդունող երկիրը ԱՄՆ-ն է, այնուհետեւ Ֆրանսիան, Գերմանիան, աւելի քիչ` Կանադան:
Վիճակագիրը փաստում է. արտերկրի ոչ որակեալ աշխատանքային ոլորտներում հայաստանցի աշխատողները հիմնականում ունեն միջնակարգ կրթութիւն, 28%-ը` միջնակարգ մասնագիտական, 15%-ը` բարձրագոյն:
Որակեալ աշխատանքային ոլորտում զբաղուածների շուրջ 70%-ն ունի բարձրագոյն կրթութիւն, գործարար աշխատանքային ոլորտներում զբաղուած միգրանտների 52%-ը բարձրագոյն կրթութեամբ է, 22%-ական` միջնակարգ մասնագիտական եւ միջնակարգ:
Անի Քալաշեանի խօսքով, բոլոր երկրների միջեւ էլ կան գիտնականների տեղափոխութիւններ, այսինքն` արտահոսք եւ ներհոսք (ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ այլն), սակայն նրանք դրանից ողբերգութիւն չեն սարքում:
Անդրադառնալով ուղեղների արտահոսքի-միգրացիա կապին, մեր զրուցակիցն ասում է, որ յաճախ Հայաստանում առկայ է անհամապատասխանութիւն աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի միջեւ. «Որոշակի մասնագիտութիւնների տէր անձինք, օրինակ` բուժաշխատողները, ուսուցիչները կամ ճարտարագէտները, աշխատանք են ստանում արտերկրում, իսկ հայրենի երկրի տնտեսութեան համապատասխան ոլորտներում չկայ պահանջարկ: Օրինակ, տնտեսագէտների շրջանում 5.7% է կազմում միգրացիոն ակտիւութիւնը, բժիշկների շրջանում` 3.4% (ամենացածրը բոլոր մասնագիտական խմբերում), մանկավարժների շրջանում` 4.1%, հումանիտար եւ հասարակական գիտութիւնների բնագաւառում` 7.5%, ճարտարապետութեան եւ շինարարութեան բնագաւառում` 15.2%, արուեստի եւ մշակոյթի բնագաւառում` 9.2%, տեղեկատուական տեխնոլոգիաների բնագաւառում` 5.8%: Ամենաբարձր միգրացիոն ակտիւութիւն է նկատւում տրանսպորտի ոլորտի մասնագէտների շրջանում` 15.9%»:
Նրա ասելով, Հայաստանում բարձրագոյն մասնագիտական կրթութիւն ստացած ուսանողներից շատերն այսօր գերադասում են աշխատել արտերկրում, քանի որ աւարտելով` տարիներով համապատասխան աշխատանք չեն գտնում, իսկ գտնելու դէպքում այնքան չնչին վարձատրութիւն են ստանում, որ մի քանի տարի շարունակ չեն կարողանում յետ ստանալ անգամ ուսման վրայ ծախսած գումարները. «Ընդհանրապէս, Հայաստանում մասնագէտներն իրենց տեղերում չեն. սա լուրջ սոցիոլոգիական խնդիր է, որը վնաս է հասցնում մեր երկրին: Ինչպէ՞ս կարող է զարգանալ մի երկիր, որտեղ մարդիկ, չլինելով համապատասխան ոլորտի մասնագէտ, անարդիւնաւէտ են աշխատում, իսկ ծնողները եւ պետութիւնը վճարում եւ պատրաստում են մասնագէտներ, ովքեր չեն կիրառում իրենց գիտելիքները: Սա էլ է ուղեղների արտահոսքի գլխաւոր պատճառ»:
Անին նշում է, որ ի տարբերութիւն երիտասարդ գիտնականների ու մասնագէտների, որոնք տարբեր առիթներով եղել են արտերկրում, աւելի տարիքով մասնագէտները դեռ ԽՍՀՄ-ից եկող «շորշոփ»ի տակ են` ամէն գնով ընկնել արտերկիր, որը տարիներ շարունակ փակ է եղել իրենց համար: Սրա կողքին, Եւրոպաներ այցելած գիտնականները, որ ազատ տեղաշարժի խնդիր չունեն, չեն էլ մտածում արտերկրում հաստատուելու մասին:
Վիճակագիրը մի բան էլ է նկատել` չնայած շատ ու շատ լաւ կողմերին, արտերկրում կրթութիւն ստացած ու Հայաստան վերադարձած երիտասարդները մտածում են` թող ինձ մէկ միլիոն աշխատավարձ տան, մնամ Հայաստանում. «Շատերը կիլոմետրերով հեռու են նախաձեռնութիւն կոչուածից, փոխանակ մտածեն, որ սովորել-վերադարձել ենք, մի լուրջ բան անենք մեր հայրենիքում»:

«Առաւօտ», Նոյեմբեր 23, 2012

No comments:

Post a Comment