2.12.12

Մեծ տէրութիւնների արխիւները, հայագիտական ժառանգութիւնն ու ադրբեջանական քարոզչութիւնը

 ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Տարիներ առաջ` 2006 թ., կիսատ թողնելով Մեծ Բրիտանիայի արխիւներում Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան շուրջ մեր ուսումնասիրութիւնները, մենք այն ամփոփեցինք երկու մենագրութեամբ եւ երկու տասնեակից աւելի գիտական յօդուածներով, որոնք լոյս տեսան ինչպէս հայրենիքում, այնպէս էլ մի շարք լեզուներով` տարբեր երկրներում: Ցաւալի էր, որ 2000 թ.-ից ի վեր, ընդհուպ` մինչեւ 2006 թ., գլխաւորապէս Մեծ Բրիտանիայի արխիւային նախարարութիւնում ձեռնարկած մեր ուսումնասիրութիւնն այդպէս էլ չկարողացանք բաղձալի աւարտին հասցնել գլխաւորապէս նիւթական միջոցների սղութեան պատճառով:
Իսկ արխիւային իւրաքանչիւր ուսումնասիրութիւն պահանջում է հսկայական նիւթական միջոցների առկայութիւն, որոնք մեծի մասամբ անհրաժեշտ են պատճէնահանման ծախսերը հոգալու նպատակով: Աւելի համոզիչ լինելու համար բերեմ հետեւեալ հասարակ փաստը:
Մեծ Բրիտանիայի արխիւային նախարարութիւնում ի պահ են տրուած անգլիական ողջ պետական գերատեսչութիւնների` ֆինանսների, արտաքին գործերի, ռազմական, անգլիական հետախուզութեան, Հնդկաստանի եւ գաղութների գործերով այն նախարարութիւնների պաշտօնական վաւերագրերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչւում են հայ ժողովրդի պատմութեան բազմաթիւ` Հայկական, Հայոց ցեղասպանութեան, մշակոյթի, գաղթօջախների, արուեստի, Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Խորհրդային Հայաստանի հարցերի հետ:
Մեր ձեռքի տակ եղած սակաւ միջոցները հնարաւորութիւն ընձեռեցին գլխաւորապէս յայտնաբերել, միայն եւ մասնակի պատճէնահանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Եղեռնին նուիրուած մէկ տասնեակ հազար էջից աւելի անգլիական պաշտօնական վաւերագրեր:
Սակայն, միջոցների եւ տարբեր, ի յայտ եկած դժուարութիւնների արդիւնքում, ստիպուած էինք դադարեցնել նախաձեռնած աշխատանքը: Անգլիական պաշտօնական արխիւում մէկ էջ փաստաթղթի ամենամատչելի պատճէնահանման գինը կազմում էր 0,40 անգլիական ֆունտ, իսկ ծաւալուն փաստաթղթերի, քարտէզների պատճէնահանման ծախսը կազմում էր մի քանի, իսկ երբեմն` մի քանի տասնեակ ֆունտ:
Տրամաբանական է, որ այդ հսկայական միջոցները մենք չէինք կարող ձեռք բերել այն պայմաններում, որ այդ ժամանակ ՀՀ գիտաշխատողի ամսական աշխատավարձը կազմում էր շուրջ 30 հազար ՀՀ դրամ, իսկ 1998-2001թթ. ընթացքում, որպէս ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի արտադրութիւնից կտրուած ասպիրանտ մեր կրթաթոշակը, ինչպէս Հանրապետութեան բոլոր ասպիրանտների կրթաթոշակը, կազմել է 5 հազար ՀՀ դրամ: Աւելի հասկանալի լինելու համար` բերեմ հետեւեալ օրինակը. Մեծ Բրիտանիայում ժամանակին մեր ամսական աշխատավարձով հնարաւոր կը լինէր գնել մէկ օր Լոնդոնում հասարակական տրանսպորտից օգտուելու տոմս, կամ էլ երկու շիշ հանքային ջուր:
Բնաւ չմանրամասնելով ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում, ասպիրանտական շրջանում մեր չորս ամսուայ կրթաթոշակից զրկելու անօրինական հիմքերը, այնուամենայնիւ, անհնարին է չանդրադառնալ այն նուաստացուցիչ թուացող կրթաթոշակին, որ ՀՀ-ն յատկացնում էր իր երիտասարդ գիտաշխատողին, մանաւանդ` այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին մինչեւ օրս հանդիսանում է Հայոց ցեղասպանութեան գիտական ուսումնասիրութիւնը: Հասարակ ընթերցողին այժմ դժուար չէ պատկերացնել, թէ ինչու է գիտութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում յայտնուել այնպիսի անմխիթար վիճակում, որ գիտական որոշ հիմնարկների ստեղծագործական միտքը յանգում է համացանցային կայքեր ձեւաւորելու եւ դրանք որպէս գիտական նուաճումներ ներկայացնելու մէջ:
Գիտութեան անմխիթար վիճակը, որի գլխաւոր պատճառը ոչ միայն ֆինանսաւորման պակասն է, այլեւ գիտական պրոդուկտը միջազգային ստանդարտներին չհամապատասխանեցնելու ձգտման բացակայութիւնը: Հայաստանում գիտութեան անկումը լրջագոյն հարուած է հասցնում ոչ միայն ՀՀ գիտական հեղինակութեանը, այլեւ ուղի հարթում, մասամբ դիւրացնում` թշնամիներով շրջապատուած հայրենիքի, միջազգային տարբեր ոլորտներում լիովին մեկուսացման համար:
«Հայ-թուրքական» արձանագրութիւնները ոչ թէ Հայաստանը մեկուսացումից փրկելու իշխանութիւնների ձգտման հետեւանքն էր, ինչպէս ժամանակին շատերը փորձեցին այն ներկայացնել, կամ «հայ դիւանագիտական մտքի» թռիչքների անփառունակ արգասիքը:
Դա բնական այն հանգրուանն էր, որին յանգեցնում է պատմութեան չիմացութիւնը, կամ, աւելի շուտ, իրեն իմաստութեան քօղով սփոփող մարտնչող դիլետանտիզմը: Աշխարհում ցեղասպանութեան ենթարկուած ոչ մի ժողովուրդ, մասնաւորապէս, եթէ այդ ցեղասպանութիւնը դատապարտուած չէ յանցագործ պետութեան կողմից, եւ տասնամեակներ ի վեր նենգափոխւում ու ժխտւում է ոճրագործ պետութեան կողմից, չի նախաձեռնել հաշտութեան գործընթաց, որի գլխաւոր նպատակը ոչ թէ պատճառած վնասի ու կորուստների վերականգնումն է, այլ` զուտ հաշտեցում` յանուն հաշտութեան:
Ցեղասպանութիւնների պատմութեան մէջ այս «աննախադէպ» քայլը դեռ երկար քննարկումների ու գիտական հրապարակումների տեղիք է տալու` չնայած ոմանց ժամանակավրէպ, բայց ակնյայտ` այն պատմութեան մոռացութեան մատնելու անթաքոյց ցանկութիւնների:
Մեծ գաղտնիք բացայայտած չենք լինի, եթէ մէկ անգամ եւս յիշեցնենք, որ ցանկացած ռազմական գործողութեան, ցանկացած պատերազմին նախորդում է տեղեկատուական եւ հրապարակային դաշտում թշնամու ամբողջական մեկուսացումը` ծրագրուած ագրեսիայի, այդ թւում` ժողովուրդների ոչնչացման դիւային ծրագրերի իրականացման գաղափարական հիմնաւորումների փնտռտուքը:
Թւում էր` մեր ժողովուրդը դասեր պէտք է քաղած լինէր 20-րդ դարի այն արհաւիրքներից, որոնց ենթարկուեց ոչ վաղ անցեալում, մանաւանդ, որ մեր դէմ գործուած բոլոր ոճիրներն իրագործւում էին թշնամու ինչպէս` գերակայ ֆիզիկական ուժի, այնպէս էլ` տեղեկատուական շրջափակման պայմաններում, իսկ միջազգային լրատուամիջոցները եւ տեղեկատուական աղբիւրները մեր իսկ դժբախտութիւնը պարզ գործիք դարձրին իրենց տմարդի շահերի իրագործման ծրագրերում:
Բաւական է նշել, որ Հայոց ցեղասպանութեան տարիներին, հայ ժողովրդի բնաջնջման բոլոր մանրամասները ներփակող նոյն անգլիական մամուլը, որը 1915-1920 թթ. ընթացքում մի քանի հազար յօդուածներ ու հաղորդագրութիւններ էր հրատարակել թուրքական վայրագութիւնների մասին, կարճ ժամանակ անց մոռացութեան տուեց բնաջնջուած հայերին, շրջադարձ կատարելով եւ թուրքերին ներկայացնելով` որպէս «առաքինի» զինուորներ, իսկ Քեմալ Աթաթուրքին` որպէս «բարենորոգիչ»:
Բնաւ զարմանալի չէ, որ հայ ժողովրդին սպանդի ենթարկած Քեմալ Աթաթուրքը, ով Հայաստանի Առաջին Հանրապետութեան ոչնչացմանն արշաւող իր գեներալներից` Քեազիմ Կարաբեքիրին խստագոյնս հրահանգել էր բնաջնջել Արեւելեան Հայաստանում ապաստանած հայութեան մնացեալ բեկորներին` չխնայելով ոչ կին, ոչ ծեր եւ ոչ էլ մանուկ, ինչպէս թուրքական, այնպէս էլ նրա դաշնակից երկրների գիտնականների կողմից ներկայացւում է` որպէս «բարենորոգիչ», իսկ երբեմն էլ` «փրկիչ»:
Պատմութիւնը չի ներում թոյլերին, մանաւանդ այն անխնայ է յիմարների նկատմամբ։
Հանրածանօթ է նաեւ այն ճշմարտութիւնը, որ Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու եւ պատմութիւնը ծուռ հայելու մէջ ներկայացնելու համար անգլիական արխիւները լայնօրէն օգտագործուել են թուրքական եւ Թուրքիայի դաշնակից համարուող տէրութիւնների պատմագրութեան մի շարք սերունդների ներկայացուցիչների կողմից:
Մեծ գաղտնիք բացայայտած չենք լինի, եթէ ասենք, որ մինչեւ 2006 թ. ադրբեջանցիներն անգլիական արխիւային հաստատութիւններ մուտք չէին գործել: Յամենայն դէպս, մեր ճանապարհը նրանց հետ երբեք էլ ո՛չ Անգլիական արխիւային նախարարութիւնում, ո՛չ բրիտանական մամուլի գրադարանում, ո՛չ էլ մէկ այլ արխիւային հաստատութիւնում չի բախուել: Չնայած դրան, համոզուած էինք, որ վաղ թէ շուտ, օրէցօր հարստացող եւ նոյն Անգլիայի միջոցով նաւթ արտահանող Ադրբեջանը չի վարանելու մօտ ապագայում հսկայական միջոցներ նետել հակահայկական իր գործունէութիւնն անմեղութեան շղարշով պատելու, հայ ժողովրդին` որպէս «արիւնախում ահաբեկիչ» ներկայացնելու` իր պետական քարոզչութեան նպատակով մուտք գործել նաեւ այն բոլոր արխիւային հաստատութիւնները, որտեղ ի պահ են տրուած հայ ժողովրդին առնչուող վաւերագրերը:
Դեռեւս 2007 թ., կանխազգալով ադրբեջանցիների մօտալուտ մուտքը արխիւային հաստատութիւններ, մենք անձամբ գրաւոր դիմեցինք դեռեւս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանին, խնդրելով աջակցութիւն, որքան հնարաւոր է շուտ կազմելու եւ հրապարակելու Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութեան շրջանին առնչուող այն փաստաթղթերը, որոնք մինչեւ օրս պահւում են Մեծ Բրիտանիայի արխիւներում: Այդ փաստաթղթերի մէջ են մտնում ինչպէս Ղարաբաղի հարցում Անգլիայի վարած ոչ հայանպաստ քաղաքականութեան, «Մուսաւաթ»ին զինելու անգլիական պաշտօնական շրջանների, այնպէս էլ 1918 թ. Բաքւում կազմակերպուած հայերի կոտորածներին (որին զոհ գնաց աւելի քան 30 հազար հայ), ապա դրան յաջորդած` 1920 թ. հայութեան բնօրրան Շուշի քաղաքի շուրջ 20 հազար հայութեան ողջակիզմանն ու թալանին առնչուող մի քանի հազար էջ ծաւալը գերազանցող փաստաթղթերի նիւթերի ժողովածուների կազմումն ու դրանք անգլերէն լեզուով հրատարակումը:
Մինչեւ օրս, մենք այդպէս էլ սպասում ենք մեր առաջարկութիւններին ու գրութիւններին տրուելիք ինչպէս` ՀՀ իշխանութիւնների, այնպէս էլ` գիտական որոշ հիմնարկութիւններին ուղղուած պատասխանին: Ակնյայտ է, որ դրանք չեն ստացուելու:
Իսկ հարեւան Ադրբեջանն անխոնջ աշխատում է: Արդէն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը միջազգային առաջատար լրատուամիջոցների կողմից ներկայացւում է` որպէս ագրեսոր, իսկ տասնամեակներ ի վեր թալանի, կոտորածների ու հայ ժողովրդին աւարի ենթարկելու շնորհիւ պետականութիւն ձեռք բերած Ադրբեջանը` որպէս հայ «ահաբեկիչներ»ի կողմից ագրեսիայի ենթարկուած անարդար զոհ:
Այս իմաստով, ՀՀ իշխանութիւնների, նաեւ` ՀՀ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների հայագիտական կենտրոնների եւ ամբիոնների, ՀՀ ԳԱԱ շրջանակներում գործող հայագիտական ինստիտուտների համար սթափեցնող պէտք է լինէր հարեւան երկրի կողմից հովանաւորուող մի քանի հակահայկական հրապարակումները, որոնք լոյս տեսան վերջին մի քանի տարիների ընթացքում:
Բայց զաւեշտալին այն է, որ հայագիտութեամբ զբաղուող հաստատութիւններից եւ ոչ մէկը մինչեւ օրս այդպէս էլ չանդրադարձաւ հրապարակումներին` թողնելով դրանք անպատասխան: Գուցէ լեզուի չիմացութեան պատճառով, ոմանց համար դրանք այդպէս էլ մինչ օրս անընթեռնելի են: Իսկ ցաւալին այն է, որ մեր իրականութեան անբաժանելի մաս կազմող «քաջ նազարներ»ը իւրեանց «հայրենասիրական» եւ Ադրբեջանին «սարսափեցնող» յայտարարութիւններում այդպէս էլ չեն հատում իրենց հայրենի եւ «աթոռանիստ» տիրոյթների սահմանները եւ թշնամիներ են որոնում ու նրանց նկատմամբ հաշուեյարդար տեսնում, թերեւս, իրենցից մի քանի կիլոմետր շառաւիղ հեռաւորութեան վրայ եւ սպասում` «լուսնկայ» այն գիշերուան, երբ քաջ ու անվախ «մեր Նազարը» պէտք է կտրի իրեն հանդիպած քարաւանը:
Գալով ադրբեջանցիների կողմից հովանաւորուող եւ օտար լեզուներով, մասնաւորապէս` անգլերէն լեզուով հրատարակուող աշխատութիւններին, փաստենք, որ 2011 թ. Ապրիլին, այսպէս կոչուած, ու նորաստեղծ «Ադրբեջանի եւրոպական» միութեան անունից, անգլիական հեղինակաւոր եւ մասնաւոր «Իթհաքա Փրես» հրատարակչի կողմից լոյս ընծայուեց իր էութեամբ մինչեւ ուղնուծուծը հակահայկական, «Հայկական հարցը Կովկասում. Ռուսական արխիւային փաստաթղթերը ու հրապարակումները (1724-1914թթ.)» (The Armenian Question in the Caucasus Russian Archive Documents and Publications (1724-1914), Ithaca Press: 2011), շքեղ, հաստափոր եռահատորեակը, որտեղ տեղ են գտել, հեղինակների պնդմամբ` «ռուսական ցարական գաղտնի» արխիւային փաստաթղթերը:
Արխիւային վաւերագրերը գլխաւորապէս Ռուսաստանի պատմութեան պետական (Սանկտ Պետերբուրգ) եւ Ռուսաստանի պետական ռազմական պատմութեան (Մոսկուա) արխիւներից են: Համաձայն հեղինակների եւ փաստաթղթերի` Հայկական հարցը ոչ աւելին էր, քան միջազգային յարաբերութիւններ ներմուծուած արհեստական մի հարց, որի գլխաւոր հեղինակները` Ռուսական ու Բրիտանական կայսրութիւններն, այն յաջողութեամբ շահագործում էին` Օսմանեան ժառանգութեանը տիրանալու իրենց գաղութատիրական նկրտումներն իրացնելու նպատակով:
Հայերին ներկայացնելով որպէս Կովկասի «ազգայնականներ» ու «ահաբեկիչներ»` փաստաթղթերի նիւթերը, որոնք բոլորն էլ թարգմանուած են անգլերեն, անգլիախօս գիտական եւ լայն շրջաններին աւետում են այն միտքը, որ Հայկական հարցի` Առաջին համաշխարհային պատմութեան ընթացքում թուրքական լուծումը, մեր` ժողովրդի ոչնչացումը, «ահաբեկչական» խնդրի բնական հանգուցալուծումն էր:
Քանի որ, երկար տարիներ, գիտահետազօտական ուսումնասիրութիւններ ենք կատարել աշխարհի բազմաթիւ արխիւներում, եւ նաեւ ծանօթ ենք, թէ ինչպիսի հսկայական նիւթական միջոցնէր է պահանջում ռուսերեն լեզուով փաստաթղթերի անգլերեն թարգմանութիւնն ու դրանց` Մեծ Բրիտանիայում հրատարակումը, ամենայն համարձակութեամբ պնդում ենք, որ նման հրատարակութիւնը պահանջում է մօտ 300,000 անգլիական ֆունտ, հնարաւոր է` աւելին, ծախս:
Նշենք միայն, որ արդէն աշխարհի շուրջ հարիւր ամենահեղինակաւոր համալսարանների եւ ազգային` ինչպիսիք են Հարվարդի, Կոռնելի, Կոլումբիայի, Լոս Անջելեսի, Նիւ Եորքի համալսարանների, Կոնգրէսի, Բեռլինի, Բրիտանական գրադարանները ձեռք են բերել այս հրատարակութիւնները, իսկ մի զգալի մաս էլ, վստահ ենք, ադրբեջանական իշխանութիւնների անխնայ ջանքերով, բաժանուել է օտարերկրեայ պետական եւ դիւանագիտական բարձրաստիճան պաշտօնեաներին:
Այս հրատարակութիւնը, սակայն, իր տեսակի մէջ առաջինը չէ: Նոյն «Իթհաքա Փրես» հրատարակչի կողմից, կրկին ադրբեջանական նիւթական աջակցութեան շնորհիւ, լոյս են տեսել եւս մի շարք աշխատութիւններ, որոնց գլխաւոր առաքելութիւնը հայոց պատմութեան նենգափոխումն է, իսկ Արցախի ազգային-ազատագրական պայքարը` որպէս «ագրեսիա» որակումը. ուղղուած Ադրբեջանի «անմեղ» ու «հայկական ահաբեկչութեան զոհ դարձած» ադրբեջանցի ժողովրդի դէմ:
Նոյն տարուայ Ապրիլին, կրկին անգլերէն լեզուով, հրատարակուեց, ադրբեջանցի Մամադ Սայիդ Օրդուբադի հեղինակած «Արիւնոտ տարիներ. Կովկասում հայ-մահմեդական բախումների պատմութիւնը (1905-1906թթ.)» (Mammad Said Ordubadi, Years of Blood. A History of the Armenian-Muslim Clashes in the Caucasus, 1905-1906, Ithaca Press: 2011) աշխատութիւնը: Քաղաքականացուած եւ նենգափոխուած այս աշխատութիւնը, օտար ընթերցողին, կարծես, ծանօթացնում է «այն վայրագութիւնների» հետ, որոնք, իբր թէ, տեղատարափ հեղեղի նման թափուել են Կովկասի մահմեդական բնակչութեան գլխին` յեղափոխական եւ զինուած հայերի կողմից: Հայերին բազմադարեայ «ահաբեկիչներ» ներկայացնելուն միտուած այս հրապարակումը, ենթագիտակացաբար, արդի անգլիախօս ընթերցողին յուշում է ժամանակակից Արցախի ազատագրական պայքարի պատմութեան ոչ հայանպաստ ենթատեքստը:
Ակամայից պարզ է, որ իր հակահայկական գործունէութեան մէջ եւ գլխաւորապէս` Արեւմուտքում Արցախի պատմութեան նենգափոխման ապատեղեկատուական պայքարում Ադրբեջանը յաղթանակ է տանում: Այդ յաղթանակը գրաւականն է ոչ միայն այն ահռելի նիւթական միջոցների, որ անխնայ ծախսւում է, այլ նաեւ մեր, իսկ գլխաւորապէս` այս հարցում ՀՀ իշխանութիւնների իսպառ անգործութեան:
Մենք որոշել էինք այս հարցին այլեւս չանդրադառնալ, եթէ օրեր առաջ մեզ չփոխանցուէր հերթական այն ահազանգը, որը ստացուեց Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարութեան արխիւում գիտահետազօտական ուսումնասիրութիւններ կատարող մեր գործընկերոջ կողմից: Ուստի, կրկին, ինչպէս եւ նախկինում, ունենալով կանխակալ կարծիք, առ այն, թէ ինչպիսի ճակատագիր է ունենալու ՀՀ իշխանութիւններին ուղղուած մեր դիմումը, եւ այդպէս էլ պատասխան չստանալով, որոշեցինք մեր ընթերցողին ներկայացնել, այն մանրամասները, որոնք տեղ են գտել օրեր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան արխիւում:
Մի արխիւ, ուր մի շարք անգամներ այցելել ենք` փորձելով պարզել մեր ժողովրդի պատմութեան հետ կապուած բազմաթիւ անյայտ էջեր:
Այսպէս, օրեր առաջ վեց հոգուց բաղկացած ադրբեջանցիների խումբ է եկել Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարութեան արխիւ, որն ինտենսիւ սկսել է աշխատել Արտաքին գործերի նախարարութեան արխիւում պահուող, հայ ժողովրդի պատմութեանը, մասնաւորապէս` Արցախի պատմութեանը նուիրուած նիւթերը յայտնաբերելու եւ դրանք Ադրբեջան տեղափոխելու առաքելութեամբ:
Մեր գործընկերոջ հաւաստմամբ, ադրբեջանցիները խոստովանել են, որ նմանատիպ խմբեր գործուղուել են Վաշինգտոն, Անկարա եւ Լոնդոն: Նպատակն է` շատ արագ հրատարակել փաստաթղթերի ժողովածուներ հայերի եւ Հայաստանի դէմ: Բեռլին ժամանած ադրբեջանցի գիտնականների այդ խումբը հսկայական նիւթական միջոցների է տիրապետում: Համաձայն որոշ պնդումների, ադրբեջանցիները բնակւում են ամենաթանկ հիւրանոցներում, սնւում ամենաթանկ ռեստորաններում: Ակնյայտ է, որ ամէն ինչ կատարւում է Ադրբեջանի իշխանութիւնների ամենաբարձր հովանու ներքոյ:
Ամիսներ առաջ մենք` մեր կողմից, կատարելով մեր պարտքը, ՀՀ նախագահի աշխատակազմին, նաեւ գիտական որոշ հիմնարկների ղեկավարների տեղեկացրել էինք այն մասին, որ Գերմանիայի Արտաքին Գործերի արխիւում մինչեւ օրս պահւում են Հայկական հարցին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան, Օսմանեան Թուրքիայում, եւ ընդհանրապէս` հայ ժողովրդի արուեստին, մշակոյթին, պատմութեան բազմաթիւ այլ հարցերին առնչուող բազմահազար արխիւային փաստաթղթեր, որոնք կենսական նշանակութիւն ունեն յետագայ գիտական աշխատութիւնների եւ հետազօտութիւնների համար եւ զգալի դեր կարող են խաղալ ադրբեջանա-թուրքական միացեալ հայ ժողովրդի դէմ ուղղուած տեղեկատուական պայքարը կազմալուծելու նպատակով:
Մինչեւ օրս այդպէս էլ պատասխան չստացանք:
Թշնամին այս հարցում կրկին արագ գտնուեց: Դժուար չէ կռահել, որ կրկին յաջորդելու են օտար, այս անգամ նաեւ` գերմաներէն լեզուով հակահայկական հրապարակումները: Մասնաւորապէս, մեր համոզմամբ` ադրբեջանցիները հրատարակելու են Առաջին Հանրապետութեան տարիներին, հայ ժողովրդի կողմից իբր թէ իրականացրած, այսպէս կոչուած, մահմեդականների «էթնիկ զտումներին» առնչուող փաստաթղթերի ժողովածուները:
Սակայն պէտք է կանխապէս հիասթափեցնեմ, ասելով, որ Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարութեան արխիւում նման «զտումներին» առնչուող փաստաթղթեր գոյութիւն չունեն:
Ո՞ւմ են տարիներ անց մեղադրելու Հայաստանի պատմութեան նենգափոխման, իսկ հնարաւոր պատերազմի դէպքում` Հայաստանի տեղեկատուական եւ միջազգային ատեաններում ամբողջական մեկուսացման հնարաւորութեան ժամանակ ՀՀ իշխանութիւններն ու «հայագէտ» գիտնականները: Բնաւ չասեն, որ թշնամին ունէր աւելի մեծ ռեսուրսներ եւ զօրեղ դաշնակիցնէր: Պարզապէս, Ձեր անձնական «ես»-ը ու Ձեր ժողովրդի «մենք»-ն իրար այդպէս էլ համահունչ չէին: Ու Ձեր «ես»-ը կործանեց մեր հաւաքական, բայց այդպէս էլ բացակայող` «մենք»-ին:

«168 ժամ», Նոյեմբեր 22, 2012

No comments:

Post a Comment