6.12.12

Գրականութեան ազատութիւնը՝ փակուղու առաջ

ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ
 
Հ1-ի «Ազատ գօտի» հաղորդաշարը, չգիտես ինչու, հետեւողականօրէն, արդէն որերորդ անգամ բանավէճի թեմա է դարձնում գրականութեան ազատութիւնը` ամենատարբեր ու անկապ վերնագրերով: Վերջին երկմասանոցը կոչւում էր «Մտաւորական կրքեր» (առաջին մաս եւ երկրորդ մաս): Թէ ինչ կապ ունի «Մտաւորական կրքեր» ընդհանուր, լղոզած վերնագիրը գրականութեան հետ, պարզ չէ, բայց պարզ է հաղորդման հեղինակների` տեսարժան թամաշա ստանալու ակնկալիքը:
Ըստ երեւոյթին, «Ազատ գօտին» ներշնչուել է թրեշ TV-ի բուլվարային, թաբլոիդ թոք-շոուներից, որ շատ տարածուած են յատկապէս ամերիկեան հեռուստաալիքներում: Միայն թէ չեն հասկացել էդ տուրուդմփոցային ժանրի առանձնայատկութիւնները, որի ընթացքում մասնակիցներն իսկապէս տուրուդմփոց են սարքում, իրար մազ պռճոկում ու քացահարում: Ու գրականութեան լուրջ թեմայի համար հրաւիրել էին էդ կարգի շոուներին յարմար Գոռ Թամազեանին, ինչ-որ անկապ գրամոլի եւ դահլիճից նրանց ձայնակցող «պատանի ընթերցողներ»ի 15 տարեկան շէֆին ու նրանց դատին էին յանձնում բանաստեղծ, գրականութեան դոկտոր Արտեմ Յարութիւնեանի, ինչպէս ինքը յետոյ մամուլի ասուլիսում բնութագրեց` պինցետով բանաստեղծութիւնից պոկած տողերը: Ըստ երեւոյթին, բանաստեղծին էլ էին վերնագրով խաբելով կանչել, ու նա ակամայ յայտնուել էր իր տողերի ինկվիզիտորական բանադրմանն ստիպուած պատասխանող մեղադրեալի ոչ շահեկան իրավիճակում: Եւ քանի որ թաբլոիդի ու լուրջ քննարկման ժանրերը խառնած, լուրջից բեխաբար ու ցուցք-թամաշայի միտուած հաղորդավարն էլ միայն ֆաս տալ էր փորձում, գրականութեան մասին հերթական զրոյցը վերածուեց տգիտութեան հրավառութեան:
Բայց եթէ գրականութեան մասին քննարկման տապալումը բացատրենք միայն էս հաղորդմամբ, ուրեմն աչք ենք փակում էն փաստի վրայ, որ էսօր էդ հաղորդումից դուրս էլ նոյն թեմայով որակեալ զրոյցնէր առանձնապէս չկան: Եւ այլ ձեւաչափում էլ հնարաւոր էր, որ գրականագէտը, ինչպէս հաղորդման մէջ Աբգար Ափինեանն էր «Անտարես» հրատարակչութեան տնօրէն Արմէն Մարտիրոսեանի համեմատ իր խօսքի առաւելութիւնը շեշտում, մասնագիտական իրաւունքի անունից բարոյախօսութիւնը նաղդէր իբրեւ գրաքննադատութիւն:
Բայց եթէ միայն էդ տեսակի գրաքննադատներով բացատրենք գրականութեան մասին լուրջ խօսքի վակուումը, էլի աչք ենք փակում էն փաստի վրայ, որ էսօր Հայաստանում իսկապէ՛ս գրականութեան մասին հետաքրքիր ու որակով խօսք չկայ: Չէ՞ որ նոյն Ափինեանն իր բարոյախօսութիւնը հիմնաւորելու համար վկայակոչեց Վարդան Ջալոյեանին, ում արուեստագիտական շրջանակներում Ափինեանից գրագէտ են համարում, բայց ում խօսքը շատ ներդաշնակ էր գրականագէտի տէրտէրութեանը: Ու պատահական չէր, որ Ափինեանը մեր այսօրուայ «անբարոյ» գրքերի վրայ իր ուսանողուհիների թափած արցունքներն իբրեւ էդ գրականութեան այլանդակութեան փաստարկ բերելով` հիացմունքով մէջբերեց նաեւ Ջալոյեանի հեգնական խօսքը` «Անկախութեան տարիների միակ նուաճումը քֆուրով բանաստեղծութիւնն էր»:
Հաղորդումը նայելուց յետոյ ես յիշեցի, թէ ինչպէս անկախ Հայաստանում սկսուեց էս ամբողջ խօսակցութիւնը գրականութեան ազատութեան վերաբերեալ:
Երբ 1996 թ. «Գրական թերթ»ի միակ երիտասարդական համարում տպուած իմ «Կէս գիշեր» բանաստեղծութեան դէմ սկսած գրողամտաւորական ալիքը 2000-ին նոյն թերթում տպուած «Ինչքան ծոմ պահեց…»-իս ժամանակ արդէն վերածուեց իսկական արշաւի ու որպէս բողոք հասաւ մինչեւ պետութեան դուռը, ես համոզուած էի, որ տեսնելու եմ էն օրը, որ Հայաստանում գրողն ու գրականութիւնը չեն բանադրուելու եւ հալածուելու:
Այդ օրուան, իհարկէ, ձեռքերս ծալած-նստած չէի սպասում. 2001-ից հրատարակուող «Բնագիր», 2005-ից` «Ինքնագիր» գրական հանդէսներում, որոնցից առաջինի համախմբագիր եւ երկրորդի խմբագիրն էի, համախոհներիս հետ հետեւողականօրէն աշխատում էի տեսական ու գեղարուեստական գործերով գրականութեան ազատութեան խնդիրը քննարկման դնել` պարզ իրաւունքի հարցից մինչեւ բուն գրականութեան, գրականութեան ու դեմոկրատիայի փոխյարաբերութեան մասին վերլուծութիւններ:
«Բնագիր»ը առաջին փորձն էր Հայաստանում գրականութիւնը դուրս բերել պետական հսկողութեան դաշտից, ու ինչպէս ակնկալում էինք, նախադէպ էր դառնալու գրական ամբողջատիրական կենտրոնացուածութիւնը տրոհելու: Ու էսօր արդէն իսկապէս կան տարբեր գրական հանդէսներ, գումարած` համացանցային ազատ տարածքը, գումարած` թէկուզ փոքր գրաշուկան, ինչի շնորհիւ, բիզնէս շահերից ելնելով, գրականութեան ազատութիւն են պաշտպանում նոյնիսկ էնպիսի մարդիկ, որ նախկինում հարցի տակ էին դնում կամ քարկոծում էդ ազատութիւնը:
Բայց, ցաւօք, գրական տարբեր հանդէսներն ու շուկայ կոչեցեալը գրականութեան ազատութեան հարցը կէս քայլով անգամ աւելի առաջ չտարան, քան 2001-ը, մասամբ` պետական ու դրամաշնորհային ֆինանսաւորումից կախուածութեան պատճառով, բայց ամենակարեւորը` էն պատճառով, որ գրականութեան ազատութեան հարցը սկսեց դիտարկուել միայն ընդհանուր խօսքի ազատութեան կոնտեքստում: Մինչդեռ գրականութեան «խօսք»ը տարբերւում է էն խօսքից, որի իրաւունքներն ու ազատութեան չափը սահմանւում են հասարակութեան տարբեր անդամների ու խմբերի հաւասար հանդուրժողականութեան հրամայականով ու սահմանափակւում դրանցից որեւէ մէկի պատկերացումները վիրաւորելու կամ զրպարտելու օրէնքով: Գրականութեան ազատութիւնը գրողի ներքին պահանջն է ու չի ծնւում խօսքի իրաւունքի օրէնքից կամ շուկայի ու ընթերցողների պահանջարկից:
Գրականութեան ու ընդհանուր խօսքի ազատութեան մեխանիկական նոյնացման պատճառով է, որ էսօր գրականութիւնը որպէս իւրայատուկ լեզու չի ընկալւում. մեղադրողները, ինչպէս «Ազատ գօտու» հաղորդման մէջ, ուղղակի չեն ընկալում էդ լեզուի առանձնայատկութիւնը, իսկ պաշտպանները, ինչպէս էլի նոյն հաղորդման մէջ, որպէս արդարացում ասում են, թէ գրականութեան մէջ արտացոլուածը կեանքում էլ է պատահում, ինչ է, չի՞ կարելի եղածը գրել: Միւս կողմից էլ, քանի որ էսօր շատ գրողներ են ուզում, որ իրենց գրածը դուր գա ընթերցողների ինչ-որ խմբի, գրում են, այսպէս ասած, սոցիալական պատուերով, իսկ թէ ինչ է իրականում էդ պատուէրը, ինչպէս սովետի օրօք, կուսակցականութեամբ է որոշւում: Արդիւնքում գրականութիւնը դառնում է քաղաքական կամ հումանիստական տափակութիւն: Իսկ գրականութեան վրայ մեղադրականներ կռռացողների բանակն աւելանում է, բարոյախօսներին գումարւում են «խալխի նոքարներ»ը, որ պահանջում են գրողներից գրել ի նպաստ հասարակութեան «արթնացման», քաղաքացիական արժէքների խթանման եւ այլն: Այսինքն` երկուսն էլ գրականութեան դերը տեսնում են հանրութեան բարօրութեան գործին ծառայելու մէջ, ընդ որում` արդէն իսկ յայտնի ձեւերով. եթէ գրականութեանը խօսի դեռ անյայտ բանից ու անյայտ ձեւերով, պարզ չի լինի` էդ անյայտը ինչին է նպաստելու:
Այնպէս որ, գրականութեան ազատութեան հարցն այսօր շատ աւելի դժուար մարտահրաւէրների առաջ է կանգնած, որովհետեւ գրական ամբողջատիրութեան տրոհուելուց յետոյ տրոհուել ու բազմացել են նաեւ գրաքննիչները: Ու ես արդէն էնքան էլ վստահ չեմ, որ տեսնելու եմ էն օրը, երբ Հայաստանում գրողն ու գրականութիւնը էլ չեն բանադրուելու:

«Թերթ.am/Blog»

No comments:

Post a Comment