6.12.12

Գրականութիւնը համացանցում

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
 
Այսօր համացանցում կարելի է գտնել տասնեակ հայալեզու գրական կայքեր եւ բլոգներ: Դրանց գերակշիռ մասը անհատական բլոգներ են, որտեղ հեղինակները իրենց գրառումներն են անում կամ իրենց բլոգում ժողովում են իրենց հաւանած գրականութիւնը:
Կայքերից եւ բլոգներից զատ` գրականութիւնը հրապարակւում է նաեւ ֆեյսբուքեան նօթերի եւ նոյնիսկ կարգավիճակների տեսքով: Ֆեյսբուքում կան շուրջ երկու տասնեակի հասնող գրական խմբեր եւ էջեր, որտեղ յղումներ են տեղադրւում եւ գրառումներ արւում:
Համացանցում տեղադրուող գրական տեքստերի մեծ մասի հեղինակները երիտասարդներ են, որոնք աւելի լաւ են տիրապետում համակարգչին եւ համացանցից օգտուելու հմտութիւններին:
Սակաւաթիւ գրական մամուլը (երկու թերթ եւ երեք ամսագիր), հոնորարների բացակայութիւնը կամ նրա փոքր չափը, գրախանութների սակաւութիւնն ու ժամանակակից հայ հեղինակի գրքի համար գումար վճարելու պատրաստ ընթերցողի պակասը գրողներին մղում են դէպի համացանց:
Համացանցը հնարաւորութիւն է տալիս ունենալ ընթերցողների այնպիսի քանակ, որ երբեք հնարաւոր չի լինի ունենալ տպագիր մամուլում տպագրուելու պարագայում:
Համացանցում վերանում են ժամանակի ու տարածութեան սահմանները: Հեռաւոր Աւստրալիայի փոքրիկ գիւղում ապրող մեր հայրենակիցը կարող է կայքում կարդալ մի քանի տարի առաջ հրապարակուած ստեղծագործութիւնը եւ մեկնաբանել այն:
Համացանցը նաեւ հնարաւորութիւն է տալիս զուտ ցանցային գրականութիւն ստեղծել` ինտերակտիւ կապ հաստատելով ընթերցողների հետ, տեքստի մէջ օգտագործել մուլտիմեդիայի հնարաւորութիւնները:
Բլոգոլորտի անխմբագիր տարածքը հնարաւորութիւն է տալիս ցանկացած մէկին, որ առաւօտեան յանկարծակի արթնացել է գրող դառնալու որոշումով, հրապարակել իր գործերը, տարածել փիառ տեխնոլոգիաների միջոցով եւ ձեռք բերել ընթերցողների այնպիսի բանակ ու «հաւանումների» այնպիսի քանակ, որի մասին չէին կարող երազել պետական մրցանակներիի դափնեկիր գրողները:
Բայց որքան էլ մեծ են համացանցի ընձեռած հնարաւորութիւնները, այնուամենայնիւ, ցանցում շրջանառուող գրականութիւնը չի կարելի դիտարկել որպէս անկախ գոյութիւն:
Այն առայժմ սերտօրէն կապուած է տպագիր գրական մամուլի հետ, որովհետեւ տպագիր մամուլում հաստատուած հեղինակութիւնները, գրողների միութեան կամ այլ գրական միաւորումների ազդեցութեան տարածքում կայացած եւ հաստատագրուած գրական արժէքները ներմուծւում են համացանց: Այսպիսով, տպագիր մամուլում առկայ հիերարխիան համացանցում հաստատուելու փորձ է անում:
Այս հիերարխիան մերժելի է «Դիպուածք» գրական կայքի համար, որտեղ կարող է իր ստեղծագործութիւնները հրապարակել ցանկացած «պատահական» գրող:  «Գրանիշ» կայքը ճիշտ հակառակը` կայքում տեղադրում է իր կարծիքով լաւագոյն գրականութիւնը:
Ժամանակին գրական միջավայր թարմութիւն բերած առաջին էլեկտրոնային գրական հանդէսի`«Բնագրի» իրաւայաջորդի` «Ինքնագիր»ի կայքում «լաւագոյն»ը եւ «պատահական»ը դրուած են կողք-կողքի. առանձին բաժնում տեղադրուած են տպագիր հանդէսում տեղ գտած գրողների ստեղծագործութիւնները, իսկ մի ուրիշ` «ընթերցողների գործեր» բաժնում դրուած են «ընթերցողներ»ի ստեղծագործութիւնները:
«Գրողուցաւ» կայքում ցանկացած, «պատահական» ստեղծագործութիւն չի կարող տեղադրուել, ինչպէս որ չի կարող տեղադրուել «լաւագոյն» գրականութիւնը, եթէ դրանք չեն համապատասխանում կայքի յղացքին. «Մենք համարում ենք, որ գրականութիւնը չի կարող լինել "ալիբի", որ գրականութիւնը ոչ միայն պարտաւոր է վկայել եւ ցուցմունք տալ իր ժամանակի մասին, այլեւ պատասխանատութիւն է կրում իրականութեան ստեղծման համար»:
Մի այլ գրական կայք` «Գրական Կամուրջ»ը նպատակ ունի մի հարթակում համախմբել Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի արեւելահայերէնով ու արեւմտահայերէնով գրող գրողներին:
Չնայած հոնորարների բացակայութեանը կամ փոքր չափերին` գրական մամուլում տպագրուելը դեռեւս շատերի մօտ ընկալւում է աւելի լուրջ յաջողութիւն, քան թէ սեփական բլոգում կամ կայքում հրապարակուելը:
«Հաւաքածու» գրական բլոգի մրցոյթի յաղթողներին, օրինակ, դրամական մրցանակից զատ, որպէս յաւելեալ խրախուսանք, հնարաւորութիւն են տալիս տպագրուել «Գրեթերթ» գրական թերթում:
Սակայն միտումները փոխւում են: Եթէ որոշ ժամանակ առաջ տպագիր ամսագիրն էր ստեղծում իրենց կայքը («Նարցիս») , որտեղ տեղադրւում են ամսագրի տպագիր օրինակներում տեղ գտած նիւթերը, ապա այժմ մենք ունենք հակառակ գործընթացի օրինակ:
«Գրանիշ» կայքը որոշակի ճանաչում ձեռք բերելուց յետոյ «Անտարես» հրատարակչութեան հետ գործակցելով թողարկեց նաեւ «Գրանիշ» ամսագիրը:
Գրական գործընթացը աստիճանաբար տեղափոխւում է համացանց: Դրան նպաստում են մի կողմից համացանցի աւելի ու աւելի հասանելի դառնալը, միւս կողմից` գրահրատարակչական ոլորտում առկայ խնդիրները, տպագիր գրքի, ամսագրի կամ թերթի բարձր ինքնարժէքը:

media.am, Նոյեմբեր 22, 2012

No comments:

Post a Comment