16.2.13

Փառաւորուեց հայ գիրքը, բայց ոչ տպագրութիւնը

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Անցեալ տարուայ մեր մշակութային ամենակարեւոր իրադարձութիւնը, անկասկած, հայ գրատպութեան 500-ամեակի տօնակատարութիւնների շարքն էր, հանդիսաւորապէս նշուած գրեթէ բոլոր այն վայրերում, որտեղ հայերեն առաջին գրքերն են լոյս տեսելՙ Վենետիկ, Ամստերդամ, Վիեննա եւ այլուր: Մեծ ու փոքր ձեռնարկներՙ ցուցահանդէս, գիտաժողով, հանդիսութիւն, հրատարակութիւններՙ պետական կազմակերպմամբ կամ մասնակցութեամբ, երբեմն նոյնիսկ միջազգային տարողութեամբ: Բնականաբար ամենաճոխ ու տարաբնոյթ ձեռնարկները տեղի ունեցան Երեւանում, որը Իւնեսկօ-ն հռչակել էր 2012 տարուայ գրքի միջազգային մայրաքաղաք: Դրանց մասնակցեցին համարեա մեր բոլոր մշակութային, կրթական ու գիտական կենտրոններն ու կազմակերպութիւններըՙ Երեւանի մատենադարանից եւ Ազգային գրադարանից մինչեւ համալսարաններ, դպրոցնէր, գրադարաններ, ստեղծագործական միութիւններ եւլնՙ գլխաւորութեամբ մշակոյթի նախարարութեան: Մեր հրատարակչութիւններն ու տպագրատներըՙ «Տիգրան Մեծ», «Փրինթինֆօ», «Զանգակ-97», «Անտարես», «Նաիրի», Պետհամալսարան եւ այլք, որոնց վերջին տասնամեակի աշխուժութիւնն իսկապէս տպաւորիչ է, ոչ մի ջանք չխնայեցին իրենց լաւագոյն արտադրանքով ներկայանալու Մոսկուայի, Ֆրանկֆուրտի, Ժընեւի եւ միջազգային այլ ոստանների ամենամեայ ցուցահանդէսներինՙ արժանանալով մրցանակների, գովասանագրերի եւ... մեր ոխերիմ հարեւանի ջղագրգռութեանը: Իսկ այդ բոլորի փառքն ու պսակը դարձաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկէան» մատենադարանի հոյակապ շէնքի բացումը:
Իսկապէս արժէ այս ամէնն ամփոփել ու տեսնել, թէ 500-ամեակը ինչ տուեց մեզ, մեր ժողովրդին: Ներդրուած միջոցներն ու ջանքերը որքանով արդիւնաւորուեցին որպէս գրասիրութիւն, ընթերցասիրութիւն, որպէս մտքի արտադրանք ու հոգեմտաւոր սնունդ: Դա լուրջ աշխատանք կը լինի, պետական, հանրային, անհատական ներդրումների ճշգրիտ հաշուեկշիռՙ պարագայականի ու մնայունի հակադրմամբ: Քանզի մեր օրերում ձեւական ու հանդիսանքային ձեռնարկները դարձել են աւելի կարեւոր, քան մնայուն ձեռքբերումները.- մեծադղորդ հանդէսներից յետոյ մեր մէջ յամեցող ափսոսանքի զգացողութիւնը վկա՛յ: Կարծում եմՙ 500-ամեակը այլ չափումների ու գնահատանքի է արժանի:
Յամենայնդէպս, իմ տպաւորութեամբ, 500-ամեակի գլխաւոր բացական տպագրութիւնն էր. ընդհանրապէս կարեւորուեց արտադրանքը, բայց ոչ արտադրողը, արտադրամիջոցը: Բացակայ էին տպարանը, տպարանատէրը, տպագրիչը, տառ ու տառատեսակ ստեղծողը, փորագրիչը, ձուլողը, քլիշէ սարքող արհեստաւորը, կազմարարը: Բացակայ էր գրաշա՛րը՝  հայ գրքի ու մամուլի համեստ, մեծաւ մասամբ անծանօթ, տոկուն ու չարքաշ այդ արհեստաւորը, որ մի քանի դար շարունակ հատիկ-հատիկ գիր ու գիծ է շարել եւ էջադրել մեր փառաւոր գրքերը, հազարաւոր անուն թերթերն ու ամսագրերը, իսկ աւելի ուշ, նախորդ հարիւրամեակի սկզբին, երբ ստեղծուեց տողաշար մեքենան (linotype), սիրտ մաշեցնող այդ սարքի վրայ, տող-տողի հետեւից շարել մեր գրողների, գիտնականների, լրագրողների, խմբագիրների մտքի արտադրանքը: Չպատմուած ինչպիսի՜ պատմութիւններ կան կապուած նրանց հետ: Անգամ մեծն Աճառեանը, Գառնիկ Ստեփանեանը, Անդրանիկ Անդրէասեանը, Բիւզանդ Թօփալեանն ու ուրիշներ երբեմն ստիպուած են եղել իրենք շարելու իրենց գրքերն ու թերթերը, մինչ Կահիրէի «Արեւ» օրաթերթը տասնամեակներ ամբողջ լոյս է տեսել հայերեն տառերին, ստորակէտին, բութին ու տողադարձին տիրապետող արաբ գրաշարների ձեռքով: Նրանք՝ մեր գրաշարները, միաժամանակ եղել են հրաշալի հայերենագէտ, ուղղագրութեանը հմուտ: Խմբագիրներ գիտեմ, գրողներ նաեւ, որ գրաշարներից շատ բան են սովորել, նրանց թւում՝ ես: Ինքս, Բէյրութի «Զարթօնք» օրաթերթում աշխատածս տարիներին, գրութիւններս նախքան գրաշարապետ Ճորճ Ալեմեանին կամ գրաշարներ Սեդրակ Գալայճեանին, Յովհ. Զաքարեանին ու Շահէ Պաւուկտեանին յանձնելը ստուգում էի մի քանի անգամ: Ամաչում էի սխալներիս համար: Հեղինակութեան հարց էր:
500-ամեակի ողջ տարում ոչինչ չգրուեց, գոնէ ես չեմ հանդիպել, հայկական տպագրական տառատեսակների մեծ բարեփոխիչ, «Արամեան» տառատեսակների ստեղծող Ջանիկ (Ճանիկ) Արամեանի մասին, որ 1850-ական թուականներին, Փարիզում, ինչպէս Լէոն է վկայում (տես՝ Լէօ, «Հայ գրքի տօնը», Բ. տպագրութիւն, Թիֆլիս, 1913 թ.), «ֆրանսիական նուրբ եւ քնքոյշ ճաշակը տուել էր այդ տառերին՝ գեղեցիկ, համաչափ տեսք, բայց որ գլխաւորն է՝ փոխել գեղեցկացրել էր մեր հին անճոռնի գլխատառերը: Ստեղծագործող երեւակայութիւնը թիւրքահայ (այդ) արհեստաւորին եւ նրա ցուցմունքներով գործող ֆրանսիացի փորագրիչներին թելադրել էր տառերի մի բազմազանութիւն, որ ամբողջ մի ճոխութիւն էր մտցնում հայ տպագրութէան մէջ»:
Արժանի ոչ մի տուրք չտրուեց նաեւ, յետագայում, Խ. Հայաստանում գրատպութեան բուռն զարգացման թափի մէջ մեր նկարիչների, դիզայներների, պոլիգրաֆիստների արդիւնաւոր աշխատանքի մասին, նորանոր տառատեսակների ստեղծման հանգամանքների եւ ստեղծողների մասին: Ոչինչ չգրուեց, օրինակ, Կարօ Տիրատուրեանի (Երեւան), Օննիկ Աւետիսեանի (Կահիրէ), Սամուէլ Սամուէլեանի (Երեւան) յօրինած նոր տառատեսակների վերաբերեալ: Չյիշատակուեց անունը այն երախտաւորների, որոնք, արդէն մեր ժամանակներում, համակարգչային տպագրութեան յաղթարշաւի սկզբնամասում, մեծ ոգեւորութեամբ ու նուիրումով լծուեցին համակարգչային նոր եւ նորացուած տառատեսակներ, ծրագրեր ստեղծելու գործին՝ Պաւել Դալլաքեան, Վահրամ Մխիթարեան, Արի Թօփուզխանեան, Մկրտիչ Մաթեւոսեան, Վահան Քոչար, Ռուբէն Թառումեան եւ ուրիշներ: 90-ական թուականներին, քիչ ուշացած համաշխարհային այդ «յեղափոխութիւնից», նրանք այնուամենայնիւ ապահովեցին հայ տպագրութեան անցումը 21-րդ դար:
Արժանին պէտք էր մատուցուէր նաեւ մեր ձեռներէցներին- Վրէժ Մարկոսեան («Տիգրան Մեծ»), Արամ Մեհրաբեան («Փրինթինֆօ»), Արմէն Մարտիրոսեան («Անտարես») եւ ուրիշներ, որոնք համեմատաբար կարճ ժամանակամիջոցում արդիականացրին մեր պոլիգրաֆիանՙ իրենց յետեւից տանելով միջին ու մանր տպարաններին:
Այսօր նրանց արտադրանքը գրեթէ ոչնչով չի զիջում միջազգայինին: Գրեթէ ամէն ինչ դրսից ներկրելու պայմաններում- սարքաւորում, թուղթ, ներկ եւլն.- նրանք յաջողեցին շահաբեր բիզնեսի վերածել 90-ականների մեր խեղճ ու կրակ տպագրական գործը: Այսօր նոյնիսկ սփիւռքահայ շատ հեղինակներ իրենց գործերի տպագրութիւնը իրականացնում են Հայաստանում, մինչդեռ շատ կարճ ժամանակ առաջ պատկերը հակառակն էր:
Տպարանն է խթանում մտքի արտադրութեանը: Այս միտքը լաւագոյնս արտայայտել է Լէոն իր վերոյիշեալ գրքոյկում, բերելով օրինակը Մկրտիչ Խրիմեան վարդապետի (Հայրիկ), որ 19-րդ դարի 50-ական թուականներին Պոլսից մի փոքրիկ տպարան տանելով Վան (Վարագայ վանք), զարկ տուեց «գաւառական» կոչուած մեր գրականութեանը արդէն բուն Հայաստանում: «Այսքան սքանչելագործ էր տպարանը,- գրում է Լէոն:- Գրականութիւն ստեղծում էր նոյնիսկ այնպիսի խուլ անկիւններում, ուր մինչեւ նրա երեւան գալը մահուան լռութիւն էր տիրում»:
Արդ, 500-ամեակի այս մեծ բացթողումը ինչպե՞ս կարելի է լրացնել: Կարծում եմ՝ լաւագոյնը կը լինի ստեղծել յատուկ մի փոքր թանգարան հայ տպագրութեանը նուիրուած: Մեր երիտասարդ սերունդը չգիտի, չի տեսել, իրեն չեն բացատրել, թէ, օրինակ, Գերմանիայի Մայնց քաղաքում 1455 թուականին Գուտենբերգը ի՞նչ մեքենայ է հնարել, եւ կամ Յակոբ Մեղապարտն ու Ոսկան Երեւանցին ինչպիսի մամուլի տակ են տպել կամ տպել տուել հայերեն առաջին գրքերը: Մեր երիտասարդները չգիտեն անգամ մամուլ (press) բառի ծագումը: Չգիտեն, եւ շատ դժուար է նրանց բացատրել, թէ առաջին գրքերը, սկսած փայտափորագրութիւնից մինչեւ արճճէ տառերի ձուլումը, ինչպէս էին տպագրւում: Չգիտենՙ ի՞նչ է քասան, կոմպասը, փունթօները չափող քանոնը, քլիշէն, տողաշար մեքենան (linotype), այնուհետեւ ֆոտոշարուածքը (compugraphic), բարձր տպագրութիւնը, յետոյՙ օֆսէթ տպագրութիւնը, մինչեւ ժամանակակից տպագրական փոքր ու մեծ սարքաւորումները, մինչեւ առաջին գողտրիկ ու խելացի «Մակինթոշ» համակարգիչներ: Դժուար չէ կոմպլեկտաւորել այդպիսի ցուցասրահ-թանգարան. մեր հեռաւոր գիւղաւաններում պէտք է մնացած լինեն հին տպարաններից ինչ-որ բաներ: Թերեւս կարելի է դիմել նաեւ Վենետիկի կամ Վիեննայի Մխիթարեաններին, որոնց թանգարաններում կան 17-րդ եւ 18-րդ դարերի տպագրական մեքենաներ, ինչպէս Սպահանի (Նոր Ջուղայ) Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանում:
Նման թանգարանը մեծ դպրոց կը լինի մեր աշակերտների եւ ուսանողների, նաեւ ուսուցիչների համար, միաժամանակ լաւագոյն վկայարանը մեր գրատպութեան եւ մամուլի պատմութեան համար՝ նոր նիւթերով հետզհետէ հարստանալու երաշխիքով:

«Ազգ-Մշակոյթ», Փետրուար 9, 2013

No comments:

Post a Comment