17.7.13

Շատ «գիտնականներ» կարող են յայտնուել Խաչիկեանի կողքին

Հայաստանում վերջին 22 տարիներին այնքան վատ քաղաքականութիւն է վարուել, որ ոչնչացուել է գիտական ներուժը, եւ սա ազգային դաւաճանութիւն է` գիտակցուա՞ծ, թե՞ ոչ. լրագրողների հետ զրոյցում նշեց կենսաբանական գիտութիւնների դոկտոր Սիներիկ Հայրապետեանը:
Ըստ նրա` գիտութիւնը որոշում է երկրի սոցիալ-տնտեսական մակարդակը, եւ անհրաժեշտ է գիտակրթական միջազգային կենտրոն ստեղծել, որտեղ կ'աշխատեն մեր գիտնականները եւ չեն լքի երկիրը:
«Օրինակ` Իսրայէլը, որը, չնայած իր տարածքի փոքրութեանը, կարողանում է գիտական ներուժն օգտագործել, իսկ մենք եղածն ենք ոչնչացնում: Եթէ փորձենք գնալ հետքերով, թէ ո՞ւր են գնում գիտութեանը յատկացուած փողերը, ապա շատերը իւրացումների համար կը յայտնուեն բանտում` Վազգէն Խաչիկեանի (*) կողքին»,- ասաց Հայրապետեանը:
Նա կարծում է, որ Հայաստանի երեք նախագահներն էլ իրենց նախընտրական ծրագրերում անպայման ընդգրկում են գիտական ոլորտը, սակայն այդ ծրագրերը չեն իրականանում, քանի որ միջին օղակները թերանում են:
Ըստ գիտնականի` ստեղծուած իրավիճակում մեղաւոր են երկուսը` Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը, որն իր ուշադրութիւնից դուրս է թողել գիտութիւնը, եւ մտաւորականները, որոնք, ըստ Հայրապետեանի, կա'մ մորթապաշտութեամբ են զբաղւում, կա'մ հեռանում երկրից. «Երկիրը չի կարող զարգանալ, քանի դեռ գիտութեան ասպարէզում կրիմինալ գործողութիւններ են ծաւալւում: Սա ոչ թէ անձերի, այլ համակարգի հարց է. նկատե՞լ էք, որ ոչ մի երկրից մեզ այլեւս գիտական ծրագրեր չեն ուղարկում, որ մենք այստեղ փորձարկենք դրանք»:
Հոգեբան Սամուէլ Խուդոյեանն էլ նշեց, որ յաճախ դրամաշնորհներ են շահում նրանք, ովքեր գիտութեան հետ ոչ մի կապ չունեն, փոխարէնը լաւ ծանօթ-բարեկամ ունեն: Ըստ նրա` մեզ մօտ գիտութիւններ կան, որոնց ասպարէզում 3-4 իսկական գիտնական չենք գտնի:
«Գրագողութեամբ, ռուսերէնից թարգմանելով, ստանում են կոչումնէր, գիտական աստիճաններ եւ սկսում իբր թէ գիտութեամբ զբաղուել: Դիսերտացիաներ են պաշտպանւում, որտեղ, բացի սեփական ազգանունից, հեղինակային ուրիշ ոչինչ չկայ: Եթէ մարդը գրագողութեամբ է ինչ-որ աստիճանի հասել, ինչպէ՞ս կարելի է նրան պետական մրցանակ տալ»,- ասաց Խուդոյեանը եւ յաւելեց, որ ստեղծուած մթնոլորտից հիասթափուած` իսկական գիտնականները թողնում ու գնում են երկրից:

«Երկիր» (yerkir.am), Յուլիս 2, 2013

(*) Աշխատանքի եւ Ընկերային Հարցերու նախարարութեան Ընկերային Ապահովութեան Պետական Ծառայութեան նախկին պետ Վազգէն Խաչիկեանը (պաշտօնանկ եղած՝ Դեկտեմբեր 2010ին) ձերբակալուած է Սեպտեմբեր 2012ին, այդ բաժանմունքի երկու պաշտօնատարներու հետ՝ կենսաթոշակներու առնչութեամբ մեծագումար չարաշահումներու պատճառով։ Խաչիկեան ցարդ կալանաւորուած է, մինչ տեղի կ՚ունենայ դատավարութիւն։

No comments:

Post a Comment