5.12.13

Չենք սիրում Դեկտեմբերի 2ը

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Հասկանալի չէ, թէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ի՞նչ այց էր: Ասում ենՙ պետական: Յամենայն դէպս, ըստ երկու նախագահների պաշտօնական կայքերի, Պուտինը Հայաստանում էր պետական այցով: Բայց ի՞նչ է նշանակում պետութեան ղեկավարի պետական այցը այլ պետութիւն: Նախ, հիւրընկալող երկրի նախագահը, համաձայն նման պարագաներում միջազգայնօրէն ընդունուած արարողակարգի, բարձրաստիճան հիւրին դիմաւորում է մայրաքաղաքի օդանաւակայանում: Դիմաւորման արարողութեանը մասնակցում է Պաշտպանութեան նախարարութեան յատուկ նուագախումբը, հնչում են երկու երկրների պետական օրհներգերը, պետական դրօշների համապատկերում, որից յետոյ երկու նախագահները հէնց մայրաքաղաքի օդանաւակայանում ողջունում են զինուորական շքերթըՙ յատուկ իրենց պատուին:
Պուտինի այցը մեկնարկեց Գիւմրիում, եւ որքան էլ Հայաստանի երկրորդ քաղաքը տաղանդաւոր, հանճարեղ մարդկանց ծննդավայր լինի, որքան էլ Գիւմրիում ձմրան երկրորդ օրը կանաչ խոտ բուսի եւ որքան էլ Գիւմրին համարուի կոլորիտային քաղաք, չի համարւում Հայաստանի մայրաքաղաք: Այնուհետեւ, համաձայն պետական այցի արարողակարգի, բարձրաստիճան հիւրի պատուին մայրաքաղաքը յատուկ զարդարւում է, ստեղծւում է իւրօրինակ տօնական մթնոլորտ, կենտրոնական փողոցներում տեղադրւում են երկու երկրների պետական դրօշները: Պուտինի այցի ժամանակ այս ամէնը կար, բացի տօնական մթնոլորտից, որովհետեւ բազմահազար ոստիկանական կուտակումները, ոստիկան-երիտասարդ բախումները, մի քանի տասնեակ երիտասարդների բաժանմունք տանելը ամենեւին էլ չեն խօսում այն մասին, որ Պուտինի այցով մայրաքաղաքում տօնական մթնոլորտ էր: Տօնական մթնոլորտի պարագայում քաղաքացիները որեւէ խոչընդոտի չեն կարող հանդիպել տուն կամ աշխատանքի գնալիս, իրենց ուզած փողոցներում քայլելիս, ուղղակի զբօսնելիս: Այսպէս էր, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին էր Երեւան ժամանել պետական այցով, այսպէս էլի է եղել, երբ ՌԴ [Ռուսաստանի Դաշնութեան] նախագահ Մեդվեդեւն էր պետական այցով ժամանել Երեւան, յետոյ նոր միայնՙ Գիւմրի:
Պետական այցի միջազգային արարողակարգը նաեւ սահմանում է, որ բարձրաստիճան հիւրը երեկոյեան ծանօթանում է հիւրընկալող երկրի մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Ինչպէս հասկացանք Պուտինի այցից, մեր մայրաքաղաքը երկու տեսարժան վայր ունիՙ Ծիծեռնակաբերդն ու Բաղրամեան 26-ում գտնուող նախագահական նստավայրը. հէնց այս երկու վայրերում էլ բացառապէս եղաւ ՌԴ նախագահը: Ընդունուած է նաեւ, որ բարձրաստիճան հիւրը առնուազն մէկ գիշեր է անցկացնում հիւրընկալող երկրում, Պուտինը ընդամէնը ոչ լրիւ մէկ օրով էր յայտնի չէ, թէ ի՞նչ այցով ժամանել մեր երկիր:
Հասկանալի է, թէ ինչու էր եկել, որ մի քանի տասնեակ միջգերատեսչական, միջպետական յարաբերութիւնների խորացման վերաբերեալ փաստաթղթեր ստորագրի, հասկանալի է, որ Հայաստանի՝ Ռուսաստանին ունեցած հարիւր միլիոն դոլարից աւելի պետական պարտքի դիմաց ՀՀ կառավարութեանը պատկանող «Հայռուսգազարդ»ի չափաբաժինը վերցնի, որ Գիւմրիում տեղակայուած ռուսական բազային Հայաստանի այլ տարածքներ անհատոյց տրամադրուեն, այս ամէնը հասկանալի է: Հասկանալի չէ, թէ ինչո՞ւ Պուտինը Հայաստանի երկու խոշոր քաղաքներից եւ ոչ մէկում չարեց մի յայտարարութիւն, որով կը հերքուեն ռուսական մամուլում, ռուս պաշտօնեաների պարբերաբար հնչող յայտարարութիւնները ֆորպոստի (*) մասին: Հէնց Պուտինի այցի օրը, երբ նա Գիւմրիում էր, ռուսական հեռուստատեսութիւնը հաղորդում էր. «Նախագահ Պուտինը գտնւում է Գիւմրիում տեղակայուած ռուսական բազայում, քանի որ Ռուսաստանի համար անչափ կարեւոր է այս հարաւային ֆորպոստը»: Պուտինը չասաց, որ ամենեւին էլ այսպէս չէ: Աւելին, երբ Սերժ Սարգսեանի հետ ամփոփիչ ասուլիսում նրան մի հարց այդուհանդերձ տրուեց, թէ ի՞նչ կ'անի Ռուսաստանը, եթէ Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողութիւնները, ՌԴ նախագահն ասաց. «Մենք չենք ցանկանում որ պատերազմ լինի այս տարածաշրջանում, հետեւաբար դժուար է մեզ համար անգամ պատկերացնելը ռազմական գործողութիւնների վերսկսկումը, հետեւաբար մենք չենք կարող ասել, թէ ի՞նչ կ'անենք»: Դրանից առաջ Պուտինն ու Սարգսեանը ստորագրել էին հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւնները խորացնող փաստաթղթեր...
Բայց Պուտինն ամենեւին էլ այդ ռազմավարական գործընկերութեան դիրքերից չէ, որ խօսում էր: Մեր երկրում էլ ամենեւին էլ այն մթնոլորտը չէր, թէ ժամանել է մեր ռազմավարական միակ դաշնակից պետութեանՙ մեզ անչափ կարեւորող նախագահը: Տօնը, մի տեսակ, չստացուեց, ոստիկանները ամբողջ Դեկտեմբերի երկուսի ընթացքում քաղաքացիներին հրահանգում էին, թէ ինչպե՞ս քայլել, ո՞ր ուղղութիւններով, իսկ չենթարկուողներին, մի քիչ անհնազանդներին, ուզում ենք ասելՙ ազատներին, բաժին էին տանում: Մի տեսակ չստացուած ու տխուր օր է մեր ժողովրդի պատմութեան մէջ Դեկտեմբերի 2-ը. մենք չենք սիրում այդ ամսաթիւը:
Ուկրայինայում մէկ միլիոն մարդ Մայդանում է՝ ընդդէմ Պուտինի Ռուսաստանի հետ յարաբերութիւնների խորացման: Ի հարկէ մենք Ուկրայինա չենք, ի հարկէ Հայաստանում, ՀԱՊԿ դաշնակցութեան շնորհիւ, Ռուսաստանը կարող է անել այն, ինչը չի կարող անել Ուկրայինայում, օրինակՙ յատուկ զօրքեր մտցնել անհրաժեշտութեան պարագայումՙ պետական կարգը պահպանելու համար: Այս ամէնը հասկանալի է, անհասկանալին այն է, թէ Ռուսաստանի նախագահի ոչ լրիւ մէկօրեայ այցը Հայաստան ի՞նչ այց էր...
 
«Ազգ», Դեկտեմբեր 5, 2013
 
(*) Ֆորպոստ (ռուս. форпост < գերմաներէն vorposten) բառը հայերէն թարգմանուած է որպէս «նախադիրք» (հմմտ. Հայկ Ասատրեանի գործը՝ Հայաստան. արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում)։ Անգլերէն համարժէքը outpost բառն է («Հայկականք»)։

No comments:

Post a Comment