14.12.13

70ամեակ. պրոֆեսոր Հայր Պօղոս Լեւոն Զէքիեան

ԱՐԱ ԶԱՐԵԱՆ

Այս տարուայ Դեկտեմբերի 11-ին Վենետիկի Քա Ֆոսքարի պետական համալսարանի Քա Կապելլօ բաժանմունքի Աուլա Բարատտոյի անուան նիստերի դահլիճում տեղի ունեցաւ ականաւոր հայագէտ, լեզուաբան, աստուածաբան, գրականագէտ, հայոց լեզուի ու գրականութեան ամբիոնի երկարակեաց վարիչ` պրոֆ. Պօղոս Լեւոն Զէքիեանին նուիրուած երեկոյթ: Առիթը` հայագէտի ծննդեան 70-ամեակն էր եւ երկարատեւ ու բեղմնաւոր աշխատանքային գործունէութեան պաշտօնական աւարտը համալսարանական ատեանում:
Բազմազան են պրոֆ. Զէքիեանի տիտղոսները. Վենետիկի Վենեթոյի ակադեմիայի անդամ, ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի արտասահմանեան անդամ, Վենետիկի Պօ-Արաքս մշակութային ընկերութեան հիմնադիր անդամ, Վենետիկի պետական համալսարանի հայ լեզուի ու մշակոյյթի ամառնային խտացեալ դասընթացի հիմնադիր տնօրէն, Պադովայի Իտալիարմենիա ընկերակցութեան հիմնադիր անդամ եւ փոխտնօրէն, ՀՀ «Հրաչեայ Աճառեան» ազատ համալսարանի պատուաւոր անդամ, Վենեթոյի Գիտութեան, գրականութեան ու արուեստի ինստիտուտի թղթակից անդամ, Հայկական Ուսումներու Միջազգային Ընկերակցութեան (AIEA) պատուաւոր անդամ: Ազատ տիրապետում է հայերէն (նաեւ գրաբար), թուրքերէն, իտալերէն, ֆրանսերէն, գերմաներէն, անգլերէն, ռուսերէն լեզուներին: Հեղինակ է հարիւրի հասնող գիտական ուսումնասիրութիւնների, յօդուածների ու տասնեակ թեմատիկ գրքերի:
Վենետիկի Քանալէ Գրանդէ գլխավոր ջրանցքի եզրին ու Ադրիատիկի ծովախորշի ջրերով ողողուած հիասքանչ Քա Կապելլօ պատմական շէնքի նիստերի դահլիճում հաւաքուել էին Հայր Լեւոնի բարեկամ պրոֆեսորները, ուսանողները, աշխատանքային ընկերները, տեղի փոքրաթիւ հայ համայնքի ներկայացուցիչները: Երեկոյթը մտայղացել ու կազմակերպել էր Քա Ֆոսկարի պետական համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան ամբիոնի դոցենտ, պրոֆ. Ալդօ Ֆեռարին, որը ողջոյնի խօսքից յետոյ համառօտ ներկայացրեց յոբելեարի հայագիտական հետազօտական, ուսումնասիրական բեղուն գործունէութիւնը: Հնարաւորութիւն չունենալով Վենետիկ ժամանել, ընթերցուեցին Ժընեւի համալսարանի հայ լեզուի եւ գրականութեան ամբիոնի դասախօս եւ Հայագիտական Ուսումնասիրութիւնների Միջազգային Ընկերակցութեան նախագահ` Վալենտինա Քալցոլարիի ու ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, հայագիտութեան եւ հումանիտար բաժնի տնօրէն դոկտ. պրոֆ. Վլադիմիր Բարխուդարեանի գնահատանքի նամակները: Վենետիկեան համալսարանի Քա Քապելլօ բաժանմունքի պրոֆ. Դանիէլա Մենեգինին հրապարակեց Քա Ֆոսկարի պետական համալսարանի դեկան, իրանագիտության պրոֆ. Ռիկարդօ Ձիպոլիի յոբելեարին ուղղուած ողջոյնի ուղերձը:
Ելոյթներով հանդէս եկան Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարեան մայրավանքի աբբահայր` Հայր Եղիա Քիլաղպեանը, Բելառուսիայում Վատիկանի դեսպան, Հռոմի պապի առաքելական նուիրակ, Մոնսինէօր Կլաուդիօ Գուջերոտտին, Բոլոնիայի համալսարանի հայագիտութեան ամբիոնի հիմնադիր տնօրէն, պրոֆ. Գաբրիէլլա Ուլուհոջեանը, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Կիւլպէնկեան հայագիտութեան ամբիոնի վարիչ պրոֆ. Թէօ Մ. Վան Լինթը, Բոլոնիայի համալսարանի հայագիտութեան, կովկասագիտութեան, մոնղոլագիտութեան ու թրքագիտութեան ամբիոնի գիտաշխատող` Աննա Շիրինեանը, Քա Ֆոսքարի համալսարանի Ասիայի եւ Միջերկրական Աֆրիկայի բաժանմունքի ռուսերէն, վրացերէն լեզուի դասախօս պրոֆ. Լուիջի Մագարոտտոն, նոյն բաժանմունքի թուրքերէն լեզուի դասախօս, պրոֆ. Ջիամպիերօ Բելլինգերին: Ելոյթ ունեցողները անդրադարձան պրոֆ. Պօղոս Լեւոն Զէքիեանի անգնահատելի ներդրմանը մասնաւորապէս հայագիտութեան, կովկասագիտութեան, գրականութեան, լեզուաբանութեան բնագաւառում, նշելով նրա մեծ վաստակը դասախօսական, ցուցահանդէսների եւ գիտաժողովների կազմակերպման ու կրօնական բնագաւառում կատարած հետազօտութիւնների բնագաւառում:
Երեկոյթի վերջում հանդէս եկաւ Իտալիայի Հայոց Միութեան նախագահ, Միլանի համալսարանի հայագիտութեան բաժանմունքի դասախօս, պրոֆ. Պայքար Սվազլեանը նշելով, որ հպարտ է, քանզի Մոնսինէօր Գուջերոտտիի հետ միասին Հայր Լեւոնի առաջին սաներից է եղել:

«Ազգ», Դեկտեմբեր 14, 2013

No comments:

Post a Comment