14.3.14

«Հայոց պատմութեան թեմաներով կարելի է նկարահանել "Գլադիատոր"ից ոչ պակաս հետաքրքիր ֆիլմեր»

ԱՐՄՒՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ


Հայոց պատմութեան մէջ իրենց կենդանութեան օրօք երեք արքայ է աստուածացուել` Տիգրան Մեծը, Արտաւազդ 2-րդը եւ Նեմրութի սրբավայրը կառուցող Անտիոքոս 1-ին Երուանդականը: ԵՊՀ դասախօս, հայոց պատմութեան ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսեանի հեղինակած ֆիլմաշարը նուիրուած է այս արքաներին:
«Արտաւազդ Բ. պատիւը` կեանքից վեր» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան (ռեժիսոր` Վահէ Սուքիասեան) կայացաւ բոլորովին վերջերս` «Մոսկուա» կինոթատրոնում: Հանդիսատեսների քանակից դատելով` մեզանում հայագիտական ֆիլմերի մեծ պահանջարկ կայ: Շատերը ոտքի վրայ էին դիտում ֆիլմը: Նախորդ ֆիլմերը նոյնպէս լեփ-լեցուն դահլիճներում են անցել: Արտաւազդ 2-րդի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը աջակցել է ամերիկահայ բարերար Նունէ Սերոբեանը: Ֆիլմը նուիրւում է նրա ամուսնու` Ջօ Եարալեանի յիշատակին:

-Որտե՞ղ է նկարահանուել ֆիլմը, ի՞նչ նպատակի է այն ծառայելու:
-Նկարահանումները կատարուել են Արտաշատի եւ Արմաւիրի հնավայրերում, Մատենադարանում, Արեւմտեան Հայաստանում, Պարսկաստանում: Այս եւ մեր միւս գիտահանրամատչելի ֆիլմերի նպատակը ճանաչողական է եւ քարոզչական: Մեր այս ֆիլմերը կարելի է օգտագործել նաեւ բուհերում եւ դպրոցներում` իբրեւ ուսումնաօժանդակ միջոցներ: Ցաւալի, բայց յայտնի փաստ է, որ մեր ուսումնական հաստատութիւնները հարուստ չեն նիւթատեխնիկական առումով: Իմ փորձից ելնելով` ասեմ. դասախօսի դիմաց նստած է 80-100-հոգանոց լսարան, իսկ պատից, լաւագոյն դէպքում, մի քարտէզ է կախուած, վերջում նստածներն արդէն քարտէզը չեն տեսնում: Մինչդեռ ֆիլմում ընդգծւում են քարտէզի համապատասխան շրջանները, ցուցադրւում են հնավայրերը, հնագիտական նիւթերը: Ի վերջոյ, ֆիլմն ուղեկցւում է երաժշտութեամբ, ինչն էլ իր հերթին աւելի տպաւորիչ ու ներգործող է դարձնում նիւթը: Յետագայում, եթէ հնարաւորութիւն ունենանք, կ'աւելացնենք նաեւ բեմականացուած խաղարկային տեսարանները, որոնք կարող են աւելի գրաւիչ դարձնել ֆիլմը:

-Կարելի՞ է ասել, որ աշխարհում գիտական նորութիւններին տեղեկանում են գիտահանրամատչելի ֆիլմերի միջոցով:
-Նա՛եւ գիտահանրամատչելի ֆիլմերի միջոցով: Գիտական նորութիւններին նախ եւ առաջ ծանօթանում են գիտահետազօտական հիմնարկներում, գիտական նստաշրջաններում, լայն զանգուածները, այո, հանրային հետաքրքրութիւն ներկայացնող նորութիւններին տեղեկանում են հաղորդումների եւ գիտահանրամատչելի ֆիլմերի միջոցով: Յաճախ է ասւում, որ մեզանում կայ գիտահանրամատչելի հաղորդաշարերի պակաս, բայց, չգիտես ինչու, չի լրացւում այդ բացը: Ֆիլմերն անհամեմատ արդիւնաւէտ են, աւելի տպաւորիչ, քան հաղորդումները, բայց եւ աւելի մեծ ծախսեր են պահանջում:

-Նախորդ զրոյցի ժամանակ ասացիք, որ մեր պատմութեան մէջ շատ հետաքրքիր թեմաներ կան: Ըստ Ձեզ` յատկապէս ո՞ր թեման կարող էր դառնալ համաշխարհային հետաքրքրութիւն ներկայացնող գեղարուեստական ֆիլմի սիւժէ:
-Առիթ ունեցել եմ ասելու, որ առանց երկար մտածելու գոնէ 100 թեմա կը թուարկեմ, ընդ որում, դրանցից շատերը, եթէ լաւ նկարահանուեն, հետաքրքրութեան առումով, ասենք, «Գլադիատոր»ից պակաս չեն լինի: Հէնց «Արտավազդ 2-րդ»ը բացառիկ գեղարուեստական ֆիլմ կը դառնար: Տեսէք` արքան, որ ստեղծագործում է, ե՛ւ պոէտ է, ե՛ւ գիտութեան մարդ: Երկիրը յայտնւում է ծանր վիճակում, նա իր անձը զոհաբերում է յանուն երկրի ու ժողովրդի, իսկ գերի ընկած ժամանակ հռոմէական թշնամի միջավայրն անգամ հիանում է նրա հոգու եւ ընտանիքի վեհանձնութեամբ: Արգիշտի Առաջինն ինչո՞ւ չի դառնում գեղարուեստական ֆիլմի հերոս, վերջին հաշուով, մեր մայրաքաղաքի հիմնադիրն է, կամ Տիգրան Երուանդեանը, Արտաշէս 1-ինը: Տիգրան Մեծի մասին այնքան շքեղ դրուագներ կան, որ ամէն դրուագ առանձին ֆիլմ կարող էր դառնալ: Բացառիկ հետաքրքիր սիւժեներով ֆիլմեր կարելի է ստանալ Արշակունեաց եւ Բագրատունեաց դարաշրջանների պատմական դրուագներից: Կիլիկեան Հայաստանն ընդհանրապէս ֆանտաստիկ է, աշխարհի խաչմերուկն էր ժամանակին: 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ֆիդայական շարժման, Արցախեան ազատամարտի մասին դրուագներ ունենք, հերոսապատումներ, որ կարող են հրաշալի ֆիլմեր դառնալ: Կարելի է նաեւ հայկական արքայական դինաստիաների պատմութիւնը վերածել սերիալի: Այլ հարց է, որ պէտք է ճաշակով նկարահանել (հակառակ դէպքում լաւ է ընդհանրապէս չանդրադառնալ այդ թեմաներին, քան վատ անելով` փչացնել գաղափարը): Օրինակ, կորէական պատմական սերիալներն ինչքա՞ն ճաշակով են արուած: Այսօր թուրքերն են նկարահանում իրենց պատմական սերիալները` յաճախ կեղծիքներ մատուցելով աշխարհին:
Սերիալով կարելի է ազգային ոգին բարձրացնել, բայց կարելի է նաեւ աղբ լցնել ժողովրդի հոգեբանութեան մէջ, ինչպէս մեզանում հիմա անում են: Նոյն ատոմային էներգիան եւ՛ նորմալ կեանքի ապահովման միջոց է, եւ՛ Հիրոսիմա-Նագասակի է դառնում: Եթէ մի օր որոշենք ազգային սերիալներ նկարահանել, պէտք է նկատի ունենանք, որ դրանք միայն սկզբում են մեծ ծախս պահանջելու` արքունիքի տեսարան, տաճարի տեսարան, զէնքեր, հագուստներ եւ այլն: Փոխարէնը դրանց տուած օգուտն անգնահատելի կը լինի:

-Դուք Ձեր ֆիլմերով անդրադարձել էք արքաների, որոնք աստուածացուել են կենդանութեան օրօք: Մեր ժամանակներում ճիշտ հակառակն է, չկան վստահութիւն, ակնածանք: Ի՞նչն է փոխուել:
-Նախաքրիստոնէական շրջանում, ըստ էութեան, բոլոր արքաները մահուանից յետոյ աստուածացուել են: Եզակի էին արքաները, որոնց աստուածացնում էին կենդանութեան օրօք: Քրիստոնէական շրջանում կային տիտղոսներ` Արքայից արքայ, Մեծագործ, Բարեպաշտ, Ողորմած, որոնցով ժամանակակիցները մեծարել, արժեւորել են արքաներին: Այս առումով, ի հարկէ, ցաւալի է այն, ինչ կատարւում է այսօր: Երբեմն ընկերներս ասում են` ներկայ իրականութեան մէջ լաւը չտեսնելով` պատմաբանի մասնագիտութիւն ես ընտրել, որ գոնէ անցեալով մխիթարուես: Գուցէ: Ամէն դէպքում, շատ կարեւոր է նոր սերնդի մէջ սերմանել, որ ինքը վաղուայ պետական գործիչն է, պէտք է գործի այնպէս, որ մնայ պատուաւոր յիշողութեամբ: Անկախ Հայաստանը երեք նախագահ է ունեցել, ցաւօք, երեքից ոչ մէկի մասին ժողովուրդը դրուատանքով չի խօսում: Յիշում էք, անեկդոտ-հարց կար մարտիմէկեան տխուր օրերին. հարցնում էին` եթէ նաւակի մէջ երեք հոգի լինի` Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը, նաւակը խորտակուի, ո՞վ կը փրկուի: Պատասխանում էին` կը փրկուի հայ ժողովուրդը: Սա ցոյց է տալիս ժողովրդի հաւաքական բացասական վերաբերմունքը: Ցաւով եմ սա ասում, որովհետեւ ես այս երկրի քաղաքացին եմ:

-«Հազուադէպ կարելի է հանդիպել, երբ արքան, փրկելու համար ժողովրդին կամ երկիրը, զոհաբերել է իր անձը: Այդպիսին էր Մեծ Հայքի բանաստեղծ արքան»,- ասւում է ֆիլմում: Ի՞նչ է կատարւում այսօր, ո՞ւր է գնում աշխարհը:
-Շատ բարդ հարց է, երեւի Աստծուն պէտք է դիմել այդ հարցով: Պատմութեան մէջ բոլոր ժամանակներում տարատեսակ նեղ շահերի համար զոհաբերել են ժողովուրդներին: Դրա համար էլ պատմութեան մէջ առանձնանում են վեհանձն գործիչները: Եւ պատահական չէ, որ մեր ստեղծած եւ ծրագրած ֆիլմերում մենք կենտրոնանում ենք անցեալի մեծագոյն գործիչների կերպարների վրայ, որոնք կարող են եւ պէտք է չափանիշ դառնան նոր սերնդի համար:

-Ասել էիք` ինչ-որ ռաբիս երգի հոլովակի նկարահանման համար ծախսուել է 10-12 հազար դոլար, նոյն գումարով, հնարաւոր էր պատրաստել բաւականին լաւ հաղորդումներ կամ գիտահանրամատչելի ֆիլմ: Կարծում էք` հովանաւորւում են այդ կարգի ծրագրերը, որովհետեւ ռաբիսի, շոու ասուածի պահանջարկն աւելի՞ շատ է:
-Այո, անճաշակութիւնը շատ է եթերում: Լաւ գործ անելու համար մենք շատ յաճախ կամքի պակաս ունենք: Ոմանց համար այդ 10-12 հազարը մէկ խնջոյքի գումար է: Կարելի է այդ խնջոյքը չանել, փոխարէնը, ասենք, մուլտֆիլմ ունենալ, որ իր երեխաները, թոռները նորմալ հայկական թեմայով մուլտֆիլմեր նայեն, ոչ թէ ստիպուած բաւարարուեն միայն օտարաստեղծ մուլտֆիլմերով` ճապոնական Նարուտօ, իսլամական Ալադին կամ ռուսական «Մաշան եւ արջը» եւ այլն: Անկախ Հայաստանի պատմութեան մէջ «Սասունցի Դաւիթէ մուլտֆիլմի նկարահանումը նախաձեռնուեց, այն էլ, յիշում էք, տարիներով ձգձգուեց ֆինանսների պատճառով, հիմա էլ զգացւում է, որ սիւժէն մուլտֆիլմի կէսից շատ արագ է զարգանում-վերջանում:

-«Երկու կրակի արանքում»` ֆիլմում նման խորագիր կայ: Այսօր էլ մեր երկիրը երկու կրակի արանքում է: Ի՞նչ է մատնանշում ֆիլմը:
-Այս վիճակը նոր չէ, բնականաբար: Ի դէպ, Հայաստանն այդպիսի իրավիճակում յայտնուեց հէնց Արտաւազդ Բ-ի ժամանակաշրջանից, իսկ 1801-ից մեր պատմութեան մէջ ստեղծուեց աւելի բարդ իրավիճակ, երբ երկիրը բաժանուեց երեք մեծ տէրութիւնների միջեւ: Այսօր մենք յայտնուել ենք ռուսական եւ արեւմտեան բեւեռների արանքում: Փոքրաթիւ բնակչութեամբ երկիրը պէտք է փորձի լուծումներ գտնել, ամենակարեւորը, պէտք է ունենա երկրի նուիրեալ առաջնորդներ, որոնք ցանկացած միջազգային իրադրութեան մէջ երբեք չգնան ազգային շահերի զոհաբերման ճանապարհով: Ի վերջոյ, Ռուսաստանի հետ էլ կարելի է լեզու գտել, Արեւմուտքի հետ էլ` առանց տրորելու ազգային շահերը: Կրկնեմ` հայոց արքաներին նուիրուած ֆիլմաշարի նպատակը հէնց դա է` նոր սերնդին դաստիարակել անցեալի վեհ կերպարների օրինակով ու հոգեբանութեամբ: Ամէն հայ երեխայի մէջ կ'ուզենայի այն գաղափարը սերմանուած լինէր, որ ես եմ հայոց երկրի տէրն ու արքան ու նաեւ, եթէ հարկ լինի, ես եմ այդ երկրի համար առաջին զոհաբերուողը: Ցաւօք, այսօր մեր մտածողութեան մէջ դա գրեթէ բացակայում է: Հոմո-սովետիկուսի մտածողութիւնը չէր կարող այդպիսին լինել, իսկ մենք այսօր խորհրդային շրջանից շատ բաներ ենք ժառանգել, ու, ցաւօք, վատ բաներ:

-Դարակներում մնալու վտանգ չի՞ սպառնում Ձեր ֆիլմերին:
-Բացարձակապէս` ոչ: Ֆիլմի շնորհանդէսից յետոյ ամէն օր զանգում են, հետաքրքրւում, թէ յաջորդ դիտումը ե՞րբ կը լինի, սկաւառակներ կը թողարկուե՞ն, թէ՞ ոչ: Ռուսերէն եւ անգլերէն թարգմանութիւններն աւարտելուց յետոյ կը թողարկուի եռալեզու սկաւառակը` նաեւ արտերկրում լայնօրէն տարածելու նպատակով: Ֆիլմերը կը տեղադրուեն նաեւ համացանցում, եւ ամէն հայ երեխայ իր տանը նստած ազատ կը ներբեռնի, կը դիտի, ինչը մեզ համար շատ կարեւոր է:


«Ւրատես de facto», Մարտ 14-17, 2014


No comments:

Post a Comment