5.4.14

Թարգմանութիւններ հայերէնից իսպաներէն


ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Գնահատելի է Սպանիոյ մէջ կատարուած թարգմանական աշխատանքը ծանօթացնելու այս ուսումնասիրութիւնը, որ կը ներկայացնէ կարգ մը հրատարակութիւններ եւ թարգմանիչներ, անծանօթ՝ նոյնիսկ իրազեկ մասնագէտներու։ Տեղեակ չէինք նոյնիսկ, որ Սպանիոյ մէջ հայերէն շաբաթաթերթ լոյս կը տեսնէ։ Յօդուածը կարիքը ունի հիմնական լրացումի, ինչ կը վերաբերի Սպանիայէն դուրս հրատարակուած գիրքերու (նաեւ՝ Սպանիա 1990ականներէն առաջ տպուած հատորներու)։  1920ական թուականներէն մինչեւ օրերս արձանագրուած են հայ գրականութենէն սպաներէն թարգմանութիւններ՝ Արժանթինի եւ Սպանիոյ մէջ, պարբերականներու մէջ թէ առանձին գիրքով լոյս տեսած։ Այդ մասին, տե՛ս մեր յօդուածը՝  «Լրաբեր հասարակական գիտութիւնների», 2, 1991 (վերամշակուած ու լրացուած տարբերակը՝ Վարդան Մատթէոսեան, Գրական-բանասիրական ուսումնասիրութիւններ, Անթիլիաս, 2009)։ Կարգ մը այլ լրացումներ կատարած ենք տողատակի ծանօթագրութիւններու մէջ։

ՆԱԽԱԲԱՆ
 Հետազօտութիւնը, որը ներկայացւում է ընթերցողի դատին, կատարուել է հայաքիչ մի երկրում, որտեղ թերեւս (կամ դեռեւս) բաւականաչափ ծանօթ չեն հայկական մշակոյթին եւ առաւել եւս` հայ գրականութեանը: Սա գուցէ մեր` հայերիս թերացումն է, սակայն պէտք է խոստովանել, որ վերջին ժամանակներս հայկական մշակոյթը յաւուր պատշաճի ներկայացւում է տեղաբնակ հասարակութեանը, եւ մօտ ապագայում այն իր ուրոյն տեղը կ'ունենայ օտարալեզու մշակոյթների խճանկարում:
Աշխարհում աւելի քան 600 միլիոն մարդ խօսում է Սերվանտեսի լեզուով: Որպէս մայրենի լեզու օգտագործող մարդկանց քանակով այն երկրորդն է աշխարհում` չինարէնից յետոյ: Իսպաներէնը կամ կաստեյանոն ՄԱԿ-ի 6 առանցքային լեզուներից մէկն է եւ պետական լեզու է համարւում 24 երկրում: Վերջին 10 տարիների ընթացքում գրքարտադրութիւնն Իսպանիայում, ընդհանուր առմամբ, փոփոխական վայրիվերումների է ենթարկուել: Այսպէս, օրինակ` 2006 թ. տպագրուել է 87.440, իսկ 2010 թ.` 114.459 անուն գիրք: Իսկ նախորդ տարուայ համեմատ գրատպութիւնն աւելացել է 117%-ով: Սա խօսում է այն մասին, որ ֆինանսական ճգնաժամն այնքան էլ նշանակալի ներգործութիւն չի ունեցել գրքարտադրութեան վրայ:  Գրքերը մեծամասամբ տպագրւում են Իսպանիայի դոմինանտ լեզուով` կաստեյանոյով (70%), թէեւ տպագրուել են գրքեր նաեւ կատալաներէնով (15%), վալենսիանոյով (10%) եւ միւս դիալեկտներով (5%): Իւրաքանչիւր անուն գրքի միջին տպաքանակը հասնում է մօտ 2.500-ի:
2010 թ. դրութեամբ Իսպանիայում գոյութիւն ունի 3473 հրատարակչատուն, որոնցից միայն 540-ն են հասարակական:
Իսպանիայում ամէն տարի տպագրուող գրքերի մօտ 30%-ը թարգմանութիւններ են: Դրանց մեծ մասը, մօտ 60%-ը, թարգմանւում է անգլէրենից, 40%-ը` մնացած լեզուներից:
Այս տուեալներն արձանագրել է Վիճակագրութեան Ազգային Ինստիտուտը: Կարծում եմ, արդէն հասկանալի է, թէ հայերէնից թարգմանուած գրքերը տոկոսային ի՛նչ ցուցանիշ են արձանագրում Իսպանիայում:

ՀԱՅԵՐԷՆԻՑ ԻՍՊԱՆԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Հայերէնից իսպաներեն կատարած թարգմանչական գործը հարուստ աւանդոյթներ չունի, չնայած որ երկու ժողովուրդների պատմական անյիշելի անցեալն իրականում պիտի որ հակառակն ապացուցէր: Ինչեւէ, այս բացը թերեւս գալիս է նրանից, որ Իսպանիայում հայկական գաղթօջախը խոր արմատներ չունի եւ չի էլ ունեցել: Դեռեւս 15-16-րդ դդ. իսպանական Կադիս քաղաքում հաստատուել էին հայ առեւտրականներ, ովքեր իւրօրինակ մի հայկական համայնք էին ստեղծել` շնորհիւ այն նուիրատուութիւնների, որոնք նրանք արել էին Սանտա Մարիա եկեղեցուն: Հէնց նոյն եկեղեցում ստեղծւում է «Յիսուս Նազովրեցի» հայկական եղբայրութիւնը, որը մեծ դեր է ունենում քաղաքի սոցիալ-մշակութային եւ կրօնական կեանքում: Այդուհանդերձ, հայկական գաղթօջախ եւ, հետեւաբար, հայկական համայնք, որպէս այդպիսին, այնուամենայնիւ, Իսպանիայում չի ստեղծւում ընդհուպ մինչեւ XX դարի վերջերը եւ XXI դարի սկզբները: Անշուշտ, հայերէնից իսպաներէն թարգմանուած աշխատանքները մեծագոյն դեր են խաղում (եւ կարող են առաւելագոյնս խաղալ, եթէ հիմք դրուած աւանդոյթը շարունակուի) ոչ միայն համայնքային կեանքում, այլ նաեւ իսպանական շրջանակներում, որտեղ  քիչ են իրազեկ հայ գրականութեանը: Այլ է պատկերն իսպանախօս այլ երկրներում, ասենք` Արգենտինայում կամ Ուրուգուայում, ուր համեմատաբար աւելի շատ գործեր են թարգմանուել հայերէնից: Սա, ի հարկէ, խօսում է Լատինական Ամերիկայի երկրներում հայկական հզօր եւ բազմամեայ համայնքների մասին:

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԵՒ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
ՀԱՅԵՐԷՆԻՑ ԻՍՊԱՆԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ, 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Իսպանիայում բնակուող հայ մտաւորականների, այսպէս ասած` «որսը», սկսուեց 2008 թուականից, երբ իմ իսկ խմբագրութեամբ հիմնադրուեց երկրում առաջին եւ ցայսօր միակ հայատառ թերթը` «Հայրենիք» շաբաթաթերթը, որի էջերից մէկն անուանւում է «Հայերն Իսպանիայում»: Այս էջում զետեղւում են իսպանահայութեանը եւ իսպանաբնակ հայ մտաւորականութեանը վերաբերող նյութեր:
Արա Սիմոնեանի գործունէութիւնը առանձնակի տեղ է գրաւում մեր պարբերականում, որի «գրական էջում» տպագրւում են նաեւ հայ բանաստեղծի ստեղծագործութիւնները:
Արա Սիմոնեանի «Յուսոյ կանթեղ» (Ara Simonyan “Lucerna de esperanza”) բանաստեղծութիւնների ժողովածուն Հայաստանում լոյս է տեսել 1993 թ.: Տպագրուել է 2003 թ. Մերիդայի Artes Graficas Boysu s.l. հրատարակչատանը:
Ստեղծագործութիւնները թարգմանել են` գրող, բանաստեղծ, երգահան, Մերիդայի Երգչախմբի դիրիժոր Մանուէլ Դոմինգես Մերինոն եւ ուսուցչուհի, բանաստեղծուհի, Մերիդայի Բանաստեղծների եւ Մադրիդի «Պրոմեթեւս» միութիւնների անդամ, բազմաթիւ մրցանակների դափնեկիր Անա Կաստիյո Մորենոն: 
Արա Սիմոնեանը ծնուել է 1953 թ. Վանաձորում: Նախնական կրթութիւնը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ սովորել է Թատրոնի դպրոցում, իսկ 1975 թ. աւարտել Մանկավարժական ինստիտուտը` գրականագէտի եւ լրագրողի մասնագիտութեամբ: Նոյն թուականին նշանակուել է «Կայծ» թերթի մշակոյթի եւ գրական բաժնի ղեկավար: 1991-1995 թթ. ընթացքում հիմնել եւ խմբագրել է «Առաւօտ լուսոյ» թերթը: Գրել է բանաստեղծութիւններ, պիեսներ, պատմուածքներ եւ 100-ից աւելի յօդուածներ: 2000 թ. ի վեր բնակւում է Իսպանիայի Մերիդա քաղաքում: Անդամ է Հայաստանի եւ Մերիդայի Գրողների Միութիւնների:
“Lucerna de esperanza” գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ 2010 թ. Միսլատայի (Վալենսիա) Մշակոյթի Կենտրոնում` «Արարատ» Հայկական Միութեան նախաձեռնութեամբ: Ուրախութեամբ պէտք է արձանագրել, որ նման շնորհանդէսներն իրապէս օգնում են հայկական մշակոյթի, ընդհանրապէս, եւ հայ գրականութեան, մասնաւորապէս, ծանուցմանն ու զարգացմանը իսպանական շրջանակներում: Արա Սիմոնեանի բանաստեղծութիւնների ժողովածուն մի հիանալի հնարաւորութիւն էր` ներկայացնելու հայ բանաստեղծութիւնը: Յատկանշական է, որ իսպանական գրականութեան մէջ բանաստեղծութեան ժանրում այնքան էլ ուշադրութիւն չի դարձւում ռիթմին եւ յանգաւորմանը: Ի տարբերութիւն հայ բանաստեղծութեանը, իսպանական բանաստեղծութեան ցանկացած տող մեծատառով չի սկսւում, եթէ նախորդ տողում վերջակէտ չի դրուած: Այս առումով Արա Սիմոնեանի ստեղծագործութեան թարգմանութիւնը մեծ դժուարութիւններ չի յարուցում:
Տարբեր են նաեւ թեմաները. եթէ հայ բանաստեղծութեան մէջ հեղինակը կարող է երգել բնութիւն, գարուն, ամառ, աշուն, ձմեռ, հայրենիք, սեր, կարօտ, թախիծ եւ այլն, ապա իսպանական բանաստեղծութեան մէջ տարուայ եղանակներից միայն ցայտուն կերպով է արտայայտւում ամառը, իսկ բնութեան մէջ` ծովը, ծովափն ու արեւը: Բնակլիմայական այս պայմաններից է ծնւում նաեւ սէրը, որը գրեթէ սահմաններ չի ճանաչում եւ մերկ է ներկայանում ընթերցողին: 
Հայ բանաստեղծութիւնն իսպաներեն թարգմանելու հանճարեղ գործ է կատարել 1915 թ. Արեւմտեան Հայաստանում ծնուած եւ ցեղասպանութիւնից մազապուրծ արգենտինահայ Ստեփան Քալեջեանը (*), ով թարգմանել է 21 հայ դասական բանաստեղծների հանրաճանաչ գործերը: Նրա “Las montañas doloridas” աշխատութիւնը լոյս է տեսել Բուէնոս Այրէսում 2003 թ.:
Հայ բանաստեղծութեան իսպաներեն թարգմանուած հիանալի օրինակ է նաեւ Ասիա Եղիազարեանի «Մտորումներ» բանաստեղծութիւնների ժողովածուն, որը թարգմանուել եւ տպագրուել է Հայաստանում, թէեւ ժողովածուի շատ ստեղծագործութիւններ գրուել են Իսպանիայում: Գիրքը երկլեզու է:
Հայ արձակ ստեղծագործութեան թարգմանութեան ոլորտում հիանալի ու աննախադէպ աշխատանք է կատարել մեր հայրենակից Անի Խաչատրեանը, ով իսպաներեն է թարգմանել Նար-Դոսի, Աւետիք Իսահակեանի, Յովհաննէս Թումանեանի եւ Դերէնիկ Դէմիրճեանի ստեղծագործութիւնները: «Հայ գրականութեան տեսութիւն» («Antología de la literatura armenia») (**) վերտառութեամբ այս գիրքը սկսւում է հայ ժողովրդի պատմութեան եւ գրականութեան կարեւորագոյն դէպքերի ու դէմքերի ակնարկով, որին յաջորդում են գրողների ստեղծագործութիւնները.
Նար-դոս «Ես եւ նա» - Nar-Dos “Yo y él
Աւետիք Իսահակեան «Փողի համը» - Avetik Isahakyan “El sabor del dinero”
Աւետիք Իսահակեան «Այդ ոչինչը ես եմ» - Avetik Isahakyan “Ese nada soy yo”
Յովհաննէս Թումանեան «Գիքորը» - Hovhannes Tumanyan “Guiqor”
Դերէնիկ Դեմիրճեան «Աւելորդը» - Derenik Demirchyan “La persona que sobraba”
Ստեղծագործութիւններին յաջորդում են հեղինակների հակիրճ կենսագրականները:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմութեանը, ապա ժամանակն է, որպէսզի հայ պատմաբաններն աւելի համարձակ գործեն: Իմ կարծիքով, ժամանակն է արդէն համարձակօրէն նշել, որ Հայաստանը ոչ թէ քաղաքակրթութեան օրրաններից մէկն է եղել (միայն 6000 տարուայ պատմութեամբ), այլեւ մարդկային քաղաքակրթութեան առաջին օրրանն է (եթէ աշխարհի ամենահին կօշիկը, շրջազգեստն ու գինու պահեստներն արդէն իսկ 6000 տարեկան են, ապա եւս քանի՞ տարի էր հարկաւոր տեղաբնակներին նման արուեստի նմուշներ մեզ նուիրելու համար): Մնում է միայն նորացնել մեր պատմագրութիւնը, որպէսզի թարգմանիչներն էլ մեր պատմութեանը վերաբերող ճիշդ փաստեր հրամցնեն համաշխարհային պատմագիտութեանը: Խօսքս մասնաւորապէս ուղղուած է նաեւ Անի Խաչատրեանին, ով, պարզ է` պատմութեան մասնագէտ չէ եւ թարգմանել է այն, ինչ գոյութիւն ունի:
Մինչ Անի Խաչատրեանի գրքի շնորհանդէսը, Միսլատայի Մշակոյթի Կենտրոնում ներկայացուել էր նոյն Carena հրատարակչատանը տպագրուած Մարկ Մորտէի «Արարատի զաւակներըէ («Los hijos del Ararat») գիրքը, որն Իսպանիայում տպագրուած Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ առաջին վէպն է: Հէնց նոյն բարեկամների շնորհիւ է հնարաւոր դառնում իրագործել այն բոլոր գաղափարները, որոնք նպաստում են հայ գրականութեան ներկայացմանը օտար երկրում: Մարկ Մորտէի հետ ծանօթութիւնն, իր հերթին, հնարաւոր դարձաւ նոյն հրատարակչատան խմբագիր, գրող Խօսէ Մեմբրիւէի միջոցով:
Հայոց պատմութեան իսպաներէն թարգմանուած ամենացայտուն օրինակը Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմութիւն» աշխատութիւնն է` թարգմանութեամբ Ռուբեն Արծրունու: “Historia del pueblo armenio”-ն իսպաներենով երբեւէ հրատարակուած ամենաընդհանրական գիրքն է հայերի հարուստ եւ բազմադարեայ պատմութեան վերաբերեալ: Ուրախութեամբ պէտք է նշել, որ այս գրքում արդէն նկատելի են այն համարձակ կարծիքները, որոնց մասին վերոյիշեալ յիշատակուել էր եւ որոնք պարզապէս անհրաժեշտութիւն են պատմութիւնը ճիշդ ներկայացնելու, իրադարձութիւններն իրենց անուններով կոչելու եւ, ըստ այդմ, հասարակութեանը իրազեկ պահելու այն խնդիրների մասին, որոնք առկայ են պատմագիտութեան մէջ:
Գրքի հեղինակ Աշոտ Արծրունին (Արծրունի Դուլեան) ծնուել է 1902 թուականին Քանաքեռում: Սովորել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետում: 15 տարեկանում ընտրուել է Հայաստանի Ուսանողների Միութեան, իսկ մէկ տարի անց` Անդրկովկասի Ուսանողների Ֆեդերացիայի նախագահ: Եղել է XX դարի հայ մտաւորականութեան առաջին սերնդի ցայտուն ներկայացուցիչներից մէկը:
1917 թ. ընդգրկուել է ՀՅԴ շարքերը, մասնակցել Բաշ-Ապարանի ճակատամարտին: 1921 թ. հոր` Քանաքեռի գիւղապետ Գէորգ Դուլեանի հետ միասին դատապարտուել է երկու տարուայ ազատազրկման: 1924 թ. մեկնում է Փարիզ եւ հաստատւում այնտեղ Արտաշէս Սիրուեան կեղծանուամբ: Ֆրանսիայում գտնուելու տարիներին ակտիւօրէն մասնակցում է Հայկական Հարցի լուսաբանման աշխատանքներին, տպագրւում Փարիզի «Յառաջ» եւ Բոստոնի «Հայրենիք» թերթերում: Այնուհետեւ հաստատւում է Բուէնոս Այրեսում, որտեղ խմբագրում է «Արմենիա» օրաթերթը, ապա հիմնում Հարաւային Ամերիկայի հայկական համայնքների լրագիրը (***): 1965 թ., 20-ամեայ երկարատեւ ուսումնասիրութիւնից յետոյ, հրատարակում է «Հայ ժողովրդի պատմութիւն» աշխատութիւնը: Մահացել է 1979 թուականին Բուէնոս Այրէսում:
    2010 թ., Սեդա Ղազարեանի հեղինակութեամբ, լոյս տեսաւ Իսպանիայում առաջին հայերեն-իսպաներէն բառարանը (****), որը պարունակում է 70.000 բառ: Այս հաստափոր բառարանի կազմմանը հեղինակի հետ մասնակցել են նաեւ նրա ընտանիքի անդամները` ամուսինը` Յակոբ Բեբեքեանը եւ երկու զաւակները` Կարեն եւ Քրիստինէ Բեբեքեանները:

Թարգմանութիւններ այլ լեզուներից
Հայկական իրականութեանն ու աւանդոյթներին վերաբերող գրքեր են թարգմանուել նաեւ այլ լեզուներից: Այդ աշխատութիւնները մեծաւ մասամբ ազգութեամբ հայ հեղինակների գրչին են պատկանում: Նմանատիպ հիանալի թարգմանութիւն է Անրի Վերնոյի «Մայրիկ» ստեղծագործութիւնը, որը ֆրանսերէնից իսպաներէն է թարգմանել Նելլի Բելուզին: Գիրքը տպագրուել է 1987 թ. (*****):
2003 թ. Նորա Գուտմանի գերմաներէնից իսպաներէն թարգմանութեամբ լոյս է տեսնում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրերը» վէպը: Իսկ ահա 2005 թ. Անա Իսաբէլ Կոնեխոն ֆրանսերէնից թարգմանում է Ռենէ (******) Սիւլաշջեանի «Հայաստանի հեքիաթներն ու առասպելները» ժողովածուն, որը կարծես թէ հայկական մշակոյթի այլընտրանքային մի դրսեւորում էր, ցեղասպանութեան թեման շրջանցող կարեւորագոյն փաստաթուղթ:
Իսպաներէն են թարգմանուել նաեւ հայկականութեամբ շնչող Վիլեամ Սարոյեանի ստեղծագործութիւնները «Մարդկային կատակերգութիւն» (2004 թ., թարգմանիչ` Խաւիէր Կալվօ), «Իմ անունն է Արամ» (2005 թ., թարգմանիչ` Ջորդի Մարտին Եօրետ), «Ուեսլի Ջեքսոնի արկածները» (2006 թ., թարգմանիչ` Ջորդի Մարտին Եօրետ):
Վերոյիշեալ թարգմանութիւններից բացի, Իսպանիայում հրատարակուել են նաեւ գրքեր, որոնց բովանդակութիւնը Հայաստանի, հայ ժողովրդի եւ հայկական իրականութեան մասին է: Բնական է, որ իսպանացի հեղինակների թարգմանութիւններն այս կամ այն կերպ պայմանաւորուած են հայերի եւ Հայաստանի հետ շփումներով, որոնք առանցքային դեր են խաղացել այդ ստեղծագործութիւնների լոյս աշխարհ գալու ճանապարհին: Այս յարաբերութիւններն ինչ-որ չափով նաեւ թարգմանական դեր են խաղում, քանզի հայ-իսպանական մշակութային, սոցիալական եւ քաղաքական յարաբերութիւնները հնարաւոր են միայն «թարգմանիչներ»ի ու միջնորդների միջոցով:
Այսպէս ահա, Մարկ Մորտէն «Արարատի զաւակները» վէպը գրելու համար, ճանապարհորդել է Հայաստան, երկար ժամանակ բնակուել Ստամբուլում, մեկնել ԱՄՆ` ցեղասպանութիւն վերապրած հայուհու հետ հանդիպելու համար: Բարսելոնում հեղինակը սերտ յարաբերութիւնների մէջ է հայերի եւ, մասնաւորապէս, թարգմանչուհի Անի Խաչատրեանի հետ: «Արարատի զաւակները» գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ Միսլատայի Մշակոյթի կենտրոնում` «Արարատ» Հայկական Միութեան նախաձեռնութեամբ:
Իսպանական շրջանակներում մեծ հետաքրքրութիւն առաջացրեց Խոսէ Անտոնիօ Գուռիարանի «Հայեր. մոռացուած ցեղասպանութիւն» (2009) աշխատութիւնը, որը ծնունդ առաւ իր իսկ հեղինակութեամբ լոյս տեսած «Ռումբը» (1982) գրքի հիման վրայ: Յիշեցնենք, որ Գուռիարանը վիրաւորուել էր ԱՍԱԼԱ-ի կողմից Մադրիդում տեղակայուած ռումբից, որն էլ առիթ է հանդիսացել վերոյիշեալ ստեղծագործութեան հրատարակմանը: Գուռիարանն իր ստեղծագործութեան մէջ խստօրէն դատապարտում է մերժողականութեան քաղաքականութիւնը եւ յորդորում իսպանական կառավարութեանը ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Գիրքն արդէն թարգմանուել է ռուսերէն:
Նմանատիպ ստեղծագործութիւն է Գոնսալօ Հերնանդէս Գուարչի «Հայկական տոհմածառ» (2002) գիրքը, որը վերջերս թարգմանուել է հայերեն:
Ցաւօք պէտք է նշել, որ իսպանական շրջանակներում հնարաւոր է, որ ձեւաւորուի այն կարծիքը, թէ ցեղասպանութիւնը մշակոյթ ստեղծելու թեմա է հանդիսանում մեր` հայերիս մօտ: Այս վտանգաւոր տեսակէտը կարող է յանգեցնել նրան, որ իսպանացի մտաւորականները հայկական իրականութիւնը պատկերող ցանկացած արուեստի գործ «համեմեն» ցեղասպանութեան երանգով: Աւելի հակիրճ ձեւաւորելով միտքս` կը ստացուի այնպէս, որ հայ ասելով` իսպանացին անմիջապէս կը մտաբերի ցեղասպանութեան փաստը:
Միւս կողմից, իսպանական դասագրքերում եւ գրեթէ ոչ մի հանրագիտարանում չի յիշատակւում Հայոց Ցեղասպանութեան մասին: Նաեւ պէտք է նշել, որ Սապատերոյի նախորդ թուրքամէտ իշխանութիւնը, որը «քաղաքակրթութիւնների դաշինք» էր ստեղծել հէնց Թուրքիայի անմիջական առաջնորդութեամբ, արդէն մերժել էր Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու բանաձեւի ընդունումը:
Իսպանական դասագրքերը չեն յիշատակում նաեւ Հայաստանի` առաջին քրիստոնէական երկիր լինելու փաստը: Այս եւ նման այլ հակասութիւնները վկայում են թոյլ տեղեկատուական դաշտի, որոշ դէպքում նաեւ` ապատեղեկատուութեան մասին: Իսկ թոյլ տեղեկատուական դաշտը պայմանաւորուած է թարգմանական ասպարէզի (այս դէպքում` հայերէնից իսպաներէն) ցածր մակարդակով: Որպէսզի հայկական բազմադարեայ ու հարուստ մշակոյթը յաւուր պատշաճի ներկայանայ իսպանական շրջանակներում, առաջին հերթին անհրաժեշտ է թարգմանել մեր գրականութեան հնագոյն, միջնադարի եւ ոսկեդարի գրական ահռելի ժառանգութիւնը:
Հայաստանը բացայայտելու հանճարեղ փորձ է կատարել գրող, լրագրող Խոսէ Մարիա Կալը, ով հեղինակել է «Հայաստան. հպարտութիւն եւ կիրք» զբօսաշրջութեան ձեռնարկը: Այս ընդհանրացնող աննախադէպ աշխատանքն իր էջերում ընդգրկում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ` Արցախի պատմութիւնը, տեսարժան վայրերը, պատմամշակութային յուշարձանները, հասարակական վայրերը, խոհանոցը, մի խօսքով այն ամէնը, ինչ ասել է Հայաստան եւ հայ ժողովուրդ: Հարկ է նշել, որ մինչեւ օրս Իսպանիայի գրադարաններում եւ գրախանութներում կարելի էր գտնել գրեթէ բոլոր երկրների զբօսաշրջութեան ձեռնարկներ, բացի Հայաստանից: Ահա այս բացը լրացրեց Խօսէ Մարիայ Կալը: Իսկ դրանում նրան օգնել են «թարգմանիչները»` նրա հայ ընկերները եւ առաջին հերթին` հայուհի կինը: Հեղինակն անձամբ մի քանի անգամ եղել է Հայաստանում, հաւաքագրել անհրաժեշտ փաստաթղթեր, եղել երկրի գրեթէ ամէն մի անկիւնում, լուսանկարել անհրաժեշտ տեսարաններն ու յուշարձանները, ծանօթացել հայկական խոհանոցին ու հայ մարդու կենցաղին: Գիրքը տպագրուել է 2011 թ.: «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ գրքի շնորհանդէսը տեղի է ունեցել սոյն թուականի մայիսին` Հայ Գրատպութեան 500-ամեակի առիթով (թէեւ գիրքը հայատառ չէ, բայց նրա էջերում ամէն ինչ շնչում է հայերէնով):

ՄԻՋՆՈՐԴ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
Եթէ հաշուի չառնենք հայազգի հեղինակների (Անրի Վերնոյ, Վիլեամ Սարոյեան) ստեղծագործութիւնների այլ լեզուներից իսպաներէն թարգմանութիւնները, ապա հայերէնից միջնորդ լեզուով իսպաներէն թարգմանուած միակ աշխատութիւնը Ռենէ Սիւլաշջեանի «Հայաստանի հեքիաթներն ու առասպելները» (Reine Cioulachtjian “Cuentos y leyendas de Armenia” – Anaya – 2005) ժողովածուն է: Այն ֆրանսերէնից իսպաներեն է թարգմանել կենսաբան, բանաստեղծուհի, թարգմանչուհի, բազմաթիւ ստեղծագործութիւնների եւ թարգմանութիւնների հեղինակ Անա Իսաբէլ Կոնեխոն:
Անայ Իսաբել Կոնեխոն ծնուել է 1970 թ. Տառասայում (Բարսելոնա): Ուսանել է Լէոնի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Շոտլանդիայում եւ Ֆրանսիայում:

ՀԱՅԵՐԷՆԻՑ  ԻՍՊԱՆԵՐԷՆԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ    
Մանուէլ Դոմինգես Մերինօ – Ծնուել է 1924 թ. Յուլիսի 21-ին Նոգալեսում (Բադախոս), մահացել` 2008 թ. Ապրիլի 14-ին Մերիդայում (Բադախոս), 83 տարեկան հասակում: Հինգ զաւակների հայրը եղել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, երգահան, դիրիժոր, բազմաթիւ հնագոյն գրութիւնների վերականգնող: Նա վերականգնել է Սանտա Էուլալիայի օրհներգը, որը ներկայացուել է 2004 թ., ինչպէս նաեւ բազմաթիւ շարականներ: Պարգեւատրուել է Մերիդա քաղաքի Ոսկէ շքանշանով: Նրա անունով է կոշւում իր ծննդավայր Նոգալեսի Մշակոյթի Տունը: Մանուէլ Դոմինգես Մերինոն եղել է Մերիդայի Գրողների Միութեան անդամ, որտեղ էլ ճանաչել է մեր հայրենակից Արա Սիմոնեանին: Հէնց այդ ծանօթութիւնն էլ առիթ է հանդիսացել վերջինիս գրքի թարգմանմանը: Թարգմանութիւնը կատարուել է բարեգործական հիմունքներով: Շնորհանդէսներից ստացուած ողջ հասոյթը տրամադրուել է գրքի հեղինակին:

Անա Կաստիյօ Մորենօ – Բազմաթիւ մրցանակների դափնեկիր է. Oliva de la Frontera de Poesվa (1996), Մեծահասակների Միութեան XI մրցոյթի I մրցանակակիր (1996), “Josռ de Espronceda” բանաստեղծութեան VI մրցոյթի II մրցանակակիր (1998), “Cilanco” բանաստեղծական մրցոյթի I մրցանակակիր (1999), “Emilio Murcia” գրական մրցոյթի III մրցանակակիր (1999):
“Gallos Quiebran Albores” եւ “Prometeo” միութիւնների անդամ է: Ներկայումս բնակւում եւ ստեղծագործում է Մերիդայում: Աշխատում է տեղի միջնակարգ դպրոցում, որպէս Լեզուի ուսուցչուհի: 

Անի Խաչատրեան- Ծնուել է 1986 թ. Գիւմրիում: Նախնական կրթութիւնն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցին զուգահեռ յաճախել է երաժշտական դպրոց, ուսանել դաշնամուր եւ սօլֆեջօ: 14 տարեկանից բնակւում է Իսպանիայում: Այժմ ուսանում է Բարսելոնայի Համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում, միաժամանակ աշխատում է օտարերկրացիների հարցերով գրասենեակում: Անի Խաչատրեանը «Հայաստանի բարեկամներ» միութեան անդամ է եւ համագործակցում է «Արարատ» Միութեան հետ: Նրա աշխատութիւնը լաւագոյն միջոց է հայ գրականութեանը, հայկական իրականութեանն ու աւանդոյթներին ծանօթանալու համար: Թարգմանութիւնը կատարուել է բարեգործական հիմունքներով: Իսկ տպագրութեան բոլոր ծախսերը հոգալու համար, իրականացուել են մի քանի շնորհանդէսներ Վալենսիայում եւ Բարսելոնայում:

Ռուբեն Արծրունին (Ռուբէն Սիրուեան) Աշոտ Արծրունու որդին է: Ծնուել է 1931 թ. Փարիզում: 1938 թ. ի վեր բնակւում է Բուէնոս Այրէսում: Շուրջ չորս տասնամեակ աշխատել է բանկային համակարգի միջազգային առեւտրի մասնաբաժնում: 1947 թ. սկսում է զբաղուել քաղաքականութեամբ` ընդգրկուելով Հայ Երիտասարդների Միութեան շարքերը: 1956 թ.-ից ՀՅԴ անդամ է: Լրագրողական աշխատանքն սկսել է 1950-ականներին: Եղել է «Կամք» ամսագրի եւ «Երիտասարդութեան ձայնը» ռադիոալիքի տնօրէն: 1970 թ. եղել է «Արմենիա» թերթի իսպաներէն բաժնի խմբագիր, իսկ 1993-2005 թթ.` տնօրէն: Իսպաներէն է թարգմանել մեծ թուով յօդուածներ ու աշխատութիւններ ֆրանսերէնից, հայերէնից, անգլերէնից, իտալերէնից եւ պորտուգալերէնից: Ներկայումս բնակւում է Բուէնոս Այրէսում եւ յաճախ տպագրւում մամուլում:

Սեդա Ղազարեանը ծնուել է 1955 թ. Երեւանում: Նախնական կրթութիւնն ստացել է տեղի թիւ 65 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել է Խաչատուր Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանի Մշակոյթի ֆակուլտետի մատենագիտութեան եւ գրադարանավարութեան բաժնում: Ուսումն աւարտելուց յետոյ աշխատել է Հայաստանի տարբեր դպրոցներում, որպէս ուսուցչուհի եւ գրադարանավարուհի: 2000 թ. ի վեր Բեբեքեան-Ղազարեանների ընտանիքը հաստատւում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում: 2007 թուականից Սեդա Ղազարեանը «Արարատ» Հայկական Միութեան անդամ է եւ մայրենի լեզու է դասաւանդում միութեան ստեղծած եւ նրա հովանաւորութեան տակ գտնուող կիրակնօրեայ հայկական դպրոցում:

ՄԻՋՆՈՐԴՆԵՐ
Հայերենից իսպաներէն թարգմանական գործում, անշուշտ, մեծ դեր են կատարում միջնորդները: Շատ դէպքերում հէնց իրենք, միջնորդները, հանդէս են գալիս որպէս թարգմանիչներ:
Արա Սիմոնեանի «Յուսոյ կանթեղ»» բանաստեղծութիւնների ժողովածուի թարգմանութեան գործում միջնորդներ են հանդէս եկել հէնց թարգմանիչները` Մանուէլ Դոմինգես Մերինոն եւ Անա Կաստիյօ Մօրենոն, ովքեր հայազգի բանաստեղծին առաջարկել էին մասնակցել Էքստրեմադուրայի Գրողների գրական ստեղծագործութիւնների մրցոյթին: Մասնակցելով մրցոյթին` հեղինակը դրամական պարգեւի փոխարէն նախընտրում է գրքի տպագրումը, որն էլ հէնց հիմք է հանդիսանում «Lucerna de esperanza» ժողովածուի լոյս աշխարհ գալուն: Գիրքը լոյս է տեսել 2003 թ., եւ մինչեւ 2010 թ. անճանաչ էր իսպանահայութեանը, քանզի Էքստրեմադուրայում հայերի թիւը շատ քիչ է, իսկ այլ համայնքներում, ինչպէս ասենք Վալենսիայում, հայ բանաստեղծի Իսպանիայում բնակութեան մասին յայտնի դարձաւ 2008 թ.` շնորհիւ համայնքում տպագրուող Իսպանիայի առաջին եւ ցայսօր միակ հայատառ թերթի` «Հայրենիք» շաբաթաթերթի, որի «Հայերն Իսպանիայում» եւ «Գրական էջ» մասնաբաժիններում յաճախակի տպագրւում է մեր հայրենակցի գրական գործունէութեան մասին:
Անի Խաչատրեանի «Հայ գրականութեան տեսութիւն» աշխատութեան լոյս տեսնելու դէպքում մեծ դեր են խաղացել իսպանացի գրողներ Խոսէ Մեմբրուէն եւ Մարկ Մորտէն, որոնց գրքերը նոյնպէս տպագրուել են նոյն հրատարակչատանը` Ediciones Carena: Գրքի առաջին շնորհանդէսը տեղի է ունեցել 2010 թ. Մայիսի 27-ին Միսլատայի Մշակոյթի կենտրոնում` «Արարատ» Հայկական Միութեան նախաձեռնութեամբ, այնուհետեւ Բարսելոնայում` տեղի հայ համայնքի նախաձեռնութեամբ:
Ռուբեն Արծրունին թարգմանել եւ արդիականացրել է հօր` Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմութիւն» («Historia del Pueblo Armenio») աննախադէպ աշխատութիւնը, որն առաջին անգամ հրատարակուել է 1965 թ. Բուէնոս Այրէսում` Հայոց Ցեղասպանութեան 50-ամեակի առթիւ: Գիրքը վերահրատարակուել է 1971 եւ 1978 թթ.: Գրքի արդիականացումը վերջին ժամանակների կարեւորագոյն նախաձեռնութիւններից մէկն է եւ ինքնին մեծ հետաքրքրութիւն է առաջացնում այն առումով, որ բացի հայ ժողովրդին վերաբերող կարեւորագոյն անցքերից, ներառում է նաեւ միջազգային իրադարձութիւններ:
Ամէն անգամ, երբ ձեռքս եմ առնում այս գիրքը, այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում ինձ մօտ, որ, ասես, այս գործի համար որպէս միջնորդ հանդէս է եկել ողջ հայ ժողովուրդը, որպէսզի 600 միլիոնանոց ընթերցարանի դատին յանձնուի աշխարհի ամենահնագոյն քաղաքակրթութիւններից մէկի ճշգրիտ պատմութիւնը:
Սեդա Ղազարեանի հեղինակած հայերէն-իսպաներէն բառարանի հրատարակման դէպքում եւս միջնորդը ողջ իսպանահայութիւնն է եւ, ի հարկէ, հեղինակի հարազատները` ամուսինը եւ երկու զաւակները: Հայերէն-իսպաներէն բառարանի շնորհանդէսը տեղի ունեցաւ Մանիսեսում եւ Միսլատայում: Շնորհանդէսին ներկայ էին Վալենսիայի մարզպետարանի եւ Միսլատայի քաղաքապետարանի պաշտօնատար անձինք:

ԳՆԱՀԱՏՈՒՄ  ԵՒ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ
Այսպիսով, երբ խօսում ենք Իսպանիայում թարգմանուած գրականութեան մասին, նկատի ունենք հետեւեալ ստեղծագործութիւնները.
Իսպանիայում հայերէնից իսպաներէն թարգմանուած գրականութիւն
Ara Simonyan “Lucerna de esperanza” – Artes Gráficas Boysu s.l. – Mérida – 2003 (թարգմանիչներ՝ Մանուել Դոմինգես Մերինօ եւ Անա Կաստիյօ Մորենօ) – poesía
Արա Սիմոնեան «Յուսոյ կանթեղ» - հրատարակչութիւն՝ Artes Gráficas Boysu s.l. – Մերիդա – 2003 թ. - բանաստեղծութիւն 
Ani Khachatryan “Antología de la literatura armenia” – Ediciones Carena, 2010 (թարգմանիչ՝ Անի Խաչատրեան) – anotaciones históricas, novelas, relatos, biografías, antología 
Անի Խաչատրեան «Հայ գրականության տեսութիւն» - հրատարակչութիւն՝ Ediciones Carena – Բարսելոնա – 2010 թ. – պատմական ակնարկ, վէպեր, պատմուածքներ, կենսագրութիւններ 
Ashot Artzruni “Historia del Pueblo Armenio” – Ediciones SIRAR – 2010 (թարգմանիչ՝ Ռուբէն Արծրունի) – historia
Աշոտ Արծրունի «Հայ ժողովրդի պատմութիւն» - հրատարակչութիւն՝ Ediciones SIRAR – 2010 թ. – հումանիտար-պատմական
Seda Ghazaryan “Diccionario armenio-español” – Art Gráficas Soler sl - 2010 
Սեդա Ղազարեան «Հայերէն-իսպաներէն բառարան» - գիտահանրամ.

Հայ եւ օտար գրողների` հայ իրականութեանը վերաբերող գործեր՝ թարգմանուած միջնորդ լեզուից իսպաներէն. 
Անրի Վերնոյ «Մայրիկ»
Henri Verneuil “Mi madre” – Ediciones Internacionales SA – 1987 (ֆրանսերէնից իսպաներէն, թարգմանիչ՝ Նելլի Բելուզի)
Ֆրանս Վերֆէլ «Մուսա լերան քառասուն օրը»
Franz Werfel “Los cuarenta días de Musa Dagh”  - Editorial Losada, S.A. – 2003 (գերմաներենից իսպաներէն, թարգմանիչ՝ Նորա Գուտմանն)Ռենէ Սիւլաշջեան «Հայաստանի հեքիաթներն ու առասպելները»   
Reine Cioulachtjian “Cuentos y leyendas de Armenia” – Editorial Anaya – 2005 (ֆրանսերէնից իսպաներէն, թարգմանիչ՝ Անա Իսաբել Կոնեխօ)

Վիլեամ Սարոյեան «Մարդկային կատակերգութիւն» 
William Saroyan “La comedia humana” – Editorial Acantilado – Barcelona – 2004 (անգլերէնից իսպաներէն, թարգմանիչ՝ Խաւիէր Կալվօ) – գեղարուեստական, պատմուածք
Վիլեամ Սարոյեան «Իմ անունն է Արամ»
William Saroyan “Me llamo Aram” – Editorial Acantilado – Barcelona – 2005 (անգլերէնից իսպաներէն, թարգմանիչ՝ Ջորդի Մարտին Եորետ) – գեղարուեստական, պատմուածք
Վիլյամ Սարոյեան «Ուեսլի Ջէքսոնի արկածները»
William Saroyan “Las aventuras de Wesley Jackson” - Acantilado – Barcelona 2006 (անգլերէնից իսպաներէն, թարգմանիչ՝ Ջորդի Մարտին Եորետ) – գեղարուեստական, պատմուածք

Հայերէնից իսպաներէն թարգմանուած գործեր Հայաստանում
Ասիա Եղիազարեան «Մտորումներ» - ԱՄԱՐԱՍ – 2008 – բանաստեղծ.

Asya Yeghiazaryan “Reflexiones” -  AMARAS – 2008 - poesía 

Գործեր,  որոնք հայերէնից իսպաներէն են թարգմանուել իսպանախոս այլ երկրում. 
Րաֆֆի «Կայծեր» 
Raffi “Chispas” – Palabra Gráfica y Editora S. A. – Buenos Aires, Argentina – 1998 (թարգմանիչ՝ Բերգ Աջեմեան (*******), 2 հատորով)
Լացող լեռներ (հայ բանաստեղծների ստեղծագործութիւնների ժողովածու)
“Las montañas doloridas” – ARTES GRÁFICAS CANDIL, Buenos Aires, Argentina – 2003 (թարգմանիչ՝ Ստեփան Քալեջեան) 
Իսպանացի հեղինակների ստեղծագործութիւններ  հայերի եւ Հայաստանի մասին 
Խոսէ Անտոնիօ Գուռիարան «Ռումբը» 
José Antonio Gurriarán “La bomba” – Editorial Planeta – 1982 - վէպ
Գոնսալօ Հերնանդես Գուարչ «Հայկական տոհմածառ» – Ediciones del Bronce – 2002
Gonzalo Hernandez Guarch “El árbol armenio” - պատմավէպ
Խոսէ Անտոնիօ Գուռիարան «Հայեր. Մոռացուած ցեղասպանութիւն»
José Antonio Gurriarán “Armenios: genocidio olvidado” – Espasa Calpe –2009
Մարկ Մորտէ «Արարատի զաւակները»
Mark Morte “Los hijos del Ararat” – Ediciones Carena – 2008 - վէպ
Խոսէ Մարիա Կալ «Հայաստան. հպարտութիւն եւ կիրք: Զբօսաշրջութեան տեսական ձեռնարկ»
José María Cal “Armenia: orgullo y pasión. Guía visual de viajes” – RC EDICIONES – 2011 – հասարակական գիտութիւններ
Անտոնիօ Պասկուալ Գարսիա «Երկու ծովերի միջեւ»
Antonio Pascual García “Entre dos mares” – Editorial Circulo Rojo – 2012 - պատմավէպ 

Հաշուի առնելով այն գրական հարուստ ժառանգութիւնը, որը հայ ժողովուրդը կարող է հասանելի դարձնել համաշխարհային իսպանախօս հասարակութեանը, Սերվանտեսի հայրենիքում թարգմանուած ու հրատարակուած վերոյիշեալ ստեղծագործութիւնները խիստ անբաւարար են: Այս ոլորտում առաջին հերթին պէտք է յենուել տեղում բնակուող հայ մտաւորականութեան վրայ, որը քաջ գիտակցում է, թէ որտե՛ղ է թերանում հայ գրականութիւնը իսպանական շրջանակներում պատշաճ ներկայացնելու գործը: Ըստ այդմ, հնարաւոր կը լինի աւելի շատ քանակով եւ որակով ստեղծագործութիւններ թարգմանել եւ ներկայացնել իսպանախօս մշակութային շրջանակներին եւ գրաշուկային:
Տպագրութեան որակ.- Որակով տպագրութիւնը գլխաւորապէս կախուած է հրատարակչատնից: Այն կարեւորագոյն դեր է խաղում գրքերի իրացման գործում, որն էլ իր հերթին համապատասխան ճանաչում է ձեռք բերում ընթերցողների շրջանում:
Ձեւաւորում.- Գրքերի իրացման գործում մեծ նշանակութիւն ունի նաեւ ձեւաւորումը: Բացի ճաշակով ձեւաւորուած կազմից, գիրքը պէտք է  պարունակի նաեւ բազմաթիւ գունաւոր եւ որակով լուսանկարներ ու քարտէզներ, կարող է  ունենալ կապիչներով գեղեցիկ տուփ, որը նրան յուշանուէրային նմուշի տեսք  կը հաղորդի:
Ուղղագրութիւն.- Բացառութեամբ Աշոտ Արծրունու մեծածաւալ աշխատութեան` վերը յիշատակուած գրքերը կարդալիս նկատւում է թարգմանական երկարատեւ աշխատանքը եւ հրատարակչական շտապողականութիւնը: Ուղղագրական սխալները թւում են անխուսափելի, սակայն շտապողականութիւնը կրկնապատկում է դրանց քանակը, որում մեղքի իր բաժինն ունի նաեւ հրատարակչատունը:
Ոճ.- Երբ խօսում ենք հայերէնից իսպաներեն թարգմանական գործերի մասին, պէտք է նկատի ունենալ մէկ կարեւոր հանգամանք. հայերէնն աւելի հարուստ եւ ճկուն լեզու է, քան իսպաներենը, որում անգամ շեշտը կարող է ամբողջովին փոխել բառի իմաստը: Քերականութեան առումով նոյնպէս տեքստերի ծաւալը որոշակի փոփոխութիւնների է ենթարկւում, քանի որ խոնարհման եւ հոլովման ժամանակ, իսպաներէնում վերջածանցները գրւում են առանձին: Այդ իսկ պատճառով առաւել դժուար է թարգմանել բանաստեղծութիւնը, քան արձակ ստեղծագործութիւնը: Առաջինի դէպքում գրեթէ ամբողջովին կորում է յանգաւորումը:
Նաեւ պէտք է արձանագրել, որ  հայոց լեզուի ճկունութիւնը թոյլ է տալիս նոր բառեր «յօրինել» միտքը եւ յանգաւորումը յարմարացնելու համար: Իսկ ահա իսպաներենում դա գրեթէ անհնար է:
Այսպիսով, հայերէնից իսպաներէն թարգմանական գործի կոնտեքստում Իսպանիան համարւում է սկսնակ երկիր, որտեղ, հայ գրականութեան ծանուցմանը զարկ տալու համար, դեռ պէտք է լուրջ աշխատանքներ տարուեն: Իսկ առաջին քայլը պէտք է լինի հայ դասականների ստեղծագործութիւնների թարգմանութիւնը:
Երկիր մոլորակի վրայ բնակուող մարդիկ խօսում են 6912 լեզուով: Այս Բաբելոնեան աշտարակում իսպաներէնը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Սա մի փաստարկ է, որն առաւելագոյնս պէտք է ոգեւորի մեր գրողներին ու թարգմանիչներին, որպէսզի հայ գրական արուեստը հաստատուն քայլերով մուտք գործի իսպանական գրական շուկայ: Անձամբ ես աշխարհի լեզուների շարքում կ'աւելացնէի եւս մէկը` թարգմանական լեզուն, որով հնարաւոր են դառնում ազգերի, երկրների, մշակոյթների եւ հէնց նոյն լեզուների փոխյարաբերութիւններն ու փոխանակումը, որն էլ իր հերթին ծնում է այդքան բաղձալի համակեցութիւնը:   

«Մշակութային» (cultural.am), Հոկտեմբեր 17, 2013

(*) Ստեփան Գալայճեան (1920-1993)՝ արժանթինահայ վաստակաւոր թարգմանիչ։
(**) Antología բառը հայերէն «ծաղկաքաղ» է (կամ «հատընտիր»), ոչ թէ «տեսութիւն»։
(***) «Հարաւային Ամերիկայի հայկական համայնքների լրագիրը» անհասկնալի արտայայտութեան տակ թերեւս պէտք է հասկնալ Ա. Արծրունիի 1943ի հրատարակած «Հարաւ. Ամերիկահայոց տարեցոյց»ը։
(****) Սեդա Ղազարեանի հրատարակածը առաջին հայերէն-սպաներէն բառարանը չէ։ Առաջինը լոյս տեսած է 1984ին՝ Յարութիւն Ծ. վրդ. Թէքէեանի հեղինակութեամբ, Պուէնոս Այրէսի մէջ (36.000 բառ)։
(*****) Արժանթինեան հրատարակութիւն մը տեղի ունեցած է 1984ին՝ Atlantida հրատարակչատան կողմէ։ 
(******) Reine ֆրանսերէն անունը պէտք է տառադարձել «Ռեն» եւ ոչ թէ «Ռենէ» (Rene կամ Renee) 
(*******) Պերճ Աճէմեան (1928-2005)՝ արժանթինահայ վաստակաւոր թարգմանիչ։ 

1 comment:

  1. Սեդա Ղազարյանի հայերեն_իսպաներեն բառարանն առաջինն է տպագրված ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ։ Ուշադիր՝ նշվում է երկիրը։

    ReplyDelete