5.5.14

Միկոյեանի արձանը որպէս յիշեցում

ՆՈՒՆԷ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ

Երեւանի քաղաքապետարանը Ապրիլի 30-ի նիստում որոշում է ընդունել տեղադրել Անաստաս Միկոյեանի արձանը: Որոշման մէջ նշուած է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետութիւնում պետական եւ հասարակական նշանաւոր գործիչներին նուիրուած յուշարձանների իրականացման կարգն է»:
Ի հարկէ, քաղաքապետարանը քաջ գիտէ, որ լենինեան ու ստալինեան շրջանի բարձրաստիճան պաշտօնեայ Անաստաս Միկոյեանը Հայաստանի Հանրապետութեան նշանաւոր գործիչ չի եղել, քանի որ հանրապետութիւն չկար: Անգամ եթէ քաղաքապետարանը նկատի է ունեցել 1918-20 թթ. Հայաստանի առաջին հանրապետութեան գոյութիւնը, դա թոյլ չի տալիս ենթադրել, որ բոլշեւիկ Միկոյեանը աւանդ է ունեցել հանրապետութեան կայացման գործում (նոյնիսկ ճիշդ հակառակ դերակատարում է ունեցել):
Սակայն, ինչպէս տեղի է ունենում մեր իշխանութիւնների տարբեր որոշումներում ու հրահանգներում, կարեւորուել է ոչ թէ Անաստաս Միկոյեանի ով լինելը, այլ նրա հայ լինելը:
Շատերը համարում են, որ հայկական գեները անվիճելի առաւելութիւն են, եւ սովորաբար տարբեր հայերի արձանների բացումները, յիշատակման միջոցառումները միշտ անցել են սահուն ու ընդունուել որպէս օրինաչափութիւն (դէ հայ է, բա չմեծարե՞նք):
Փոքր, շրջափակուած ապրող ազգերին յատուկ նման դիրքորոշումը ոչ միայն նեղացնում է աշխարհընկալումը, այլեւ ուղղակիօրէն թակարդը գցում: Երբ մարդը հանւում է պատմական համատեքստից ու ներկայացւում որպէս պարզապէս այս կամ այն ազգութեան ներկայացուցիչ, բաւականին անհեթեթ վիճակ է ստեղծւում, քանի որ անհասկանալի է, թէ որոնք են այդ մարդու արժանիքներն ու թողած հետքը:
Անաստաս Իւանովիչ Միկոյեանն այն կերպարը չէ, որը ստալինեան բռնաճնշումներից, հազարաւոր մարդկանց սպանութիւններից ու «կարմիր տեռորից» դուրս է եկել մաքրագործուած: Արխիւային փաստերը առաւել քան խօսուն են: 1937-38 թթ. Ժողկոմխորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյեանը Խորհրդային Հայաստանը «հակասովետական տարրերից ազատելու» գործում գերագնահատել է նախատեսուած պլանը ու նամակ ուղարկել Մոսկուա` խնդրելով գնդակահարման ու ձերբակալման ենթակայ հայաստանցիների քանակը 1500-ով աւելացնել:
Պոէտ Բորիս Պաստերնակը այդ մարդկանց «վայրագութիւններ անելու մանդատ ստացած» է անուանել: Նրանք ոչ́ լաւն են, ո́չ` վատը, պարզապէս ունեն այդ մանդատն ու իրենց գործն անում են ջանասիրաբար, վերադասից չքարկոծուելու (անգամ գովասանքի արժանանալու) համար:
Ենթադրենք` քաղաքապետարանը «Վիկիփեդիա» չի կարդում ու արխիւային փաստաթղթերով չի հետաքրքրւում: Օրինակ` չգիտի, որ Միկոյեանը Խորհրդային Հայաստանի հողերի կրճատման կողմնակիցն է եղել, Արցախի հարցում էլ յստակ դիրք է ընդունել`ընդգրկել Ադրբեջանի կազմում:
Երեւանի քաղաքապետարանն աւելի շուտ յաւերժացնում է ոչ թէ իրական քաղաքական գործիչ Միկոյեանին (որին յաւերժացնելու գաղափարը ոչ մի տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում), այլ Միկոյեանի ձեռքին եղած ամենաթողութեան մանդատը: Այսինքն` այն, ինչն այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնում նոյնքան կարեւոր է, որքան ԽՍՀՄ-ի ամենամռայլ, սարսափելի ու արեամբ յագեցած տարիներին:
Խորհրդային մտածելակերպից չազատուած իշխանութիւնները, թերեւս, մտածում են` ինչ ուզում ենք` անում ենք, բայց այդ անելը վաւերացնող փաստաթուղթ թող լինի ձեռքերիս: Եւ Անաստաս Միկոյեանի արձանն էլ նման քարակերտ մանդատ կը դառնայ, որն, ի դէպ, հաստատ սոցռէալիստական ոճով արուած կը լինի, քանի որ արուեստի այդ մոնումենտալ ոճը լաւագոյնս է ներկայացնում զոհերի վրայով իշխանական բուրգի գագաթին հասնելու ճանապարհը:
ԽՍՀՄ-ի փլատակները հանգիստ չեն տալիս շատերին, բռնապետական ձգտումներ ունեցող Ռուսաստանն, օրինակ, մի քանի տարի առաջ հանրային լայն հարցումներ էր կազմակերպել Ռուսաստանի պատմութեան ամենանշանակալի կերպարը որոշելու համար: Ռուսներն ընտրեցին Ստալինին: Եւ միայն բնազդային տագնապը ետ պահեց Ռուսաստանի իշխանութիւններին այդ արդիւնքը գրանցելուց: Ի վերջոյ, կանգ առան անվնաս Ալեքսանդր Նեւսկու կերպարի վրայ:
Իսկ այսօր Ռուսաստանն այլեւս Ստալինի կերպարի կարիքն ունի: Նաեւ` Հիտլերի: Դէ մենք էլ յետ չմնալու համար` Միկոյեանի:
Կրեմլին մօտ կանգնած քաղաքագէտ Անդրանիկ Միհրանեանն, օրինակ, յօդուած էր գրել` վստահութիւն յայտնելով, որ Հիտլերն իր գործունէութեան առաջին շրջանում հսկայական ազգանուէր գործ է արել` հաւաքագրելով գերմանական հողերը: Ըստ Միհրանեանի` Հիտլերը մինչ 1939թ. բարձրագոյն մակարդակի քաղաքական գործիչ է եղել:
Պատմութեան սրբագրումն ու խմբագրումն այսօր չափազանց ճակատային է արւում: Երեւանի գլխաւոր ճարտարապետ Տիգրան Բարսեղեանն, օրինակ, յայտարարել է, որ Անաստաս Միկոյեանի արձանը որոշուել է տեղադրել, քանի որ նա «քաղաքական ու պետական գործունէութեան բարդ ուղի է անեցել», «պարգեւատրուել է շքանշաններով ու մեդալներով»: Իրեն այդքանն է պէտք, այդքանն է ասում:
Ոմանց այդ հիմնաւորումը բաւարար է թւում, մանաւանդ հայկական ազգանուան հետ մի փաթեթով: Իսկ ոմանց համար էլ հէնց այդ վիճահարոյց անձի արձանը Երեւանում տեղադրելու որոշումը կարող է սթափեցնող ազդակ դառնալ, որը կը դրդի աւելին իմանալ Խորհրդային Հայաստանի մութ էջերի մասին: Նաեւ` այն մարդկանց, որոնք բռնաճնշումների համակարգի մի մասն են եղել ու մինչ այսօր էլ բարձր պաշտօններ են զբաղեցնում:
Միկոյեանի արձանը միայն հերթական անհեռանկարային ու անիմաստ քաղաքային զարդարանքը չի լինի: Դա այնքան մակերեսային ու ագրեսիւ որոշում է, որ չի կարող անտարբեր թողնել: Պատմական մի ահռելի շերտ գալիս ու կանգնում է մեր առջեւ:
Միկոյեանը մի դարաշրջանի ներկայացուցիչ է, որտեղ սեւին սեւ եւ սպիտակին սպիտակ ասելու համար գնդակահարում էին կամ լաւագոյն դէպքում «ժողովրդի թշնամի» անուանելով` խաղից դուրս յայտարարում: Եւ Միկոյեանն այդ կայսրութեան երկարակեաց գործիչներից է եղել, որին հիմա յիշելն ու յիշատակը յաւերժացնելը 1937թ. վերադառնալ է նշանակում:
Վերադառնալ` բացայայտումներ անելու համար: Խորհրդային տարիներին ապրելու փորձ չունեցողները կարող են, ասենք, յայտնաբերել, որ Միկոյեան ազգանունը միայն շքանշանակիր լուսանկար կամ երշիկեղէնի պիտակ չէ: Միկոյեանի արձանը 21-րդ դարի Հայաստանում տեղադրելը կը նշանակի, որ առաւել քան հասունացել է լիւստրացիայի պահանջը: Պատմութիւնը հօ պոկե՞ր չի, որ բլեֆ անես, ու այդ բլեֆն անցնի:
Արդէն իսկ նկատւում է մեծ հետաքրքրութիւն արխիւների հանդէպ: Ի վերջոյ, հնարաւոր է պարզուի, որ ոմանց բարեկամներն աքսորուել կամ գնդակահարուել են հէնց Միկոյեանի հրահանգով (միգուցէ հէնց ի՞մ պապը):
Այդ հարցը հիմա շատ արդիական է, եւ ցանկալի է, որ այն շատերի մօտ ծնուի:

«Հետք», Մայիս 5, 2014 (http://hetq.am/arm/news/54419/mikoyani-ardzany-orpes-hishecum.html)

No comments:

Post a Comment