30.9.14

Կոմիտասը` համաշխարհային էկրանին

 ՆԱՅԻՐԱ ՓԱՅՏԵԱՆ

2016ին նախատեսուող ու Կոմիտաս վարդապետի նուիրուած ֆիլմի արտադրիչ Վալերի Սահարեանը բաւական յանդուգն տեսակէտներ կը պարզէ  կերպարին մասին՝ ստորեւ տրուող հարցազրոյցին մէջ։ Կը յուսանք, որ այս շարժանկարը՝ Կոմիտասի շուրջ գոյութիւն ունեցող «լեգենդ»ներ հերքելու իր նպատակին մէջ, չի դառնար... նոր առասպելներու աղբիւր։ (Հմմտ. նաեւ Հիթլէրի յայտնի խօսքին մէջբերումը իր բնագրին հետ, ուր հրեաներու խօսքը չկայ...)։


Հայոց ցեղասպանութեանը նուիրուած ֆիլմեր նկարահանւում են մոլորակի տարբեր անկիւններում` թէ՛ հայ, թէ՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Իւրաքանչիւրն իր մօտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանութեան փաստը: Ոմանք խնդրին մօտենում են սեփական պետութեան շահերի տեսանկիւնից` թեմայի արծարծումը զուտ պատրուակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմութիւնն են նկարագրում` առանց խտացումներ ու հաւաքական կերպարնէր ստեղծելու: Իսկ մենք, մանաւանդ 100-ամեակի շեմին, սպասում ենք մեծածաւալ ու հզօր կինոկտաւի, որը լիովին կը պարպի մեր յոյզերն ու ցաւը, ցասումն ու արդարութեան պահանջը:
Ռուսաստանաբնակ  պրոդիւսեր  Վալերի  Սահարեանը  դեռ  2013-ին  տեղեկացրել էր, որ Հայոց  ցեղասպանութեան  մասին  ֆիլմի  նախագիծ  է մշակւում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պէտք է այս տարի  արդէն  սկսուած լինէին: Վալերին Սեպտեմբերի  վերջին  Երեւանում  էր  եւ «Կինոաշխարհ»ին մանրամասնեց կինոնախագծի մասին:

- Ինչո՞ւ յետաձգուեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:
- Որոշ հանգամանքներ թոյլ չտուեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ  պէտք էր լիարժէք պատրաստուել: Ես` որպէս պրոդիւսեր, եւ մեր ստեղծագործական խումբը մտածեցինք` իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թէ ֆիլմը հասցնենք 100-ամեակին: Ի վերջոյ, սա այն թեման է, որ 88, 95, թէ 100-ամեակ` էական չէ: Կարեւորը որակեալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի` Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապէս կը մշակուի. նախապատրաստական աշխատանքները կ'աւարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կը սկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կը լինի:

- Դեռ անցեալ տարի տեղեկացրել էք, որ ֆիլմում  խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդեան աստղեր: Կոմիտասի կերպարին մօտենալը մեծ պատասխանատուութիւն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնաւորելու Վարդապետին:
- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հաւաքական կերպարը: Աշխարհը  պէտք է տեսնի ու համոզուի, որ այդ  համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետեւանքն է Հայոց ցեղասպանութեան: Կոմիտասին մարմնաւորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդաւոր դերասան է. համոզուած ենք, որ Բրոուդին կը մտնի Կոմիտասի կերպարի մէջ ու հրաշալի կը խաղայ: Նա կարդացել է սցենարը, շատ է հաւանել ու համաձայնութիւնը տուել է արդէն: Եթէ այլ` չնախատեսուած հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կը նկարահանուի Կոմիտասի դերում:
Երկու տարի է` հոլիվուդեան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետեւեալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց յետոյ միայն հաստատ կարող ենք յայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դէպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենայ իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ յայտարարում են, թէ օրինակ` Նատալի Պորտմանը գալու է Երեւան ու նկարահանուելու  կամ Ռոբերտ Տէ Նիրոն  է խաղալու Հայոց ցեղասպանութեան մասին իրենց ֆիլմում: Աւելին` ի լուր աշխարհի ասում են` իբր ֆիլմի մեծ մասն արդէն նկարահանուած է: Այս անլուրջ մօտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանութեան փաստը շահարկւում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամօթ է։

- Էլ ի՞նչ  դերասանների էք նախատեսել ներգրաւել : Եւ ընդհանրապէս ի՞նչ կերպարնէր կան ֆիլմում:
- Կոմիսար Վերժէ. նա է ներկայացնում այս պատմութիւնը: Դեռ յստակ որոշուած չէ. կաʹմ Ժան Ռենոն կը խաղայ կոմիսար Վերժէ, կաʹմ Ժերար Դէպարդիէն: Ընդհանրապէս ֆիլմում լինելու են ցեղասպանութեան ահաւոր պատկերներ, որոնց հետեւանքով է գլխաւոր հերոսը` Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դէպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ յայտնւում է Վարդապետը: Կարեւոր, առանցքային  կերպար է նաեւ կլինիկայի բժիշկը, որին մարմնաւորելու է Ալէն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաեւ հրեայ շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մօտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտութիւնը գրելու է Տիգրան Մանսուրեանը, սաունդթրեքը` Սերժ Թանկեանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կը լինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բիւջեն կազմելու է 17 մլն դոլար:
Ես  շատ  ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզօրն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարաւորութիւնները:

- Ինչպէ՞ս էք ներկայացնելու մեր հանճարին: Տարածուած ու կարծրացած համոզմունք կայ, որ Կոմիտասը խելագարուել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքնէր են հնչում, թէ Կոմիտասը յանիրաւի է յայտնուել հոգեբուժարանում, ու մահուան պատճառն ամենեւին մտագարութիւնը չի եղել:
- Եկէք Երեւանի փողոցներում հարցում անցկացնենք` ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնուազն 95 տոկոսը կը պատասխանի` խելագարուել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմութիւն կայ թաքնուած այդ լեգենդի հետեւում` իրական պատմութիւն: Պարզապէս սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպէս հարցը փակուած համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործութեան զոհ է. նրան խաբէութեամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրաւիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկէք մտնենք հիւանդանոց` առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլեւս չեն հանել այնտեղից:

- Դուք մանրամասն ուսումնասիրե՞լ էք փաստերն ու պատմութիւնը: Ո՞ւմ էր վնասելու Կոմիտասն իր ներկայութեամբ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու նա մաքրամաքուր մտաւորականի, ազնիւ արուեստագէտի իր նկարագրով:
-Մտաւորական, արուեստագէտ լինելուց բացի, Կոմիտասը նաեւ մեծ հեղինակութիւն էր: Նա ժամանակի հայ օլիգարխների մութ ու յանցաւոր կեանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթէ նա բարձրաձայնէր այդ ամէնի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետեւ խօսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եւրոպայում` հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու: Կոմիտասը շատ ծանր ապրումներ է ունեցել Եղեռնից յետոյ, բայց խելագարութեան չի հասել: Իւրաքանչիւր նորմալ մարդ նման դեպրեսիա կ'ապրէր:  Ցեղասպանութիւնն ուղղակի պատճառ էր, որպէսզի  յայտարարուէր, թէ Կոմիտասն այդ զարհուրելի պատկերներից խելագարուել է, իսկ ֆրանսիացի մասնագէտները  ջանում են բուժել հայ հանճարին: Բայց չկարողացան բուժել, ու նա մահացաւ: Իրականում Կոմիտասը մահացել է ոտքի փտախտից: Այդ կլինիկայում փայտէ կօշիկնէր էին հագցնում հիւանդներին. ոտնամանը յարել է Վարդապետի ոտքը. վէրքը բորբոքուել է ու մահուան պատճառ դարձել:

- Եթէ այդ պատմութիւնն էկրան բարձրանայ, դժուար չէ կռահել, թէ ինչ արձագանք կ'առաջացնի հանրութեան կողմից: Որոշ մարդիկ հետաքրքրուել են եւ յայտնաբերել, որ Կոմիտասի նկատմամբ ժամանակին դաւեր են նիւթուել,  ապացուցել են, որ նա հոգեկան հիւանդութիւն չի ունեցել, բայց մօտ 20 տարի պահուել է հոգեբուժարանում: Բայց այդ փաստերը չեն հանրայնացուել ու տարածուել:
- Ֆիլմում ամէն ինչ բացայայտ կը ցուցադրուի: Որեւէ բան թաքցնելու իմաստ չկայ: Մարդկանց պէտք է ճշմարտութիւնը յայտնել: Ես վերջին 6 տարիներին մանրամասն ուսումնասիրել եմ ամբողջ պատմութիւնը, 11 անգամ եղել եմ Փարիզի կլինիկայում, խօսել տարբեր մասնագէտների հետ: Խորհրդակցել եմ Տիգրան Մանսուրեանի հետ, որն իր մարմնի ու հոգու ամէն բջիջով զգում ու ապրում է Կոմիտասով, Արթուր Մեսչեանին եմ հանդիպել, որը խորութեամբ է ուսումնասիրել Կոմիտասի կեանքն ու ստեղծագործութիւնը: Թող աշխարհն իմանայ, թէ ինչ հանճար ունենք մենք, որի առջեւ խոնարհուել են Դեբիւսին ու Գնեսինը:

- Հոգեբուժարանը, փաստօրէն, գործողութիւնների հիմնական վայրն է եւ առանցքային նշանակութիւն ունի ֆիլմում:- Այո, պէտք է պատկերացնել  պարզապէս, թէ որքան է տանջուել Կոմիտասը հոգեբուժարանի պատերի  ներսում: Կոմիտասի մասին յօրինուած լեգենդից այն կողմ Ցեղասպանութեան ողբերգութիւնը շարունակուել է: Առողջ մարդն այդ բանտից դուրս գալու հնարաւորութիւն չունի, բայց համակերպուել իրավիճակի հետ չի կարող: Հոգեբուժարանում ցոյց ենք տալիս նաեւ հրեայ շախմատիստ Շպիլմախերի կեանքի դիպուածները: Հոգեբոյժն աշխարհի շախմատի չեմպիոն Ալեոխինին ծանօթացնում է Շպիլմախերի հետ ու յորդորում, որ նրա հետ շախմատ  խաղա: Բժիշկը վստահ էր, որ եթէ Շպիլմախերի աստղային հիւանդութիւնը կոտրուի (իսկ նա անընդհատ պնդում էր, որ իրենից լաւ աշխարհում ոչ ոք շախմատ խաղալ չի կարող), հնարաւոր կը լինի բուժումն իրականացնել: Շպիլմախերն ասում է Ալեոխինին. «Ես քեզ 21-րդ քայլում կը յաղթեմ»: Ալեոխինը ծիծաղում է ու խաղում նրա հետ: Եւ իսկապէս, 21-րդ քայլում պարտւում է: Ալեոխինը  ռեւանշ  է  պահանջում:  Շպիլմախերն ասում է . «Ռեւանշ` մէկ պայմանով. եթէ ինձ ու ընկերոջս` Կոմիտասի համար էսկիմօ պաղպաղակ առնես»: Շպիլմախերը դարձեալ 21-րդ քայլում պարտութեան է մատնում Ալեոխինին: Բժիշկը հասկանում է, որ նրան մարդասիրական մեթոդներով բուժել հնարաւոր չէ:
Որոշ ժամանակ անց Կոմիսար Վերժեն ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում շախմատի մրցումների ժամանակ տեսնում է Շպիլմախերին: Քաղաքապետին ասում է. «Ի՞նչ իմաստ ունի այս մրցոյթն անցկացնել, երբ այստեղ չեմպիոն է նստած: Նա երկու անգամ իմ աչքի առաջ յաղթել է աշխարհի չեմպիոն Ալեոխինին»: Քաղաքապետը նրան վստահեցնում է, որ Շպիլմախերը սովորական խաղացող է: Կոմիսարն սկսում է խաղալ նրա հետ ու շատ հեշտութեամբ պարտութեան է մատնում: Նա ապշահար հարցնում է Շպիլմախերին. «Երբուանի՞ց ես այս քաղաքում, ո՞ւր է Կոմիտասը»: Շպիլմախերը պատասխանում է, որ ոչինչ ու ոչ ոքի չգիտի: Կոմիսարը գլխի է ընկնում, որ հոգեբուժարանում, ի վերջոյ,  «բուժել են» Շպիլմախերին: Իսկ ֆիլմի վերջում բժիշկն իր սենեակում նստած է. ռադիոյով հաղորդում են Հիտլերի ելոյթը. «Ո՞վ է այսօր յիշում 1,5 միլիոն կոտորուած հայերի մասին, վաղը ոչ ոք չի յիշի հրեաների մասին»:

- Դուք զուգահեռնե՞ր էք անցկացրել Հայոց եղեռնի ու Հոլոքոստի միջեւ:
- Մեր ֆիլմն ասում է` եթէ Հայոց ցեղասպանութիւնն իրականացնողները պատժուէին ու միջազգայնօրէն դատապարտուէին, Հոլոքոստը չէր լինի: Այս ֆիլմը պէտք է բոլորը դիտեն, ու դահլիճում պէտք է թուրքեր էլ լինեն:

- Նախատեսել էք ֆիլմի համաշխարհային պրեմիերանե՞ր:
- Ի հարկէ, կինովարձոյթ, կինոթատրոննէր, փառատօներ. ամէն տեղ պէտք է ցուցադրուի այն: Վեց երկիր է մասնակցում ֆիլմի ստեղծմանը` Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա եւ Իսրայէլ:

 -Ճապոնիա՞:

- Այո, Ճապոնիան մեծապէս հետաքրքրուած է այս նախագծով: Ընդհանրապէս այդ երկիրը պատմական իրողութիւնների, յատկապէս ցեղասպանութիւնների մասին նախագծերին յաճախ է նախապատուութիւն տալիս:

- Իսկ Հայաստանի՞ մասնակցութիւնը:
- Տիգրան Մանսուրեան. այս անունը բաւական  չէ՞ միթէ: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցութեանը, դեռ յստակեցուած չէ:

Ֆիլմի պրոդիւսերի` Վալերի Սահարեանի մեծագոյն ցանկութիւնն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը ջանացել է  սպանել, ոչնչացնել: Այդ գենի զօրութիւնն իր ծնած հանճարների մէջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կեանքով ու վախճանով ստեղծուելու է մի ամբողջ ժողովրդի հաւաքական կերպարը:

«Կինոաշխարհ», Սեպտեմբեր 28, 2014






No comments:

Post a Comment