9.3.15

Բագրատ Էսդուքեան. «Թուրքիան կը շահագործի, յետոյ թաշկինակի նման կը շպրտի հայերին»



Պոլսոյ «Ակօս» թերթի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուքեանը «Սիվիլնեթ»ի խմբագիրներէն Ալին Օզինեանի հետ զրոյցի մը ընթացքին, խօսած է Պոլսոյ հայոց պատրիարքի ընտրութեան համար Թուրքիոյ հայ համայնքի պայքարին մասին:
ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ.- Կարծէք թէ վերջերս պատրիարքի ընտրութիւնների հարցում հայ համայնքում տեղի են ունենում նոր իրադարձութիւններ: Կը պատմէ՞ք մեզ այդ մասին:
ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒՔԵԱՆ.- Այո, ճիշդ էք: Նոր իրադարձութիւններ կան, իրադարձութիւններ, որոնք մերթ ընդ մերթ ակտիւանում են, յետոյ՝ աչքաթող արւում: Այս պահին այդ գործընթացը բարձիթողի վիճակում է: Առաջնորդ ասելով մենք պատրիարք ենք հասկանում, որովհետեւ Թուրքիայի օրէնքների համաձայն մենք կրօնական համայնք ենք: Դա այդպէս էր Օսմանեան կայսրութեան օրերից: Հետեւաբար պատրիարքը ներկայանում է որպէս ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչ: 1863 թուականից սկսած ժողովուրդը պատրիարք է անուանում նրան, ով ընտրւում է ժողովրդի ձայներով: Իսկ վերջին ութ տարին ժողովուրդը զրկուել է այդ իրաւունքից: Խնդիրը հետեւեալն է. ժողովրդի կողմից ընտրուած այդ անձը կայ՝ Մեսրոպ Բ. պատրիարքն է: Սակայն նա ի վիճակի չէ իր պաշտօնը զբաղեցնելու, քանի որ անբուժելի հիւանդութեամբ է տառապում: Բժիշկներն արդէն յայտարարել էին, որ այս հիւանդութիւնն անբուժելի է: Այս ամէնից յետոյ մենք ստիպուած էինք գոհանալ նրա փոխարէն նշանակուած փոխանորդով: Նոյնիսկ համարձակութիւն ունեմ ասելու, որ այս փոխանորդը նշանակուել է հէնց թուրքական պետութեան կողմից: Երբ նոր պատրիարքի ընտրութեան հարցով դիմում ներկայացուեց՝ պետութիւնը մերժեց այն՝ պատճառաբանելով, որ պատրիարքը դեռ ողջ է, եւ նրանք չեն կարող երկու հոգու պատրիարք ճանաչել: Պետութիւնն ասաց՝ քանի պատրիարքը ողջ է, պէտք է նրա փոխանորդը վարի համայնքի գործերը: Սա էր պետութեան թելադրանքը:

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ.- Այս որոշումը տալուց առաջ պետութիւնը տեղեակ չէ՞ր բժիշկների ներկայացրած տեղեկանքից, որ Մեսրոպ պատրիարքն ի վիճակի չէ պաշտօնավարելու:
ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒՔԵԱՆ.- Պետութիւնն առաջին օրից էլ տեղեակ էր, հաւանաբար իմ տեղեակ լինելուց առաջ էլ տեղեակ էր: Սակայն պետութեան խնդիրը իմանալու կամ չիմանալու խնդիր չէ, այլ իր հաշիւներին համապատասխան շարժելու խնդիր: Այդ պատճառով պետութիւնը կարող է ձեւացնել, որ չգիտի: Այդ ժամանակ թելադրեցին, որ պատրիարքարանի կրօնական ժողովը պէտք է մէկին ընտրի որպէս փոխանորդ: Արդէն յստակ էր, թէ կրօնական ժողովը ում կարող է ընտրել: Հետեւաբար՝ կարող եմ ասել, որ սա նշանակում էր պետութեան կողմից: Պետութիւնը նրանց ցոյց տուեց, թէ ինչպէս անել այդ ամէնը: Իսկ մեր կրօնական ժողովի անդամները, մի քանի քահանայ ու մի քանի եպիսկոպոս, որոշեցին Արամ եպիսկոպոս Աթէշեանին պատրիարքական փոխանորդ նշանակել: Արամ Սրբազանն էլ այդ պաշտօնն ստանձնեց ու իրենց թուաց, թէ ամէն ինչ կարգին է: Սակայն անհանգստութիւնը շարունակուեց ու ի վերջոյ արծարծուեց գրեթէ ամբողջ ստամբուլահայութիւնը ներկայացնող VADIP-ում (Հայկական Հիմնադրամների Միասնութեան Հարթակ): Վերջինը մեր բոլոր թաղային խորհուրդների եւ խնամակալ կառոյցների միութիւնն է: Այս հարթակը մի քանի ամիս առաջ որոշեց, որ անհրաժեշտ է նոր պատրիարքի ընտրութիւն կատարել: Այսպիսով նրանք միասնական կամք դրսեւորեցին ու այդ մասին որոշումը պաշտօնական պատուիրակութեամբ փոխանցեցին պատրիարքարանին:

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ.- Ի՞նչ զարգացումներ գրանցեցիք այդ քայլից յետոյ:
ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒՔԵԱՆ.- VADIP-ի ներկայացուցիչները պահանջեցին, որ շուտով նոր պատրիարքի ընտրութիւններ կատարուեն: Պատրիարքական փոխանորդն էլ յայտնեց, թէ համակարծիք է, ու արդէն այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւում: Այդ օրից սկսած ոչ մի բացատրութիւն կամ պաշտօնական յայտարարութիւն չի արուել: Չի ասուել, թէ ովքեր են լինելու թեկնածուները: Երբ երեք տարի առաջ նման փորձ էր արուել՝ երեք թեկնածու էր յայտնուել: Իրականում Հայ Առաքելական Եկեղեցում այդ պաշտօնը զբաղեցնելու պայմաններին համապատասխանող եպիսկոպոսների թիւն այդքան էլ մեծ չէ: Ամբողջ աշխարհում հազիւ 6-7 անուն կարող ենք թուարկել: Նախապէս նրանցից մի քանիսը հրաժարուել էին թեկնածու լինելուց, եւ միայն երեքն էին ընդունել: Սակայն այդպէս էլ ընտրութիւնները չկայացան: Եթէ այդ ընտրութիւնները դարձեալ օրակարգ մտնեն՝ այդ երեքը կը պահե՞ն իրենց թեկնածութիւնը: Նախապէս թեկնածութիւնից հրաժարուողներից հիմա կրկին առաջադրուողներ կը լինե՞ն: Պատասխան չունենք:

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ.- Եթէ ընտրութիւնները տեղի ունենան՝ ընտրուած պատրիարքը պէ՞տք է վաւերացուի թուրքական պետութեան կողմից: Կա՞յ նման պայման:
ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆ.- Կայ, բայց չկայ: Այսինքն՝ օրինաւոր վաւերացման խնդիր չկայ, սակայն գործնականում Նախարարների Խորհուրդը նրան թոյլ է տալիս շուրջառով փողոց դուրս գալ, քանի որ Թուրքիայի օրէնքներով բոլոր տեսակի կրօնական տարազներն արգելուած են հասարակական տարածքներում: Դա արտօնուած չէ թէ՛ քրիստոնեայ, թէ՛ հրեայ, թէ՛ իսլամ կղերականներին: Բացառութիւն է արւում միայն պատրիարքների համար եւ միայն Նախարարների Խորհրդի որոշմամբ: Սա արդէն նշանակում է վաւերացում: Այլապէս, վաւերացման համար ուրիշ օրինական ձեւ գոյութիւն չունի: Հայ ժողովուրդը կատարում է իր ընտրութիւնն ու վերջ: Իսկ եթէ Նախարարների Խորհուրդը նրան չտայ շուրջառով փողոց դուրս գալու թոյլտուութիւն՝ նշանակում է, որ պետութիւնը համակարծիք չէ հայկական համայնքի հետ, սակայն նման դէպք ոչ մի անգամ չի եղել հանրապետութեան պատմութեան մէջ:

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ.- Իսկ եթէ պատրիարքարանը պատասխան չտայ VADIP-ի (Հայկական Հիմնադրամների Միասնութեան Հարթակ) բարձրացրած պահանջներին՝ ի՞նչ այլ միջոցների կարող էք դիմել:
ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆ.- Պէտք է խոստովանել, որ շատ միջոցներ չունենք, սակայն ունենք ակնկալիքներ: Մենք ակնկալիքներ ունենք Ամենայն Հայոց Կաթողիկոսից: Մեր եկեղեցին ունի չորս նուիրապետական աթոռ, սակայն բոլորն էլ ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերիշխանութիւնը: Պոլսահայութիւնը միշտ յարգել է այդ գերիշխանութիւնը, այսօր էլ յարգում է: Հետեւաբար՝ մենք ակնկալում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյնպէս իր դերակատարութիւնը կ՛ունենայ այս խնդիրը ի նպաստ ժողովրդի լուծելու գործում: Ներկայ իրավիճակից, ի հարկէ, օգտուողներ կան: Գուցէ մամուլի մի մասն էլ այս վիճակից դժգոհ չէ, այդ պատճառով էլ այս հարցում յաճախ իմ աշխատակցած թերթը մենակ է մնում, եւ նոյնիսկ ժողովրդի մի մասի կողմից դիտւում որպէս խոչընդոտ ստեղծող: Սակայն խոչընդոտ ստեղծողները մենք չենք, այլ խնդիրներն անտեսողները: Բացի մամուլից՝ կան նաեւ զանազան հաստատութիւններ, որոնք գոհ են այս ընթացքից:

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ.- Այսինքն՝ նրանց համար ուրախալի՞ է այն փաստը, որ այս պահին պատրիարքարանի առաջնորդը լաւ կապեր ունի թուրքական իշխանութիւնների հետ:
ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒՔԵԱՆ.- Ինձ համար սա շատ վիճելի է: Ես բնաւ վստահ չեմ, որ նա լաւ կապեր ունի թուրքական իշխանութիւնների հետ: Սա խաբկանք է: Թուրքիայի պետական իշխանութիւնները երբեք լաւ կապեր չեն ունեցել մեզ հետ: Սակայն ուզում եմ յիշել վերջերս թուրքական «Զաման» թերթում ձեր գրած յօդուածը, որտեղ պատմում էք, թէ որն է «նախընտրելի հայ քաղաքացին», որ դա միայն շահագործուելու ունակ տիպարն է, ում պետութիւնը կը շահագործի եւ յետոյ թաշկինակի նման կը շպրտի: Հետեւաբար՝ ես չեմ կարող ասել, որ այս պատրիարքական փոխանորդը լաւ կապեր ունի պետութեան հետ: Նա բաւական հաւատարիմ է իշխող կուսակցութեանը, իշխող վարչակազմին, դրա ներկայացուցիչներին, նախագահին, բայց դժուար է ասել, թէ այդ համակրանքը փոխադարձ է: Միգուցէ նրանց համար նա այսօր ընդամէնը նախընտրելի մի կերպար է: Այդքանը: Չենք կարող ասել, որ նրա շնորհիւ այսօր համայնքը լաւ կապեր ունի պետութեան հետ:

«Սիվիլնեթ», 5 Մարտ 2015 (civilnet.am)

No comments:

Post a Comment