4.5.15

Այսօր յիշենք նաեւ Սինէ Սէթոյին

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
«Ազգ»ի Ապրիլի 17-ի համարում տեղ է գտել պրոֆէսոր Սուրէն Դարբինեանի «Մի ֆիլմի անյայտ ճակատագիրը» նիւթը, որտեղ հեղինակը պատմում է, որ 1968-ին Վիկտոր Համբարձումեանի նախաձեռնութեամբ Պատմութեան թանգարանում ներկայ է եղել մի կինոդիտման: «Ֆիլմերը, որոնք պէտք է դիտուէին, արտասահմանից բերել էր մի անձնաւորութիւն, ում անունն ու ազգանունը, ցաւօք, չեմ յիշում: Թանգարանում ցուցադրուեցին զօրավար Անդրանիկի՝ Փարիզի գերեզմանատանը թաղման արարողութիւնը նկարագրող վաւերագրական ֆիլմը եւ «1915 թ. Հայոց ցեղասպանութիւն» ամերիկեան արտադրութեան գեղարուեստական, համր ֆիլմը, որն այդ ժամանակ Թուրքիայի պահանջով աշխարհում արգելուած էր ցուցադրել», նշուած է յօդուածում:
Պրոֆ. Դարբինեանի նշած անձնաւորութիւնը եղել է մեր կինոյի շրջանակներում ծանօթ օպերատոր Երուանդ Սէթեանը (1907-1997), յայտնի նաեւ որպէս Սինէ Սէթօ: 1988-ին վաւերագրող Արա Մնացականեանը նկարահանել է «Երուանդ Սէթեան. 82 գարուն» տաս րոպէանոց փաստագրութիւնը, իսկ անցած տարիներին մեր մամուլում եղել են նրա մասին հատուկենտ հրապարակումներ: «Սովետական Հայաստան» ամսագրում 1988-ին նրա մասին մեծ յօդուածով հանդէս է եկել Գէորգ Միրզոյեանը, իսկ «ֆիլմէ թերթում երկու անգամ նրան անդրադարձել է խմբագիրը՝ Ռոբերտ Մաթոսեանը: Վերջինս վկայեց, որ 1969-ին Սէթեանը յատուկ «Ֆիլմ» թերթի խմբագրութեան աշխատակիցների համար, Տէրեան փողոցի հին «Հայֆիլմ»ի դահլիճում, ուշ գիշերով նոյնպէս ցուցադրել է վերոնշեալ ֆիլմը, իսկ իրեն՝ Սէթեանին, յիշեց որպէս «փոքրամարմին, ինքնամփոփ, ծայրաստիճան համեստ մի մարդու»:
Երուանդ Սէթեանը ծնուել է Ադաբազարում (հայկական անունով՝ Տօնիկաշէն), 1907-ի Ապրիլի 15-ին: Մեծ Եղեռնի հետեւանքով փախստական է դարձել եւ հանգրուանել Մարսելում: Այստեղ սովորել է կօշկակարութիւն: 1925 թուականի ամրանը 18-ամեայ Երուանդի կեանքում տեղի է ունեցել մի իրադարձութիւն, որը փոխել է նրա կեանքը: Մարսէլում լուր է տարածուել, որ մի կինոթատրոնում ցուցադրուելու է հայոց կոտորածները պատկերող կինոնկար: Երուանդին յաջողուել է թափանցել կինոդահլիճ, որովհետեւ հայ թէ օտարազգի հանդիսատեսը մեծ ցանկութիւն է ունեցել դիտել այն: «Ինձ վրէժի տենդ պատեց, յետագայում յիշել է Սէթեանը: Վճռական որոշեցի, որ անպայման կինոյի օպերատոր եմ դառնալու»: Նախ սկսել է լուսանկարչութիւնից, ապա արտաժամեայ աշխատանքի շնորհիւ կարողացել է դրամ հաւաքել եւ ձեռք բերել այնքան երազած կինոխցիկը: 1931-ի Հոկտեմբերի 25-ը երջանիկ օր է եղել Երուանդ Սէթեանի համար. նա նկարահանել է Մարսէլի Սահակ-Մեսրոպ Թարգմանչաց Մայր եկեղեցու օծման արարողութիւնը: Այնուհետեւ մտերիմների կողմից Սինէ Սէթօ անուանուած Երուանդը, որպէս սիրող օպերատոր, կինոժապաւէնին է դրոշմել իրադարձութիւններ ֆրանսահայութեան կեանքից՝ «Հայ գիտուններու դէմքեր», ազգային գործիչ Միքայէլ Վարանդեանի յուղարկաւորութիւնը (1934) եւ «Ներգաղթը», որ ներկայացնում է 1935-ին Մարսէլից «Սինեյա» շոգենաւի մեկնումը, որով Հայաստան են վերադարձել 1800 հայեր՝ իրենց հետ տանելով նաեւ Կոմիտասի աճիւնը: Ըստ փարիզահայ «Յառաջ» թերթի (1937, Փետրուարի 27) Սէթեանը նկարահանել է նաեւ (հաւանաբար որպէս օպերատոր) «Գնչուն կամ Աւազակապետը» արկածախնդրական դրաման «ընդդէմ բռնկալութեան եւ անարդարութեան, դերակատարութէամբ երկու նշանաւոր դերասաններու» (այս ֆիլմի մասին լրացուցիչ ինֆորմացիա չենք գտել): 1945-ին Սէթեանը նկարահանել է Փարիզի Պէր Լաշէզ գերեզմանատանը զօրավար Անդրանիկի յուշարձանի բացումը. ֆիլմում երեւում է նաեւ մեծավաստակ բանասէր, գրող եւ թարգմանիչ Արշակ Չոպանեանը...
Սէթեանի համար իրադարձային է եղել նաեւ այցը Վիեննա, որտեղ Մխիթարեան միաբանները նրան են նուիրել գերմանացի մի զինուորականից ձեռք բերուած Հայաստանի պատմութեան եւ ճարտարապետութեան վերաբերեալ հազուագիւտ վաւերագրեր, որոնք յետոյ օգտագործել է «Հայկական յիշատակարանը» ֆիլմում: Նկարահանել է նաեւ «Ֆաշիզմի դէմ Ֆրանսիայի Դիմադրական շարժման հերոս հայազգի Նշան Տէր-Մարտիրոսեանի յուղարկաւորութիւնը»:
Այո, մեր ժողովուրդը Երուանդ Սէթեանին է պարտական 1930-1940-ական թուականների ֆրանսահայ կեանքի որոշ իրադարձութիւնների վաւերագրման համար: Սակայն առաւելապէս պէտք է յիշել, որ նրա մոնտաժած ֆիլմի շնորհիւ է պահպանուել վերջերս յաճախ հոլովուող 1918-ին ԱՄՆ-ում նկարահանուած եւ յետագայում արգելուած ու մեծ մասամբ ոչնչացուած «Յօշոտուած Հայաստան» («Հոգիների աճուրդը») կինոնկարից փրկուած մօտ 20 րոպէ կինոնիւթը...
1938 թուականի Փետրուարին Սէթեանը մասնակցել է Փարիզի ամենամեայ կինոֆոտոյի ցուցահանդէսին: Այցելելով Ժորժ Միլլերի ֆիրման՝ վերջինից իմացել է, որ նրա մօտ կայ մի կինոնկար հայոց եղեռնի մասին: Ծանօթանալով ֆիլմին՝ Սէթեանը էկրանին տեսել է այն, ինչը որ ժամանակին դիտել էր Մարսէլի կինոթատրոնում: Չնայած պահանջուած մեծ գումարին՝ Սէթեանը Փարիզի իր ծանօթներից հայթայթել է անհրաժեշտ դրամը եւ գնել է ժապաւէնը: Ֆիլմի ցուցադրման արտօնագիր չունենալու պատճառով Ժորժ Միլլէրը նրան խորհուրդ է տուել ժապաւէնը 35 միլիմետրից փոխել 16-ի, նոր վերնագիր դնել եւ որոշ փոփոխութիւններ կատարել ֆիլմի կառուցուածքում: Սէթեանը ֆիլմի համար ստացել է մի վկայագիր, ըստ որի այն անգլիական «Բլաք քաթ ֆիլմզ» ընկերութեան արտադրութեան «Մի ժողովրդի մարտիրոսութիւնը» ժապաւէնն է: Ֆիլմի ենթավերնագիրը եղել է «Պատմութեան մեծագոյն ողբերգութիւնը», իսկ սինոպսիսը վկայել է հետեւեալը. «Ֆիլմը պատրաստուած է հարիւր հազար հայ աղջիկների ողբերգութիւնից փրկուած Էլիզա Գրայտերեանի, հայր Ռուբենի եւ անգլիացի դերկոմս Ջեյմս Բրայսի վաւերական փաստերի հիման վրայ»: Վկայագրում նշուած չեն ո՛չ ֆիլմի բեմադրիչի, ո՛չ գլխաւոր դերակատարուհու անունները: Այս միստիֆիկացիան կատարուել է ինչպէս հեղինակային իրաւունքի հետ խնդիրներ չունենալու, այնպէս էլ այն պատճառով, որ ֆիլմի ցուցադրութիւնն արգելուած է եղել: Սէթեանն ինքն էլ չի իմացել, որ իրականում կինոնկարը նկարահանուել է 1918-ին, ԱՄՆ-ում, Օսքար Ափֆելի կողմից եւ որ գլխաւոր դերակատարուհին եղել է եղեռնից փրկուած Արշալոյս (Աւրորա, Օրօր) Մարտիկանեանը: 1947 թ. Երուանդ Սէթեանը պահպանուած դրուագները մոնտաժել է պատերազմական տարիների այլ ժապաւէնների հետ եւ ստեղծել մի նոր շարժապատկերՙ «Դեր Զօր» վերնագրով:
1947-ին հայրենադարձուելով Հայաստան՝ Սէթեանն իր հետ բերել է ֆիլմը, որը սակայն Բաթումի նաւահանգստում բռնագրաւուել է ՊԱԿ-ի կողմից (մէկ այլ վարկածի համաձայն՝ ջրասոյզ է եղել): Ֆիլմի հոլովակներից Սէթեանի մօտ մնացել է միայն երկուսը, որից մէկն էլ փչացել է Երեւանում՝ Գետառի վարարումների պատճառով: Կարծես Թութանհամոնի անէծքը լինի այս ֆիլմի վրայ... Սէթեանի բերած տեսանիւթը, բաղկացած երկու մասից, այսօր պահւում է Երեւանի կինոֆօտոֆոնոարխիւում: Այն պատկերում է հայ զինուորականների կողմից իրենց իսկ գերեզմանները փորելու տեսարաններ, քահանայի սպանութիւն, գնդակահարուող ընտանիքներ, բռնաբարութիւն եւ վերջում՝ խաչուող դեռատի աղջնակի տառապալից դէմք: Սոյն ժապաւէնից որոշ դրուագներ Արտաւազդ Փելեշեանն օգտագործել է իր «Մենք» կինոֆիլմում, դրանք բազմիցս ընդգրկուել են նաեւ Մեծ Եղեռնին նուիրուած հեռուստահաղորդումներում եւ վաւերագրական ֆիլմերում:
Երուանդ Սէթեանը երեսուն տարի աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, համակցուած նկարահանումների արտադրամասում: Որպէս համակցուած նկարահանումների օպերատոր՝ նրա անունը յիշւում է Գրիգոր Մելիք-Աւագեանի «Լուսաբացից առաջ» (1961) եւ «Երգում է Գոհար Գասպարեանը» (1963), Ստեփան Կեւորկովի «Ճանապարհ» (1961), Մոկօ Յակոբեանի «Ջրերը բարձրանում են» (1962) խաղարկային ֆիլմերում: Եղել է նաեւ Արման Մանարեանի «Բիւրականի աստղադիտարանը» վաւերագրական ֆիլմի օպերատորը (1965) եւ Վալենտին Պոդպոմոգովի «Մի կաթիլ մեղրը» (1968) ու Ստեփան Անդրանիկեանի «Արեւի հարսնացուն» (1971) մուլտիպլիկացիոն կինոնկարների բեմադրող օպերատորը: Ապրել է Նոր Արէշում՝ կնոջ եւ երկու դուստրերի հետ: Կեանքի վերջին տարիներին զբաղուել է թեմատիկ լուսանկարչական ալբոմների ստեղծմամբ: Վերջին անգամ 1994-ին նրան հանդիպել է «Հոգիների աճուրդ»ի անխոնջ պրպտող արգենտինահայ Էդուարդօ Գոզանլեանը եւ «Սինէ Սէթոյի աչքերը» յօդուածով հանդէս եկել Բուէնոս Այրէսի «Արմենիա» իսպաներէն թերթում (1998, Հոկտեմբերի 14): «Կարծում եմ, որ Ստամբուլի կառավարութիւնը վճարել է կինօ արտադրող ընկերութեանը, որպէսզի այրեն բոլոր ժապաւէնները: Իմ հոլովակները միակն են աշխարհում: Միայն այս դրուագն է պահպանուել», ասել է Սէթեանը հարցազրոյցի ընթացքում: Առաջին անգամ Գոզանլեանն է ճշդել եւ գրել, որ Սէթեանի շնորհիւ պահպանուած դրուագներն իսկապէս «Յօշոտուած Հայաստան» ֆիլմից են, մինչդեռ Սէթեանին մինչեւ կեանքի վերջ (մահացել է 1997-ի Յունուարի 26-ին) անյայտ է մնացել իր փրկած ֆիլմի իսկական ինքնութիւնը:
Այսօր, ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին, հարկ է, որ մեր ժողովուրդն իր յարգանքի տուրքը մատուցի նաեւ Սփիւռքում կինոգործի ռահուիրաներից Երուանդ Սէթեան-Սինէ Սէթոյին, որի անձնուիրութեան եւ խիզախութեան շնորհիւ մեզ է հասել մի մասունք լեգենդ դարձած «Յօշոտուած Հայաստան» ֆիլմից։

«Ազգ», 24 Ապրիլ 2015

No comments:

Post a Comment