17.1.16

Ադրբեջանը՝ պայթելու եզրին

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ  

Իլհամ Ալիեւի ռեժիմն Ադրբեջանում ծանր ժամանակներ է ապրում: Օղակն օր օրի սեղմւում է բոլոր կողմերից՝ ռեժիմին գցելով ցայտնոտի մէջ:
Ալիեւը տապալել է ԼՂ եւ յարակից շրջաննները դիւանագիտական ու ռազմական ճանապարհով վերադարձնելու խոստումները: Բանակցային գործընթացում նախապատուութիւնը տուեց շանտաժային դիւանագիտութեանը, արդիւնքում՝ ինքն իրեն գցեց քաղաքական փակուղու մէջ: Ալիեւը փաստացի հասաւ նրան, որ հիմա Բաքուն է ընկալւում բանակցային գործընթացի տապալման պատասխանատուն՝ դիրքային առաւելութիւն ապահովելով Հայաստանի համար: Նա ձախողեց նաեւ շփման գծում ռազմական սադրիչ գործողութիւնների միջոցով կողմերի միջեւ ստատուս քուոն փոխելու, մարտավարական ու հոգեբանական առաւելութեան հասնելու պլանը, որը շանտաժային քաղաքականութեան հիմնական բաղադրիչն ու շարժիչ ուժն էր:

Բաքուն հիմա խնդիրներ ունի իր բոլոր ցամաքային հարեւանների հետ: Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումը եւ նրա՝ համաշխարհային էներգետիկ ու քաղաքական մեծ թատերաբեմ վերադառնալու հեռանկարը հարուածում են Ադրբեջանի շահերին: Իրանը յաւակնում է գրաւել եւրոպական էներգետիկ շուկան, որի հետ մեծ յոյսեր են կապում Ադրբեջանում, յաւակնում է մեծացնել քաղաքական ներկայութիւնը հարաւկովկասեան տարածաշրջանում՝ հակակշռելով ադրբեջանա-թուրքական տանդեմի եւ Ռուսաստանի ազդեցութեանը: Թեհրանը նախորդ տարեվերջին գրեթէ բացայայտ արտայայտեց Ադրբեջանի իսլամականացման հարցում իր շահագրգռութիւնը, երբ պաշտպանեց Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հալածանքների ենթարկուող Նարդարանին եւ իսլամիստներին: Իրանի քաղաքական ակտիւացումը տարօրինակ կերպով զուգահեռւում է Ադրբեջանում իսլամիստների, իրանական ծագմամբ էթնիկ միաւորների եւ, առհասարակ, ազգային փոքրամասնութիւնների կենտրոնախոյս տրամադրութիւնների աճին:
Ադրբեջանը յայտուել է ռուս-թուրքական հակամարտութեան թակարդում՝ զրկուելով մեծ մանեւրների հնարաւորութիւններից: Չկարողանալով կողմնորոշուել Անկարայի եւ Մոսկուայի միջեւ՝ Բաքուն յայտնուել է թէ՛ Ռուսաստանի եւ թէ Թուրքիայի վստահութիւնը կորցնելու վտանգի առջեւ՝ դրանից խուսափելու լաւագոյն տարբերակը համարելով գերպասիւ եւ սպասողական դիրք որդեգրելը:
Թէ՛ ռուս-թուրքական այս հակամարտութիւնը, թէ՛ սիրիական ճգնաժամը, թէ՛, յատկապէս, քրդական քաղաքացիա-պարտիզանական պատերազմի մէջ Անկարայի փաստացի թաղուելն  անորոշ ժամանակով Ալիեւին զրկում են «մեծ եղբօր» աջակցութիւնից՝ նրան մենակ թողնելով ահագնացող մարտահրաւէրների դէմ: Եթէ դրան էլ աւելացնում ենք Վրաստանի՝ իր գազասպառման շուկայում ադրբեջանական SOCAR-ի մասնաբաժինը նուազեցնելուն միտուած քայլերը, որոնք Բաքւում բնորոշուել են որպէս դաւաճանութիւն, նաեւ ԱՄՆի կողմից պատժամիջոցների ենթարկուելու վտանգը, Ադրբեջանի արտաքին մեկուսացման միտումները դառում են ամբողջական:
Դրան զուգահեռ՝ նաւթի գների անկումն ու ադրբեջանական մանաթի կտրուկ եւ տեւական արժէզրկումը երկիրը հասցրել են սոցիալական պայթիւնի շեմին, որն ակտիւօրէն սկսել են օգտագործել ընդդիմադիր ուժերը: Նախօրէին բախումներ են տեղի ունեցել իրաւապահների եւ սպառողական գների բարձրացման, դոլարի ու ապրանքների դեֆիցիտի պատճառով բողոքի ցոյցերի դուրս եկած զանգուածների միջեւ Սիազանի, Լենքորանի, Ֆիզուլու, Աղջաբադի, Աղսվինի շրջաններում: Պաշտօնական տուեալներով՝ ձերբակալուել է 50ից աւելի մարդ: Անկարգութիւնների եւ բողոքի ակցիաների հրահրման մէջ իշխանութիւնները մեղադրել են ընդդմադիր «Մուսաւաթ» կուսակցութեանը: Իշխանութիւնը չի կարողանում զսպել գների սպեկուլեատիւ բարձրացման գործընթացը, հարկերի հետ կապուած կայացնում են իրարամերժ որոշումներ՝ ակնյայտ դարձնելով, որ վարչակազմը կորցնում է վերահսկողութիւնը ողջ երկրի տարածքում, ինչը յղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Դժուար է ասել՝ որքանով այս պրոցեսները կը տանեն յեղափոխութեան: Մէկ բան ակնյայտ է՝ Ալիեւի վարչակազմի դիրքերը երկրի ներսում էականօրէն թուլացել են: Դիւանագիտական կորպուսում հակաիշխանական բեւեռի ձախողուած ձեւաւորումը, ազգային անվտանգութեան ծառայութեան եւ կապի նախարարութեան համակարգերում կատարուած զանգուածային ձերբակալութիւններն ու կադրային փոփոխութիւնները վկայեցին, որ Ալիեւի վարչակազմը լրջագոյն ճաքեր ունի նաեւ ներսից, եւ այդ ճաքերը կարող են ռեժիմին փլուզման տանել երկրի տնտեսական-սոցիալական վատթարացման, վարուող փակուղային ու անհեռատես արտաքին քաղաքականութիւնից առաջացած դժգոհութիւնների հողի վրայ: Այս իմաստով՝ Ադրբեջանում որքան մեծ է յեղափոխութեան, նոյնքան էլ յեղաշրջման հնարաւորութիւնը:
Թէ ինչ կարող է սա տալ Հայաստանին, դժուար է ասել: Ի հարկէ, շատ աւելի հեշտ է գործ ունենալ ներքին յենարաններից զրկուած եւ երերուն Ալիեւի հետ: Սակայն փորձը ցոյց է տալիս, որ իր եւ ռեժիմի անվտանգութեան սպառնալիքների խորացումը նա միշտ փորձում է չէզոքացնել սահմանային լարուածութիւնը մեծացնելու, պատերազմի վերսկսման պատրանք ստեղծելու միջոցով, ինչը ուղեկցւում է շփման գծում բախումներով ու ցաւալի զոհերով:
Միւս կողմից՝ դեռ պէտք է հասկանալ՝ արդեօք Ալիեւի հեռացումը լա՞ւ է հայկական հետաքրքրութիւնների տեսանկիւնից, թէ ոչ, որովհետեւ չի կարելի բացառել նրանից յետոյ շատ աւելի վտանգաւոր եւ անհաւասարակշիռ վարչակազմի ձեւաւորումը, որի հետ գուցէ շատ աւելի դժուար լինի գործ ունենալ: Գոնէ այս պահին տեսանելի չէ այն այլընտրանքային ուժը կամ լիդերը, որի շուրջ կարելի է ինչ որ հաշուարկներ կամ կանխատեսումներ կատարել: Սա, քաղաքականութեան վերանայման տեսանկիւնից, ի հարկէ, վատ է: Սակայն, միւս կողմից, որքան հաւասարաչափ թոյլ է ներքաղաքական ընդհանուր համակարգն Ադրբեջանում, այնքան իշխանութեան համար մղուելիք պայքարը լինելու է տեւական, այնքան աւելի մեծ է այդ երկրի՝ պերմանենտ ցնցումների դաշտում գտնուելու, դրա վրայ հսկայական ռեսուրսներ վատնելու հնարաւորութիւնը: Գործօն, որը պակաս դեր չի կատարել 90ականներին Ղարաբաղեան պատերազմում հայկական կողմի տարած յաղթանակում: Գուցէ պատմութիւնը կրկնուի՞…

«Ասպարէզ», 14 Յունուար 2016

No comments:

Post a Comment