28.2.16

Սա Երեւանը չէ

 ԾՈՎԻՆԱՐ ԼՈԳՄԱԿԷՕԶԵԱՆ

Յիշո՞ւմ էք արցախեան պատերազմի հերոս Լէոնիտ Ազգալտեանի խօսքերը. «Սա Հայաստան է եւ վերջ», որից յետոյ «Ազատագրական Բանակ»ի գլխաւոր հրամանատարը կռուեց արցախեան հողի համար ու զոհուեց։ Քանի-քանիսն իրենց կեանքը զոհաբերեցին եւ դեռ շարունակում են զոհաբերել Հայաստան-Արցախ հողի համար։ Բայց մի բան է կռուել արտաքին թշնամու դէմ եւ բոլորովին տարբեր է՝ պայքարել ներքին թշնամիների դէմ։ Այստեղ արիւն թափելն արգիլուած է... Երկրի ներսում երկու թշնամիներ են տիրում. անօրինութիւնն ու անպատժելիութիւնը։ Իշխանութեան ղեկը ստանձնած պաշտօնաւորները սպաննում են մեր քաղաքը, նշան բռնելով եւ գնդակահարելով շէնքերը, որոնք կառուցուել են 19-20 դդ., այսինքն մինչեւ իրենց պաշտօնավարումը։ Անում են դա գիշերով, եւ առաւօտեան երեւանցիները կանգնում եմ փաստի առաջ։ Առաջին անգամ չէ, որ բարձրաձայնել եմ սպանութեան փաստը։ Փողուորներին հրապուրում է յատկապէս մայրաքաղաքը եւ յատկապէս մայրաքաղաքի կենտրոնը, որից այն կողմ նրանց նկրտումները չեն տարածւում։ Եւ քանի որ ամբողջ Երեւանը անցեալում գրաւում էր միայն կեդրոնի տարածքը, ուրեմն սպաննւում է բուն Երեւանը։ Հին Երեւանը։ Դեռ անցեալ տարի էր, կարծեմ, քանդեցին Տէրեանի 11 հասցէում գտնուող Աֆրիկեանների շէնքը։ Իսկ այս տարի սկսեցին Արամի 30 հասցէում՝ Աբովեան-Արամ խաչմերուկում կանգնած շէնքի վերացմամբ։ Նոյնը եղաւ Աճառեանի անունը կրող դպրոցի հետ. մի գեղեցիկ առաւօտ երեւանցիները արթնացան, բայց այդ դպրոցը չարթնացաւ, որովհետեւ աղբի վերածուեց։ Շէնքի ճարտարապետը Նիկողայոս Բունիաթեանն էր, դպրոցը ներկայացնում էր իրենից պատմա-մշակութային արժէք, թէպէտ քանդողներին բոլորովին դա չի հետաքրքրում։ Կայ շինութիւն, որը նրանց խանգարում է եւ դա պէտք է քանդել, իսկ յետոյ թող հանրութիւնը որքան ուզում է զայրանայ եւ այդ շինութեան լուսանկարները տարածի համացանցում։ Երեւանցիները հազուագիւտ վամպիրների են վերածուել. սնւում են զայրոյթով։ Արամի 30 շէնքը քանդեցին մայթը լայնացնելու նպատակով։ Գիշերուայ պահին։ Իսկ ցերեկով լրագրողները շտապեցին քաղաքապետարան եւ աւագանու անդամները իրենց կարծիքը յայտնեցին. այդ շէնքը իրենից ոչ մի մշակութային արժէք չէր ներկայացնում, դա սարայ էր (մթերանոց), մայթը լայնացնել էր հարկաւոր եւ այդ հնոտին խանգարում էր։ Շէնքը օտարում են, յայտարարելով, որ նա պետական գերակայ շահի զոհ պիտի դառնայ։ Ի հարկէ, պետական պաշտօնեան անձնական շահ ունի, եթէ թոյլ է տալիս քանդած հին շէնքի տեղը կառուցել անդէմ ուրուական մի շէնք։ Ի՞նչ են ասում ճարտարապետները։
Կարօ Պալեան. «Այսօրուայ մեր ճարտարապետական մակարդակը այնքան ցածր է, որ Օպերայի շէնքն անգամ հսկաների մէջ ցածրացել է, ինչպէս օրինակ, Հանրապետութեան հրապարակը, որը նոյնպէս շրջապատուած է հսկաներով։ Գերիշխում է մէկը միւսին չհամապատասխանող շրջապատը»։
Սաշուր Կալաշեան. «Պատճառը որն է։ Պետական գերակայ շահ ունենք, բայց չունենք օրէնքի գերակայ շահ։ Ճարտարապետների դերը ընդամէնը խորհրդակցային է»։
Գուրգէն Մուշեղեան. «Երեք շահ կայպետական, հասարակական, անձնական։ Երեք գործօններ կան ապրելու համար՝ մէկը դա յուշն է, այն ժառանգութիւնը, որ մենք ստացել ենք. երկրորդը՝ առօրեայ կեանքն է, իսկ երրորդը՝ դա երազանքն է։ Չի կարելի քանդել յուշը»։
Բառեր, բառեր... ոչ ոք մտիկ չի անում ճարտարապետներին։ Ոչ ոք հաշուի չի առնում հանրութեան կարծիքը, տրամադրութիւնը, խոցուածութիւնը... դեռեւս խելքի չեկած Արամի 30 շէնքի առիթով, այս Կիրակի՝ Փետրուարի 21ին ահազանգեցին, որ քանդում են Ամիրեան 2 հասցէում գտնուող Իսահակեանի անուան գրադարանի շէնքը, որից մեր մէջ ասած մնացել էր միայն առաջնամասը։
Երբ Արեւմտեան Հայաստանը կորցրեց իր հայ բնակիչներին, ապա նրանց թողած ճարտարապետութիւնը քիչ էր, որպէսզի քաղաքները մնան հայկական, այսինքն քաղաքը ողջ է երկու գործօնների շնորհիւ. բնակիչների եւ նրանց ստեղծած միջավայրի։ Այսօր Արեւելեան Հայաստանը բնակեցուած է միայն հայերով, եւ իր իսկ իշխանաւորների ձեռամբ զրկւում է բուն միջավայրից։ Ցանկացած շէնք կարող է օտարուել, եթէ փողուորը ցանկանայ այդ տարածքում իր փողերը ներդնել՝ արդիական նոր կառոյց կանգնեցնելու համար, արդիւնքում օտարւում է ինքը բնակիչը, որն այլեւս չի գտնում ինքն իրեն այդ օտար միջավայրում։ Արդէն թիրախ են ընտրուել Պուշկինի փողոցի հին շէնքերը, որոնց մէջ առանձնանում է «Դոլմամա» էլիտար ռեստորանը, որը հիմնել է գործարար Ժիրայր Աւանեանը 1998ին եւ որը դարձել է Երեւանի այցեքարտը։ Մարդկանց հանում են Տէրեան 23, Տէրեան 25 շէնքերից, Լալայեան 37ից...
Նախկինում մէկ առ մէկ լուսանկարել էի Փաւստոս Բիւզանդ փողոցի հին շէնքերը, որոնց քարերը համարակալում էին, ինչպէս նաեւ համարակալեցին Արամի փողոցի Երեւան քաղաքը բնորոշող շէնքերը։ Ո՞ւր են տանում այդ քարերը։ Կայ «Հին Երեւան» նախագիծ, որի գլխաւոր ճարտարապետ Լեւոն Վարդանեանը հաւատում է, որ պիտի կառուցուի Հին Երեւանը շնորհիւ այդ համարակալած քարերի։ Փաստօրէն Երեւանը պիտի կրկին կառուցուի։ Միթէ՞ դա ծախսատար չէ։ Միթէ՞ հնարաւոր չէ նոր Երեւանը ուրիշ մի տարածքում կառուցել, ինչպէս դա արուեց Վահագնի թաղամասի պարագայում, որն իր տեղը գտաւ Աշտարակի ճանապարհին։ Ո՞ւր է ուրեմն մարդկային տրամաբանութիւնն ու խելքը, եթէ Հին Երեւանը տեղափոխում են փոխանակ նորը հէնց նոր տեղում դնեն։ Սակայն ինչպէս տեսնում ենք փողը, պաշտօնն ու խելքը մի տեղում չեն լինում։ Այդ է պատճառը, որ երեւանցին իրօք կարող է բացագանչել, որ Երեւանը արդէն Երեւան չի։
 
«Ակօս», 26 Փետրուար 2016

No comments:

Post a Comment