29.2.16

Լոյս է տեսել հայագէտ Արծուի Բախչինեանի «Հայերը համաշխարհային պարարուեստում» գիրքը

Վերջերս լոյս է տեսել գրող, հայագէտ Արծուի Բախչինեանի «Հայերը համաշխարհային պարարուեստում» գիրքը:
Գիրքը ներկայացնում է 19-րդ դարից մինչեւ մեր օրերը աշխարհի մօտ քառասուն երկրներում գործած եւ գործող 740-ից աւելի հայ եւ հայազգի պարող-պարուհիների, պարադիրների, պարուսոյցների եւ պարարուեստին առնչուող այլ մասնագիտութիւնների գործիչների:
Գրքի ստեղծման առիթով զրուցեցինք հեղինակի հետ:

 -Նախ եւ առաջ թոյլ տուէք շնորհաւորել այս հրաշալի առիթով։
-Շատ շնորհակալ եմ:

-Ինչպէ՞ս ծնուեց ձեր «Հայերը համաշխարհային պարարուեստում» գիրքը գրելու գաղափարը:
-Ինձ մշտապէս հետաքրքրել է, թէ մեր ժողովրդի զաւակները ի´նչ չափով եւ ի´նչ որակով են մասնակցութիւն ունեցել համաշխարհային քաղաքակրթութեանը, մասնաւորապէս՝ արուեստին (անկախ նրանից, թէ ո´րերորդ սերնդի ու քանի´ տոկոսանոց հայ են, ունեցել են հայկական ինքնութիւն, թէ ոչ)։ Եւ քանի որ արուեստի՝ ինձ ամենից հոգեհարազատ տեսակներն են կինոարուեստը եւ պարարուեստը (մասնաւորապէս՝ բեմական պարը), աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային կեանքում հայութեան մասնակցութեան վերաբերեալ իմ պրպտումներում ես յատուկ ուշադրութիւն եմ դարձրել ա´յդ բնագաւառների գործիչներին։ 2004 թուականին լոյս տեսաւ «Հայերը համաշխարհային կինոյում» գիրքս, իսկ հիմա էլ, ահա, նոյնի «հարազատ քոյրը»՝ «Հայերը համաշխարհային պարարուեստում», որի վրայ աշխատել եմ քսան տարուց աւելի։

-Խնդրեմ մի քանի խօսքով ներկայացրեք գիրքը։
–Այստեղ մի տանիքի ներքոյ, 376 էջում, հաւաքուած են տուեալներ 19-րդ դարից մինչեւ մեր օրերը աշխարհի մօտ քառասուն երկրներում գործած եւ գործող 740-ից աւելի հայ եւ հայազգի պարող-պարուհիների, պարադիրների, պարուսոյցների եւ պարարուեստին առնչուող այլ մասնագիտութիւնների գործիչների վերաբերեալ։ Կենսագրութիւններ են, երբեմն՝ նրանց արուեստի վերաբերեալ դիտարկումներ, սակայն սա ոչ թէ պարագիտական աշխատութիւն է (քաւ լիցի, ես խորեոլոգ՝ պարագէտ չեմ), այլ պատմութիւն։ Սա մի սփիւռքագէտ բանասէրի՝ պարարուեստի հանդէպ սիրոյ արտայայտութիւնն է, այն լաւագոյնը, որը նա կարող էր կատարել՝ «վճարելով» իր «պարտքը» արուեստի այդ տեսակի եւ նրա զարգացման մէջ Հայաստանից դուրս մեր հայրենակիցների մասնակցութեան վերհանման գործում։ Այստեղ ընթերցողը չոր ու ցամաք փաստերից բացի կը գտնի բաւականին հետաքրքրաշարժ, գունագեղ անձնաւորութիւնների կենսագրականներ, կը տեղեկանան տարբեր ուշագրաւ, քիչ յայտնի փաստերի վերաբերեալ, կը հպարտանան այսօր Արեւմուտքի բեմերում աչքի ընկնող հայաստանցի պարողներով…

-Կը թուարկէ՞ք նման մի քանի անձանց։
–Ո՞ւմ ասեմ, ո՞ւմ թողնեմ… Եւգինէ Արիստակեան, որ 1921-ին առաջին հայկական բալետն է բեմադրել Կոստանդնուպոլսում։ Սերգէյ Կեւորկով՝ Գէորգեան, որն Ադրբեջանի բալետի հիմնադիրն է։ Ադրինա Օտերօ՝ Փանոսեան, որ իսպանական եւ ֆլամենկօ պարերի մեծ աստղ էր 1930-40-ական թուականներին։ Մադամ Ռուզան՝ Սարգսեան, բալետի լեգենդար ուսուցչուհի Փարիզում, որին աշակերտել են 20-րդ դարի ֆրանսիական բալետի մեծերից շատերը։ Թամարա Խանում՝ Պետրոսեան, որը բեմ է հանել ուզբեկական կանացի պարը։ «Հզօր զգացմունքներ»՝ եւրոպական բալետի առաջնակարգ հայ պարողներից կազմուած բալետի շրջիկ խմբի անդամները։ Պարող-պարուհիների մի ստուար բանակ՝ Չիլիից մինչեւ Կանադա, Պորտուգալիայից մինչեւ Չինաստան, Սինգապուր եւ Ճապոնիա…

-Հիմնականում ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում։
–Ստեղծման գործում յաճախ աջակցել են իրենք՝ պարարուեստի գործիչները, որոնց ես տարիներ շարունակ դիմել եմ նամակներով՝ խնդրելով տրամադրել իրենց վերաբերեալ տեղեկություններ եւ լուսանկարներ։ Վաթսունից աւելի գործիչներ սիրով արձագանգել են. ոմանք էլ անպատասխան են թողել դիմումներս։ Սփիւռքահայ եւ հայազգի պարողների հանդէպ իմ հետաքրքրութիւնները ժամանակին բաւականին խրախուսում էր հանգուցեալ երգահան-երաժշտագէտ Ծովակ Համբարձումեանը, որը նոյնպէս նիւթեր է հաւաքել այդ թեմայով, սակայն յօդուածաշարից բացի ուրիշ բան չհասցրեց հրատարակել։ Ինչ վերաբերում է հրատարակութեանը, ապա դրան սիրայօժար կերպով նպաստել են պարուհի-պարադիր Աննա Ջանբազեանը ԱՄՆ-ից ու յատկապէս՝ պարուհի-պարուսոյց Սոնա Փօլատեան Օրճանեանը Կանադայից, առանց որի հովանաւորութեան այսօր գիրքը լոյս տեսած չէր լինի։ Ի դէպ, ասեմ, որ իմ նախորդ համանման աշխատութիւնը՝ «Հայերը համաշխարհային կինոյում»-ը, նոյնպէս սիրայօժար կերպով հովանաւորել էր սփիւռքահայ մի արուեստագիտուհի (թայլանդաբնակ նկարչուհի Էլիզաբէթ Ռոմհիլդը)։ Ամբողջ կեանքում երախտապարտ կը լինեմ իրենց կեանքը գեղեցիկին նուիրած ու իմ աշխատանքը այդքան գործնական կերպով գնահատած մեր այս ազնիւ հայրենակցուհիներին։

-Յառաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
–Դրանք շատ են, բազմազան, բայց արի այսօր մնանք պարարուեստի թեմայի շրջանակներում։ 2007 թվականին իմ և ամերիկաբնակ պատմա-բանասէր Վարդան Մատթէոսեանի հեղինակութեամբ լոյս է տեսել մենագրութիւն՝ նուիրուած 20-րդ դարի առաջին կէսի հռչակաւոր հայ պարուհի Արմէն (Սոֆիա) Օհանեանին։ Անցած տարիներին մենք պատրաստեցինք այդ պարուհու աւելի ընդարձակ կենսագրութիւնն անգլերէնով, որը պատրաստ է հրատարակութեան։ Այն, ի դէպ, արդէն սկսել է թարգմանուել իսպաներէն։ 1910–1930-ականների մամուլից հաւաքել եմ բեմական պարին նուիրուած յօդուածներ, որը նոյնպէս մի հետաքրքրական ժողովածու կարող է դառնալ։ Նաեւ ձեռքիս են բալետի առաջին հայ պարուհիներից Եւգինէ Արիստակեանի անտիպ յուշերը, որը շատ կը ցանկանայի հրատարակել, եթէ, ի հարկէ, հովանաւոր գտնուի։

-Ձեր խօսքն՝ ուղղուած հայ երիտասարդ պարողներին։
–Թող պարեն, շա´տ պարեն, երբեք չյոգնեն պարելուց, իսկ ինձ նման պարասէր բանասէրներն էլ գրի կ՚առնեն նրանց պատմութիւնը։

«Պահանջատէր ի հայոց» (hayrenater.gdk.mx)

No comments:

Post a Comment