5.2.16

Յանուն տաճկահայերի նոր պատմութեան

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՒԵԱՆ
Թարգմ. Պ. Ք.
 
Պատմաբան Թալին Սուճեանը անգլերեն հրապարակած իր The Armenians in Modern Turkey հիմնարար աշխատութեան մէջ առաջարկում է քեմալական հանրապետութեան ստեղծումից յետոյ մեծ ոճրագործութեան վայրերում մնացած տաճկահայերի սոցիալ-քաղաքական պատմութիւնը: Դա ծանրակշիռ աւանդ է Հրանտ Դինքից առաջ Թուրքիայի հայերի նորագոյն պատմութեան ուսումնասիրութեան մէջ:
Իսլամացուած հայերի հարցը Ցեղասպանութեան հարիւրամեակի տարում թէեւ հետաքրքրեց լրատուամիջոցներին, բայց հազուագիւտ են գիտական այն աղբիւրները, որոնք անդրադառնում են 1915-ից յետոյ իրենց բնօրրանում եւ Կոստանդնուպոլսում մնացած հայերի ճակատագրին: Ուստի ողջունելի է Թալին Սուճեանի աշխատութեան հրատարակումը, որը նախադէպ է ստեղծում գիտական գրականութեան մէջ: Հազուագիւտ են այն պատմաբանները, որոնք զբաղուել են տաճկահայերի ամէնօրեայ կեանքի վրայ քեմալական միահեծան աշխարհիկ հանրապետութեան ամրապնդման ժամանակաշրջանի ազդեցութեամբ: Այդ գործի նախանձախնդիրն է Ստամբուլում ծնուած եւ այնտեղ կինոարուեստ ու լրագրութիւն ուսանած երիտասարդ պատմաբան Սուճեանը: 2007-2010 թթ. «Ակօս» շաբաթաթերթին աշխատակցած պատմաբան-լրագրողուհին Հրանտ Դինքի հիմնած թերթի թղթակիցն էր Երեւանում 2007-2008 թթ.: Ոմանք յիշում են նաեւ նրա վաւերագրական ֆիլմըՙ նուիրուած Զապէլ Եսայեանի կեանքին ու ստեղծագործութեանը:
Ներկայումս Թալին Սուճեանը դասաւանդում է Միւնխենի (Գերմանիայ) Լուդվիկ-Մաքսիմիլիան համալսարանում, որտեղ 2013 թ. Յունիսին պաշտպանել է իր դոկտորական ատենախօսութիւնը: Դրա ամփոփումը հանդիսացող նոր աշխատութիւնը տեղում կատարուած հետազօտութեան արգասիք է, որի մեկնակէտը եղել էր Պոլսի հայկական նշանաւոր հաստատութիւններից մէկըՙ Սուրբ Փրկիչ հիւանդանոցը, որը ներառում է հանգստեան տուն: Վերջինիս կենուորներից ոմանք ամբողջ կեանքում աշխատել են քաղաքի հայկական հաստատութիւններում: Նրանցից մէկն է անկախ հետազօտող, մամուլի աշխատող եւ հայ համայնքի պատմութեան մեծ գիտակ Վարուժան Քեօսեյեանը (1920-2011): Քչախօս եւ գրաւիչ այդ պանսիոնակեացի հետ շփուելով՝ Թալին Սուճեանը կարողացաւ ծանօթանալ Պոլսի հայկական մամուլի արխիւային բազմաթիւ կարեւոր նիւթերի: Դրա շնորհիւ հնարաւոր եղաւ վերականգնել քեմալական ազգայնամոլութեան ամենամռայլ պահերի հայկական հանապազօրեայ կեանքի կողմերից մէկի ամբողջական պատկերը:

Դոգմա դարձած ժխտողականութիւն
Նրա ատենախօսութեան գլխաւոր թեման ժխտողականութեան եւ թուրքական պետութիւնում դրա դոգմա դարձուելու հարցն է: Հետազօտուած ժամանակատուածի (1930-1950) ընտրութիւնը պատահական չէ: Այն համապատասխանում է պետութեան վերջին զանգուածային հարուածին՝ Անատոլիայում երիտթուրքերի իրականացրած բնաջնջումը աւարտին հասցնելու նպատակով: Տուեալ ժամանակահատուածը նաեւ կարեւոր պահ է պոլսահայերի համար, որոնց հաստատութիւնները կազմալուծուած են պատրիարք Մեսրոպ Նարոյեանի (1857-1944) մահուան, Սբ. Էջմիածնի Գէորգ Զ. Կաթողիկոսի աջակցութիւնը վայելող տեղապահ Գէորգ Արսլանեանի (1867-1951) խուսահնարքների եւ Կաթողիկոսի կողմից չճանաչուած նոր պատրիարք Գարեգին Խաչատուրեանի (1951-1961) դժուարութիւնների պատճառով:
Սոցիոլոգ Պիեռ Բուրդէօյից փոխ առնելով սոցիալական անհաւասարութեան մեխանիզմները յայտնաբերող habitus-ի գաղափարը, պատմաբան Սուճեանը ցոյց է տալիս, թէ ինչպէս պոլսահայերը ստիպուած եղան մեծաւ մասամբ համակերպուել Անկարայի նախայարձակ ժխտողականութեանը, որպէսզի շարունակեն իրենց հողի վրայ ապրել իբրեւ պարտուածներ: Հայերի «պաշտօնականացրած» ժխտողականութիւնը հնարաւոր դարձաւ քաղաքացիական ներկայացուցչութեան մարմնի չգոյութեան պատճառով: 1862 թ. հիմնուած հայոց Ազգային Ժողովը գլխատուեց 1915-ին, իսկ Պատրիարքի բացառիկ իրաւունքները սահմանափակւում են զուտ իր հոգեւոր առաքելութեամբ...
Ոչ մահմեդական փոքրամասնութիւնների դէմ ուղղուած զանազան հարկադիր միջոցները յայտնի են. ունեւորութեան տուրք (varlik vergisi) 1942 թուականից, ջարդեր 1955-ին, կրօնական եւ քաղաքացիական հիմնադրամների եւ կտակների բռնագրաւումներ, կատաղի արշաւ հասարակական վայրերում փոքրամասնութիւնների լեզուների կիրառութեան դէմ («քաղաքացի, խօսի՛ր թուրքերէն»...): Հեղինակն այստեղ լոյս է սփռում Անատոլիայի հայերի նորագոյն պատմութեան մի ամբողջ շերտի վրայ, հայեր, որոնք զոհերն են բռնի ձուլման քաղաքականութեան եւ բազմաթիւ բռնարարքների (կանանց առեւանգումներ, դպրոցների փակումներ, եկեղեցիների ու վանքերի պայթեցումներ եւ այլն): Մինչ Անատոլիայում Ցեղասպանութիւնը շարունակւում է, Ստամբուլում իշխանութիւնները ամէն ջանք գործադրում են Սփիւռքի հետ տաճկահայերի, ինչպէս նաեւ Խորհրդային Հայաստանի բոլոր կապերը ի չիք դարձնելու նպատակով, սառը պատերազմի պայմաններում շահարկելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի մեծ կարեւորութիւնը:

Մամուլի դերը
Զուգահեռաբար պոլսահայերը կ'անցնեն «ապազգայնացման» գործընթաց, օտարներ դառնալով սեփական երկրում: Ինքնաբաւութեան մէջ սուզուած, խորհրդարանական ներկայացուցչութիւնից զրկուած պոլսահայ մտաւորականները եւ պատասխանատուները այդուհանդերձ լաւ դիմացան: Շարունակեցին լոյս տեսնել տարատեսակ թերթէր: Ահա գլխաւոր պարբերականների անունները. «Նոր Լուր», «Ժամանակ», «Մարմարա», «Փարոս», «Դէպի Լոյս»... Դրանց գլխաւոր խմբագիրները ստանձնեցին թուրքական իշխանութեանն առընթեր համայնքի քաղաքացիական ներկայացուցիչների դերը: Դա դժուարին աշխատանք էր թուրքական մամուլի զրպարտչական եւ հակահայկական արշաւների ուժեղացման, ինչպէս նաեւ ոստիկանութեան ծառայութիւնների կողմից նրանց գործողութիւնների ու քայլերի խիստ վերահսկման պայմաններում: Այդ նոյն լրագրողները ի վիճակի չէին մամուլի տարածման իրենց սահմանափակ միջոցներով տարածքային պահանջի մասին խօսել Սփիւռքի իրենց հայրենակիցների անունից: Մասնաւորապէս 1945 թուականին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի շրջանակներից դուրս տեղեկանալով Սփիւռքի պահանջների մասին՝ թուրք ազգայնամոլները վայնասուն բարձրացրին դաւադրութեան մասին եւ տաճկահայերին ներկայացրին իբրեւ հինգերորդ շարասիւն: Եւ երբ Թուրքիան 1939 թուականին բռնակցեց սիրիական Ալեքսանդրետի սանջակը, գրաքննութեան դանակը անգթօրէն հարուածեց «Ազդարար»ի գլխաւոր խմբագիր Մանուկ Ասլանեանին: Նրա թերթի հրատարակումն արգելուեց, քանի որ չէր կիսել ազգայնականների հրճուանքը, այնինչ սանջակի հայերի մեծամասնութիւնը Սիրիա էր փախչում, վախենալով նոր վայրագութիւններից:
Համայնքի օրինական վարչական հիմքերի ոչնչացումից թուլացած այդ լրագրողները, որոնք փաստօրէն նշանակուած էին համայնքի քաղաքացիական ներկայացուցիչներ, բաւարարուեցին ժամանակաւոր լուծումներով, խուսափելով վատթարագոյնից եւ չլուծելով էական հարցերը (իրաւահաւասարութիւն, կողոպտուած ունեցուածքի վերադարձ եւ այլն): Այդ ծանր տարիների ընթացքում որոշ ձայներ են հնչում: Դրանք ձախամէտ մտաւորականների նոր սերնդի («Նոր օր»ի սերունդ) ձայներն են: Առաւել յայտնի են Զաւէն Պիպեռեանը, Արամ Փեհլիւանեանը, Աւետիս Ալիքսանեանը, Վարդան եւ Ժագ Իհմալեան եղբայրները: Նրանք Հրանտ Դինքի նախորդներն էին ազատագրութեան եւ Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրաւահաւասարութեան յարգման ջատագովները: Ճանաչուած վիպասան Զաւէն Պիպեռեանը (1921-1984) նոյնիսկ կը պահանջի, որ իր հայրենակիցներն ունենան Խորհրդային Հայաստան արտագաղթելու իրաւունք, եւ դրանով իսկ յարուցեց թուրքական մամուլի զայրոյթը:
Թալին Սուճեանը ամենայն գնահատանքի է արժանի «Հրանտ Դինք երեւոյթ»ի գերհրապարակայնացման միջոցով քիչ յայտնի կամ նոյնիսկ անտեսուած այդ պատմութեան լուսաբանման համար: Այստեղ պատմաբանն արժանին է հատուցում հայ մտաւորականութեան այդ դէմքերին, որոնք դիմացան քեմալականների դամոկլեսեան սրին եւ դոգմա դարձած նշաւակմանը: Թէեւ տուեալ հետազօտութիւնը չի ընդգրկում 1970-1980-ական թուականները, դրա մօտեցումը նախադէպ է ստեղծում՝ ընդլայնում է հայկական Սփիւռքի ընկալումը, քննութեան առնելով դրա սոցիալական, իրաւական, ինստիտուցիոնալ, մշակութային, տնտեսական իրականութիւնը, Լոզանի պայմանագրի (1923) ստորագրումից յետոյ Թուրքիայում մնացած հայերի իրականութիւնը եւ դիտարկելով Ստամբուլի առանձնակիութիւնը Երկրի մնացորդի նկատմամբ:
Տուեալ հետազօտութիւնը նաեւ արժեւորում է Թուրքիայի հայկական մամուլի՝ՙ որպէս ինքնութեան փոխանցման գործօնի էական դերը ժխտողականութեան յարուցած խոչընդոտների եւ մատաղ սերունդներին ճշմարիտ հայոց պատմութիւն ուսուցանելու անհնարինութեան պայմաններում:

«Ազգ», 5 Փետրուար 2016

No comments:

Post a Comment