20.8.16

Սփիւռքահայ միջանցք

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Երկու տարի առաջ, երբ իմ պապական գիւղում, ես, քոյրս եւ ընկերուհիներս մանկապարտէզ էինք վերանորոգում, մի մարդ մեզ տեսնելով կանչեց: Իր հին, սովետական բեռնատարի մօտ կանգնած՝ ծխախոտ էր ծխում: Ամրան վերջն էր, խոտ-քաղի ժամանակ, բեռնատարը դէզով բարձած երեւի տնից տուն էր տանում, գիւղացիներին բաշխում: Այս նոյն պահին, մենք չորս աղջիկներով մանկապարտէզից էինք վերադառնում. նա մեզ տեսնելով կանչեց. «Աղջիկներ, սփիւռքահա՞յ էք», ու ես առանց մէկ վայրկեան տատամսելու՝ պատասխանեցի. «Չէ՛, ձեր գեղից ենք»: Ի հարկէ, այս մարդը չգիտէր, թէ մենք ո՛վ էինք, ինչո՞ւ էինք այդտեղ, ի՞նչ գործ էինք անում: Երեւի իսկապէս սփիւռքահայի տպաւորութիւն թողեցինք նրա վրայ, բայց իմ պատասխանը շփոթեցրեց նրան. ապշած մեզ էր նայում: Ապշեցուցիչն իմ պատասխանը չէր, ո՛չ, այլ իմ ասածի մէջ լսուող վճռակամութիւնը:

Չգիտեմ ինչո՛ւ, բայց նրա ասածից վիրաւորուեցի, նոյնիսկ՝ զայրացա՛յ: Մտածում էի, թէ ինչպէ՛ս կարող էր ինձ սփիւռքահայ անուանել, ախր ես իմ մանկութիւնը հէնց այդ գիւղում եմ անցկացրել: Տասներկու տարի էր անցել, բայց գիւղը մնացել էր նոյնը, միայն մեքենաներն էին շատացել, մէկ էլ՝ հեռուստացոյցի անտենաները տանիքների վրայ դրուած:
Ախր այս մարդուն ես ո՞նց հասկացնէի, որ պապուս ձեռքը բռնած խոտ-քաղ եմ գնացել: Տատուս շալակը թռած կարտոֆիլի մարգերն եմ հնձել: Պօղոյի աղբիւրից ջուր եմ կրել, ոտս սայթաքել, կապտականաչ սուր քարերի վրայ ընկել ու ջուրը թափել: Պապուս տան վերեւի լերան դոշին շաղ տուած գերեզմանաքարերի վրայ ցատկոտելով, Մելա՜ն ու Մարօ՜ գոռալով՝ հասել եմ Համօ հօբարի տուն: Մառանում թաքուն կատուի հետ խաղացել: Խնձորի ծառի տակ նստած՝ աշխարհն եմ տեսել: Գիշերային մթութեան մեջ Յարդագողի ճամբան մագլցել, աստղեր եմ խլել ու աչքերիս հետ փոխել: Առաւօտեան շուտ արթնացել, որ նոր թխած լաւաշ ուտեմ, մկան նման թոնրի բերանի մօտ կուչ եկած անհամբեր սպասել եմ, հաշուել, սպասել եօթին ու ութերորդը խլել՝ մատներիս ծայրերը վառելով, մարմնիցս մեծ լաւաշը մի ակնթարթում կերել: Սարի մէջ բացուած ժայռում ինձ մարմարէ թագուհի զգացել: Առաւօտեան հաւքի հետ գնացել ու գառների հետ տուն եկել:
Իսկ այս մարդն ինձ ասում էր՝ «սփիւռքահայ». դէ՛, արի ու մի վիրաւորուի: Բայց ախր ինչո՞ւ վիրաւորուեցի. ինչո՞ւ եմ այդքա՛ն ազդւում այդ բառից: Ես Սփիւռքում ապրող հայ եմ, Հայաստանում չեմ բնակւում արդէն քանի՜, քանի տարի է: Բայց երեւի ճշմարիտ էր. վիրաւորուելու կարիք չկար. տակաւին ես սփիւռքահայ եմ: Բայց դա էլ մի բան չէ: Ո՛չ այս ես, ո՛չ այն… միջանցքային էութեան մէջ փակուած, խրուած երկու եսի մէջ: Մի քայլ այս կողմ ես գնում, մի քայլ այն, դողդոջուն, անորոշ քայլերով գոյատեւում ես երկուսի միջեւ, փխրուն հողի վրայ, մնում ես միջանցքում, Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ:
Երկուսն էլ լաւ են, բարի, բայց քո մէջ հաստատումի տենչանք կայ: Ուզում ես, որ քայլերդ համարձակ լինեն. անորոշութիւնից յոգնել ես արդէն:

«Ասպարէզ», 2 Օգոստոս 2016

1 comment:

  1. Ամէն պարագային՝ ոչ միայն հայու, այլ նաև այլազգի անհատի համար ցաւի պատճառ է սփիւռքի մէջ ապրիլ ը։

    ReplyDelete