23.9.16

Անկախութեան սերմնացանը

ԱՆԱՀԻՏ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Անկախութիւնը հէնց այնպէս չեկաւ: Բառը հասկանալի էր, գաղափարը՝ հեռու: Դեռ Պարոյր Հայրիկեանի անունն ու գործը մեզ անյայտ էին: Դպրոցում անգիր էինք սովորել Միքայէլ Նալբանդեանի «Ազատութիւն»-ը, Ռափայէլ Պատկանեան էլ էինք կարդացել՝ մակերեսը միայն, բայց թէ ի՞նչ էր անկախութիւնը, ազատութիւնը, կասկածում եմ, թէ գաղափար ունէինք: Երբեմն թւում էր, թէ երբ վզկապ չենք կապել, կոմերիտական կրծքանշանը՝ մերժել, աւելի ուշ՝ կոմունիստական կուսակցութեան շարքերն անցնելու գայթակղութեանն ընդդիմացել, հէնց այդ սաղմը՝ ազատութիւն, անկախութիւն ունենալու՝ ծնունդից մարդուն շնորհուած մեր բնական իրաւունքն է շինծու պարտադրանքի առջեւ ծառս եղել: Միայն համալսարանում, օրըստօրէ ըմբռնեցի, թէ ինչ լուսաւոր կապ կայ անկախութեան, ազատութեան, հայոց լեզուով դրանք զգալու ու արտաբերելու միջեւ:
Մեր բախտը բերել էր՝ կապուտաչեայ, Թումանեանի նման պարզ, Բակունցի նման բնութեանը ձոյլ, Տէրեանի նման ազնուական մեր լուսահոգի ուսուցիչը պահանջեց, որ մեր խաթարուած վարքը վերանայենք՝ նախ հայերէն ստորագրենք, հայոց լեզուի շքեղ գանձ- գոյութիւնը զգանք, նրա կրողն ու թագակիրը լինենք, մեր շունչն ու արտաշունչը հայոց լեզուին յանձնած՝ նոր բառերի թթուածնով երկիր Նայիրին հաստատ պահենք: Յետոյ հասկացայ, որ մեր հայոց լեզուի դասն իրականում կամՙ առաջին հերթին՝ անկախութեան դաս էր:
Թումանեան, Տէրեան, Բակունց շատ էր սիրում, իւրաքանչիւրից ունէր իր ներսում, արտաքուստ էլ նման էր, յամենայնդէպս ինձ այդպէս էր թւում: Ազգանունն էլ իր ներսի էութեան ճշգրիտ «կաղապար»ն էր, ու երբ հիմա Իշխանեան եմ ասում, հայոց լեզուի իշխանի կողքին, շատ արագ՝ անքակտելի շարւում են միւս նուիրական՝ անկախութեան, ազատութեան բաղադրիչները: Իր հերոսը Արամ Մանուկեանն էր, մերն էլ դարձրեց, իր ուսուցանած հայոց լեզուն նաեւ երգ էր, մենք էլ երգեցինք, իր ուսանողներն էին, որ ղարաբաղեան շարժումից էլ առաջ Աբովեանից Երեւան հասան՝ բնապահպանական հոգսը օրակարգ դարձնելով, իսկ Մայիսի 28-ին առաջին անգամ եռագոյն դրօշով դուրս եկան Ազատութեան հրապարակ՝ նրա խօսքին հաւատալով, նրան ունկնդրելու երջանկութիւնը ճաշակելու:
Սեպտեմբերի 21-ի սերմերը տասնամեակներ ցանել էր մեր բացառիկ ուսուցիչը՝ հայոց լեզուի՝ իմա մեր գոյութեան սահմանադրութեան պաշտպանն ու նորոգիչը՝ մեր պաշտելի Ռաֆայէլ Իշխանեանը:
Աշխարհն իր օրացոյցն ունի, եւ Սեպտեմբերի 21-ին համընդհանուր նշում է խաղաղութեան, երախտագիտութեան օրը: Խաղաղութիւն ինքն ունէր՝ ուժեղ անհատ էր, նոյնը մեր երկրին, նրա քաղաքացուն էր մաղթում՝ ամէն տարի Սեպտեմբերի 21-ին վերանորոգենք նրա խորհուրդը՝ երրորդ ուժի բացառում: Եւ երախտագիտութեամբ յիշենք անկախութեան, գալիքի մեր սերմնացաններին:


«Ազգ», 23 Սեպտեմբեր 2016

No comments:

Post a Comment