21.10.16

Հայն ու հայկականը պետերբուրգեան մի հրատարակութեան մէջ

Այս տարի Պետերբուրգի «Սվոյօ իզդատելստվօ» հրատարակչութիւնը լոյս է ընծայել «Ուղեգրութիւններ. ընկալումներ եւ մեկնաբանութիւններ» յօդուածների ժողովածուն (ռուսերեն): Կազմողը եւ պատասխանատու խմբագիրը մոսկուացի գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր Էլէոնորա Շաֆրանսկայան է, որն այս Հոկտեմբերին (ինչպես նաեւ անցեալ տարի աշնանը) գիտաժողովի մասնակցելու նպատակով այցելել էր Երեւան: Գիրքը կազմուած է երկու մասից. առաջինը վերնագրուած է «Ինչպէ՞ս է ապրում Էրիվանում երաշտահաւը»: Այս նախադասութիւնը վերցուած է ռուս գրող Իւրի Կարաբչիեւսկու հայաստանեան ուղեգրութիւնից, որին է վերաբերում ժողովածուի կազմող Էլէոնորա Շաֆրանսկայայի «Հակախորհրդային բանավէճը Իւրի Կարաբչիեւսկու "Կարօտ առ Հայաստան" ուղեգրութեան մէջ» յօդուածը:
Հատորում ընդգրկուել է նաեւ «Արմէն Օհանյանը՝ աշխարհի կին. շամախեցի պարուհու դեգերումներն աշխարհում եւ տարբեր մշակոյթների միջով» ընդարձակ յօդուածը, որի հեղինակներն են Արծուի Բախչինեանը (Հայաստան) եւ Վարդան Մատթէոսեանը (ԱՄՆ): Հայ պարուհի Արմէն Օհանեանի՝ որպես աշխարհի մշակոյթներով մէկ ճամբորդած անձնաւորութեան մասին նշուած է նաեւ գրքի ծանուցման մէջ: Ժողովածուի կազմը զարդարում է հայազգի լուսանկարիչ Դմիտրի Սափարովի մի աշխատանքը:
Աւելացնենք, որ անցեալ տարի «Ազգ»ը թարգմանաբար հրատարակել էր Էլէոնորա Շաֆրանսկայայի՝ հայաստանեան ուղեւորութիւնը ներկայացնող «Կապոյտ երկնքի տակ կայ մի ոսկէ քաղաք» փոքր յօդուածը (2015, Հոկտեմբերի 15):

«Ազգ - Մշակոյթ», 21 Հոկտեմբեր 2016

No comments:

Post a Comment