28.10.16

Երախտաւոր հայագէտի նոր աշխատութիւնը (*)

ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
1989 թուականի աշնանը, ծանր վիրահատութիւնից յետոյ Փարիզում ապաքինուելու շրջանում, շուրջ երեք ամիս ապրեցի մուսալեռցի ազգականիս՝ Մխիթարեան սան, բանաստեղծ, բանասէր եւ թարգմանիչ Զուլալ Գազանճեանի բնակարանում։ Նա արթնանում էր առաւօտեան ժամը 6-ին եւ, գրասեղանից չկտրուելով, մինչեւ կէսօր զբաղւում իր ուսուցիչ Կիւրեղ վրդ. Քիպարեանի «Պատմութիւն հայ հին գրականութեան» գրքի լրացուած վերահրատարակութեան պատրաստման աշխատանքով, որը նախաձեռնել էր Ներսէս վրդ. Տէր-Ներսէսեանի գործակցութեամբ։ Քիպարեանի մեծարժէք աշխատութիւնն առաջին անգամ լոյս էր տեսել 1944 թուականին, որից յետոյ հեղինակը տասնեակ տարիներ շարունակաբար խմբագրել ու լրացրել էր այն, այդպէս էլ, սակայն, չհասցնելով կեանքի ընթացքում իրականացնել նրա վերահրատարակման գործը։
Զուլալը մի օր, ծանօթանալու համար, ինձ ցոյց տուեց իր կատարած աշխատանքի մեքենագիր օրինակը։ Երբ թերթեցի այն, նկատեցի, որ Քիպարեանի գրքի ենթաբաժիններին կցուած մատենագիտական ցանկերն անկատար ու հնացած են, հետեւաբար կարիք ունեն լրացման՝ մանաւանդ 1944 թուականից յետոյ հրատարակուած ուսումնասիրութիւններով։ Համաձայնելով իմ դիտարկմանը` Զուլալը հարցրեց, թէ ճանաչո՞ւմ եմ, արդեօք, հայաստանեան մի հմուտ մասնագէտի, ով կարող է կատարել այդ գործը։ Անմիջապէս պատասխանեցի, որ ամենայարմար թեկնածուն հայ հին եւ միջնադարեան մատենագրութեան լաւագոյն գիտակ Պօղոս Խաչատրեանն է։ Օրեր անց Զուլալը մեկնեց Երեւան եւ ստացաւ Պօղոսի սիրայօժար յանձնառութիւնը։
Սիրայօժար՝ որովհետեւ այդ աշխատանքը նրա սրտին մօտ էր երկու առումով՝ նախ, որ բանասիրական մանրակրկիտ պրպտումներն իր տարերքն էին, եւ երկրորդ, որ պաշտամունքի աստիճանի յարգանք էր տածում Մխիթարեան հայրերի գիտական վաստակի հանդէպ։ Սիրով ստանձնած գործը, ուստի, Պօղոս Խաչատրեանը կատարեց իրեն յատուկ բարեխղճութեամբ, եւ նրա կազմած մատենագիտական ընդարձակ ցանկերն ամբողջութեամբ ընդգրկուեցին Կ. Քիպարեանի երկրորդ, վերանայուած ու լրացուած հրատարակութեան մէջ (Վենետիկ, 1992)։
Կաշկանդուած լինելով գրքի կառուցուածքով, Պ. Խաչատրեանն ստիպուած էր իր ցանկերը կազմել ըստ վերջինիս գլխաբաժանումների ու նիւթերի դասաւորութեան, եւ ոչ թէ հեղինակների ընդհանուր այբբենական կարգով, ինչպէս ընդունուած է մատենագիտութեան մէջ։ Այդ պատճառով, ինչպէս հետագայում ինձ տեղեկացրեց, նա մտադիր էր իր կատարած աշխատանքն անջատել Քիպարեանի գրքից եւ, աւելի եւս ընդարձակելով այն, հրատարակել առանձին հատորով։ Վաղաժամ մահը, դժբախտաբար, նրան խանգարեց իրականացնելու այդ մտադրութիւնը։
Տարիներ անց Պօղոս Խաչատրեանի մտադրութիւնը կեանքի կոչելու ցանկութիւն յայտնեցին նրա որդիներ Սիմոնը եւ Արմէնը։ Երբ նրանք այդ գաղափարի շուրջ խորհրդակցեցին ինձ հետ, ես առաջարկեցի հրատարակուելիք գրքի խմբագրումը վստահել Մաշտոցի անուան Մատենադարանի նախկին փոխտնօրէն, բանասէր-ձեռագրագէտ Արշակ Բանուչեանին։ Վերջինս, լինելով Խաչատրեանի աշակերտը, սիրով համաձայնեց կատարել նրա կազմած մատենագիտական ցանկերի խմբագրման, վերադասաւորման եւ անցած քսաներեք տարիներին լոյս տեսած նիւթերով հարստացման պատասխանատու աշխատանքը, ինչի արդիւնքն է, ահա, «Հայ հին գրականութեան մատենագիտութեան» այս ստուարածաւալ հատորը։ Ամենեւին չեմ կասկածում, որ այն արժանի տեղ է զբաղեցնելու հայկական մատենագիտական հրատարակութիւնների պատկառելի գանձարանում՝ հաւասարապէս օգտակար լինելով թէ՛ համալսարանական ուսանողութեան, եւ թէ՛ մասնագէտների համար։
Չեմ կարող նաեւ գոհունակութիւնս թաքցնել ինձ ընձեռուած բարեբախտութեան առթիւ, որ հանգամանքների բերմամբ թեկուզ կողմնակի մասնակցութիւն եմ ունեցել իմ յարգարժան ուսուցիչներից մեկի՝ Պօղոս Խաչատրեանի այս հրաշալի աշխատութեան մտայղացման եւ հրատարակութեան գործին։ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում եւ Մաշտոցեան Մատենադարանի ընթերցասրահներում Խաչատրեանի հետ կողք-կողքի աշխատելու երկար տարիների ընթացքում յաճախ եմ օգտուել նրա խորհուրդներից ու շատ բան սովորել նրանից։ Չեմ հանդիպել որեւէ այլ բանասէր-գրականագէտի, ով նրա չափ հաւասարապէս քաջածանօթ լինէր թէ՛ հին, թէ՛ նոր եւ թէ՛ ժամանակակից հայ գրականութեանը։ Հայոց տասնվեցդարեայ գրաւոր մշակոյթի պատմութեան մէջ չկար մի որեւէ հեղինակ կամ քիչ թէ շատ նշանակալի մի ստեղծագործութիւն, որի մասին նա չունենար իր սեփական մասնագիտական կարծիքը։ Հներից նա յատկապէս գնահատում էր Ե. դարի պատմիչներին, Գրիգոր Նարեկացուն, Կոստանդին Երզնկացուն եւ Գրիգոր Տղային, նորերից՝ Խաչատուր Աբովեանին, Յովհաննէս Թումանեանին, Վահան Տէրեանին եւ Եղիշէ Չարենցին, արեւմտահայ գրողներից՝ Միսաք Մեծարենցին, Վահան Թեքէեանին եւ Յակոբ Մնձուրուն, իսկ ժամանակակիցներից՝ Հրանտ Մաթեւոսեանին եւ Վանո Սիրադեղեանին։
Պօղոս Խաչատրեանին գնահատելիս անհնար է շրջանցել նաեւ նրա բացառիկ լեզուագիտական հմտութիւնները։ Նա կատարելապէս տիրապետում էր գրաբարին, ինչի վկայութիւնն են աստուածաշնչական գրքերի նրա կատարած օրինակելի թարգմանութիւնները։ Գերազանց էր նաեւ արդի գրական արեւելահայերէնի նրա իմացութիւնը, որը վայելչօրէն գործածում էր ոչ միայն գրաւոր խօսքում, այլեւ առօրեայ կեանքում, ինչն, ի տարբերութիւն շատ այլոց, ամենեւին արհեստական ու անբնական չէր հնչում նրա պարագայում։ Նրա խօսքը բոլորովին զերծ էր ինչպէս օտարաբանութիւններից, այնպէս էլ գաւառականութիւնից ու գռեհկաբանութիւնից։
Խաչատրեանի հետաքրքրութիւնների եւ հմտութիւնների շրջանակը, սակայն, չէր սահմանափակւում միայն հայ գրականութեամբ ու լեզուագիտութեամբ։ Նա նոյնքան նրբաճաշակ ու խորագիտակ էր նաեւ համաշխարհային գրականութեան, դասական երաժշտութեան եւ գեղանկարչութեան ասպարէզներում։ Նրա անձնական հարուստ գրադարանին ու ձայնապնակների հաւաքածուին շատերը կարող էին նախանձել։
Մի խօսքով, յանձին Պօղոս Խաչատրեանի, ժամանակակիցներս ուղեկից ունէինք տիպար մի մտաւորականի, որին նուիրուած այս հակիրճ յառաջաբանը երախտագիտութեան շատ համեստ տուրք է միայն։
05.11.2015

«Չորրորդ իշխանութիւն», 8 Հոկտեմբեր 2016

---------------------------
(*) Ուշադրութեան արժանի է, որ Պօղոս Խաչատրեանի «Հայ հին գրականութեան մատենագիտութիւն»ը, ներառեալ՝ Հայաստանի առաջին նախագահի, հայագէտ Լեւոն Տէր Պետրոսեանի սոյն յառաջաբանը, լոյս տեսած է դասական ուղղագրութեամբ («Հայկականք»)։

1 comment:

  1. Խաչատրեանին ծանօթ ըլլալու եւ որոշ մտերմութիւն մը վայելելու բախտաւորութիւնը ունեցած եմ։ Մնձուրիի մեծ հիացող մըն էր իրապէս եւ ամէն անգամ երբ հանդիպէինք համալսարանի միջանցքին՝ անպայման քանի մը խօսք ունէր ընելիք Մնձուրիի մասին։ Կը շնորհաւորեմ գիրքին հրատարակիչները։ Շուտով պիտի ջանամ ձեռքբերել։

    ReplyDelete