4.11.16

Հայոց ցեղասպանութեան ճանաչման... հետեւանքները

ԱՆԱՀԻՏ ՅՈՎՍԷՓԵԱՆ 
 
Բեռլինի Թիեգարթեն վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան դատարանը դրամական տուգանք է սահմանել ԳԴՀ [Գերմանիայի Դաշնակցային Հանրապետութեան] երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք ֆէյսբուք սոցիալական ցանցում վիրաւորական, ատելութիւն հրահրող գրառումներ էին արել Բունդեսթագի ազգութեամբ թուրք պատգամաւորներ Ջեմ Էօզդեմիրի եւ Սեւիմ Դագդելենի հասցէին: «Ազգ»-ի ընթերցողները տեղեակ են, որ Բունդեսթագի Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի՝ վերոնշեալ ջերմ պաշտպանների հասցէին մինչ Յունիսի 2-ը ու դրանից յետոյ սպառնալից, ատելավառ, վիրաւորական ու հայհոյալից բառամթերքով բանաւոր կոչեր էին արւում, նամակներ էին ուղարկւում նրանց էլեկտրոնային փոստին, նոյնատիպ վերաբերմունք արձանագրելով նաեւ սոցիալական ցանցում: Բանաձեւի ընդունումից յետոյ Բունդեսթագի թուրք պատգամաւորների հանդէպ ատելութեան կրակը Գերմանիայում էլ աւելի բորբոքեց Թուրքիայի իշխանական վերնախաւը, յատկապէս նախագահ Էրդողանն՝ իր հրահրող արտայայտութիւններով:
Ըստ «Բեռլիներ ցայթունգ»ի, Բունդեսթագի Ձախ խմբակցութեան արտաքին քաղաքականութեան հարցերի պատասխանատու Սեւիմ Դագդելենի հասցէին հայհոյանքի համար ֆէյսբուքի թուրք օգտատէրը 600 եւրօ տուգանք պիտի վճարի (անուանել է Hure, թարգմանաբար՝ պոռնիկ, անառակ կին):
Դատարանը վճռել է 700 եւրօ տուգանք սահմանել երկրորդ քաղաքացու համար, որը Կանաչների նախագահ Ջեմ Էօզդեմիրին է վիրաւորանք հասցրել (անուանել է Hurensohn, թարգմ.՝ պոռնիկի, անառակի որդի):
Բեռլինի առաջին ատեանի դատարանի վճռի վերաբերեալ մեր յիշատակած թերթում կարծիք է յայտնել Բունդեսթագի պատգամաւոր Դագդելենը:
«Լաւ է, որ համացանցը օրէնքից դուրս դաշտ չէ», ողջունելով վճիռը նկատել է տուել նա՝ ասելով՝ «յոյս ունեմ, թէ այն վախեցնող ազդեցութիւն կ'ունենայ»: Էօզդեմիրը դրական է գնահատել, որ նման պահուածքը՝ վիրաւորանքն ու սպառնալիքը հետեւանք է ունենում, բայց Կանաչների նախագահը միաժամանակ քննադատութիւն է հնչեցրել դատախազութեան՝ որոշ դէպքերում չափազանց զգուշաւոր կեցուածքի հանդէպ:
Յունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանութեան բանաձեւի՝ համարեա միաձայն ընդունումից յետոյ, Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի օրէնսդիր մարմնի թուրք պատգամաւորների հասցէին հրապարակաւ յայտարարեց՝ նրանք ահաբեկիչների երկար ձեռքն են, կասկածի տակ դրեց նրանց թուրք ծագումը՝ խորհուրդ տալով արեան փորձաքննութիւն անել: Էօզդեմիրի գրասենեակի ղեկավարը խոստովանել էր՝ այսքան մեծաթիւ մահուան սպառնալիքներ դեռ չէինք տեսել: Յունիսից Կանաչների նախագահի անվտանգութիւնը հսկելու համար թիկնազօր էր յատկացուել:
Թուրք-գերմանական յարաբերութիւնների լարուածութիւնը չի թուլանում: Երկու երկրների դեսպաններն արդէն վերադարձել են իրենց աշխատավայր, բայց քաղաքական օրակարգի պաստառին օրաւուր սուր ընդգծուող արժէքային համակարգի տարբերութիւններն անկարող են շտկել երկու երկրների՝ նոյնիսկ ջանադիր դիւանագիտական հաստատութիւններ: Փախստականների հարցը, Հայոց ցեղասպանութեան բանաձեւը, Ինջիռլիք մուտքը, ԵՄ [Եւրոպական Միութեան] հետ համաձայնագիրը... Թուրքիայի շուրջ օղակը սեղմւում է, մանաւանդ, երբ ընտրութիւնների շեմին գերմանացիներն իրենց կանցլերից պահանջում են՝ ծունկի չգալ Թուրքիայի առաջ: Էրդողանը երէկ՝ Նոյեմբերի 3-ին նորից է դիմել Գերմանիային, երբ Մերկելի քննադատութիւնն է լսել: Գերմանիա, գիտակցո՞ւմ ես, որ ահաբեկչութիւնը բումերանգի նման քո դուռն է գալու, ասել է Էրդողանը: Սա զգուշացո՞ւմ է, թէ՞ սպառնալիք: Մեր կարծիքով՝ վերջինը, որից հարց է բխումՙ Ռէջէփ Թայիփ Էրդողանին ո՞ր դատարանն է դատելու:

«Ազգ», 4 Նոյեմբեր 2016

No comments:

Post a Comment