19.1.17

Ո՞վ է պայթեցրել Մոսկուայի մետրոն

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ
 
Յունուարի 8-ին ադրբեջանական մամուլը գրեց, որ 40 տարի առաջ այդ օրը Մոսկուայի մետրոյում եւ առեւտրի կենտրոններից մէկում տեղի է ունեցել ահաբեկչութիւն, որն իրականացրել են հայերը: Բաքուի քարոզչական յարձակումների գլխաւոր հովանաւորը ռուս պատմաբան եւ քաղաքագէտի համարում ունեցող Օլեգ Կուզնեցովն էր, որի հետ ծաւալուն հարցազրոյցը տեղ էր գտել նաեւ Ազերթաջ պետական լրատուական գործակալութեան կայքէջում: Գլխաւոր գաղափարն այն էր, որ խորհրդային երկրում դա առաջին եւ վերջին խոշոր ահաբեկչութիւնն էր, որը նպատակ ունէր անմեղ մարդկանց սպանութեան միջոցով ճնշում գործադրել ԽՍՀՄ իշխանութիւնների վրայ: Կուզնեցովը նոյնիսկ պնդել էր, որ ահաբեկիչներին անձամբ հովանաւորել է Հայաստանի կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճեանը:
Բայց ի՞նչ է տեղի ունեցել իրականում: 1977 թ. Յունուարի 8-ին Մոսկուայի մետրոյի վագոններից մէկում որոտացել է պայթիւն: Կէս ժամ անց պայթուցիկ սարք է աշխատել նաեւ առեւտրի կենտրոններից մէկում, եւս մի քանի րոպէ յետոյ՝ պետական արխիւի շէնքի մօտ աղբամաններից մէկում: Կատարուածի մասին ՏԱՍՍ պաշտօնական գործակալութիւնը հաղորդագրութիւն է տարածել միայն Յունուարի 10-ին: Քննչական մարմինները որեւէ վարկած չեն առաջադրել: Փոխարէնը անգլիական թերթերից մէկի մոսկովեան թղթակիցը, յղելով ինքնութիւնը չվկայակոչած աղբիւրների, յօդուած է հրապարակել, որ, ըստ ականատեսների, ահաբեկիչները սեւամազ տղամարդիկ են եղել, որոնք, հնարաւոր է, կապ ունեն խորհրդային այլախոհ շրջանակների հետ:
Անգլիական մամուլի այդ հրապարակման առթիւ ԽՍՀՄ դատախազութեանը յղած յայտարարութեամբ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը կասկած է յայտնել, որ պայթիւնները կազմակերպել են պատժիչ մարմինները, որպէսզի առիթն օգտագործելով՝ յարձակման անցնեն այլախոհ մտաւորականութեան, յատկապէս հրէական ծագման անձանց դէմ: Յաջորդ օրը Սախարովը հրաւիրուել է դատախազութիւն, որտեղ նրան զգուշացրել են յայտարարութեան սադրիչ բնոյթի մասին եւ պահանջել հերքում: Ի պատասխան ակադեմիկոսն ասել է, որ, գուցէ, յայտարարութիւնը որոշ չափով զգացմունքային է, ինքը յստակ մեղադրանք չի ներկայացրել խորհրդային պատժիչ մարմիններին, բայց շարունակում է մնալ իր տեսակէտին: Նոյն օրը Սախարովը հրաւիրել է մամուլի ասուլիս՝ օտարերկրեայ լրագրողների համար եւ իր կասկածները հիմնաւորել նրանով, որ ԽՍՀՄ բարձրագոյն ղեկավարութեան որոշակի շրջանակներ ճնշում են գործադրում Բրեժնեւի վրայ, որպէսզի վերջինս չհամաձայնի իրականացնել Հելսինկեան եզրափակիչ ակտով ստանձնած պարտաւորութիւնները, բայց յատկապէս՝ մարդու իրաւունքների յարգմանը վերաբերող փաթեթը:
Սախարովի գնահատմամբ՝ Մոսկուայի կենտրոնում որոտացած երեք պայթիւնները հետապնդել են մի նպատակ՝ տպաւորութիւն ստեղծել, որ խորհրդային այլախոհները կապ ունեն միջազգային ահաբեկչութեան հետ, մարդու իրաւունքների համար պայքարը սոսկ պատրուակ է: Ոչ ուղղակի, բայց նկատելի ընդգծումներով այդ քննադատութիւնն ուղղուած էր ՊԱԿ-ի նախագահ Անդրոպովին, որը ԽՍՀՄ ղեկավարութեան խիստ պահպանողական թեւի ներկայացուցիչ էր: Այսպիսով, ակադեմիկոս Սախարովի միջամտութեամբ ՊԱԿ-ին չի յաջողւում պայթիւնների համար պատասխանատուութիւնը բարդել խորհրդային այլախոհ շրջանակների եւ հրեաների վրայ:
Բայց աղմուկը տարածուել էր, Բրեժնեւը պահանջում է ինչ գնով էլ լինի բացայայտել յանցագործութիւնը: ՊԱԿ-ն անցնում է լայնածաւալ գործողութիւնների: Ականատեսների վկայութեամբ, քննչական խմբի ղեկավարի կարգադրութեամբ պետական արխիւի շէնքի շրջապատի եւ տանիքի ողջ ձիւնը մաքրւում-հալեցւում է, որպէսզի գտնուեն պայթուցիկ սարքի մնացորդներ: Մետրոյի գնացքում հետաքննիչները յայտնաբերում են մետաղեայ բեկորներ: Պարզւում է, որ պայթուցիկը տեղադրուած է եղել սագ շոգեխաշելու համար նախատեսուած խոհանոցային ամանում, որն արտադրուել էր Խարկովի գործարաններից մէկում: Իսկ պետական արխիւի շէնքի տանիքի ձեան հալոցաջրերում յայտնաբերւում է զարթուցիչ ժամացոյցի վայրկենասլաք, ինչից քննիչները պարզում են, որ այն արտադրուել է Երեւանի ժամացոյցի գործարանում:
Ըստ այդմ, առաջադրւում է վարկած, որ ահաբեկչութիւնն իրականացրել են կա՛մ ուկրայինացի, կա՛մ հայ ազգայնականները: Ութ ամիս տեւած քննութիւնը ոչ մի դրական արդիւնք չի տալիս: Բացառութեամբ, որ մետրոյի վագոնում յայտնաբերւում է նաեւ ճամբորդական պայուսակի մի քանի ծուէն: Եւ ահա Տաշքենդի օդանաւակայանում հերթապահող ՊԱԿ-ի սպան 1977 թ. Հոկտեմբերի սկզբին ուղեւորներից մէկի մօտ նկատում է նոյն գոյնի պայուսակ: Պարզւում է, որ այն նոյնպէս երեւանեան արտադրութեան է: Մի քանի օր անց Մոսկուայի Կուրսկի կայարանի սպասասրահում զգօն քաղաքացիներից մէկը նկատում է տիրազուրկ մի պայուսակ եւ հրաւիրում միլիցիայի աշխատակցին:
Զննութեամբ պարզւում է, որ պայուսակում առկայ է պայթուցիկ սարք, սպորտային կապոյտ գոյնի կուրտկա, գլխարկ, որի վրայ յայտնաբերւում է մի քանի սեւ մազ: Յայտարարւում է տագնապ, դէպի Անդրկովկաս մեկնող բոլոր գնացքները վերցւում են խիստ վերահսկողութեան տակ: Նոյն օրը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին Մոսկուա-Երեւան գնացքում հետախոյզները յայտնաբերում են կապոյտ գոյնի սպորտային շալվարով մի երիտասարդի եւ ձերբակալում: Շարունակութիւնն աւելի անհեթեթ է. նոյեմբերի 8-ին Երեւանի իր բնակարանում ձերբակալւում է Ստեփան Զատիկեանը, որի դէմ ցուցմունք էին տուել արդէն կալանաւորուած երկու հայ երիտասարդներ: Զատիկեանը 1977 թ. Յունուար-Նոյեմբեր ամիսներին Երեւանից մէկ օր անգամ չէր բացակայել:
Բայց դա չի խանգարում, որ ՊԱԿ-ի քննիչները նրա եւ միւս երկու երիտասարդների յանցանքն ապացուցուած համարեն եւ քրէական գործն ուղարկեն դատարան: Ընդ որում՝ միանգամից ԽՍՀՄ Գերագոյն Դատարան, որտեղ նման աղմկայարոյց գործով դատավարութիւնը տեւել է ընդամէնը 4 օր: Դատավճիռն անողոք էր՝ երեք հայ երիտասարդները դատապարտւում են մահապատժի: Դատավճիռն ի կատար է ածուել երեք օր անց: Դատապարտեալները զրկուել են վճիռը Գերագոյն Դատարանի պլենումին բողոքարկելու իրաւունքից, ինչը խորհրդային արդարադատութեան պրակտիկայում աննախադէպ մի բան էր անգամ Ստալինի օրօք:
Ի՞նչ կարելի է ենթադրել այս պատմութիւնից:
Մոսկովեան պայթիւնների գործը ԽՍՀՄ ՊԱԿ-ում գտնուել է Անդրոպովի առաջին տեղակալ Սեմեոն Ցուիգունի անմիջական վերահսկողութեան տակ: Օպերատիւ իրավիճակը վերահսկել է 5-րդ գլխաւոր վարչութեան պետ Ֆիլիպ Բոբկովը: Սեմեոն Ցուիգունը 1961-67 թթ. գլխաւորել է Ադր. ԽՍՀ կառավարութեանն առընթեր Պետական Անվտանգութեան Կոմիտէն: 1964-67 թթ. նրա առաջին տեղակալն էր Հէյդար Ալիեւը, որը Ցուիգունի Մոսկուա տեղափոխուելուց յետոյ գլխաւորել է Ադր.ԽՍՀ ՊԱԿ-ը, ապա 1969 թ. Յունիսի 14-ին ընտրուել Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար:
ԽՍՀՄ պետական-քաղաքական կեանքում 1976-77 թուականները սահմանադրական փոփոխութիւնների ժամանակաշրջան էր: Քննարկւում էին ստալինեան դարաշրջանի կոպիտ սխալները վերանայելու հարցերը: Տասնեակ հազարաւոր նամակներ էին յղւում սահմանադրական յանձնաժողովին՝ կապուած ԼՂԻՄ կարգավիճակի փոփոխութեան հետ: Կան փաստական վկայութիւններ, որ Արցախի հարցով եզրակացութեան համար ստեղծուել էր ԽՍՀՄ յատուկ կառավարական յանձնաժողով: Միաժամանակ քննարկւում էր Ղրիմում թաթարական ինքնավարութիւն ստեղծելու հարցը:
Դժուար է, անշուշտ, միանշամակ պնդել, թէ ԼՂ կամ թաթարական հարցում խորհրդային Սահմանադրութիւնը կարող էր ինչ-որ լուծումներ գտնել: Բայց նոյն տրամաբանութեամբ չենք կարող նաեւ հակառակը պնդել: Աչքի է զարնում, որ Հէյդար Ալիեւի քաղաքական կենսագրութեան հեղինակ Էլմիրա Ախունդովան իր գրքում յատուկ ուշադրութիւն է դարձրել 1977 թ. ԼՂ հարցը ԽՍՀՄ կառավարութեան յանձնաժողովի օրակարգից հանելու Հէյդար Ալիեւի յաջողութեանը:
Կա՞յ երաշխիք, որ այդ հարցում Հէյդար Ալիեւը չի օգտագործել Մոսկուայի պայթիւնների թեման: Հրապարակային փաստաթղթերն այդ մասին ոչինչ չեն ասում: Բայց տրամաբանութիւնը յուշում է, որ նա չէր կարող այդ դէպքը չօգտագործել Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճեանի եւ առհասարակ՝ հայ ժողովրդի ազգային ձգտումների դէմ:
Այս վարկածի օգտին է խօսում նաեւ փաստը, որ Սումգայիթի 1988 թ. իրադարձութիւնների հետաքննութեան վերահսկողութիւնն իրականացրել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բոբկովը, նա, որ 1977 թ., ամենայն հաւանականութեամբ, մշակել է Մոսկուայի պայթիւնների հայկական հետքի վարկածը եւ այն հասցրել աւարտին:
Ի՞նչ դերակատարութիւն է ունեցել ՊԱԿ-ի գեներալ Հէյդար Ալիեւը 1977թ. Յունուարի 8-ի մոսկովեան պայթիւնների կազմակերպման գործում: Փաստեր չկան: Միայն արձանագրենք, որ 5 տարի անց ԽՄԿԿ ԿԿ գլխաւոր քարտուղար Անդրոպովի հրաւէրով նա նշանակուեց ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ: Ադրբեջանական քարոզչութիւնը պնդում է, որ Ալիեւը հետագայում պէտք է զբաղեցնէր ԽՍՀՄ կառավարութեան ղեկավարի պաշտօնը: Ի՞նչ էր նախապատրաստել ՊԱԿ-ը ԽՍՀՄ-ի համար... Ինչպէ՞ս է դրան խանգարել Արցախեան շարժումը... Բայց ամենակարեւորը՝ ինչո՞ւ մինչ օրս գաղտնազերծուած չէ Մոսկուայի մետրոյի ահաբեկչութեան գործը: Չէ՞ որ անցել է 40 տարի...

«Ազգ», 14 Յունուար 2017




No comments:

Post a Comment