7.6.17

Ոչ թէ 29.8, այլ 55%. Հայաստանում աղքատութեան ցուցանիշի սուտը

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակել է 2017 թ. առաջին եռամսեակում ՀՀ պարենային ապահովութեան եւ աղքատութեան վերաբերեալ մի զեկոյց, ըստ որի՝ ՀՀ-ում աղքատութեան մակարդակը կազմում է 29,8%: Սա նշանակում է, որ Հայաստանում մօտ 900 հազար մարդ աղքատ է, որից մօտ 300 հազարը շատ աղքատ, իսկ մօտ 60 հազարը՝ ծայրայեղ աղքատ: Այսուամենայնիւ, ՀՀ բնակչութեան լայն շերտերում առկայ կենսապայմանները մեզ ստիպում են որոշակի կասկածամտութեամբ մօտենալ անգամ այս բարձր ցուցանիշին:
Խնդիրը կայանում է նրանում, որ ԱՎԾ կողմից կիրառուող մեթոդաբանութեամբ՝ բնակչութեան բարեկեցութեան գնահատումը իրականացւում է ոչ թէ տնային տնտեսութիւնների եկամուտների, այլ նրանց կողմից իրականացուող սպառման ագրեգացուած ցուցանիշի հիման վրայ։ Իսկ սպառման ագրեգացուած ցուցանիշում ներառւում է ոչ միայն  պարենային եւ ոչ պարենային ապրանքների սպառման արժէքը, այլեւ սեփական արտադրութեան ապրանքների, մարդասիրական կազմակերպութիւններից եւ այլ աղբիւրներից ստացուած օգնութեան, ինչպէս նաեւ քաղաքացիների կողմից տիրապետուող երկարատեւ օգտագործման ապրանքների հաշուարկային արժեքները: Իսկ ահա տնային տնտեսութիւնների անուանական եկամուտների ուսումնասիրութիւնը բոլորովին այլ պատկեր է ուրուագծում:
Կից ներկայացուած գծապատկերում արտացոլուած է ՀՀ ամենաաղքատ եւ ամենահարուստ խաւերի միջեւ անուանական եկամուտների բաշխումը: Այդ գծապատկերում ՀՀ տնային տնտեսութիւնները դասակարգուած են 10 դեցիլային խմբերում՝ արտացոլելով բնակչութեան ամենաաղքատ 10%-ից մինչեւ ամենահարուստ 10%-ի միջին եկամուտները: Այս տուեալներից պարզ է դառնում, որ ՀՀ բնակչութեան մօտ 55%-ը (կամ շուրջ 1,6 մլն մարդ) ստանում է 41.000 դրամից քիչ եկամուտ՝ այդպիսով գտնուելով աղքատութեան գծից ներքեւ: Նրանցից շուրջ 25%-ի եկամուտներն անգամ ցածր են եղել աղքատութեան ստորին գծից, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում աւելի քան 700 հազար մարդ շատ աղքատ է: Աւելին, ՀՀ բնակչութեան մոտ 65%-ի պարագայում ստացուող եկամուտները նուազագոյն սպառողական զամբիւղից (49.000 դրամ) ցածր են եղել:



Ըստ այդմ, ստացւում է մի իրավիճակ, երբ  Հայաստանում շուրջ 300 հազար մարդ ամսական ստանում է մոտ 10.300 դրամի հասնող եկամուտ: Ու քանի դեռ ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում աղքատ է բնակչութեան միայն 29,8%-ը. նկատենք, որ բնակչութեան այդ 29,8 տոկոսի ամսական եկամուտները չեն գերազանցում նոյնիսկ 30 հազար դրամը:
Միւս կողմից, բնակչութեան դեցիլային խմբերի եկամուտների կառուցուածքը ակնյայտ է դարձնում նաեւ կառավարության սոցիալական քաղաքականութեան ծայրայեղ անարդիւնաւէտ լինելու հանգամանքը: Ըստ ԱՎԾ տուեալների՝ ՀՀ բնակչութեան ամենաաղքատ 10%-ը ամսական կտրուածքով ստանում է 4,945 դրամի հասնող կենսաթոշակներ եւ նպաստներ, իսկ ահա 6-րդ դեցիլային խմբում գտնուող քաղաքացիները միջինում ստանում են 12 հազար դրամի հասնող աջակցութիւն, այնինչ սոցիալական աջակցութեան տարբեր ծրագրերի ողջ իմաստը հենց ամենախոցելի խաւին ֆինանսապէս աջակցելն է եւ ոչ հակառակը:
Այսպիսով, վերոնշեալ փաստերը մեզ բերում են այն եզրայանգման, որ կամ ԱՎԾ կողմից բնակչութեան սպառման ծաւալների եւ աղքատութեան մակարդակի վերաբերեալ հրապարակուած ցուցանիշները ճշգրիտ չեն, կամ ՀՀ հարկային մարմինները պարզապէս ի զօրու չեն բազային վարչարարութիւն իրականացնելով՝ գնահատել տնային տնտեսութիւնների եկամուտները, ինչն էլ իր հերթին վկայում է ստուերային տնտեսութեան ահռելի մասշտաբների մասին:

sut.am, 5 Յունիս 2017

No comments:

Post a Comment