Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

7.8.17

Դ. Խաժակեան. Երեւանում բոլշեւիկների անուններով դպրոցները, փողոցները պէտք է անուանափոխուեն

Երեւանի այն դպրոցները եւ փողոցները, որոնք անուանակոչուած են հայ բոլշեւիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պէտք է վերանայուեն: Tert.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Երեւանի աւագանու «Ելք» դաշինքի խմբակցութեան ղեկավար Դաւիթ Խաժակեանը: «Կարծում եմ՝ սա պէտք է լինի մի մեծ փոփոխութիւնների մէջ ներառուած փաթեթ, որն իր հետ բերելու է ոչ թէ զուտ անուան փոփոխութիւն, այլ բերելու է պատմութեան վերարժեւորում»,- նշեց նա:

- Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի բացօթեայ տարածքում  երեկ [4 Օգոստոս 2017] տեղի է ունեցել «Խաւարում» անուամբ ցուցադրութեան բացումը, որը նուիրուած է սովետական բռնատիրութեան զոհերին: Միջոցառման ընթացքում նաեւ քննարկուել է բոլշեւիկ քաղաքական գործիչների անուններով Երեւանի փողոցների եւ դպրոցների անուանափոխութեան հարցը: «Ելքը» յառաջիկայ աւագանու նիստերին պատրաստւո՞ւմ է այս հարցը բարձրացնել:
-Այս հարցը ՀՀ իշխանութիւնների համար օրակարգային պէտք է լինէր դեռեւս անկախութեան առաջին տարիներին: Անկախութիւնն իր հետ պէտք է բերէր ոչ միայն այն պետական ատրիբուտները, որոնք մենք ունեցանք, այլեւ պէտք է արժէքային փոփոխութիւն բերէր: Այն մարդիկ, ում անուններով փողոցներ եւ դպրոցներ կան, պէտք է վերագնահատուէին եւ գնահատուէին որպէս Հայաստանի Հանրապետութեանը ի նպաստ գործիչներ, գրողներ: Այդ հարցը վաղուց պէտք է օրակարգային լինէր, բայց ես կարծում եմ` սրա ժամանակը գալու է: «Ելք» խմբակցութիւնն իր նախընտրական ծրագրում ներառել է Լենինգրադեան փողոցը Լէոնիդ Ազգալդեանի անունով կոչելու դրոյթ: Լենինգրադը զուտ քաղաքի անուն է, որն այլեւս գոյութիւն չունի, սակայն սա այդ Խորհրդային Միութիւնից մնացած փողոց է, որն իր անուան տեսանկիւնից որեւէ կիրառական նշանակութիւն չունի եւ չի կարող ունենալ: Առաւել եւս, մենք ունենք հերոսներ` ի դէմս Լէոնիդ Ազգալդեանի, ում անունով փողոց դեռեւս չկայ: Մենք ներկայացնելու ենք այս հարցը եւ պնդելու ենք, որ այն անուանափոխուի: Ինչ վերաբերում է մնացած դպրոցներին, փողոցներին, որոնք անուանակոչուած են ոչ միայն հայ բոլշեւիկների անուններով, այլեւս ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների, այս հարցը եւս պէտք է վերանայուի: Կարծում եմ` սա պէտք է լինի մի մեծ փոփոխութիւնների մէջ ներառուած փաթեթ, որն իր հետ բերելու է ոչ թէ զուտ անուան փոփոխութիւն, այլ բերելու է պատմութեան վերարժեւորում:

- Նշեցիք մեծ փոփոխութիւնների մէջ ներառուած փաթեթ պէտք է լինի դպրոցների եւ փողոցների անուանափոխութիւնը: Մեծ փոփոխութիւն ասելով ի՞նչ նկատի ունէք՝ արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխութի՞ւնը:
-Ուշ թէ շուտ Հայաստանում պէտք է սկսուի անկախութեան վերարժեւորման գործընթացը եւ մենք հասկանանք, վերագնահատենք Խորհրդային Միութեան դերը Հայաստանի պատմութիւնում: Ինչպէս օրինակ դա արեց Վրաստանը` խորհրդային տարիները դիտարկելով որպէս օկուպացիայի տարիներ: Մօտեցումները կարող են տարբեր լինել, բայց այն, որ վերագնահատման, եւ վերարժեւորման անհրաժեշտութիւն կայ, եւ որ այդ ժամանակ են տեղի ունենալու նշածս փոփոխութիւնները, ես դրանում չեմ կասկածում:

- Մի քանի օրինակ կը բերէ՞ք, թէ բացի Լենինգրադեանից, ո՞ր փողոցների, ո՞ր դպրոցների անուանափոխութեան հարցն էք նախատեսում քննարկել:
- Բազմաթիվ այդպիսի փողոցներ կան: Նայիրի Զարեանի դպրոցի անուանափոխութեան, Անաստաս Միկոյեանի փողոցի անուանափոխութիւնը, իսկ Անաստաս Միկոյեանի Խորհրդային Միության տարիներին մարդկանց հազարներով տանում էր կալանաւորելու: Հայաստանում կան բազմաթիւ փողոցներ, որոնք ռուսական հոլովումներով անուններ են կրում, օրինակ՝ կայ ֆիզկուլտուրնիկների փողոց: Օրինակները բազմաթիւ են, մենք հիմա խոսում ենք Ազգալդեանի անունով կոնկրետ փողոց անուանակոչելու մասին, բայց ես չեմ ուզում այդ շարքը թուել, թէ ինչքան հայ մեծանուններ կան, ում անունով ո՛չ փողոց, ո՛չ դպրոց կայ։

-Ընդհանրապէս, փողոցների եւ դպրոցների անուանափոխութիւնն ի՞նչ է տալու:
-Սա իր մեջ կրում է եւ մշակութային, եւ դաստիարակչական բնոյթ: Երբ այս ամէնը փոխուի, կը զգացուի որ երկրում տեղի են ունենում փոփոխութիւններ ոչ միայն արտաքին, այլեւ փոփոխութիւն է տեղի ունենում արժէքային առումով:

«Թերթ» (tert.am), 5 Օգոստոս 2017

No comments:

Post a Comment