12.9.17

Պարարուեստի հայազգի գործիչները մէկ յարկի տակ

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ

Հայ պարարուեստի երկու հիմնական ճիւղերից` ֆոլկլորային պարից եւ բեմական պարից, ներկայ դրութեամբ, առաւել հետազօտուած է ֆոլկլորայինը: Բեմական պարը, որի համակարգին է պատկանում նաեւ բալետը, չնայած 20-րդ դարի 50-ականներից մինչեւ մեր օրերը լոյս տեսած մի շարք գիտական հետազօտութիւններին, քիչ է լուսաբանուած: Բազմակողմանի եւ խորը ուսումնասիրման կարիք են զգում թէ՛ հայ բալետի պատմութիւնը, թէ՛ առանձին հայ եւ հայազգի պարող-պարուհիների, պարադիրների գործունէութեանը նուիրուած առանձին մենագրութիւնների հրատարակումը:
Ուստիեւ Արծուի Բախչինեանի «Հայերը համաշխարհային պարարուեստում» գիրքն անգնահատելի ներդրում է հայ պարագիտութեան ոլորտում: Այն լոյս է տեսել անցեալ տարի, «Հայաստան» հրատարակչութիւնում: Հրատարակութեան հովանաւորն է լիբանանեան բալետի երբեմնի պարուհի, այժմ կանադաբնակ Սոնա Փոլատեան-Օրճանեանը:

Աշխատութիւնը բազմամեայ պրպտումների եւ նրանց ամբողջացման արդիւնք է: Ինչպէս նշում է գրքի հեղինակը. «Սկսած 1991 թուականից Հայաստանի, Սփիւռքի եւ Մոսկուայի մամուլում պարբերաբար հանդէս ենք եկել պարարուեստի (մասնաւորապէս՝ հայ գործիչների) մասին հայերեն, անգլերեն եւ ռուսերեն յօդուածներով, գրախօսականներով եւ հայ պարողների հետ հարցազրոյցներով (ինչն էլ դարձել է սոյն աշխատութեան ատաղձը), ինչպէս նաեւ հասարակութեանը բալետի աշխարհին աւելի ծանօթացնելու նպատակով կատարել ենք հայ պարողների վերաբերեալ փոքր յօդուածների թարգմանութիւններ տարբեր լեզուներից: Սրանից բացի, տարիներ շարունակ հաւաքել եւ մուտքագրել ենք 1900-1940 թթ. հայ մամուլում բեմական պարի վերաբերեալ լոյս տեսած յօդուածներն ու ուսումնասիրութիւնները: Աւելին, պարարուեստի հանդէպ մեր խորացած հետաքրքրութիւնը մեզ մղել է գրել նաեւ աւելի լուրջ հետազօտական աշխատութիւններ, հայ բալետի մասին աւելի լայն լսարան ապահովելու նպատակով հայագիտական մամուլում հանդէս եկել բալետագիտական գրքերի անգլերեն եւ ֆրանսերեն գրախօսականներով» (էջ 6-7):
Լինելով մասնագիտութեամբ բանասէր՝ Արծուի Բախչինեանը արդէն շուրջ քառորդ դար զբաղւում է բալետի եւ կինոյի հարցերով: Այսօրուայ դրութեամբ նրան չի կարելի դասել այսպէս կոչուած «բալետասէրներ»ի կարգին, որոնք յաճախ գրում են ցածր մակարդակի եւ արուեստաբանութիւնից հեռու անորակ գրախօսականներ եւ յօդուածներ: Տարիների ընթացքում նա ուսումնասիրել է լուրջ պարագիտական գրականութիւն, իսկ լինելով գիտնականների ընտանիքի զաւակ եւ արժանի ժառանգորդ՝ ընկալել է առարկայի կամ երեւոյթի գիտական լուրջ հետազօտութեան սկզբունքները: Բախչինեանն ունի նաեւ այլ կարեւոր յատկանիշներ` տարբեր լեզուների, թարգմանչական արուեստի տիրապետումը, փայլուն խմբագրական ոճը, ամենակարեւորը` քիչ յայտնի կամ անյայտ փաստեր եւ իրողութիւններ փնտռելու եւ լուսաբանելու հակումը:
Ի նկատի ունենալով Բախչինեանի վերոյիշեալ արժանիքները՝ զարմանալի է, երբ գրախօսուող գրքի սկզբնական էջերում կարդում ենք. «Հարկ ենք համարում սկզբից եւեթ նշել, որ սոյն գիրքը բալետագիտական կամ պարագիտական ուսումնասիրութիւն չէ, որտեղ մասնագիտական վերլուծութեան ենթարկուած լինեն ներկայացուած գործիչների արուեստը: Թէեւ մենք յատուկ զբաղուել ենք նաեւ ոչ միայն պարարուեստի պատմութեան, այլեւ տեսութեան ուսումնասիրութեամբ, սակայն բնաւ չունենք պարագէտի յաւակնութիւններ: Մեր կատարածը հիմնականում բանասիրական հետազօտութիւն է, որ գլխաւորապէս առնչութիւններ ունի մշակոյթի պատմութեան եւ հայագիտութեան հետ» (էջ 11):
Նախ, յայտնի է, որ պատմութեան եւ տեսութեան հարցերով զբաղուող բազմաթիւ հանրաճանաչ պարագէտներ չեն ունեցել յատուկ պարային մասնագիտական կրթութիւն: Յիշենք Կուրտ Զակսին, Լիւբով Բլոկին, Սերգէյ Վոլկոնսկուն, Սերգէյ Խուդեակովին եւ ի հարկէ Սրբուհի Լիսիցեանին, որոնք շատ լուրջ, կարելի է ասել հիմնարար ներդրում են կատարել պարագիտութեան բնագաւառում: Հէնց այս նկատառումով եւս համոզուած ենք, որ Արծուի Բախչինեանի «Հայերը համաշխարհային պարարուեստում» գիրքը լուրջ պարագիտական աշխատութիւն է եւ ոչ ամենեւին սոսկ հանրագիտարան կամ բառարան:
Նախքան աշխատութեանը գնահատական տալը պէտք է ներկայացնել գրքի բովանդակութեան քիչ թէ շատ մանրամասն ընդհանուր բնութագիրը: Այն պարունակում է հետեւեալ բաժիններն ու ենթաբաժինները. Խօսք երախտագիտութեան, Ներածութիւն. ԳԼՈՒԽ Ա. ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ (Պարարուեստի առաջին հայազգի գործիչները). ԳԼՈՒԽ Բ. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ. ԳԼՈՒԽ Գ. ՀԱՅԵՐԸ ԵՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԼԵՏՆ ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ. 1920-1930-ական թթ., բ. Հայաստանից՝ համաշխարհային բալետ, գ. «Հզօր զգացմունքներ»ը եւ միջազգային բալետի հայ տղաները, ԳԼՈՒԽ Դ. ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՐՈՒԵՍՏՈՒՄ. ա. Ամերիկայի Միացեալ Նահանգներ, բ. Ֆրանսիա, գ. Եւրոպական եւ ամերիկեան այլ երկրներ, դ. Արեւելքի երկրներ. ԳԼՈՒԽ Ե. Հայերը էստրադային պարարուեստում. ԳԼՈՒԽ Զ. Արեւելեան պարը եւ հայուհիները. Վերջաբան. Ամփոփում (անգլերէն), Անուանացանկ:
Գրքում ընդգրկուած է տեղեկատուութիւն 740-ից աւելի հայ եւ հայազգի գործիչների մասին, որոնք եղել են բալետի, մոդեռն, ժողովրդա-բեմական, էստրադային եւ, այսպէս կոչուած, «արեւելեան պար»ի գործիչներ՝ պարող-պարուհիներ, պարուսոյցներ, պարաստեղծներ, նկարիչներ, պարագէտներ եւ պարային գործի կազմակերպիչներ:
Իրօք, թէ՛ պատմական եւ թէ՛ հանրագիտարանային բնոյթի աշխատութիւն կերտելու յանդգնութիւն ունեցող հեղինակները միշտ կանգնել են ընտրութեան առջեւ. յիշատակե՞լ, օրինակ, այս կամ այն գործչին կամ փաստը, եւ որքա՞ն մանրամասն: Վերջապէս, միշտ կը գտնուեն ընթերցողներ, որոնք կը մեղադրեն հեղինակին՝ որոշ գործիչների չյիշատակելու կամ պակաս ներկայացնելու համար: Նմանատիպ կշտամբանքներից ապահովագրուած չէ ոչ մի պատմաբան, առաւել եւս՝ հանրագիտարանային աշխատութիւնների հեղինակ: Ամէնից յաճախ կշտամբանքները վերաբերում են այն հարցին (մանաւանդ՝ այլազգի ընթերցողների համար), թէ որքանով է ապացուցուած, որ այս կամ այն գործիչն ազգութեամբ հայ է: Յայտնի է, որ ամենատարբեր բնագաւառներում հայազգի շատ գործիչներ հանդէս են եկել այլ անուն-ազգանուններով: Գրքում ընդգրկուած գործիչների որոշ մասը հայ է մօր կողմից (օրինակ, մեծանուն պարուհի Թամարա Թումանովան). նման անձանց անդրադառնալը միանգամայն արդարացուած է: Աւելի բարդ է որեւէ անձի ազգային պատկանելիութիւնը հաստատող ապացոյցնէր գտնելը: Այս հարցում Բախչինեանը զգոյշ է եւ նրբանկատ: Մի շարք գործիչների ազգային պատկանելիութիւնը հաստատող նրա բերած ապացոյցները յենւում են լուրջ փաստական եւ ստուգաբանական հէնքի վրայ: Որոշ դէպքերում նա հանգամանօրէն քննարկում է անձի ազգային պատկանելիութիւնը. առաջին հերթին դա վերաբերում է հանճարեղ Ագրիպինա Վագանովայի՝ հայազգի համարելու փաստին: Այս հարցին հեղինակը գրքում տրամադրել է բաւական մեծ հատուած՝ բերելով կողմ եւ դէմ փաստարկներ եւ, այնուամենայնիւ, չի յանգել վերջնական եզրակացութեան:
Գրքի ամենակարեւոր արժանիքը Բախչինեանի՝ պարարուեստում հայ եւ հայազգի ներկայացուցիչների ներդրման ուսումնասիրութիւնն է, որը չափազանց ընդլայնում է մեր գիտելիքները թէ՛ հայ բալետի ձեւաւորմանը նախորդող ժամանակաշրջանի եւ թէ՛ հայ պարարուեստի մասին: Աշխատութիւնը լրացնում եւ ամբողջացնում է մինչեւ 1920 թ. արեւելահայ եւ արեւմտահայ, ինչպէս նաեւ սփիւռքահայ իրականութեան մէջ ցայժմ քիչ ուսումնասիրուած կամ չհետազօտուած պարարուեստի պատմութեանը վերաբերող մշակութաբանական հետազօտութիւնները: Այս նպատակին են ծառայում գրքի բոլոր վեց գլուխները, յատկապէս` առաջին երեքը:
Գրքում ներկայացուած գործիչներից ոմանք ծանրակշիռ ներդրում ունեն թէ՛ հայ եւ թէ՛ միջազգային պարարուեստում՝ լինելով տարբեր ազգերի պարային դպրոցի կամ պարի այլեւայլ ուղղութիւնների հիմնադիրներ եւ զարգացնողներ (Արմէն Օհանեան, Գէորգի Գուրջիեւ, Սերգէյ Կէորկով, Ելենա Տանգիեւա-Բիրզնիեցէ, Ադրինա Օտերօ, Ալեքսանդր Ալեքսանդրով, Սեդա Սիւնի, Օլգա Տարասովա, Թամարա Խանում, Սարգիս եւ Աննա Ջանբազեաններ, Ելենա Աւետիսեան, Անի Դաբայ, Անահիտ Սոֆեան եւ բազում ուրիշներ): Թէկուզ հակիրճ ձեւով ներկայացուած են նաեւ մեծ նուաճումների չհասած պարողները (օրինակ, խմբապարային արտիստները):
Շատ լայն է պարային գործիչների «աշխարհագրութիւն»ը. նրանք ստեղծագործել են աշխարհի ամենատարբեր երկրներում, մինչեւ անգամՙ հեռաւոր, տարաշխարհիկ երկրներում՝ Աւստրալիա, Չիլի, Բրազիլիա, Թայիլանդ, Չինաստան, Ճապոնիա... Հեղինակը բացայայտում եւ ցոյց է տալիս, որ գրեթէ ամէն տեղ պարարուեստում հայերը փոքր թէ մեծ ներդրում ունեն: Լայն է նաեւ ընդգրկուած ժամանակահատուածը` 1783-ից մինչեւ մեր օրերը, այսինքն` մօտ երկուսուկէս դար, ինչը վկայում է, որ հայերի առնչութիւնը մասնագիտական պարարուեստի հետ շատ աւելի հին պատմութիւն ունի, քան բուն հայկական բալետը:
«Հայերը համաշխարհային պարարուեստում» գրքում Բախչինեանը տուել է պարարուեստի հայ եւ հայազգի բազում ներկայացուցիչների ինչպէս կենսագրութիւնները, այնպէս էլ նրանց արուեստագիտական կերպարը: Այս առումով անհրաժեշտ ենք համարում կրկնել, որ Բախչինեանը տարիների ընթացքում դարձել է մասնագիտացած պարագէտ: Ընդ որում՝ բարձր մակարդակի, քանի որ նիւթը ներկայացուած էՙ ժամանակի եւ այսօրուայ հայ եւ այլալեզու գրականութեան, հանդէսների, պարբերական մամուլի եւ արխիւային հարուստ նիւթերի հիման վրայ:
Յղումների համակարգը յստակ է, երբեմն գրաւում է գրքի էջի կէսը եւ աւելին, ինչը կրկին վկայում է, որ Բախչինեանը, իրօք, որպէս գիտնական բարեխիղճ է եւ պատասխանատու իր գործի հանդէպ:
Շատ կարեւոր են եւ կողմնորոշիչ «Վերջաբանում» տրուած յստակ, ուսումնասիրութիւնն ամբողջացնող եզրակացութիւնները:
Մեր հերթին ամփոփելով գրախօսականը՝ պէտք է նշենք, որ Արծուի Բախչինեանի «Հայերը համաշխարհային բալետում» գիրքը մեծ ներդրում է հայագիտութեան, մասնաւորապէս՝ պարագիտութեան ոլորտում: Այն հետաքրքրական է, ի հարկէ, նաեւ լայն հասարակութեանը, բայց, ամենակարեւորը, անհրաժեշտութիւն է նեղ մասնագէտների շրջանակի համար: Ի հարկէ, շատ ցանկալի է, որ գիրքը հրատարակուի նաեւ այլ լեզուներով:
Եւ վերջապէս, մենք յոյս ունենք, որ Արծուի Բախչինեանն իր գործունէութեան մէջ աւելի մեծ տեղ կը տայ պարարուեստի բնագաւառին եւ կ'ընդլայնի հայ պարագէտների, մասնաւորապէս՝ հայ մասնագիտական պարի հարցերով զբաղուող հետազօտողների չափից դուրս նեղ շրջանակը:

No comments:

Post a Comment