22.9.17

Ի՞նչ շահեցինք Գրապալատի լուծարումից, որը չհասցրեց տօնել իր մէկդարեայ ծնունդը

ՅԱՍՄԻԿ ՍԱՖԱՐԵԱՆ (*)
 
Երեւանի սրտի մէջ կարծես ի վերուստ մի սուրբ եռանկիւնի կար գծագրուած: Եռանկեան երեք անկիւններից իւրաքանչիւրը նշանաւոր էր ու յայտնի այդ տեղում կառուցուած գիտական-մշակութային երեք օջախներով…: Չգիտեմ սա պատահականութիւն էր, թէ նախախնամութիւն…: Մաշտոց պողոտայի ամենաերեւելի հատուածում` երեւակայելի եռանկեան առաջին սուրբ անկիւնում վեր է խոյանում մեր հին ձեռագրերի եւ փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մէկը` Մատենադարանը, փոքր-ինչ ներքեւում` Կորիւն-Գ.Քոչար փողոցների հատման սկզբնամասում, Երեւանի հէնց սրտի մէջ Մատենադարանի նորօրեայ շարունակութիւնն հանդիսացող Հայաստանի Հանրապետութեան ազգային մատենագիտութեան, մամուլի մատենագիտական տեղեկատուութեան ու վիճակագրութեան, սոցիոլոգիական հետազօտութիւնների, կենտրոնական քարտագրացուցակաւորման, ինչպէս նաեւ համահայկական տպագիր արտադրանքի ինդեքսաւորման, անձեռնմխելի ազգային արխիւային աւանդատրուող ֆոնդի պահպանման, հայկական համակարգչային տառերի ստեղծման ու պահպանման աշխատանքները գրեթէ մէկ դար իրականացնող Հայաստանի առաջին բիբլիոգրաֆիական մատենադարան-տոմարագրութեան պալատ- Ազգային Գրապալատը: Եռանկեան երրորդ սուր անկիւնը եզրափակւում էր Ազգային Գրադարանի թամանեանական շէնքով:
Եռանկիւնին այլեւս չկայ…: Աւելի շուտ եռանկեան երկրորդ անկիւնը կազմող ամենահին տաշուածքով անկիւնաքարը չկայ` աւերեցին, լուծեցին ու լուծարեցին գրեթէ մէկ դար անխափան գործող եւ ամենակարեւորը` իր տեսակի մէջ եզակի գիտական օջախը` Հայաստանի Ազգային Գրապալատը: Սրով ու թրով, հապճեպ միաւորման ու գործառոյթների իբրեւ թէ փոխանցման եւ կրկնման քօղի տակ կենդանի-կենդանի թաղեցին նրան Ազգային Գրադարանի մէջ…: Ու եռանկեան երկու անկիւնների կեղծ միաւորումից եռանկիւնին դարձաւ բութանկիւն ու բթացաւ: Ում էր ձեռնտու եւ ինչ շահեց հայ ազգային մատենագիտութիւնը…:
Թող պատմութիւնը որպէս արդար դատաւոր դատաստանն անի նրանց, ում ձեռքերով մշակութային անդաստանի մէջ տեղի ունեցաւ բնապահպանական ջարդ` արմատախիլ արուեց ու ոչնչացուեց եզակին` Հայաստանի Ազգային Գրապալատը: Եւ այսպէս ու …: Ի պատասխան այդ մասին ստեղծուած հայեցակարգում գրադարանների վերաբերեալ հետեւեալ պարբերութեան. Հայաստանում մէկ կենտրոնում հաւաքել եւ հայ ժողովրդի մասին արտերկրի մամուլում հրատարակուած յօդուածները, աշխարհում լոյս տեսնող գրականութիւնն եւ մամուլը, հրատարակել վիճակագրական ժողովածուներ: Բացի այդ կենտրոնից իրականացնել գրքի միջազգային ստանդարտ համարի (ISBN) տրամադրումը եւ ISSN (մատենաշարային=սերիալ) եւ (ISMN) (երաժշտական) միջազգային ստանդարտ համարների ծառայութիւնների մատուցումը: Այս գործառոյթները պատուիրակել Հայաստանի Ազգային գրադարանին` միաւորելով Հայաստանի Ազգային Գրապալատ եւ Գրքի Միջազգային Ստանդարտ Համարի (ISBN) գործակալութիւն պետական ոչ առեւտրային կազմակերպութիւնները (**): Գրապալատի գրապահոցում որպէս մեր սերունդներին աւանդատրուող անձեռնմխելի գրեթէ երկու միլիոնի հասնող տպագիր ֆոնդի փոխանցման մասին չի էլ յիշատակւում…:
Հայաստանի Ազգային Գրապալատը չէր կարելի լուծարել կամ անգամ միաւորել ազգանպաստ ու կարեւոր մի քանի հանգամանքներից ելնելով` նախ եւ առաջ յատկապէս նկատի ունենալով հանրապետութեան սէյսմիկ ակտիւ գօտում գտնուելու հանգամանքը, եւ այն, որ սէյսմակայունութեան եւ տեխնիկական անհրաժեշտ զինուածութեան առումով մեր հանրապետութիւնում այսօր ոչ մի կազմակերպութիւն, այդ թւում առաւել եւս Ազգային Գրադարանը չունի գրապահոցային յուսալի մասնաշէնք: Չէր կարելի ազգային եւ համաշխարհային մշակոյթի մաս կազմող մեր ազգային տպագիր նիւթերը մէկտեղել եւ սերունդների համար դրանց պահպանութիւնը իրականացնել մէկ վայրում: Որեւէ աղէտի, վթարի կամ հրդեհի դէպքում կորուստը անխուսափելի եւ անդառնալի կը լինի: Երկրորդ. գրապալատի լուծարման հետեւանքով մենք կորցրեցինք ու այլեւս երկար ժամանակ չենք ունենայ ազգային մատենագիտութիւն, մեր հանրապետութեան գիտակրթական միտքը եւ ընդհանրապէս ընթերցողները իրենց հետազօտութիւնների ընթացքում զրկուեցին ազգային տուեալներից օգտուելու հնարաւորութիւնից, որովհետեւ գրապալատում իրականացուող ընթացիկ եւ յետադարձ մատենագիտութեան ցանկերի կազմման աշխատանքները ենթադրում էին տարեկան համապատասխանաբար ոչ պակաս քան 30000 եւ 10000 մատենագիտական գրանցումներ եւ համապատասխան անուանական ու առարկայական ցանկեր:
Գրապալատի կողմից հրատարակուող մատենագիտական ցանկերի տարեկան հրատարակչական ծաւալները կազմում էին համապատասխանաբար 200 եւ 80 մամուլ: Նման ծաւալի գրանցումներ եւ մատենագիտական ցանկերի հրատարակութիւններ հնարաւոր էր միայն աշխատանքների ճիշդ կազմակերպման եւ մասնագիտական բարձր որակաւորման եւ պատրաստուածութիւն ունեցող կադրերի դէպքում: Նման մատենագէտ-կադրերի դարբնոցը գրեթէ 95 տարի շարունակ համարուել ու հանդիսացել է միայն Գրապալատը, այդ կադրերի փաղանգը սկսուել ու ձեւաւորուել, նոր արմատներ է ձգել միայն Գրապալատում: Ազգային Գրադարանի գրադարանավարը կամ թէկուզ մատենագէտը ի վիճակի չի կատարել այդ աշխատանքները, քանի որ գործառոյթները յստակեցուած են, չունեն համապատասխան պատրաստուածութիւն որպէս մատենագէտներ, այնտեղ չկայ մատենագիտական դպրոց եւ անգան ցանկութեան դէպքում դպրոցը մէկ կամ անգամ մի քանի տարիների ընթացքում անգամ հնարաւոր չէ ստեղծել: Երրորդ. Գրապալատը լուծարուեց առանց մասնագէտների կարծիքը հաշուի առնելու, վռազ-վռազ եւ ամենակարեւորը`այն ժամանակ, երբ մեզանում դեռ ընդունուած չէին համապատասխան օրէնքներ, չկային համապատասխան ԳՈՍՏ-եր (***) ու դասակարգման ստանդարտներ:
Գրապալատում տպագիր նիւթի մատենագիտական նկարագրումը, դասակարգումը դեռեւս կատարւում էր Մոսկուայի նախկին համամիութենական Գրապալատի կողմից 70-80ական թուականներին ընդունուած ու տեղայնացուած ԳՈՍՏ-երով ու դասակարգման աղիւսակներով: Այնպէս որ գրահրատարակչական ոլորտի մեծ քաոսի վտանգ արդէն ստեղծուած է ու շարունակուելու է գրադարանային ոլորտում: Գրապալատը մինչեւ լուծարումը իր գործառոյթներով ու համապատասխան ծառայութիւններով կանոնակարգում էր հանրապետութեան գրահրատարակչական ամբողջ ոլորտը` բացառելով ոլորտում տիրող երբեմնի` 1990-1998 թթ. քաոսը, որի ժամանակ հանրապետութիւնում լոյս տեսած հազարաւոր տպագիր նմուշներ դուրս մնացին հաշուառումից ու փոշիացան: Այսօր շատ զաւեշտալի եւ արտառոց նաեւ Գրապալատի ISBN, ISSN, ISMN ազգային գործակալութիւնների աշխատանքներին (սաշիպափայավարի) տէր կարգուած Ազգային Գրադարանի վիճակը, որ Մշակոյթի նախարարութիւնը որպէս ֆինանսական լծակ-ճիպոտ յանձնեց գրադարանին, չնայած այն բանի, որ ըստ իր կանոնադրութեան Ազգային Գրադարանին պետբիւջէից հսկայական գումարներ է յատկացւում իր գրադարանային ֆոնդը համալրելու համար:
Այստեղ գլխաւորը արդէն խնդրի բարոյական կողմի հետ գործ ունենք: Ինչո՞ւ մի կազմակերպութեան` Ազգային Գրապալատի ջանքերով ստեղծուած ազգային գործակալութիւնները յանձնուեցին Ազգային Գրադարանին, որը նախկինում երբեւիցէ ինքնուրոյն քայլեր չէր ձեռնարկել այդ գործակալութիւնների ազգային մասնաճիւղերը բացելու գործում: Այդ գործը պատուով անում էր Գրապալատը` բաւական դժուարութեամբ եւ մեծ ջանքերով հասնելով ոլորտում ներգրաւուելու պրոցեսին: Մինչեւ տխրահռչակ լուծարումը ՀՀ-ն ի դէմս Գրապալատի, ճանաչուած էր ISBN, ISSN, ISMN միջազգային կենտրոնների կողմից որպէս լիիրաւ եւ իր գործունէութեան մէջ զգալի յաջողութիւններ գրանցած անդամ: Ինչո՞ւ հիմնադիր մարմինը զրկեցին իր իսկ հիմնադրած գործակալութիւններից` յանձնելով այդ գործառոյթները մի հաստատութեան, որը ոչ մի լումա չէր ներդրել դրանց ստեղծման ուղղութեամբ: Վերջապէս. կեանքը ցոյց տուեց, որ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնները, սկսած Ռուսաստանից, լուծարելով իրենց գրապալատները, յետագայում դարձեալ ելնելով սխալ ընդունած որոշումից, կրկին վերաբացուեցին ազգային գրապալատները, իսկ եւ միթէ չի՞ գալու մեր ազգային սթափութեան պահը եւ յատկապէս ի հեճուկս այն ապազգային պնդումների ու ապազգայնականների ում պէտք էր գրապալատի ողջ տպագիր անձեռնմխելի գրեթէ երկու միլիոնի հասնող ֆոնդը եւ այն բարբաջումների, թէ գրապալատը իբր հնացած, կոմունիստական մնացորդ է:
Նկատենք նաեւ, որ գրապալատներ գոյութիւն ունեն նաեւ ոչ միայն մի շարք նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններում, այլ ուրիշ երկրներում եւս` ասենք Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում (****): Հայաստանի Ազգային Գրապալատը աւելորդ օղակ չէր, այն կատարում էր Ազգ. Գրադարանից զատ գործառոյթներ, որը ի վիճակի չէ կատարել գրադարանը, քանի որ աւանդաբար նա ընթանում է այլ ուղիով եւ նրա ամենակարեւոր գործառոյթը` դա սպասարկումն է: Եւ ամենացաւոտ հարցը` ո՞ւր կորաւ Գրապալատի գրապահոցում 1917-2017 թուականների ընթացքում կուտակուած ազգային անձեռնմխելի մէկ միլիոն ութ հարիւր ութսունվեց հազար թուով տպագիր մշակութային ժառանգութեան հաւաքածուները (կա՞ն արդեօք փաստացի հաշուետուութիւնները), որ իւրաքանչիւր տարի եռամսեայ ու տարեկան հաշուետուութիւններով որպէս ֆինանսական փաստաթուղթ, ներկայացւում էր պատկան նախարարութեանը, ամենափոքրիկ տպագիր նիւթն անգամ ` սկսած հրաւիրատոմսից, հաշուառւում էր Գրապալատի մայր մատեաններում: Աշխատանքիս բերումով մայր մատեանների պատճէնները կան իմ ձեռքի տակ: 
Եւ վերջին հարցս` ինչո՞ւ գրապալատի անձեռնմխելի ֆոնդը որպէս ազգային տպագիր մշակութային ժառանգութիւն չհաշուառուեց ՀՀ կառավարութեան ընդունած «Փաստաթղթերի վաւերականացման եւ հաշուառման մասին» օրէնքի կէտերին համապատասխան, այլ խախտուեց օրէնքը ու չկիրարկուեց: Տեղափոխման պահին, առանց հաշուառման փաստաթղթերի ու փոխանցման ակտերի վաւերականացման, Գրապալատի գոյքն ու անձեռնմխելի տպագիր հարստութիւնը տարհանուեց ու լցուեց Գրապալատի գրապահոցից աւելի վատթար վիճակում գտնուող Ազգային Գրադարանի նկուղային տարածքում, իսկ աշխատակիցներին տեղաւորեցին իրենց նախկին աշխատասենեակներից աւելի վատ սենեակներում: Եւ անամօթաբար յայտարարուեց, որ իրենց Գրապալատի կողմից տարեկան հրատարակուող ամենամսեայ մատենագիտական ցանկերը` տարեգրքերը, վիճակագրական ժողովածուները եւ այլ մատենագիտական ցակեր պէտք չեն: Իսկ այսօր քափ-քրտինք մտած կազմում են նոյն ցանկերը, միայն Գրապալատից տեղափոխուած մատենագէտների աշխատանքի շնորհիւ, որովհետեւ գրադարանը երբեք եւ համաձայն գործող կանոնադրութեան մատենագիտութեան կենտրոն չէ եւ չի էլ կարող լինել, նրա գլխաւոր գործառութը սպասարկումն է: Ազգայինի տնօրէնի «Հրապարակ» թերթին տուած հարցազրոյցում Գրապալատից բռնագանձուած անձեռնմխելի տպագիր ֆոնդերի քանակը ներկայացուեց մի ծիծաղելի թուով, որը կազմում էր գրապալատից տարած-խլած տպագիր ու անձեռնմխելի ֆոնդերի ընդամէնը 1/5 մասը: Ո՞ւր հոսեց ու լցուեց հայ ազգային տպագիր հարստութիւնը, որ ունէր միայն Գրապալատը եւ ի՞նչ է մտածում այս ամէնի մասին Մշակոյթի նախարարը: Այս խմորը դեռ շատ ջուր ունի քաշելու,- այսպէս է ասում մեր ազգային իմաստուն ասացուածքը:

«Հրապարակ», 21 Սեպտեմբեր 2017 (hraparak.am)

---------------------------------
Ծանօթագրութիւններ՝ «Հայկականք»-ի կողմէ
(*) Նախկին Գրապալատի նախկին փոխտնօրէնուհի։

(**) Գրապալատի ու Ազգային Գրադարանի միացումը տեղի ունեցած է Նոյեմբեր 2016-ին։

(***) Ռուսերէն՝ «պետական չափորոշիչ» (государственный стандарт

(****) Օրինակ՝ Արժանթինի մէջ։ Սակայն, ԱՄՆ-ի մէջ, գրապալատի գործառոյթը կը կատարէ Գոնկրէսի գրադարանը։ 


No comments:

Post a Comment