23.9.17

Աշխարհի առաջին հայազգի ջազմէնը

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Ջազի սիրահարները մեզանում մեծ թիւ են կազմում, սակայն քանի՞ հոգի կարող է տալ պատմութեան մէջ հանդէս եկած առաջին հայազգի ջազմէնի անունը...
Որքանով պարզել ենք, այդ անձը եղել է Գրիգոր Քէլէկեանը, յայտնի Գրեգոր [Gregor] բեմական անուամբ, որը 1920-ականների վերջին, 1930-ականների սկզբին ճանաչուած դէմք է եղել Ֆրանսիայի երաժշտական շրջանակներում:

Նա ծնուել էր 1898-ի Փետրուարի 28-ին, Կոստանդնուպոլսում, բանասէր, խմբագիր, դասախօս, ռամկավար մեծանուն գործիչ Տիրան Քէլէկեանի (1862, Կեսարիա- 1915, Չանղըրը) ընտանիքում: Արժէ համառօտ ներկայացնել նրա հօրը, որը ժամանակին հեղինակութիւն է եղել Օսմանեան կայսրութիւնում: Ֆրանսիայում բարձրագոյն կրթութիւն ստացած այս մտաւորականը խմբագրել է թուրքերէն թերթեր, աշխատակցել հայ, թուրք, անգլիական եւ ֆրանսիական պարբերականներին, հիմնել ֆրանսերեն եւ անգլերեն թերթեր (Եգիպտոս): Գրել է հայատառ թուրքերէն գեղարուեստական եւ տնտեսագիտական գործեր, կատարել թարգմանութիւններ ֆրանսերէնից, կազմել թուրքերէն-ֆրանսերէն բառարան: Կ. Պոլսի Օսմանեան համալսարանում դասաւանդել է թուրքերի պատմութիւն: Մեծ դեր է կատարել թուրք հասարակական կարծիքի ստեղծման ասպարէզում: Ի պատասխան իր այս թուրքանպաստ գործունէութեան՝ երիտթուրքերը 1915 թուականին նրան այլ հայ մտաւորականների հետ միասին աքսորել են Չանղըրը եւ տանջամահ արել Ալիս գետի մօտ: Նահատակութիւնից առաջ Քէլէկեանն ընկերներին ասել է. «Ափսոս, որ 30 տարի աս ոճրագործ ցեղին համար գրիչ շարժեցի եւ միտք յոգնեցուցի. երանի թէ ձեռքերս կոտրէին եղեր... Գոնէ դուք կը մխիթարուիք, թէ ազգին համար աքսորուեցաք եւ կը մեռնիք... Իսկ ես, կ՚արժէ՞ր որ այսքան ապերախտ ցեղին համար 30 տարի աշխատէի»:
Ի դէպ, կարծում ենք, Տիրան Քէլէկեանն է Հրաչեայ Քոչարի «Մայրենի լեզու» վիպակի պատմութիւններից թուրքերէնի ուսուցչի հերոսի նախատիպը...
Հօր սպանութիւնից յետոյ երիտասարդ Գրիգորը հեռացել է Թուրքիայից, չնայած հետագայում, 1930-ականների վերջին, երբ հանրապետական Թուրքիայի ստեղծող Քեմալ Աթաթիւրքին ներքին օրգանի պատուաստման անհրաժեշտութիւն է եղել, Քէլէկեանը, մոռանալով հոր ողբերգական վախճանը, պատրաստակամութիւն է յայտնել «թուրքերի հօրը» նուիրաբերել իր համապատասխան օրգանը: Հայկական անհեթեթ այլասիրութեան հերթական օրինակը...
Առհասարակ, Գրիգոր Քէլէկեանը բաւական արտակենտրոն անձնաւորութիւն է եղել: Ֆրանսիացի նշանաւոր ջազ դաշնակահար եւ ջութակահար Ստեֆան Գրապելլին նրան յիշել է այսպէս. «Գրեգորը երեւոյթ էր: Նա ունէր տպաւորութիւն գործելու, շոուի եւ թատրոնի զգացողութիւն»: Քէլէկեանն իր գործունէութիւնը Եւրոպայում սկսել է որպէս բռնցքամարտիկ, այնուհետեւ նուիրուել է պարին՝ հանդէս գալով կաբարէներում եւ կազինոներում, իսկ նուագախմբի ղեկավար դարձել է բոլորովին պատահաբար: Մի անգամ Ամստերդամում իր պարային համարից յետոյ նա մնացել է բեմում եւ ի բնէ լինելով զուարթ կատակաբան՝ յանկարծաբանութեամբ սկսել է ղեկավարել նուագախումբը ակրոբատիկ շարժումներով: Նրա խեղկատակութիւնը հիացրել է հանդիսասրահում գտնուող փարիզեան երկու մեծ կաբարէների տնօրէններին, որոնք արտիստին կանչել են իրենց մօտ եւ ասել, որ ուզում են նրա նուագախմբի ելոյթները հիւրընկալել իրենց կաբարէներում: Քէլէկեանն առանց աչք թարթելու համաձայնուել է՝ խոստանալով Փարիզ գալ շատ աւելի լաւ մի խմբով՝ առանց ասելու, որ հէնց նոր իր ղեկավարած նուագախումբն իրականում իրենը չէ, ոչ էլ որ ինքը սեփական խումբ ունի: Ինչեւէ, Ամստերդամից Գրեգորը շտապել է Փարիզ, գնացել «Տաբակ Պիգալ» բարը եւ նուագախումբ է վարձել: Նրանք փորձելու ժամանակ չունէին, բայց Քէլէկեանը վստահ էր, որ իր սեփական եռանդը բաւարար կը լինէր: Բեմում յանկարծաբանելը եւ տպաւորութիւն ստեղծելը նրա մեծ տարերքն էր. ինչպէս ինքն էր ասում՝ «Ես մարդկանց մատուցում եմ ապուր եւ հաւատացնում եմ, որ շոկոլադ է»: Եւ այդպէս, 1928 թուականին ստեղծուել է «Գրեգորը եւ իը գրեգորեանները» ["Gregor et ses gregoriennes"] ջազ նուագախումբը՝ Ֆրանսիայի առաջին ջազ խմբերից մէկը: Ժամանակի ընթացքում այս խմբում հանդէս են եկել ժամանակի եւ հետագայի լաւագոյն ֆրանսիական ջազ երաժիշտները՝ սաքսոֆոնահարներ Անդրէ Էքեանը եւ Ալիքս Կոմբելը, տրոմբոնահար Լէօ Վոշանը, տրոմբետահար Ֆիլիպ Բրիւնը, կլառնետահար Էդմոն Կոանիէն, դաշնակահար Լիւսիէն Մորավէկը եւ այլք: Ինքը՝ Գրիգորը, որեւէ գործիք չի նուագել, հիմնականում հանդէս է եկել որպէս իմպրեսարիօ, սակայն երբեմն կատարել է անգլերէն եւ ֆրանսերէն երգեր: Հումորը եւ յանկարծաբանութիւնն անպակաս են եղել «Գրեգորեանների» կատարումներում. օրինակ, «Ֆանտազիա "այ-այ-այ"-ի թեմաներով» գործում «այ-այ-այ» բացականչութիւնը խումբը կատարել է իսպանական, գերմանական, հրէական, ռուսական երաժշտական ոճով:
Քէլէկեանի նուագախումբն է Ֆրանսիայում առաջինը կատարել ջազ երաժշտութեան ձայնագրութիւններ, սկսած 1929 թուականից: Ձայնագրած առաջին երգերից մէկը եղել է «Պարում եմ անձրեւի տակ» յայտնի ամերիկեան երգը՝ ֆրանսերէն, նախքան որ այդ երգը հանրայայտ կը դառնար հոլիւուդեան նշանաւոր երաժշտաֆիլմի շնորհիւ: Աւելին, Գրիգոր Քէլէկեանն է հիմնել Ֆրանսիայի առաջին ջազ պարբերականըՙ «Ռեւիւ դիւ ջազ»ը (լոյս է տեսել ինը համարՙ 1929-1930 թթ.): 1930-ին նկարահանուել է «Գրեգորը եւ իր գրեգորեանները» վաւերագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Ռոժէ Լիոն):
Ցաւօք, Գրեգորի աստղը շուտ է խամրել: Իր «աստղաշատ» նուագախմբով Եւրոպայով մէկ շրջագայելը սպառել է նրա բանկի հաշիւը: 1930-ին նրա անունը կապուել է մի խորհրդաւոր աւտովթարի պատմութեան հետ, ուստի եւ երաժիշտը մեկնել է Հարաւային Ամերիկա՝ խուսափելու համար բանտարկութիւնից: Նրա հեռանալուց յետոյ նախկին գրեգորեանները կազմել են նոր նուագախումբ՝ Ալէն Ռոմանի եւ Անդրէ Էքեանի ղեկավարութեան ներքոյ:
Հաստատուելով Արգենտինայում՝ Քէլէկեանը շարունակել է երաժշտական գործունէութիւնը, կատարել ձայնագրութիւններ Բուէնոս Այրէսում: 1938-ին նրան տեսնում ենք Ստամբուլում, որտեղ պարող-պարաստեղծ Արտաշէս Փանոսեանը նրա երաժշտութեամբ եւ ֆրանսերէն տեքստով ստեղծում է բաշ-բաշա (գլուխ գլխի) պարերգը: Այստեղ զէյբէկ պարի տարրերը յարմարեցուել են ամերիկեան ջազային երաժշտութեանն ու պարին: Բնոյթով լինելով եւրոպական պար՝ բաշ-բաշան միակն է, որի մէջ գործածուել են գլխի շարժումներ (զոյգերը պարը կատարում են՝ ճակատները միմեանց հանդիպադրած), ինչը բնորոշ է արեւելեան պարին: Սակայն պատերազմի պատճառով այս պարը տարածում չի գտել: Հետագայում Գրիգոր Քէլէկեանին տեսնում ենք Բաղդադում: Այստեղ նա ունեցել է պարի սեփական ստուդիա, որտեղ էլ 1958-ին վերածնել է բաշ-բաշան՝ արժանանալով Իրաքի պաշտօնական մամուլի եւ հասարակութեան ուշադրութեանը:
Քէլէկեանի հետագայ կեանքի մասին գրեթէ ոչինչ յայտնի չէ: Նա իր մահկանացուն կնքել է 1971 թուականին, Գերմանիայի Մալենտէ քաղաքում:
Եթէ Գրիգոր Քէլէկեանն աշխարհի առաջին հայազգի ջազմէնն է, ապա ուշադիր ընթերցողը պիտի որ նկատէր նաեւ յօդուածում երկու անգամ յիշուած երկրորդ հայազգի ջազ երաժշտին: Հայազգի ֆրանսիական սաքսոֆոնահար Անդրէ Էքեանը (Էքշեան, 1907-1972) հանդէս է եկել Քէլէկեանի հետ գրեթէ միաժամանակ: 1920-ականների վերջից հանդէս գալով տարբեր նուագախմբերում՝ նա յայտնի է դարձել առաւելապէս ազգութեամբ գնչու նշանաւոր ջազմէն Ջանգօ Ռեյնեարդտի հետ իր համագործակցութեամբ՝ նրա հետ ձայնագրելով դասական ջազի տասնեակ ստեղծագործութիւններ...

«Ազգ-Մշակոյթ», 22 Սեպտեմբեր 2017

No comments:

Post a Comment