25.9.17

Խոհեր անկախութեան օրով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
 
Դժուար է Հայաստանի անկախութիւնը հանրաքուէով վաւերացրած տօնական օրը նստել համակարգչի մօտ եւ գրել այն մասին, թէ որքան պրոբլեմ ունի կամ որքան պրոբլեմ է կուտակել երկիրը անկախութեան 26 տարիների ընթացքում: Մանաւանդ բոլոր տեսակի պրոբլեմներով հանդերձ` անկախ պետութեան մեր կեցութիւնը բոլորս ենք մեր ներսում փայփայում եւ ուրիշ կենսակերպ հիմա չենք էլ պատկերացնում մեզ համար: Յամենայնդէպս` ճիշտ է գրել այն, ինչ չես գտնի տօնական զեղուն ուղերձներում, որոնց պակասը երէկ չզգացուեց` ոչ Եռաբլուրում, ոչ Անկախութեան առթիւ պաշտօնական ու ոչ պաշտօնական ընդունելութիւններում: Գումարած` տօնին խորհուրդ հաղորդեցին նաեւ այն 1800 սփիւռքահայերը, որոնք «Հայաստան-Սփիւռք» համաժողովից յետոյ դեռ չեն մեկնել երկրից ու Հայաստանի հայերի հետ միատեղ, լաւ եղանակի առկայութեամբ ըմբոշխնեցին Հայաստանի անկախութեան քսանվեցերորդ տարեդարձը:


ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ ԿԱՄ՝ «ՏԵՍԻՔԴ ՄԵՌՆԵՄ, ՀԱՅՐԵՆԻՔ»
Սպասել, որ այս անգամ «Հայաստան -Սփիւռք» համաժողովը տարբեր կը լինէր նախորդներից, ի հարկէ, անիրատեսական է, եթէ նկատի առնենք վերջին տարիների համանման հանդիպումները, Հայաստան-Սփիւռք աշխատանքում մօտեցումների անփոփոխութիւնը, Հայաստանի ներսում տիրող մթնոլորտի եւ մօտեցումների անփոփոխութիւնը: Առայժմ: Այո, առայժմ Հայաստանի եւ Սփիւռքի կապերը դեկլարատիւ-զգացմունքային-հանգրուանային մակարդակի են եւ այդպէս կը լինի տարիներ, քանի Հայաստանն իր ներսում դեռեւս չի առանձնացրել իր խնդիրները, չի ախտորոշել հիւանդութիւնները եւ չի յայտարարել, թէ դրանցից որոնց բուժման մէջ է տեսնում Սփիւռքի մասնակցութիւնը:
Սպասել, որ բազմադէմ Սփիւռքը երեք օրում կը կարողանայ կողմնորոշուել եւ Սփիւռքի ինքնակառավարման, եւ Հայրենիքի վէրքերը բուժելու օրակարգերի վերաբերեալ` առնուազն իրատեսական չէ: Եւ ոչ էլ ինչ-որ թղթերի վրայ գրուած կէտերը կամ կարգախօսներն են գործնականում հարցեր լուծելու երաշխիք:
Չպարտաւորեցնող-չմասնաւորեցուող-անհասցէ խօսք է, երբ ասում են` ներդրումներ արէք, մեծահարուստ սփիւռքահայ հայրենակիցնէր: Հասկանալի չէ նաեւ, թէ ինչ տեսք կը ստանայ «Հայաստան-Սփիւռք» վեցերորդ համաժողովի հաւանութեամբ ստեղծուելիք համահայկական խորհուրդը, որի վտիտ ուսերին դնել համահայկական օրակարգ ձեւաւորելու գործը, երբ առկայ են պետութիւն եւ սփիւռքեան հզօր կառոյցներ, կարծում ենք` անիրականանալի ցանկութիւն է պարզապէս եւ մի գուցէ թաքցուող այլ նպատակ ունի իր ներսում:
Ուրիշ վիճակ կը լինէր, եթէ Հայաստանի կառավարութիւնն այս ընթացքում օրակարգերից այն մէկը, որը պէտք է վերաբերէր Հայաստանի տնտեսական կեանքը ոտքի կանգնեցնելուն, այն աստիճան յստակեցրած լինէր, դերաբաշխում կատարած լինէր, որ մնար համաժողովում դերերը կատարելու խնդրանք ներկայացնել մեծ համայնքներից գոնէ մի քանիսին, դա կը լինէր բոլորովին նոր մօտեցում:
Թէ չէ այնպէս` հիւր եկած սփիւռքահայերի համար ի հարկէ լաւ էր. վերստին տեսան իրար ու Հայրենիքը, Սփիւռքի կուսակցութիւնների ներկայացուցիչները յարաբերուեցին իրենց հայաստանեան կուսակիցների հետ, պտտուեցին երկրով ու Արցախով, «հայրենիքի կեանքին մեռնեմ»-ի արտաբերման շատ առարկայական առիթներ ունեցան, ու կոնկրէտ իրացրեցին էլ դա` բաւական փող ծախսելով երեք օրում Հայաստանում:
Այս իմաստով ինձ համար անհասկանալի է բիւջէից համաժողովի կազմակերպման վրայ ծախսուած ութսուն միլիոն դրամը լրատուամիջոցներով ապարդիւն ծախս անուանելը:
Ուրիշ բան, որ հէնց սփիւռքահայերի հնչեցրած քննադատութիւնները` առկայ կոռուպցիայի, իրաւական աչառութեան պայմաններում Հայաստանում ներդրումներ անելու անհնարինութեան մասին կամ հէնց համաժողովի անարդիւնաւէտութեան վերաբերեալ պիտի վերջապէս հասկացնեն մեր պատասխանատուներին` համաժողովների այս ծանրաշարժ եւ անարդիւնք ձեւաչափը փոխելու, Սփիւռքի հետ աշխատելու իսկապէս հայանպաստ տարբերակներ գտնելու` գալիք քսանհինգ տարիներին միատեղ աշխատելու ինչ-որ վիրտուալ պատկերացումների փոխարէն:
Անկեղծ ասեմ` Հայաստան-Սփիւռք համաժողովը ինձ մի պահ թուաց ելոյթների ցուցահանդէս-վաճառք, որտեղ ժխոր է ու դժուար է կողմնորոշելը` ո՞ր ապրանքն ընտրես, ու լրագրողներն ընտրում էին ամենաբարձր բղաւողներին նախ:
Ձեւաչափն աշխատող չի, համաժողովները հաւաքուելու, ուղղակի զգացմունքներն արտայայտելու տեղ էլ կը մնան, ձեւաչափը պիտի փոխել: Մի գուցէ համաժողովը ողջ տարին պիտի բաց լինի` ամէն ամիս մի համայնքից մարդիկ հաւաքուեն, առաջարկեն, ինչ-որ գործեր սկսեն, այսինքն` տարածք-տարածք պէտք է աշխատել հետները: Իսկ հսկայ համաժողովը պարզապէս հնարաւոր չէ իսկապէս աշխատեցնելը: Յոյս ունենալ, թէ այդ խնդիրը ինչ-որ համահայկական խորհուրդ պէտք է լուծի` միամտութիւն է, երբ առաւել լայնածաալ աշխատանքի ձեւաչափը չի գտնուած:

2018-Ն` ԸՍՏ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՅԹՆԵՐԻԲայց որ Հայաստան-Սփիւռք համաժողովը ծառայեց երկրի ղեկավարներին` հերթական անգամ մրցակցելու, իրենց հեռագնայ նպատակներն ի ցոյց դնելու եւ լայնածաւալ Սփիւռքի ներուժն այդ նպատակի համար օգտագործելու առումով` սա հաստատ:
Ես չեմ հաւատում, որ երկրի ղեկավարները կարող են չպլանաւորուած բաներ անել` այնպէս որ մէկ օր Հայաստան-Սփիւռք համաժողովում, միւս օրն արդէն ՄԱԿ-ում Սերժ Սարգսեանի ելոյթների` իրար շարունակող ենթատեքստերը վերահաստատում են այն ՀՀԿ-ականների հաւաստիացումները, որ Սերժ Սարգսեանը մնում է դեռ, եւ նա է իրօք գոնէ ՀՀԿ-ականների մի մասի վարչապետի թեկնածուն:
Բայց մնալու ցանկութիւն ունի նաեւ վարչապետ Կարեն Կարապետեանը, որն ուղիղ «այո» ասաց այդ վերաբերմամբ հարցին, յետոյ արդէն մի փոքր ծամծմելով խնդիրը, թէ` երբ ՀՀԿ-ն յստակեցնի իր թեկնածուին, այդ ժամանակ էլ կը խօսենք:
Հետաքրքրական է, որ նախագահ Սարգսեանն ու վարչապետ Կարապետեանը տարբեր օրեր ելոյթ ունեցան Հայաստան-Սփիւռք համաժողովին եւ ցանկութեան դէպքում նրանց ելոյթներում կարելի էր կարդալ տարբեր, իրար հակադրուող ենթատեքստերը:
Սերժ Սարգսեանը համաժողովում խօսում էր Հայաստանի բնակչութիւնը 4 մլն դարձնելուց, ՄԱԿ-ի ամբիոնից` եկող գարուն առանց հայ-թուրքական արձանագրութիւնների մտնելուց` արձանագրութիւնների յետագայ օգտագործումը նպատակայարմարութեանը թողնելով (ի՛ր), տեւական հեռանկարի պլանաւորման մասին է վկայում: Ընդ որում` կան իշխանական ԶԼՄ-ներ, որոնք համարում են, որ համահայկական խորհրդի ստեղծումը ոչ թէ իրօք համահայկական նպատակներ է հետապնդում, այլ իշխանութեան ներհամակարգային մրցակցութեան, վարչապետի ներդրումների ակումբին հակակշիռ: Այստեղ են ասել` խելքի աշեցէք, բա մարդիկ էլ, միամիտները, կարծում են, թէ ե՛ւ ներդրումների ակումբ, ե՛ւ համահայկական խորհուրդ ստեղծելը ազգային խնդիրների լուծում է հետապնդելու, ու ոչ թէ իշխանութեան մնալ-չմնալու:
Սարգսեանը ողջունում էր բազմակարծութիւնը, խոստանում, որ գալիք համաժողովը լինելու է չորս միլիոնանոց Հայաստանի քննարկման հաւաքը (այսինքն` ինքը ներկայ է լինելու եւ դերակատար մի երկու տարուց), մինչ այդ էլ եկող տարի Մայիսին ի մի կը բերեն ե՛ւ համահայկական խորհրդի ե՛ւ Ցեղասպանութեան հարիւրամեակի աշխատանքներին հետեւող որոշումների կայացումը:
Բայց... 2018-ի աշնան վերաբերեալ պլանների անթաքոյց բացայայտումը մատնում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետեանի հաստատակամութիւնը` վարչապետ մնալու, իսկ Հայաստան-Սփիւռք համաժողովին ուղղուած մտերմիկ շեշտադրումներով խօսքը աւանսով ինչ-ինչ վստահութիւնների արդիւնք էր գուցէ:
Մի ուրիշ հետաքրքրական փաստ` վարչապետ Կարապետեանը երէկ իրեն սահմանազատեց ռուսաց լեզուի հայեցակարգի մշակման յանձնարարականից, որը Հայաստանում ռուսերէնի խորացուած ուսուցման կանոնակարգ է լինելու փաստօրէն, եւ որի վերաբերեալ թունդ որակումներ էր տուել անգամ Ազգային Ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակեանը ` անուանելով այն հայկական բթամտութեան արգասիք:
Յանձնարարականն իրենը չէ, վստահեցրեց Կարապետեանը: Հա՞: Հետաքրքրական է:
Իսկ ում ջրերին է մի պուտ ուրիշ գոյնի ջուր խառնել Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի անսպասելի անկեղծացումը «Հայաստան-Սփիւռք» համաժողովում, թէ Արցախի անվտանգութեանը չվնասող տարածքները վերադարձնելու մասին է եղել խօսքը բանակցութիւնների ժամանակ, որը հանգուցալուծումը սպառնալիքի տակ չի դնում:
Բայց չէ որ նախագահ Սարգսեանը Նիւ Եորքում ասաց. «Կարգաւորման ինչ տարբերակի էլ յանգենք, միեւնոյն է, Արցախի Հանրապետութիւնը չի կարող ունենալ աւելի ցածր կարգավիճակ եւ վայելել աւելի քիչ ազատութիւն, քան այսօր ունի»: Բացի այդ` նաեւ վարչապետն է կոշտացել ու Արցախի վերաբերեալ հայերիս արժանապատուութիւնը չվնասող եւ Արցախի անվտանգութեանը չսպառնացող հանգուցալուծման վերաբերեալ տեսակէտ յայտնում:
Ո՞ւմ արգործնախարարն է Էդուարդ Նալբանդեանը, ո՞ւմ քաղաքականութիւնն է իրացնում, թէ՞ նախընտրական մրցակցութիւնը թոյլ է տալու սահմանազատուել նաեւ Նալբանդեանից:
Յամենայնդէպս` Նալբանդեանին կոշտ պատասխանած Արցախի նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեան ու Արցախի արգործնախարար Կարէն Միրզոյեանը եւս համաձայնեցնում են իրենց կարծիքները, որ ասում են, թէ անվտանգութեան չվնասող տարածք չկայ յանձնելու կամ` Արցախի անվտանգութեանը վնասող որեւէ փոփոխութիւն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է։
Ուրեմն ի՜նչ անյարմար ժամանակ է լեզուի սայթաքում թոյլ տուել Նալբանդեանը, ինչքան էլ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարեանն ասի, թէ մեր դիրքորոշման աւելի կարծրացման մասին է խօսքը:

Հ.Գ. - Այսպիսով` Հայաստանն, իրօք, շանս ունի զարգանալու, գոնէ ապագայ վարչապետացուների մրցակցութեան շարժառիթի մէջ: Էլ չասած, որ մեծ ու փոքր նշանակութեան միջազգային պաշտօնեաները նոյնպէս այս օրերին ջրի ճամբայ են դարձրել Հայաստանը` ԱՄՆ կոնգրէսականներից սկսած, Անդրանիկ Միհրանեանով վերջացրած, յոյս կայ, որ մեր բարեկամներն աւելի շատ են, քան չարակամները: Մանաւանդ Ալիեւեան կլանի վերջին խայտառակութեան ֆոնին ՄԱԿ-ում:

Հա, Թրամփն է մեր նախագահին Հայաստանի անկախութեան առթիւ շնորհաւորական ուղերձ ուղարկել: Բա ասում էիք` Թրամփը Հայաստանի տեղը չգիտի՞:

«Ազգ», 22 Սեպտեմբեր 2017

No comments:

Post a Comment