4.10.17

Դաշնակցութեան այսօրուայ պարագլուխներն ուղղակի վերափոխուած կոմսոմոլներ են. Նարինէ Թուխիկեան

ՅԱԿՈԲ ԱՍԼԱՆԵԱՆ
 
Երեւանի Յովհաննէս Թումանեանի թանգարանի տնօրէնուհի Նարինէ Թուխիկեան անդրադարձած է կրթական համակարգի մէջ ռուսերէնի տեղի մասին կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանի պարզաբանումներուն. «Եթէ Կոմունիստական կուսակցութեանը պատկանող մի նախարար այդպէս խօսէր, կը հասկանայի, բայց շատ զարմանալի է, որ ազգային գաղափարախօսութիւն կրող դաշնակցական նախարարն է դա ասում: Ինձ համար արդէն բացայայտւում է, որ Դաշնակցութիւն կուսակցութեան այսօրուայ պարագլուխները ուղղակի վերափոխուած կոմսոմոլներ են»:

 -Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը մտադիր է կրթական համակարգում ռուսաց լեզուին յատուկ կարգավիճակ տալ։ Սրա հետ կապուած արդէն շրջանառութեան մեջ է դրուել ռուսաց լեզուի հայեցակարգը, որը ենթադրում է, որ դպրոցներում որոշ առարկաներ պէտք է անցկացուեն ռուսերէնով, դասարաններ լինեն ռուսերէնով և այլն։ Ինչպէ՞ս էք վերաբերում այս հայեցակարգին, այն ի՞նչ է տալու ՀՀ կրթութեան համակարգին:
-Բացարձակ բացասական վերաբերմունք ունեմ եւ այս հայեցակարգի ընդունումը մեր ինքնութեան կորստի մեկնարկը կը լինի: Յուսամ, որ դա տեղի չի ունենայ, որ դրա դէմ բաւական լաւ ընդվզում կը լինի: Մենք նախ հայոց լեզուի հայեցակարգի խնդիր ունենք ամրապնդելու: Ոչ միայն լեզուի, այլեւ ընդհանրապէս հայրենաճանաչողութեան հայեցակարգի մշակման կարեւորութիւնն այսօր կայ` սկսած նախակրթարաններից, դպրոցներից: Շատ լաւ կը լինի, որ օտար լեզուները խորացուեն, բայց ոչ այլ առարկաների լեզուական փոփոխութեամբ: Ռուսաց լեզուն շատ սիրելով եւ գնահատելով այն գրականութիւնը, որ ժամանակին ստեղծուել է այս լեզուով, ամէն դէպքում, այսօր մրցունակ չէ եւ տարածում չունի, որքան էլ ոմանք փորձում են հակառակում մեզ համոզել: Այսօր, եթէ դու ուզում ես համաքայլ գնալ աշխարհի զարգացմանը, ուրեմն անգլերէնը պէտք է խորացնես, առանց դրա դու ոչինչ ես, բայց սա նոյնպէս չի կարող լինել մայրենի լեզուի հաշուին:

-Կառավարութիւնից պարզաբանում են, որ ռուսաց լեզուի հայեցակարգի պահանջարկ կայ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի հետ դաշնակցային յարաբերութիւններ ունի եւ այլն: Սրա վերաբերեալ ի՞նչ կարող էք ասել:
-Ես լսեցի նախարար Լեւոն Մկրտչեանի հարցազրոյցը, որտեղ նա ասում էր, որ ռուսերէնը գիտական լեզու է: Ճիշդն ասած` ծիծաղս եկաւ: Եթէ սա Կոմունիստական կուսակցութեանը պատկանող մի նախարար այդպէս խօսէր, կը հասկանայի, բայց ազգային գաղափարախօսութիւն կրող դաշնակցական նախարարը շատ զարմանալի է, որ այսպիսի բան է ասում: Ինձ համար արդէն բացայայտւում է, որ Դաշնակցութիւն կուսակցութեան այսօրուայ պարագլուխները ուղղակի վերափոխուած կոմսոմոլներ են: Իրենք էլ սկսում են կապ չունենալ մեր ազգային արժէքների եւ նպատակների հետ: Մենք այսօր խնդիր ունենք արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի մերձեցման, արեւմտահայերէնի պահպանութեան, որովհետեւ գաղթօջախներում այս լեզուն մարում է: Բայց այս լեզուով պակաս հրաշալի գրականութիւն չի ստեղծուած, քան ռուսերէնով Ռուսաստանում: Մեր նախարարութեան սուրբ պարտականութիւնը պէտք է լինի արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի միջեւ անջրպետը հնարաւորինս մեղմացնելը:

-Հայերէնին մնացած լեզուներից աւելի բարձր դիրքում դասելուց բացի, կարծում էք, ճի՞շդ է ռուսերէնին յատուկ կարգավիճակ տալը, թէ բոլոր օտար լեզուները հաւասար մակարդակում լինեն:
 -Կարծում եմ` բոլոր օտար լեզուները օրէնքով պէտք է մէկ սանդղակում լինեն, իսկ հայերէնը պէտք է բացառիկ նշանակութիւն եւ իրաւունքներ ունենայ: Այլ բան է, որ այդ հաւասար պայմաններում գտնուող մնացած բոլոր օտար լեզուներին առաջնահերթութիւն տրուի այնպէս, ինչպէս կեանքը, շուկան ցոյց կը տայ: Բայց դա եւս անհատական մօտեցումով պէտք է լինի, թէ որ լեզուն է կարեւոր իմանալ: Օրինակ, եթէ մենք ուզում ենք զբօսաշրջային երկիր դառնալ, ուրեմն տաքսու վարորդներից եւ հիւրանոցների հաւաքարարներից սկսած գոնէ շատ պարզ հաղորդակցման մակարդակում անգլերեն իմանանք:

-Կարծիք կայ, որ ՌԴ-ն ինքը չի պնդում Հայաստանում ռուսաց լեզուի հայեցակարգ ներդնել, այլ ՀՀ իշխանութիւններն են սա նախաձեռնել՝ ՌԴ-ին հաճոյանալու համար: Դուք համամի՞տ էք այս կարծիքի հետ:
-Ես իրականութիւնը չգիտեմ, բայց լիովին ընդունում եմ, որ այդպիսի բան կարող է լինել: Ստորաքարշութեան աստիճանով մենք գիտենք, թէ ինչ մակարդակների կարող ենք հասնել:

«Թերթ» (tert.am), 2 Հոկտեմբեր 2017

No comments:

Post a Comment