4.10.17

Ռուսերէնի հանրայնացման առանձին հայեցակարգի հարցը Հանրային Խորհրդում բուռն բանավէճեր յարուցեց

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄՈՎՍԻՍԵԱՆ 
 
Ռուսաց լեզուի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակման` կառավարութեան նախաձեռնութիւնն այսօր բուռն բանավէճի առարկայ դարձաւ Հանրային Խորհրդում: Մինչ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը փորձում էր պաշտպանել նախաձեռնութիւնը, նրան հակադարձում եւ քննադատութեան էին ենթարկում խորհրդարանի նախկին պատգամաւոր Արշակ Սադոյեանը, Երեւանի աւագանու անդամ Անահիտ Բախշեանը, նաեւ Հանրային Խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը:
«Ոչ ոք չի վիճում, որ ռուսերեն լեզուն պէտք է սովորել: Պէտք է առանձնացնե՞լ միւս լեզուներից: Եթէ մենք առանձնացնում ենք ռուսերէնը, պէտք է առանձնացնենք անգլերէնը: Այստեղ կայ նաեւ քաղաքական բան․ մենք ստորագրել ենք ԵՏՄ մտնելու [պայմանագիր], հիմա ստորագրում ենք Եւրոպայի հետ, մենք քաղաքականութեան մէջ վարպետօրէն կարողանում ենք այդ երկու ճամբարի մէջ խաղալ: Ինչու՞ էստեղ առանձնացնել ռուսերեն լեզուն»,- հարց հնչեցրեց Վազգէն Մանուկեանը:
Մտահոգութիւն հնչեց, որ այդպիսով փորձ է արւում ռուսներին հաճոյանալ, կամ էլ հէնց Ռուսաստանն է ստիպում մշակել այդ հայեցակարգը: Կրթութեան նախարարն ասաց, որ նման հայեցակարգ նաեւ անգլերէնի, ֆրանսերէնի եւ գերմաներէնի համար են կազմել, պարզապէս դրանք միասին են ներկայացրել, իսկ ռուսերէնինը` առանձին: Ռուսերէնի հայեցակարգում, յիշեցնենք, մասնաւորապէս նշուած է․ «Հայաստանում ռուսերէնի ուսուցումը կարեւորագոյն խնդիրներից է», իսկ «ռուսաց լեզուի հանրայնացումը եւ ռուսերէնի ուսումնառութիւնը դպրոցներում սովորողներին եւ ուսանողներին հնարաւորութիւն կը տայ ձեռք բերել գիտելիք ու հմտութիւններ` միմեանց հետ արդիւնաւէտ համագործակցելու համար»:
Մկրտչեանը վստահեցրեց, որ բարձրացուած աղմուկն անհիմն է` ռուսերէնն օտար լեզու է եւ դրա դասաւանդումը ոչնչով չի տարբերուելու, օրինակ, անգլերէնից: «Հաճոյանալու խօսք ընդհանրապէս չկայ ․․․ ռուսերէն լեզուն օտար լեզուների բլոկի մէջ է»,- ասաց նախարարը: Նա յորդորեց հարցը չքաղաքականացնել, ինչը զայրացրեց ներկաներին, որոնք պնդեցին` հարցը քաղաքական է: Արշակ Սադոյեանը հարց ուղղեց` ի վերջոյ Հայաստանի ապագան Եւրասիակա՞ն, թէ Եւրոպական Միութիւնում է, քանի որ նաեւ դրանից է կախուած` որ լեզուն պէտք է աւելի խորացուած դասաւանդուի: Նախարարը հակադարձեց` իր կարծիքով ապագայում եւրասիական ու եւրոպական դաշտերը միաւորուելու են:
Նաեւ մտահոգութիւններ հնչեցին, որ այս ձեւով Հայաստանը կրկին վերադառնում է խորհրդային ժամանակներին: Երեւանի աւագանու անդամ, կրթութեան ոլորտի փորձագէտ Անահիտ Բախշեանն ասաց` իրենք դէմ չեն ռուսերէնի դասաւանդմանը, բայց այն միւս օտար լեզուներից առանձնացնելը մտահոգիչ է: «Որ տարբեր ձեւերով ուզում էք տալ ինչ-որ մի կարգավիճակ, այ դա է, որ հասարակութեանը հաւասարակաշռութիւնից հանում է»,- ասաց Բախշեանը:
Քննարկման մասնակիցներից մէկն էլ ասաց, թէ ռուսերէնը Հայաստանի համար «մշակութային» նշանակութիւն ունի, մէկ ուրիշն էլ պնդեց` հայկական բանակի զէնքերը ռուսական են, ուստի դրանց օգտագործման համար լեզուն կարեւոր է: Այդ պնդումը եւս բուռն բանավէճի առիթ դարձաւ: Հարցը քուէարկութեան չդրուեց, քննարկման մասնակիցները նախարարին խորհուրդ տուեցին ռուսերէնի առանձին հայեցակարգ մշակելուն զուգահեռ նաեւ անգլերէնի հայեցակարգ մշակել:

«Ազատութիւն» ռատիոկայան (www.azatutyun.am), 29 Սեպտեմբեր 2017

No comments:

Post a Comment