5.12.17

Գիրք, որ նոր լոյս է սփռում 1918-1919 թթ. հայ-վրացական յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան վրայ


ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂԵԱՆ

Լոյս է տեսել առաջին հանրապետութեան շրջանի քաղաքական եւ հասարակական գործիչ Մարտիրոս Յարութիւնեանի նամակների եւ զեկուցագրերի հիման վրայ կազմուած «Հայ-վրացական յարաբերութիւնները 1918-1919 թուականներին» գիրքը։
Ժողովածուն կազմել է ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Համօ Սուքիասեանը։ Հրատարակուած նամակներն ու զեկուցագրերն անտիպ են, առաջին անգամ են տպագրւում՝ լույս սփռելով 100-ամեայ վաղեմութեան հայկական դիւանագիտութեան պատմութեան եւ հայ-վրացական յարաբերութիւնների վրայ։

ԳԱԱ պատմութեան ինստիտուտը Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման 100-ամեակի նախաշեմին նախաձեռնել է այդ ժամանակաշրջանին վերաբերող անտիպ աշխատութիւնների հրատարակութիւն, որոնցից մէկն էլ այս գիրքն է։ Սուքիասեանը նշում է, որ գիրքը չափազանց կարեւոր է յատկապէս մեր պատմութիւնը կեղծող հարեւաններին հակահարուած տալու տեսանկիւնից։
«Այդ շրջանի հայ-վրացական յարաբերութիւններն առաջին հանրապետութեան պատմութեան ամենաուսումնասիրուած թեմաներից են։ Սակայն այստեղ հրատարակուող փաստաթղթերը ընդգրկուած չեն այդ աշխատութիւններում»,- ասում է նա։
Սուքիասեանը պատմում է, որ դեռ 2008-ին Հայաստանի ազգային արխիվում է յայտնաբերել դաշնակցական յայտնի գործիչ Մարտիրոս Յարութիւնեանի մի ընդարձակ զեկոյց, որում ներկայացուած են եղել հայ-վրացական յարաբերութիւնների ընթացքը 1918 թ. Դեկտեմբերից մինչեւ 1919 թ. Ապրիլը։ Գրաւոր զեկուցագիրը հայ-վրացական հաշտութեան խորհրդաժողովի հայկական պատուիրակութեան հաշուետուութիւնն է։ Իսկ Յարութիւնեանը հայկական պատուիրակութեան ղեկավարն էր։
Սուքիասեանը 2009 թ. տպագրում է գտնուած փաստաթուղթը եւ շարունակում պրպտումները։ Հաւաքում է շուրջ երեք տասնեակ փաստաթուղթ հայ-վրացական յարաբերութիւնների մասին՝ գրուած Մարտիրոս Յարութիւնեանի ձեռամբ, որոնք թուագրւում են 1918 թ. Դեկտեմբերի 23-ից մինչեւ 1919 թ. ապրիլի 16-ը։ Մարտիրոս Յարութիւնեանը ժամանակին կրթութիւն է ստացել Գէորգեան ճեմարանում, ապա Բեռլինի համալսարանում՝ ուսանելով տնտեսագիտութիւն։ Հայրենիք վերադառնալով՝ աշխատել է որպէս ուսուցիչ, դասաւանդել է գերմաներէն, հայոց լեզու եւ գրականութիւն։ Երիտասարդ տարիներին անդամակցել է ՀՅԴ-ին, դարձել նրա ակտիւ անդամներից մէկը, եղել է Եւրոպայի հայ ուսանողների միութեան ներկայացուցիչը, մասնակցել է ՀՅԴ 1910-ական թուականների ընդհանուր ժողովներին։ Ունեցել է հաւասարակշռուած եւ զուսպ գործչի համբաւ։
Երբ 1918 թ. Դեկտեմբերի 13-ին սկսւում է վրաց-հայկական պատերազմը, Անդրկովկասում գտնուող Անտանտի երկրների ներկայացուցիչները փորձում են հաշտեցնել կողմերին։ Բրիտանական կողմն առաջարկում է 14 օրով հրադադար հաստատել բանակցելու համար։ Հայկական կողմն առաջարկն ընդունում է, Հայաստանի ղեկավարութիւնը ցանկանում էր վրացիների հետ սահմանային վէճերը լուծել բանակցութիւնների, ոչ թէ զէնքի միջոցով։ Կառավարութիւնը Դեկտեմբերի 19-ին խորհրդարանի պատգամաւոր եւ ՀՅԴ խմբակցութեան փաստացի ղեկավար Մարտիրոս Յարութիւնեանի ղեկավարութեամբ պատուիրակութիւն է ուղարկում Ղարաքիլիսա՝ վրացական կողմի հետ բանակցելու համար։ Երբ հասնում են Ղարաքիլիսա, պարզւում է, որ Վրաստանի կառավարութիւնը պատուիրակութիւն չի ուղարկել։ Յարութիւնեանը, սակայն, չի վերադառնում, այլ սպասում է վրացիներին՝ հարցը խաղաղութեամբ լուծելու հաստատակամութեամբ։ Եւ ահա, այդ պահից սկսած, նա պարբերաբար նամակ-զեկուցագրեր է ուղարկում Երեւան՝ կառավարութեանը տեղեակ պահելով իրավիճակի, իր գործողութիւնների եւ ընթացող բանակցութիւնների արդիւնքների մասին։
«Նա ոչ միայն խաղաղարար համաժողովի կամ պաշտօնական հանդիպումների մասին է գրում, այլեւ ոչ պաշտօնական, կուլիսային հանդիպումների, ինչը շատ կարեւոր է, քանի որ բանակցութիւնների հիմնական մասը կուլիսային էր»,- ասում է Սուքիասեանը՝ յաւելելով, որ այս փաստաթղթերը կարեւոր սկզբնաղբիւր են, քանի որ գրուել են հենց դէպքերի ժամանակ, նախատեսուած չեն եղել հրապարակման համար եւ քարոզչական բնույթ չունեն։ «1918-ի դեկտեմբերեան պատերազմից յետոյ Վրաստանում Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնը դադարեցրեց իր գործունէութիւնը։ Անգամ զինադադարի ստորագրումից եւ յունուարեան կոնֆերանսից յետոյ վրացի գործիչները դէմ էին Թիֆլիսում հայաստանեան դիւանագիտական ներկայացուցչութեան վերաբացմանը։ Յարութիւնեանը եւ իր գործընկերները մեծ ծաւալի աշխատանք կատարեցին այդ ուղղութեամբ։ Արդիւնքը եղաւ դրական»,- ասում է Սուքիասեանը՝ ամփոփելով Մարտիրոս Յարութիւնեանի գործունէութիւնը։
Յարութիւնեանի վերջին նամակներից մէկում առկայ տողը («Այսպիսով՝ բոլորովին թշնամական մթնոլորտում սկսուած հայ-վրացական կոնֆերանսը վերջացաւ խաղաղուած տրամադրութեամբ, որը հիմք է տալիս կարծելու, որ այսուհետեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած վէճերն այլեւս կը լուծուեն ոչ թէ զէնքի ուժով, այլ բանակցութիւններով») համարում է ուղերձ երկու հարեւան ու բարեկամ երկրների ժողովուրդներին ու իշխանութիւններին։
Իսկ գիրքը, Սուքիասեանի կարծիքով, թէեւ ուղղուած է պատմաբաններին, դիվանագէտներին, մարդկանց, որոնք հետաքրքրված են հայոց պատմութեամբ, ասելիք ունի բոլորին։ «Այստեղ տեսնում ենք, թէ ինչպէս դիւանագիտական կրթութիւն չունեցող գործիչը կարողանում է հետեւողական աշխատանքի շնորհիւ արդիւնքի հասնել։ Ներկայացւում է պետական գործչի օրինակ, որը պետութեան շահը վեր էր դասում անձնական շահից։ Մարտիրոս Յարութիւնեանը մարդ է, որն իր ողջ կեանքը ծառայեցրել է հայութեան խնդիրների լուծմանը։ Եւ նա արժանի է, որ իր գործունէութեան մասին սերունդներն իմանան»,- ասում է նա։

«Անկախ», 1 Դեկտեմբեր 2017 (http://ankakh.com/article/85832/%E2%80%8Bgirq--vor-nvor-luys-e-sprrum-1918-1919-thth--hay-vratsakan-harabyeruthyunnyeri-yev-divanagituthyan-vra)

No comments:

Post a Comment