4.12.17

«Նոր» ժամանակների գրականութեան ստեղծման եւ տարածման մասին. զրոյց Արեւիկ Աշխարոյեանի հետ

ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐԵԱՆ
 
Նոյեմբերին Հայաստան այցելեցին ԱՄՆ Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ եւ գրողներ, ովքեր մի շարք գրական միջոցառումների շրջանակներում հանդիպեցին հայ գրողների եւ ընթերցողների հետ։ Իրադարձութիւնների գրաֆիկը բաւականին խիտ էր, ձեւաչափերը՝ տարբեր։
Ծրագիրն իրականացրել է «ԱՐԻ» գրական գործակալութեան կողմից ստեղծուած «ԱՐԻ» գրականութեան հիմնադրամը։
Վերոնշեալ ծրագրի, «ԱՐԻ» կազմակերպութեան եւ գործակալի գործառույթների մասին զրուցեցինք հիմնադրամի տնօրէն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյեանի հետ։


«ԱՐԻ»վերջին շրջանում հանդէս եկաւ բաւականին հետաքրքիր նախաձեռնութեամբ, որի շրջանակներում ժամանեցին գրողներ Միացեալ Նահանգներից, դասընթաց տեղի ունեցաւ նաեւ թուրք ժամանակակից երիտասարդ գրողների հետ։ Սկսենք ծրագրի մանրամասներից։
Ծրագիրն իրականացրել ենք Նոյեմբերի 8-ից 13-ն ընկած ժամանակահատուածում, որի շրջանակում, այո, Հայաստան այցելեցին Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի ղեկավարութիւնը եւ մի քանի այլ գրողներ: Ծրագիրն ամբողջապէս ֆինանսաւորւում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանութեան կողմից, իրականացնում էր «ԱՐԻ» գրականութեան հիմնադրամը։
Այովայի միջազգային ծրագիրն ամենահեղինակաւորներից է գրական դաշտում, որն ամէն տարի հիւրընկալում է 50 երկրի գրողների՝ եռամսեայ կեցության ծրագրով։ Մերոնցից Վիոլետ Գրիգորեանն ու Արմէն Հայաստանցին ծրագրի շրջանակներում երեք ամիս բնակուել եւ ստեղծագործել են Այովայում։
Ամերիկացի գրողները ընթերցանութեան շրջագայութիւններ են ունենում տարբեր երկրներում՝ ներկայացնելով իրենց գրականութիւնը, ինչպէս նաեւ տեղի գրողների հետ փորձի փոխանակման ակտիւ հնարաւորութիւն են ունենում։
Մեր պարագայում մէկ շաբաթեայ ծրագիրը ներառեց 2 քննարկում, 1 դասախօսութիւն, 1 ընթերցում, հանդիպումներ գրողների հետ, ինչպես նաեւ “Open Mic Night” («Բաց բարձրախօս») իրադարձութիւնը, որի ընթացքում ամերիկացի, թուրք եւ հայ գրողներն ընթերցեցին իրենց ստեղծագործութիւններից նախապէս ընտրուած հատուածներ։
Միջոցառումների ցանկը շատ խիտ էր․ եղանք Երեւանի պետական համալսարանում, Ամերիկեան համալսարանում, կազմակերպուել էին կարճ տուրեր դէպի Հայաստանի տեսարժան պատմամշակութային վայրեր։ Կարճ ասած՝ փորձեցինք երկխօսութիւն ստեղծել հայ եւ ամերիկացի գրողների միջեւ, որն էլ այս ծրագրի կարեւորագոյն նպատակն էր։

Հայ ժամանակակից գրողների մասնակցութիւնն ակտի՞ւ էր։ Ինչպիսի՞ արդիւնքներ տուեց ծրագիրը Հայաստանի գրական դաշտում։
Չնայած այն բանին, որ ծրագրի իրականացումը շատ բարձր գնահատուեց թէ´ հիւրերի, թէ´ ամերիկեան դեսպանատան, եւ թէ´ մասնակիցների կողմից, ես ինքս ընդհանուր պատկերից այդքան էլ գոհ չեմ:
Դժգոհութեանս հիմնական պատճառը մեր գրողների պասիւ մասնակցութիւնն էր։ Տեղեկատուությունը լաւ էր տարածուել՝ բոլոր հնարաւոր միջոցներով, բայց մասնակցութեան առումով ռէակցիաները պասիւ էին։ Միջոցառումներն անցել են լիքը դահլիճներում, սակայն մասնակիցները հիմնականում եղել են միեւնոյն մարդիկ, ովքեր բոլոր նմանատիպ իրադարձութիւններին ակտիւ են։
Մասնակիցների միւս մասը հիմնականում անգլիախօս գրողներն ու դասախօսներն էին Ամերիկեան համալսարանից ու ընդամէնը երկու ներկայացուցիչ Պետական համալսարանի դասախծսական կազմից:
Հարց եմ ուզում ուղղել միւս բազմաթիւ, յատկապէս երիտասարդ գրողներին՝ արդեօք ձեզ հետաքրքիր չէ գալ ու լսել՝ ինչ են խօսում արդեն որոշակի փորձ ունեցող այլազգի գրողները։
Այս ասելով` չեմ շեշտադրում հենց ամերիկացի գրողի դերը․ լինի թուրք, վրացի կամ այլ ազգի գրականութեան ներկայացուցիչ․․․ Արդեօք կարող եմ ենթադրել, որ մեր հեղինակներին լրիւ բաւարարում է մեկուսացած ստեղծագործողի առօրյան:

Ըստ քեզ ո՞րն էր նման պասիւութեան պատճառը։
Մի քանիսը նշեցին լեզուի խոչընդոտը, սակայն մենք քննարկումներին ունէինք զուգընթաց բարձրորակ թարգմանութեան հնարաւորութիւն (բոլորին տեղեկացրել ենք այս մասին)։
Կարծում եմ՝ մեր գրողների շրջանում ինչ-որ խնդիր կայ նոր բան սովորելու հետ կապուած։ Ցիտում եմ նրանցից մէկի բառացի խօսքերը․ «Ինչի՞ համար, ի՞նչ պիտի սովորենք էդ ամերիկացիներից»․․․ Իսկ մենք սովորելու դեռ շատ բան ունենք՝ թէկուզ միայն նման իրադարձութիւններին ելոյթ ունենալու, բանավիճելու, քննարկման հմտութիւնները։ Սրանք բաներ են, որ շատերն ուղղակի բառիս բուն իմաստով չեն տիրապետում։
Էլ չասեմ լրատուամիջոցների մասին․ ոչ մի միջոցառում չլուսաբանուեց, չնայած մամուլի հաղորդագրութիւն էր ուղարկուել լրատուամիջոցներին՝ ընդլայնուած ցանկով:
Ամէն դեպքում այդ մէկ շաբաթուայ ընթացքում տեղի ունեցան մի քանի չափազանց հետաքրքիր զրոյցներ՝ գրական տեքստերում տեղի զգացողութեան մասին, գրողի պատասխանատուութեան, որոշակի բառերի գործածման եւ շատ այլ թեմաների շուրջ։ Ծրագիրն աւարտուել է, բայց զրոյցները տարբեր կոնտեքստներով եւ տարբեր միջավայրերում շարունակւում են։

Ծրագրին մասնակցում էին նաեւ թուրք ժամանակակից երիտասարդ գրողներից, չէ՞։
Այո, տեղի ունեցաւ երկօրեայ դասընթաց հայ եւ թուրք երիտասարդ գրողների համար (18-25 տարեկան): Թուրքիայից հիւրընկալեցինք 6 երիտասարդ գրողի եւ եւս 6 հայ գրողների, ովքեր անկրկնելի փորձառութիւն ունեցան թէ´ միմեանց հետ շփուելու ժամանակ, թէ´ հայ, թուրք եւ ամերիկացի գրողների վարպետութեան դասերին: Երիտասարդները բաց քննարկումներ ունեցան գրականութեան միջոցով, փորձեցին նաեւ երկխօսել Հայաստան-Թուրքիա պատմական եւ ներկայիս յարաբերութիւնների մասին։

Արդեօք գործակալի ֆունկցիաները, որպէս այդպիսին, ընկալելի եւ ընդունելի են գրողների կողմից։
Երբ գրողները ի վերջոյ հասկանում են, թե որն է գործակալի դերը, եւ սկսում են վստահել նրան, ամեն ինչ շատ ընդունելի ու արդյունավետ է դառնում: Պարզապես մարդիկ երբեմն վստահ են, որ գիտեն ամեն ինչ այն ամենի մասին, ինչի մասին նույնիսկ գաղափար չունեն:
Գրողը եւ գործակալը պիտի երկկողմանի բաց ու վստահելի հարաբերություններ ունենան, ամենակարեւորը այս հարաբերություններում նաեւ այն է, որ գործակալը մինչեւ իր գործը չանի, շահույթի մասին խոսք լինել չի կարող․․․Ուստի այն մտավախությունը, որ ունեն գրողները իրենց «շահագործելու» վերաբերյալ, բոլորովին անհիմն է։

Երեք տարի առաջ, երբ զրուցում էինք հայ գրողների գրքերը դրսում  ներկայացնելու մասին, քննադատական մի մեկնաբանութիւն էր եղել, թե «տիկին, ինչպէս կարող է մի հոգին սուբիեկտիւ գնահատական տալ եւ ընտրութիւն կատարել, ինչ տարբերակումներով է առաջնորդւում եւ ինչ չափանիշներով»․․․ Մեկնաբանողը գրել էր, որ գործակալը՝ այս դէպքում կոնկրէտ դու, չի թաքցնում, որ գիրքն ապրանք է, ուրեմն ինչու պոպուլիստական յայտարարութիւններ անել։
Այո, նման «մեղմ» մեկնաբանութիւններ շատ են անում՝ յատկապէս խորհրդային շրջանի պետական ինստիտուտներին սովոր մարդիկ: Սակայն գրական գործակալը մասնաւոր անձ է, ինչպես հրատարակչութիւնները, որոնք մասնաւոր ձեռնարկութիւններ են, եւ ազատ են իրենց որոշումներում, առաջնորդւում են իրենց ճաշակով եւ կարծիքով:
Գործակալներ պիտի շատ լինեն, ու հեղինակները պիտի հնարաւորութիւն ունենան ընտրել այն գործակալին, ում հետ իրենք կ՚ուզէին աշխատել: Այդպիսով նաեւ մրցակցային դաշտը կը ստեղծի նպաստավոր պայմաններ, որպէսզի տարբեր հեղինակներ ներկայացուած լինեն միջազգային շուկայում:
Ինչ վերաբերում է ապրանքին, սա նոյնպէս խորհրդային մօտեցում է, որ ապրանքը վատ բան է՝ առարկայ է կամ նիւթ: Ժամանակակից լեզուաբանութեան ու մերօրեայ հոգեբանութեան մէջ ամէն ինչ ենթակայ է «սպառման» (ի դէպ սպառումն էլ վատ բառ չէ, սակայն շատերը բացասական են ընկալում), ապրանք է։ Օրինակ կրթութիւնն «ապրանք» է, որը սպառւում է աշակերտի եւ ուսանողի կողմից: Երբ այդպէս ենք նայում այս հարցին, ամէն ինչ տեղն է ընկնում:
Այո, գրականութիւնը ապրանք է, մտաւոր ապրանք․ նիւթական տեսքով դա գիրքն է, որի տեսքն ու որակը կարեւոր են սպառման համար: Հեղինակային իրաւունքը ենթակայ է վաճառքի, հետեւաբար սա նոյնպէս ապրանք է, թէկուզ նիւթական տեսք չունի: Իսկ ապրանքները, բոլորս էլ գիտենք, տարբեր են լինում թէ´ որակապէս, եւ թէ´ բովանդակութեամբ․․․ Եւ ուրեմն բոլորն ունեն իրենց «պոտենցիալ» սպառողին։

Ամէն դէպքում քո կողմից ինչպիսի՞ չափանիշներն են առաջնային դառնում այս կամ այն հեղինակի աշխատանքն ընտրելու որոշման պահին։ Որպէս անհատ, ով գործակալի դերում է եւ սուբիեկտիւ ընտրութիւն է կատարում, ինչպէս հրատարակիչը, հաշուի է առնում տուեալ գրողի գրքի, տեքստի սպառումը։ Ու ի՞նչ այլ չափանիշներով է համագործակցում գրողի հետ։
Ես առաջին հերթին առաջնորդւում են նրանով, թէ որքանով այս կամ այն գործը հասկանալի կը լինի օտար ընթերցողին: Կան գրքեր, որոնք որոշ երկրներում աւելի լաւ կ՚ընդունուեն ու կը հասկացուեն, քան միւսներում: Սա է իմ առաջնային ընտրութեան չափանիշը:
Սակայն կան նաեւ այլ չափանիշներ․ օրինակ թարգմանութեան ժամանակ հեղինակի լեզուի ու ոճի կորուստը շատ մեծ խնդիր է, կամ հեղինակներ կան, ովքեր մէկ գիրք են գրում, որը յաջողութիւն է ունենում, բայց տարիներով նոր բան չեն ստեղծում ու նրանց հետ աշխատանքը ոչ միայն ինձ համար, այլ նաև օտարերկրեայ հրատարակիչների համար հեռանկարային չէ:
Կարեւոր է նաեւ այն, թէ որքանով է հեղինակը պատրաստ մասնակցել տարբեր միջոցառումների, տիրապետում է արդեօք որեւէ օտար լեզուի, ներկայանալի կեցուածք ունի, թէ ոչ, եւ պատրաստ է արդեօք աճել, քայլել ժամանակին համընթաց ու միեւնոյն ժամանակ չդաւաճանել իր գրականութեանը...

Այս պահին գործակալութիւնը ո՞ր հեղինակների հետ է աւելի ակտիւ աշխատանք տանում։
Գործակալութիւնն ընդլայնում է իր հեղինակների ցանկը: Մենք ակտիւօրէն աշխատում ենք Արամ Պաչեանի եւ Յովհաննէս Թեքգեօզեանի հետ, ում գրքերը եկող տարի եւս մի քանի լեզուներով հասանելի կը դառնան միջազգային ընթերցողին:
Նաեւ ունենք նոր հեղինակներ, ինչպիսին Նարեկ Մալեանն է, ով մյուս տարի մի նոր գրքով կը ներկայանայ: Նպատակ ունենք յատկապէս նպաստել կին գրողների առաջխաղացմանը եւ աշխատում ենք այդ ուղղութեամբ Սուսաննա Յարութիւնեանի, Կարինէ Խոդիկեանի եւ այլոց հետ։
Ուրախ եմ այն փաստից, որ մեզ արդէն դիմում են օտարագիր հայազգի հեղինակներ Նահանգներից, Կիպրոսից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից: Այնպէս որ մեր ցանկը շուտով նաեւ կը համալրուի նրանց անուններով ու ստեղծագործութիւններով:

Առաջիկայում ի՞նչ նախագծեր ունի հիմնադրամը։
«ԱՐԻ» գրականութեան հիմնադրամի առաջիկայ պլաններում կա մի քանի ծրագրերի իրականացում, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել, միայն կ՚ասեմ, որ դրանք ուղղուած են լինելու երիտասարդ գրողներին, ինչպէս նաեւ հայ գրականութիւնն աշխարհում աւելի ներկայանալի դարձնելուն։

No comments:

Post a Comment